HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Boom Boom! Ես Ջոն Լի Հուկերն եմ

Նաիրա Հայրապետյան

20-րդ դարի երաժշտական մշակույթն իր նշանավոր ժանրերով կամ ուղղություններով շատ բաներում պարտական է աֆրոամերիկյան ժողովրդական ռիթմերին:

Այս հիմքի վրա են ձևավորվել բլյուզը, նրանից՝ ջազն ու ռոքնռոլը և, հետագայում, տարբեր ոճերի միախառնումից  առաջացած ճյուղերը: Բլյուզն այս պատմության մեջ համարվում է ուղղորդող տեսակ, միևնույն ժամանակ՝ առանձնահատուկ երաժշտություն, որը ներանձնական բնույթ ունի: Բլյուզը մեկ մարդու երաժշտություն է և թերևս այս պատճառով համաշխարհային երաժշտության գլուխգործոցներ, որ ստեղծվել են այս ոճում, անկրկնելի են հենց հեղինակի կատարմամբ: Ուրիշ ոչ մի երաժիշտ, թեկուզ հանճարեղ կարողությամբ, չի կարողանում գերազանցել բնօրինակին, եթե որոշել է հանդես գալ cover կատարմամբ:

Ծնունդով ամերիկացի, բայց թողած ժառանգությամբ աշխարհի մեծագույն  քաղաքացիներից մեկը, ում անունը մշտապես դրոշմված է երաժշտության պատմության մեջ, Ջոն Լի Հուկերն է: Նա բլյուզի հսկաներից է, բուգգիի հայրը: Այդ նա 1948թ-ից՝ իր առաջին՝ «Boogie Chillen» սինգլով աշխարհին ծանոթացրեց բուգի երաժշտության համառ և բաբախուն ռիթմերի հետ: Տեսակ, որը նա բերեց իր հայրենի Միսիսիպիից՝ ձևավորելով բլյուզի իրեն հատուկ ոճն ու ձեռագիրը:

1961թ. արդեն ճանաչված երգիչ և կիթառահար Ջոն Լի Հուկերը ստեղծեց իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Boom Boom»-ը:

Այս երգը ոչ միայն մեծ ճանաչում ունեցավ երաժշտական միջավայրում, այլև երկար կյանք ապրեց, որպես չափանիշ՝ բլյուզի և, առհասարակ, կատարողական աշխարհում: Սկսած 60-ականներից՝ գրեթե բոլոր երաժշտական խմբերը ավանդույթ էին դարձրել այն նվագելը: «Boom Boom» –ը, չնայած անվերապահորեն բլյուզ է, սակայն երաժշտական քննադատ Չարլզ Շաար Մուրեյն այն անվանում է Հուկերի երբևէ ստեղծած լավագույն փոփ երգը:

1962թ. «Boom Boom» –ը թողարկվեց որպես սինգլ և միանգամից մեծ հաջողություններ գրանցեց երկու ժանրային աղյուսակում միաժամանակ՝ R&B և Pop: Գլխավորելով երաժշտական ամենաակնառու հորիզոնականները՝ ԱՄՆ-ում հիթի վերածվեց, իսկ ահա Մեծ Բրիտանիայում այդ հաջողությունն այցելեց ուղիղ 30 տարի անց, երբ երգն օգտագործվեց «Lee Jeans» ջինսերի գովազդում:

Երգի ծնունդը հետաքրքիր պատմություն ունի. Ջոնն այդ ժամանակ շարունակում էր նվագել դետրոյթյան «Apex Bar» -ում և մշտապես ուշանում էր աշխատանքից: Մի օր էլ, երբ ներս մտավ, բարմենը՝ գեղեցկուհի Ուիլան, կատակով ասաց՝ «Բու՛մ-բու՛մ, դու նորից ուշացել ես»: Եվ այդպես ամեն երեկո: Ուիլայի արդեն ավանդական դարձած արտահայտությունը ասես դարձել էր երաժշտի համերգային նախաբանը: Մի օր էլ Հուկերը  մտածեց, որ բարմենի բում-բումի մեջ հետաքրքիր երաժշտական տրամադրություն կա, «Սրանից կարծես թե լավ երգ դուրս կգա»,- մտածեց նա: Եվ չսխալվեց: «Boom Boom»-ը դարձավ Հուկերի ամենահայտնի երգը, նրա այցեքարտն աշխարհում: «Ես սկսեցի բառերն ի մի բերել, հետո մեկ-երկու փորձ արեցի ու նվագեցի  նույն բարում…ու մարդկային իրարանցում սկսվեց»,- հարցազրույցներից մեկում ասել է Հուկերը:

Իսկ իրականում գրվել էր մի երգ, որը համարվում է ռոքնռոլի ձևավորողներից մեկը:

Այս երգն էլ, Հուկերի մյուս ՝ դասական դարձած երգերի նման, տպավորում է կառուցվածքային առանձնահատկությամբ՝ կտրուկ դադարներով՝ stop-time ռիթմերի, որոնց հաջորդած լռությունը վայրկենապես խախտվում է կիթառի սոլո պարտիաներով և դրանց անակնկալ զարգացումներով: Stop-timing-ին միանում են երգի տեմպին զուգընթաց հնչող «Ա հաու-հաու-հաու-հաու»-ն կամ «հըմ-հըմ-հըմ-հըմմմ» արտահայտությունները: Ջոն Լի Հուկերի բլյուզը ևս  տպավորում է ոչ միայն ռիթմերի, այլև երգը կամ, նույնիսկ, երաժշտությունը պատմելու հատկանիշով: Այո, նրա վարպետությունը նաև դրանում էր. Հուկերը պատմում է, նույնիսկ եթե բառեր չի օգտագործում:

Ի դեպ՝ բառերի մասին

«Boom, boom, boom, boom

I'm gonna shoot you right down

Right off your feet

Take you home with me

Put you in my house…

Boom, boom, boom, boom»

Առաջին հայացքից  նույնիսկ փոքր-ինչ սարսափելի է. այս երգը կնոջ վրա կրակելու, հետո տուն տանելու և այնտեղ պահելու մասին է․ մի խոսքով՝ առևանգում:

«Բայց այս ամենը փոխաբերական իմաստով է գործածված,- գրում է «All Music»-ը,- այնպես, ինչպես մեկը երեխային կասեր «Էս ինչ լավն ես դու, ես հիմա կուտեմ քեզ»… Հուկերը նույնատիպ պայքարի մեջ է՝ արտահայտելու իր ցանկության, զգացմունքի իրական խորությունը»:

Քիչ ժամանակ է պահանջվում, որ Հուկերը ցույց տա այս ամենը. կատարման յուրահատուկ հնչերանգով, ապա մի գեղեցիկ խոստովանությամբ, որից հասկանում ես՝ այդ տան ամեն մի անկյունը շնչում է սիրով նույն այդ էակի հանդեպ: Եվ առևանգումը կարծես թե արդարացված է :

«Boom Boom» –ը Հուկերի ամենահիշարժան, ամենատպավորիչ ստեղծագործությունը, որն ակնթարթորեն գրավեց տարբեր նախասիրություն ունեցող լսարանների: Այս երգը կատարվել է բազմաթիվ երգիչ-երաժիշտների կողմից, և նրանք միայն բլյուզմեններ չէին՝ ամերիկյան սեքս-խորհրդանիշ Մեյ Ուեսթից միչև Թոնի Ջո Ուայթ, Բրյուս Սփրինգսթին և ուրիշներ: 1965 թ. հնչեց բրիտանական «The Animals» խմբի cover-ը, որն, ի դեպ, մեծ հաջողություն ունեցավ և համարվում է «Boom Boom-ի լավագույն մեկնաբանությունը:

Այս տարբերակը նույն թվականին ամերիկյան հիթ դարձավ: Հետևելով երգի հերթական հաջողությանը՝ Հուկերը 1968թ. վերաձայնագրեց և վերաթողարկեց «Boom Boom Boom»-ն ավելի երկար անվամբ: Հետագայում նա մի քանի անգամ վերամշակել և ձայնագրել է մի քանի այլ տարբերակով: Ջոն Լի Հուկերի այս երգը Էրիկ Քլեփթոնի առաջին ստուդիական ձայնագրությունն էր՝ 1963թ. «The Yardbirds»-ի հետ: Այն 1966թ. որպես սինգլ թողարկվեց Նիդեռլանդներում և Գերմանիայում:

1995թ. Ջ. Լ. Հուկերի հանրահայտ «Boom Boom» –ը Ռոքնռոլի Փառքի Սրահում արժանացավ ռոքնռոլի հիմքերը դնող երգի կոչման, իսկ 2009թ. «Blues Foundation –ը ընդգրկեց  բլյուզի դասականների շարքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter