Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կերուխում ընտրատեղամասում. համայնքապետն անձամբ էր հյուրասիրում ընտրողներին



Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում վաղուց այդքան աշխուժություն չէր եղել: Այսօր` մարտի 15-ին, համայնքի ղեկավարի ընտրություն էր գյուղում, ավելի ճիշտ՝ գործող համայնքապետ Գառնիկ Հովհաննիսյանի վերընտրությունը, քանի որ նա միակ թեկնածուն էր: Ընտրատեղամասը, որը հանգստյան տան մի անկյունում էր տեղակայված, Տեղեր գյուղի համար անսովոր մարդաշատ էր: Շենքի շուրջբոլորը հավաքված տարբեր տարիքի տղամարդիկ ելումուտ էին անում առաջին հարկի դռներից մեկից, որի բացվել-փակվելու հետ շուրջբոլորը սփռվում էր եփվող մսի ու խմիչքի սուր հոտը: Համայնքապետ Գ· Հովհաննիսյանն անձամբ էր ստանձնել ընտրազանգվածին հյուրասիրելու գործը:

Քանի որ հավաքվածները յուրայիններ էին եւ կողմնակի անձանց՝ դիտորդների, լրագրողների չէին սպասում, ուտեստներով ծանրաբեռնված մի սեղան էլ քվեակության սենյակում էին տեղադրել: Լրագրողիս ներկայությունը շփոթմունք առաջացրեց սրահում, հանձնաժողովի անդամները սկզբում իրարով անցան ու սկսեցին արդարացումներ որոնել խնջույքի սեղանի համար, ապա առաջարկեցին միանալ իրենց, ոմանք էլ սկսեցին մեկը մյուսին մեղադրել դանդաղկոտության մեջ, որ չէին հասցրել մինչեւ իմ ներս մտնելը հավաքել սեղանը: Մոտ 20 րոպե քվեարկողներ չկային՝ ընտրողներ չկայի՞ն, թե դեռեւս չէին հաղթահարել շփոթմունքը: Քիչ հետո ներս մտան 2-3 կին եւ քվեարկելուն զուգահեռ սկսեցին հավաքել ճաշի սեղանը: Դժվար էր նույնիսկ ասել՝ նրանք առաջի՞ն անգամ էին քվեարկում, իրե՞նց փոխարեն էին քվեարկում կամ՝ իրե՞նց անձնագրով էին քվեարկում:

Ընտրատեղամասում նախատեսվածից շատ ավելի մարդ կար, իսկ մի քանի երիտասարդներ մեծ ակտիվություն էին ցուցաբերում քվեարկության սրահում, անհասկանալի էր, թե որն էր նրանց պարտականությունն այդտեղ: Իմ ներկայությունը անհանգստություն էր պատճառում հատկապես Գ· Հովհաննսիյանի վստահված անձին:

15/1 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Նունե Սարգսյանը հայտնեց, որ 15:00-ի դրությամբ 178 ընտրողներից քվեարկել էր 71 հոգի: Նրա տպավորությամբ՝ բավականին ակտիվ էր մասնակցությունը, խախտումներ չէին արձանագրվել, միայն մեկ հոգի գրանցվել էր ուրիշին քվեարկության ժամանակ օգնելու համար: Նշենք, որ 12 մշտական բնակիչ ունեցող Տեղեր գյուղում հաշվառված է 178 ընտրող, որոնց հիմնական մասը քվեարկության պետք է ներկայանար Պռոշյան, Էջմիածին եւ այլ համայնքներից, որը նրանց մշտական բնակության վայրն է: Անգամ ընտրական հանձնաժողովի 8 անդամներից միայն մեկն էր տեղաբնակ:

Ժամը 19:15-ի դրությամբ Տեղեր գյուղում քվեարկել էր 87 ընտրող:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Hayk22:42 - 15 մարտի, 2015
Հավաստում եմ, որ նախադասություններից միայն մի քանիսն են համընկնում իրականությանը։ Հարգելի լրագրող փորձեք ավելի ազնիվ լինել ձեր աշխատանքում և գնահատել եղած արժեքները, այլ ոչ թե հաշվեք, թե ով ում է հյուրասիրել, դա մեզ բոլորվոին չի հետաքրքրում......
2. Շուշանիկ09:12 - 16 մարտի, 2015
Տիկին Սառա. Հայաստանի ընտրական օրենսգրքում չկա մի կետ, որը արգելում է ընտրության օրը ընդմիջման ժամին հանձնաժողովի անդամներին սնվել: Հոդվածը գրելուց նախևառաջ գրեք ձեր կողմից թույլ տրված խախտման մասին /այն է, որ պետք է տեղամաս մտնելիս նախ ներկայանայիք/ հետո նոր տեղեկոըթյուններ գրանցեիք/:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ