HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի Որոտան համայնքում չեն ուզում, որ իրենց դրսից կառավարեն

Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղում եռուզեռ է, ինչը զարմանալի է այն  առումով, որ փոքր համայնքներում սովորաբար ավագանու ընտրություններն անցնում են  ընտրողների պասիվ մասնակցության պայմաններում, և անգամ ոչ բոլոր ընտրողներն են տեղյակ լինում ընտրությունների մասին: «Առավոտ քշերով եմ գնացել ընտրության», -ասում է Գենադին, ով Որոտան բնակվելու է եկել Բաքվից: Ասում է, թե դժվար էր մեծ քաղաքից հետո այս հեռու գյուղում ապրել, կենցաղային պայմաններին հարմարվել, սկզբում կահույք էր պատրաստում, հետո էնքան փայտի գործ անող հայտնվեց, որ էլ իր սարքածին բանի տեղ դնող չկա: Մոռացել է, թե Բաքվում վերջին անգամ ինչ ընտրությունների է մասնակցել:  Ավագանու ընտրությանը մասնակցում է՝ հուսալով, որ ավագանիները կարող են գյուղապետի հետ ...խելք-խելքի տալ ու մի ծրագիր, բան բերել գյուղի համար»:

Ավագանու ընտրությունները կարևոր իրադարձություն է համարում նաև ավագանու անդամի թեկնածու Գարեգին Արզումանյանը: Նրա խոսքով՝ գյուղապետը հո «ինքնագլուխ չի, որ ինչ ուզի, անի, դրա համար ավագանին պիտի համակարգի նրա քայլերը»:

Ձախից՝ գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը եւ ավագանու թեկնածու Գարեգին Արզումանյանը

Մեկ այլ թեկնածու՝ Հայկ Բարսամյանը, ով ուսուցիչ է աշխատում գյուղում, ասում է, որ նախկինում ևս ավագանու անդամ է եղել, հաճախ վիճել են գյուղապետի հետ, մանավանդ համայնքի բյուջեն հաստատելիս լուրջ տարաձայնություններ են եղել, և համայնքի ղեկավարը ստիպված է եղել հաշվի առնել ավագանիների առաջարկությունները ու որոշ փոփոխություններ կատարել բյուջեում:

Ավագանու ընտրությունների նկատմամբ որոտանցիների ցուցաբերած հետաքրքրության վկայությունը նաև ընտրական տեղամասի բակում մեծ թվով մարդկանց խմբերն էին, ավտոմեքենաների երթևեկությունը: «Մեծ թվով ընտրողներ Սիսիան քաղաքում են ապրում, գալիս են ընտրելու»,- բացատրեց բակում կանգնած մի երիտասարդ: Նման աշխուժություն նկատվեց նաև ընտրական տեղամասում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արսեն Ավագյանը նշում է, որ առանձնապես ակտիվ են վստահված անձինք. գրանցված բոլոր թեկնածուների վստահված մարդիկ առանց բացակայելու հետևում են ընտրական գործընթացին:

Ավագանու թեկնածու Հրաչիկ Գալստյանի վստահված անձը Որոտանի նախկին գյուղապետ Գավրոշ Դավթյանն է, ով ասում է, որ բոլոր թեկնածուները երիտասարդներ են և ամեն ինչ անում են, որ ամենաբանիմացն ընտրվի: Մեկ այլ վստահված անձի համար ընտրողների չափանիշը պետք է այն լինի, որ ավագանու անդամը գյուղում բնակվի, ոչ թե Սիսիանից «կառավարի»:

Ժամը 14-ի դրությամբ 227 ընտրողներից իր քաղաքացիական պարտքը կատարել էր 62-ը: Ընտրությանը դեռևս չէր մասնակցել համայնքի ղեկավարը՝ Սերյոժա Ամիրխանյանը: «Օրը դեռ առջևում է, կընտրեմ, կարևորն այն է, որ ընտրությունները օրենքով նախատեսված կարգով ընթանան»,-ասաց գյուղապետը՝ հումորով հավելելով, որ դեռ ժամանակ չի ունեցել, հարևանի կովը ծննդաբերում էր, ինքը անասնաբույժի պարտականությունն էր կատարում:

Ավագանու ընտրությունների ընթացքի մասին իր դժգոհությունը հայտնեց մի կին՝ ասելով, թե՝ ինչ ընտրություններ, որ նվագ չկա, երաժշտություն չեն միացրել:

«Դա իրիկունը՝ ժամը 10-ից հետո»,-կնոջը պատասխանեց ավագանու թեկնածուներից մեկը, ով անընդհատ զրույցն ընդհատում էր և ձեռքով բարևում տեղամասին մոտեցող ավտոմեքենաներից իջնողներին:

Այն, որ երբևէ Որոտանում ընտրությունների օրն անպայման երաժշտություն էին միացնում, հաստատում է նաև համայնքի ղեկավարը՝ պարծենալով. «Մենակ տեսնես, թե 2012-ին ինչ նախագահական ընտրություն արեցի, առավոտից մուզիկան միացրած էր, 93.3 տոկոս էլ ձայն ստացավ նախագահը»:

Լավ է, թե վատ, որ խախտվում են «ընտրական ավանդույթները», դժվարանում եմ ասել, բայց պարզվում է, որ նախկինում  Որոտանում ընտրական կրքերը հաճախ էին բորբոքվում, որոնց արձագանքները շարունակվում են մինչև այժմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter