HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքի ղեկավարի տնավարի ընտրություն Լոր գյուղում

Համո Սահյանի ծննդավայրում՝ Լորում, գյուղի փողոցների երկայնքով ամենուր  բանաստեղծի ստեղծագործությունների վահանակներ են: Մի քանի փողոց անցնելով՝ կարող ես ստեղծագործություններ անգիր անել: Դրա կողքին, սակայն, ոչ մի հիշեցում, ցուցանակ, որ համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գյուղամիջում թղթախաղ խաղացող տղամարդիկ հրաժարվում են իրենց կարծիքն ասել ընտրությունների մասին, նրանցից մեկը հանդիմանում է «հարցաքննելու» համար, հետո էլ թե «...Էդ խի Նազարբաևը կարա ցմահ թագավորի, մեր գյուղապետը՝ չէ»: «Բայց Թուրքմենստանում գազը, լույսը անվճար են, մարդիկ աշխատանք ունեն»,-չեմ նահանջում ես: «Դե եթե լավ ղեկավարի տեղ գիտես, տար, թող երկիրդ ղեկավարի, հինչ ես անտեղի խոսում, եկալ ես մեր շենը կռեւ քիցես, մարդ ա էլի, ինձ հինչ, մինա նույն հաշիվն ա»,- վրա է տալիս նրանցից մեկը և խորհուրդ տալիս, որ ընտրության գնացողների կարծիքը հարցնեմ:

Հարցուփորձից հետո վերջապես գտնում եմ տեղամասը, որտեղ անց է կացվում համայնքի ղեկավարի ընտրությունը: Միակ թեկնածուն գործող գյուղապետ Դավիթ Առուստամյանն է, ավելի վաղ ինքնաբացարկ է ներկայացրել մյուս թեկնածուն՝ Զոյա Գրիգորյանը, ով գյուղապետի կնոջ քույրն է: «Արդյոք տեղյակ է պատճառի մասին» հարցին գյուղապետը պատասխանում է, թե թող տանը նստի, իրա գործով զբաղվի:

Ընտրական տեղամաս ասվածը, որտեղ տեղի էր ունենում ընտրրությունը, մոտ 20քառակուսի մետր տարածքով սենյակ էր, որտեղ հանձնաժողովի 8 անդամները հազիվ էին տեղավորվում, եթե չհաշվենք, որ սեղաններից մեկը ծանրացած էր սննդամթերքով լի փաթեթներով. «Հաց էինք ուտում»,-ասաց հանձնաժողովի նախագահ Ռադիկ Հովհաննիսյանը: Քվեախցիկը, որը գտնվում էր հանձնաժողովի անդամների սեղանից 50-60սմ հեռավորության վրա, պատրաստված էր ստվարաթղթից և փոքր տարածքի պատճառով ուղղակի հնարավոր չէր սենյակում գտնվող մյուս ընտրողների աչքից վրիպեր, թե ինչպես են ընտրում:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ պարբերաբար հիշեցնում էր քվեախցիկի մոտ նստածին, որպեսզի կնիք դնի անձնագրում, իսկ քվեարկողի անձի իսկությունը նրան ընդհանրապես չէր հետաքրքրում:

Ընտրական տեղամասում ոչ վստահված անձ կար և ոչ էլ որևէ դիտորդ: «Դե հեռու գյուղ է, հազիվ կլինի»,-իրավիճակը մեկնաբանում է հանձնաժողովի քարոտուղարը:

Նման տնավարի ընտրություններում էլ համայնքի գործող գյուղապետը ստացավ ընտրությանը մասնակցած 162 ընտրողների 148 քվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter