HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչների տրանսպորտային ծախսը փոխհատուցելու հստակ մեխանիզմներ չկան

Շուշան Օհանյան

Որոտան գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդող տասնինը ուսուցիչներից միայն երեքն են գյուղից: Դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանն ասում է, որ ոչ տեղացի ուսուցիչներ միշտ էլ եղել են, բայց վերջին տարիներին իրենց աշխատանքն ավելի է դժվարացել է՝ պայմանավորված տեղացի կադրերի պակասով:

Պետական բյուջեից մանկավարժների եւ դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար 2014թ.-ին Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 19 մլն 732 հազար 900 դրամ: Որոտանի միջնակարգ դպրոցի երթեւեկող ուսուցիչների ճանապարհածախսը վճարելու նպատակով 2014թ.-ին այդ գումարից փոխանցվել է 724 հազար  դրամ, չնայած  դպրոցը 1մլն 229 հազար դրամի նախահաշիվ է ներկայացրել:

«Որոտանում, ինչպես Գորիսի մի շարք այլ համայնքներում, հանրային տրանսպորտ չի գործում: Ճիշտ է, ուսուցիչները որոշակի փոխհատուցում ստանում են, բայց եթե դա համեմատենք այն գումարի հետ, որն իրականում անհրաժեշտ է ապահով երթեւեկության համար, չնչին թիվ է կազմում»,- մեզ հետ զրույցում նշում է Որոտանի միջնակարգ դպրոց տնօրեն Արա Գրիգորյանը: Նրա խոսքով` դպրոցի ուսուցչին  լավագույն դեպքում տրվում է ամսական 8 հազար դրամ, այն դեպքում, երբ Գորիս-Որոտան-Գորիս միակ տրանսպորտային միջոցի՝ տաքսու ուղեվարձը երեք հազար  դրամ է:

«Մեր միակ փրկությունը Որոտան հէկ-ի աշխատողներին փոխադրող ավտոբուսն է: Առավոտյան դպրոց հասնում ենք դրանով: Իհարկե, դա էլ իր անհարմարություններն ունի. պատահում է՝ ավտոբուսը ճանապարհին փչանում է եւ մինչեւ տաքսի ենք պատվիրում ու դպրոց հասնում, դասապրոցեսն զգալիորեն տուժում է,- նշում է Որոտանի միջնակարդ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանը, եւ ավելացնում,- հասկանում ենք, որ իրատեսական չէ պահանջել այնքան գումար, որ հնարավոր լինի տաքսիով երթեւեկել, ուղղակի կարելի է լուծել գոնե երթուղային տաքսու խնդիրը»:

Դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել է Սյունիքի մարզպետարան՝ առաջարկելով դպրոցում գոյացած խնայողություններով գնել երթուղային տաքսի, իսկ երթեւեկության համար փոխհատուցվող գումարներն էլ օգտագործել վառելիքի համար, բայց այդպես էլ որեւէ պատասխան չի ստացել:

«Դա կլիներ հարցը լուծելու ամենաարդյունավետ տարբերակը, եւ այդ դեպքում դպրոցը կարող է վարորդ ունենալ եւ նրան վարձատրել մեկ դրույքի համար նախատեսված աշխատավարձով»,- նշում է Արա Գրիգորյանը:

Դպրոցի տնօրենի, ուսուցիչների եւ մարզպետարանի աշխատակիցների հետ զրույցներից պարզ է դառնում, որ ուսուցիչների տրանսպորտային ծախսը փոխհատուցելու հարցում պակասում են հստակ, հիմնավորված մեխանիզմները: Հենց այս հստակության պակասն էլ դժգոհություն է առաջացնում ուսուցիչների մոտ: Նրանցից եւ ոչ մեկը չի կարողանում նշել գումարի հստակ չափ, որն ստանում է որպես փոխհատուցում, քանի որ այս թիվը, մարզպետարանի որոշումով պայմանավորված, ամեն ամիս կարող է փոխվել: Ինչպես նշում է Որոտանի միջնակարգ դպրոցի հաշվապահ Գայանե Կարապետյանը` ամեն անգամ նա ստիպված է լինում զանգահարել մարզպետարան եւ ճշտել, թե որ ուսուցչին ինչքան գումար պետք է փոխանցվի:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշախատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության աշխատակից Գալյա Հարությունյանը եւս կիսում է այն կարծիքը, որ փոխանցվող գումարները քիչ են, բայց փորձում են հնարավորինս «արդար» բաժանում կատարել: Նրանից փորձեցինք ստանալ նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչու վարչական աշխատողները (տնօրեն, ուսմասվար, օպերատոր, գրադարանավար) տրանսպորտային ծախսերի փոխհատուցում չեն ստանում: «Գումարները քիչ են եւ քանի որ դրանք փոխանցվում են մարզպետարան՝ մանկավարժների ու աշակերտների ծախսերը փոխհատուցելու համար, ուստի վարչական աշխատողները փոխհատուցում չեն ստանում»,- ասում է Գ. Հարությունյանը:

Մյուս հարցն այն է, որ տրանսպորտային փոխհատուցում տրվում է առավելագույնը 16 օրվա համար, այն դեպքում, երբ որոշ ուսուցիչներ 20-22 օր դասաժամ ունեն: Ստացվում է այնպես, որ օրինակ, 10 օր դպրոց գնացող ուսուցիչն ստանում է ամբողջական փոխհատուցում (ամբողջական փոխհատուցումն այս պարագայում հարաբերական է), իսկ 22 օր գնացողը՝ մասնակի: Ուսուցիչները փոխհատուցում չեն ստանում նաեւ, այսպես ասած, կիսատ ամիսների համար. դրանք այն ամիսներն են, երբ դպրոցում արձակուրդներ են, եւ եթե անգամ այդ արձակուրդը տեւել է մեկ կամ երկու շաբաթ, միեւնույնն է, ուսուցիչները չեն ստանում ամբողջ ամսվա համար նախատեսված գումարը:

«Մեզ հետաքրքրող հարցերը շատ են, բայց հիմնականը դպրոցից տուն հասնելն է: Կամ պետք է դասի ավարտից հետո մոտ երեք ժամ սպասենք ու Գորիս հասնենք Որոտան հէկ-ի աշխատողներին փոխադրող ավտոբուսով, կամ էլ` պատահական մեքենաներով, իսկ դա, մեղմ ասած, ամենացանկալի տարբերակներից չէ»,- նշում է Որոտանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Բակունցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter