ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վենետիկյան բիենալեում սփյուռքահայ արվեստագետների մասնակցությունը մշակույթի նախարարության մտահղացումն է



Այս տարի ժամանակակից արվեստի վենետիկյան 56-րդ բիենալեին Հայաստանի տաղավարի համարդողը Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանն է: Նա «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունից հրավեր է ստացել նախորդ տարվա հունիսին: Տեղեկացել է, որ նախարարությունը պատրաստվում է Հայաստանի տաղավարը տրամադրել սփյուռքի արվեստագետներին: Ադելինան հրավերն իր համար համարում է մեծ պատիվ ու պատասխանատվություն` հատկապես սիմվոլիկ 2015 թ.-ի համատեքստում:

Հայկական տաղավարի համադրողն ասում է, որ Վենետիկի բիենալեն միշտ էլ եղել է ներկա ժամանակի հայելին: Բիենալեի հետ իր կապը, ինչպես նկատում է, ստեղծվել է դեռեւս 1993-ին: Այդ ժամանակ նա պարգեւատրվել է Գրենոբլի «Le Magasin» ժամանակակից արվեստի կենտրոնը եւ դրա կուրատորների դպրոցը ղեկավարելու համար:

Մեր երկրի տաղավարն այս տարի գտնվելու է Սբ. Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում: «Մխիթարյան միաբանությունը վերջին երեք դարերի ընթացքում իր ավանդն է ունեցել մեր յուրահատուկ մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում, որի մեծ մասը այլ պարագայում, հավանաբար, կորցրած կլինեինք: Միաբանության այս դերը լավ հայտնի է թե Հայաստանի, թե սփյուռքի հայերին»,- նշում է Ադելինան: Կղզին` որպես ցուցադրության տարածք, ծանոթ է սփյուռքհայ համադրողին վաղուց: 1990-ին այնտեղ համադրել է պոլսահայ արվեստագետ Սարգիս Զաբունյանի անհատական ցուցահանդեսը, 1997-ին` Ռոբերտ Ռաուշենբերգին (փոփ արտ), 2005-ին` Յանիս Կունելիսին (արտե պովերա), իսկ 2007-ին` Յոզեֆ Կոշուտին (կոնցեպտուալ արվեստ) նվիրված ցուցադրություններ է արել:

Այս տարի Հայաստանը ներկայացնելու են 16 արվեստագետներ, որոնք լինելու են սփյուռքից: Նրանցից երկուսն աշխատում են զույգերով` Երվանդ Ջանիկյանը` իտալացի արվեստագետ Անջելա Ռիչի Լուկիի հետ, եւ Ռենե Գաբրին` պաղեստնիցի Այրին Անաստասի հետ: Ընդհանուր` 18 հոգի:

Համադրողն ասում է, որ հարգելով մշակույթի նախարարության խնդրանքը` սփյուռքհայ արվեստագետներին ընդգրկելու մասին, մեկական արվեստագետ է ընտրել սփյուռքի գաղթօջախներից. Հայկ Այվազյանին` Լիբանանից, Աննա Բողիգյանին` Եգիպտոսից, Հերա Բույուքթաշչյանին` Թուրքիայից, Սիլվինա Տեր-Մկրտչյանին` Գերմանիայից եւ Արգենտինայից, Մխիթար Կարապետյանին` Բելգիայից, Էկատերինի Գեգիսյանին` Հունաստանից, Արամ Ջիբիլյանին` ԱՄՆ-ից, Նինա Խաչատուրյանին` Ֆինլանդիայից եւ ԱՄՆ-ից, Մելիք Օհանյանին` Ֆրանսիայից, Միքայել Օհանջանյանին` Հայաստանից, եւ Հրայր Սարգսյանին` Սիրիայից:

«2013-ին` Սալոնիկի 4-րդ բիենալեում համադրող աշխատելու ժամանակ, արդեն սկսել էի զբաղվել Հայոց ցեղասպանության թեմայով մասնավորապես Ռոսանա Պալազյանի (Բրազիլիա) եւ Նիկոլ Բեզջյանի (Սիրիա) հետ: Նրանք «Հայություն» (վենետիկյան բիենալեում Հայաստանի տաղավարի այս տարվա անունն է- հեղ.) հրավիրված երկու առաջին արվեստագետներն էին: Մյուս 14-ի համար խոր ուսումնասիրություն եմ կատարել սփյուռքում, արվեստանոցներ այցելել, հանդիպել արվեստագետներին: Ընտրությունս ավարտեցի, երբ գտա այն արվեստագետներին, որոնց աշխատանքներն ավելի մոտ են ժամանակակից արվեստում իմ փորձառությանը եւ այն հավատիս, որ արվեստը նաեւ իրազեկման գործիք է: Հավատում եմ, որ տարբեր հորիզոններից եկող արվեստագետները բազմազան արտահայտչամիջոցներով ստեղծված նորարարական եւ զգացական իրենց աշխատանքներով կարող են հայության ոգին փոխանցել բիենալեի լայն հասարակությանը, որը մեծամասամբ անտեսում է մեր մշակույթը, լեզուն, այբուբենը եւ պատմությունը»,- ասում է Ադելինան:

Արվեստագետների թվում է պոլսահայ արվեստագետ Սարգիս Զաբունյանը, ով ներկայանալու է թե´ Հայաստանի, թե´ Թուրքիայի տաղավարներում: Ադելինայից հետաքրքրվեցինք, թե առաջինը որ երկրից է եղել հրավերը: «Սարգիսը, որին սիրում ու հարգում եմ եւ որի 10 կամ ավելի ցուցահանդեսները համադրել եմ վերջին 30 տարիներին, իմ ցուցակի առաջին արվեստագետներից էր: Երբ նա հայտարարեց, որ նաեւ Թուրքիայի տաղավարի համար է ընտրված, մտածեցի, որ սիմվոլիկ առումով սա մեծ մարտահրավեր է` լինել այս երկու տաղավարների մի մասը»,- նկատում է համադրողը: Նրա խոսքով` Սարգիս Զաբունյանը Թուրքիայի տաղավարում ինքն իրենով հաշտեցում է ներկայացնում, իսկ Հայաստանի տաղավարում աշխարհի տարբեր մասերից եկած 17 հոգու հետ ներկայացնում է հայկականությունը:

Վենետիկի 56-րդ բիենալեիում Հայաստանի տաղավարը հյուսված է «Arménité» («Հայություն») կոնցեպտի վրա: Այս տերմինով, նշում է զրուցակիցս, ֆրանսահայ երիտասարդ սերունդը բնորոշում է Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին:

Ադելինան ասում է, որ իր նախագիծը դուրս է աշխարհագրական սահմաններից: Նրա բնութագրմամբ` արվեստագետների այս ընտրությամբ «Հայություն» տաղավարը խարխլված ինքնության մնացուկներից կազմված «տրանսնացիոնալ» հավաքածուի մի օրինակ է:

Հայաստանի տաղավարի համադրողը նշում է, որ երբ այս տարվա հունվարի վերջից նախագիծը հանրային դարձավ, արդեն մեծ հետաքրքրություն կար դրա հանդեպ: Հայտարարություններ, հարցազրույցներ, լուրեր, տեսություններ հրապարակվեցին այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են ԱՄՆ-ի «Artforum»-ը, Իտալիայի «Artribune»-ը, «Art Magazine»-ը` Գերմանիայում, եւ նույնիսկ «Artnews»-ը Ստամբուլում:

Ադելինան վստահ է, որ «Հայությունը» լավ կընդունվի, քանի որ կազմակերպվել է մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ ձեւով, նվիրումով: «Անշուշտ, այն համադրողի անձնական ընտրությունն է, միգուցե ուրիշը այլ ընտրություն կկատարեր, սակայն ես հավատում եմ ընտրված արվեստագետների ունակություններին. նրանց` անձնական փորձի ու իմացության վրա հիմնված նորարակական աշխատանքներին, արվեստի տիեզերական լեզվով գաղափարներ, մտքեր, հուշեր եւ ավելին տրանսֆորմացնելու նրանց կարողությանն ու մեծ տաղանդին»,- ասում է համադրողը:

Հիշեցնենք, որ Վենետիկի 56-րդ բիենալեն տեղի է ունենալու մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Աննա14:07 - 24 մարտի, 2015
Պետությունը չի կարող ամեն տեղ լինել, ու ամեն ինչ «պետական» հանձնաժողովներ որոշեն, մանավանդ արվեստի բնագավառում պետք է լինի հենց կուրատորություն, հենց կուրատորի շնորհիվ բազմազան գործերի իմի բերում, թե չէ «պետական» հանձնաժողովների դեպքում ականատես ենք լինում ամեն տեսակի ինգաանուշարշակյանների գործունեության: Բազմազանությունը հենց այսպիսի կուրացիա անցած միջոցառումներում կարող է երևալ, ոչ թե մասսայական կարծիքի արդյունքում ձևավորված որոշումների հիման վրա: Ամեն դեպքում, էնքան խեղդված ենք հասմիկպողոսյանական «պետական» հանձնաժողովներից, որ վաղուց պետք է խրախուսվեն ու ընդունվեն անհատական մոտեցումները, միգուցե մենք էլ մի քիչ աչքաբացենք...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ