Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Մեծ մորս աչքերի լռությունը». արվեստագետը բացում է ցուցադրության գաղտնիքը



«Մեծ մորս աչքերի լռությունը»: Սա արվեստագետ Սահակ Պողոսյանի նոր նախագծի անվանումն է, որի համադրողը արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն է: Նախագիծը ներկայացվել է մարտի 13-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:

Տատի ականջօղերը

Ցուցասրահ ներս մտնելով` անմիջապես աչքերդ հառում ես հանդիպակաց պատին, որտեղից մեկ զույգ փիրուզե ականջօղեր են մխրճված ձյութի մեջ: Ականջօղերը աչքերի են նմանվում, որոնց հետ ակամայից երկխոսության մեջ ես ընկնում: Աչքերը սառել են, ու թվում է` հենց դիմացի պատին փակցված ծորացած ձյութի մեջ գտնվող մեկ այլ օբյեկտի վրա:

Իսկ աչքերից աջ ու ձախ հատվածերում պարաֆինով պատված վերմակի կտորներ են: Պարաֆինը մշուշի պատրանք է ստեղծել, իսկ մշուշի ետևում գույնզգույն, տարբեր նախշերով կտորներն են: Այդ մշուշի շերտը, կարծես, հաստ ապակի լինի, որի ետևում անցյալ կոչվող տարածքն է: Ապակին խլացնում է ձայնը, բայցև ցուցադրում է այն, ինչ կատարվել է այդտեղ: Լռությունը երբեմն տխրության է փոխակերպվում, տխրության ետևում ձյութե հաստ, կոշտացած կույտն է: Յուրաքանչյուր դետալ նուրբ սիմվոլիկա ունի այնտեղ: Ճառագայթային աղբյուրը նորից աչքերն են, իսկ ճառագայթները ցրվում են ցուցասրահում` օղակելով նաև դիտողին: Իսկ վերջինս գործ ունի Ցեղասպանություն վերապրած աչքերի հետ:

Արվեստագետը բացում է նախագծի գաղտնիքը

Սահակ Պողոսյանն այս նախագծի վրա աշխատել է 2 տարի: Ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես թիրախ նկատի չի ունեցել, ուղղակի օրինաչափորեն համընկել է: Այսպես է պարզաբանում նա: Ցուցադրության թիրախը նրա համար եղել է լռության մասին խոսելը, և խոսել այնպիսի լեզվով, որը նոր ձևով է բացահայտում արհավիրքը, ցավը:

Նախագծում առկա 10 պատկերները, մեկական բարձրաքանդակն ու լուսանկարը ստեղծում են եռանկյունի: Լուսանկարում պատկերված են արվեստագետի հորաքույրն ու հայրը` մինչ 1915 թ.-ը, վերմակներից մեկի գրված «Է» տառը էության, շարունակականության խորհրդանիշն է, իսկ ականջօղերը նրա հայրական տատինն են: Ականջօղերը տատի ամուսնու նվերն էին, որոնք տատը Հայաստան էր բերել` աքսորի ճանապարհները հաղթահարելով: «Ես ստեղծել եմ մի եռանկյուն, որի մեջ հանդիսատեսն անընդհատ շարժման մեջ է, այսինքն՝ այդ էության և կյանքի շարունակական տարածքը՝ որպես եռանկյուն, նկատի ունեմ ամեն մեկիս կյանքն ու առանձին պատմությունները»,- ասում է Սահակը:

Արվեստագետը նշում է, որ ինքն անձամբ այդ արհավիրքի կրողն ու ժառանգորդն է: Երկու տատերն ու մայրական կողմից պապը եղել են այդ ոճրագործության ականատեսները: Նրանք երբեք չեն պատմել իրենց տեսած արհավիրքի մասին: Ս. Պողոսյանի խոսքով` արհավիրք տեսած մարդը չի սիրում նորից պատմել այդ արհավիրքի մասին, բայց իրենց լռությամբ անընդհատ փոխանցում էին այն, հատկապես մեծ մայրը` հայրական տատը: Նրա հետ էլ ինքն ու եղբայրը մեծ կապվածություն են ունեցել: Ինչպես Ս. Պողոսյանն է ասում` տատի գրկում է մեծացել, տատն էր իրենց պահում, քանի որ ծնողները երկար էին աշխատում, չէին կարողանում զբաղվել իրենցով:

Հայրական տատը թրքախոս էր, Ադանայից էր, մայրական տատը` մշեցի, իսկ պապը` կարսեցի: Մեծ մայրը, հիշում է արվեստագետը, պատմում էր ոչ թե կոտորածների (չնայած նրա հայրը, քեռիները, բարեկամները զոհ էին գնացել արհավիրքին), այլ Ադանայի մասին, թե ինչ դրախտային երկիր էր` եթե ոսկի գցեիր գետնին, ոսկու ծառ կաճեր:

Սահակ Պողոսյանը նշում է, որ իրենց տանը կար մի մեծ սնդուկ, որտեղ տատը պահում էր իր գանձերը: Բացի դրանից, Ադանայից նա իր հետ վերցրել էր իր ձեռագործ վերմակը, որը, սակայն, տարիների ընթացքում մաշվել էր: Սնդուկի իրերից զատ, մեծ մայրն իր ծոցում թաշկինակով պահում էր ամուսնու նվերը` փիրուզե ականջօղերը, որոնք, ըստ արվեստագետի, տատը երբևէ չէր կրում: «Երբ մեծ մայրս մահացավ, որոշեցինք, որ ոչ մեկին չեն հասնում այդ ականջօղերը, տանը աղջիկ ժառանգորդ չունեինք, և քանի որ դրանք անընդհատ իր մարմնի վրա էր կրում, թաղեցինք իր հետ: Ականջօղերից մնաց հիշողություն, որը դարձավ այդ եռանկյան կողերից մեկը»,- ասում է ժառանգորդը:

Ցուցադրության համար օգտագործված պարաֆինն ու ձյութը ևս պատահական չեն: Արվեստագետի խոսքով` երկուսն էլ նավթի արդյունք են, իսկ նավթը անմիջական կապ ունի Ցեղասպանության իրականացման քաղաքական և տնտեսական ասպեկտների հետ: «Երբ Իրաքում գտնվեցին նավթահորեր, և ամբողջ աշխարհն ինդուստրիլիզացիայի խնդիր ուներ, առաջին բանը, որ իմպերիալիստական շրջանակները որոշեցին, Բաքվի և Իրաքի նավթը տանելն էր, փորձեցին ստեղծել Բաղդադ-Բեռլին երկաթգիծը, որը, դժբախտաբար, անցնում էր հայկական տարածքների վրայով, և մեր էթնոսը փոխանակ օգտվեր այդ ընձեռված առիթից, հակառակը՝ չկարողացավ օգտվել՝ դառնալով այդ մեծ նպատակի ու գաղափարի զոհը, այսինքն՝ որոշվեց ազատել այդ տարածքները, որպեսզի կառուցվի երկաթգիծը: Իրականում պատմությունն անընդհատ կրկնվում է»,- բացատրում է Ս. Պողոսյանը` անդրադառնալով Ադանայից Երևան հասած իր մանկության գանձերի սնդուկին:

Սնդուկը

Արվեստագետը նշում է, որ այդ սնդուկն իր և եղբոր հայտնագործություններ կատարելու ամենահետաքրքիր վայրն էր` իրենց գանձերի կղզին: Սնդուկում կային ձեռագրեր, ավետարան՝ բավականին հին, մանրանկարչական ալբոմներ: «Դժբախտաբար, տարիներ հետո ջուր լցվեց այնտեղ, վնասվեցին իրերը, և մնացին երկու առարկաներ, որոնք ես պահում եմ հիմա որպես մասունքներ: Մեկը իմ մեծ հոր՝ պապիկիս, կրակվառիչն է, որը փոխանցվել է ինձ. 100-ից ավելի տարվա առարկա է: Մյուսը «վախի» քարն է»,- ասում է նա:

Այն ժամանակ, ըստ վերջինիս, կրակվառիչ ունենալը ենթադրում էր, որ մարդը արտոնյալ վիճակում է: Իսկ ամենամեծ գանձը համարում է քարը:

Օվսան տատի «վախի» քարը

Ս. Պողոսյանը սեղանին է դնում կրակվառիչն ու վերնաշապիկի կտորի մեջ փաթաթված քարը: Այս պատմությունը նա ներկայացրել է «Գաֆեսճյան» արվեստի կենտոնի «Հիշողութունների քարտեզ» ծրագրի շրջանակներում: Արվեստագետը նշում է, որ երբ առաջին անգամ տեսել է քարը, այն փոքր ձվի չափ էր, որը տարիների ընթացքում փոքրացավ: Տատը գիշերը քարը դնում էր ջրի մեջ, իսկ առավոտյան վախ ունեցող մարդկանց խմեցնում ջրից: Հետո ասում էին, թե վախն անցել է:

«Ես ապրում էի Ավանում, հիշում եմ՝ տարբեր տեղից էրեխեք էին բերում, ասում՝ Օվսաննա մայրիկ, մի հատ վախի քարը խմցրու: Ասում էին՝ Օվսաննա մայրիկը մոմ թափող է, ես էլ իր թոռն եմ, ես էլ եմ մոմ թափող»,- նշում է Ս. Պողոսյանը:

Իսկ այն կտորը, որի մեջ պահվում է քարը, իր մանկական վերնաշապիկն է: Պատմում է, որ երբ հայրը կառուցում էր տունը, ինքը սիրում էր վարպետներից մեխեր «գողանալ»: Դրանցից մեկն էլ մտցրել էր էլեկտրական վարդակի մեջ: «Հիշում եմ, որ միանգամից պայծառավ ամեն ինչ, ու հետո ոչինչ չեմ հիշում: Այդ վերնաշապիկն իմ հագին էր այդ ժամանակ: Հորաքույրս վերցրել էր այն, տարել սրբերի մոտ աղոթել, որով ես կենդանության նշաններ ցույց չէի տալիս: Ինձ պահում են 24 ժամ` մտածելով, որ կարող է չեմ մահացել: 24 ժամ հետո արթնանում եմ: Մայրս պատմում է, որ դրանից հետո սկսել եմ նկարել»,- հիշում է Սահակը: Առաջին նկարներն սկսել էր անել տան պատին: «Հայրս տունը նոր էր գաջում, սպիտակ էր լրիվ, օջախ կար, որտեղ մայրս ջուր էր տաքացնում, գնում էի այդ ածուխները վերցնում էի ու սպիտակ գաջի վրա նկարում էի»,- ասում է նա:

«Մարդուն ապրելու համար երկու բան է պետք»

«Վախի» քարը Սահակի պապին էին տվել Ադանայի քարհանքում: Արվեստագետը պատմում է, որ քարհատները գիտեն այդ քարի առաջացման ընթացքը: Ասում է` դարերի շարունակ անձրևների հեղուկը, ներծծվելով քարի հանքում, լավայի շերտերի խոռոչների մեջ է հավաքվում: «Երբ հանքը բացում են, միլիոնից մեկ հարաբերություն կա, որ ճեղվածքը կբացվի հենց խոռոչի վրա, իսկ դրա մեջ հազարամյակների ընթացքում հավաքված հեղուկը դոնդողի նման է: Այդ դոնդողը 24 ժամվա ընթացքում քարանում է` դառնալով քար: Ըստ լեգենդի՝ դա համարվում է քարի հոգին, որը բուժիչ հատկություն ունի»,- պատմում է արվեստագետը: Ասում է, որ այդ քարով տատը մարդկանց էր բուժում նաև Դեր-Զորի անապատներում:

«Ես էլ եմ խմել դրա ջուրը, լավացել, գիտեմ այդ հզորությունը, բայց հետո հասկացա, որ ներքին հավատն է ազատում քեզ վախերից: Սիմվոլիկան է հետաքրքիր՝ փոխանցվել է քարը` բուժման հավատքը, և կրակայրիչը: Իսկ մարդուն ապրելու համար երկու բան է պետք՝ հավատ և ջերմություն»,- եզրափակում է Սահակ Պողոսյանը:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Գայանե Դավթյան21:54 - 26 մարտի, 2015
Իրապես բացառիկ ցուցադրություն էր, հրաշալի միտք․․․ !
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ