HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային պաշտպան. «Հաշվառված են թմրամոլությամբ զբաղվողների 15 տոկոսը»

«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կաբինետում հաշվառված են 75 թմրամոլ:

Հանրային պաշտպան Ռոման Կոնինյանն ասում է, որ  բժշկական կենտրոնում հաշվառվածները կազմում են Ալավերդիում և հարակից գյուղերում թմրամոլությամբ զբաղվողների հազիվ 15 տոկոսը: «2014թ.-ին մենակ իմ վարույթում 15 թմրամոլի պաշտպանության գործ է եղել»,- ասում է  փաստաբանը:

Քաղաքի Երիտասարդական փողոցի դեղատան դեղագործ Սուսաննա Ղազարյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց պիրալգին և պենտալգին դեղերի` Ալավերդիում ունեցած մեծ պահանջարկի համար. «Հարևան գյուղերից էլ են գալիս, այս դեղերն առնում: Դրանց հետ բենզինի և յոդի խառնուրդով թմրանյութ են պատրաստում: Քաղաքի երիտասարդները այդ թմրանյութով մեկը մյուսին վարակում և կործանում են: Ստեղծված վիճակում պիրալգին և պենտալգին դեղերը վաճառվում  առանց բժշկի դեղատոմսի»,- հայտնեց Սուսաննան: 

Լոռու մարզի գլխավոր նյարդաբան Վրույր Ստեփանյանը բացատրեց, որ բենզինի, յոդի, պենտալգին և պիրալգին դեղահաբերի համակցությամբ պատրաստվող «կոդեին» տեսակի թմրանյութն առաջացնում է լյարդի  հեպատիտ C, լյարդի ցիրոզ և երիկամային ծանր հիվանդություններ:

Ալավերդցիները քաղաքի հայտնի թմրամոլներին ճանաչում են անուններով:  Կոլյա Խ. հայտնիներից է: Նա տնայնագործական պայմաններում «կոդեին» տեսակի թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Սուրեն Բաղդասարյան) 2014թ. դեկտեմբերի 26-ի վճռով դատապարտվել է 6 ամիս ազատազրկման:  

Ազգությամբ հույն է, 40 տարեկան: «Ուզում եմ կնոջս հետ հաշտվել: Խնդրում եմ ազգանունս չգրեք: Ութ տարեկան աղջիկ ունեմ: Չեմ ցանկանում երեխաս այս արարքիս մասին կարդա: Ես մի անգամ էլ 45 օրով եմ դատվել` 2014թ. մարտի 24-ին. դատ եղավ, հետո 1,5 ամսով տարան: Հրազդանի քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում էի: Այդ 45 օրվա մի 25 օրը չեմ քնել: Երբ վատանում էի, մեկուսարանի բժիշկը մի հատ պարացետամոլի հաբ էր տալիս: Ոչ մի բուժում չարեցին, 45 օր հետո իմ խոդով մեկուսարանից դուրս եմ եկել: Դրանից հետո եկա Ալավերդի, ոչ մի բան չէի անում, խմեցի ու միտս ընկավ, էլի սկսեցի: Ինտերնետում էլ  է տված` ոնց են բենզինից կոդեին ստանում, ընկերներս էլ էին ասում: Ասացի մի հատ փորձեմ: Բենզին չեն սրսկվում, բենզինի մեջի կոդեինն են սրսկվում: Բենզինի մեջ սոդա, լիմոնի աղ եմ լցնում` կոդեինը առանձնացնելու համար, լուցկու տուփի կողքերի քուքուրդը քերում եմ, հետո յոդը քամում եմ տակի նստավածքներից անջատելու համար: Բենզինից ստացված կոդեինը խառնում եմ պիրալգինի ու յոդի հետ, հետո սովորական ջուր եմ լցնում վրան, արդեն պատրաստ է լինում, սրսկվում եմ: Կոդեինը հոգեկանիդ վրա չի ազդում, ուղղակի գլխումդ է, չես քնում, դավադիդ ես լինում: Չքնելուց էլ ստիպված օգտագործում ես»,-  պատմում  է զրուցակցիս:

Նա ասաց, որ Պիտիգորսկում և Ստավրապոլում ապրող քույրերը իրեն տարել են բժշկի,  անալիզը արյան մեջ կոդեին է ցույց տվել: Այդտեղ էլ բժիշկները հետազոտելուց հետո ասել են, որ նա հեպատիտ C-ով հիվանդ է. «Ընտանիքիցս էլ ընկա սրա խաթեր»,- ասաց նա: Կոլյա Խ.-ն մի քանի տարի   ապրել է Հունաստանում, 2010թ. վերադարձել է Ալավերդի: «Հունաստանում կոդեին չեմ սրսկվել, այնտեղ մարիխուանա էի ծխում: Կինս Հունաստանից գալուց առաջ հասկացավ. 2,5 տարի է, հեռացել է: Նույնիսկ անձնագիր չունեմ: Ասում եմ` էս դատը պրծնի, տեսնեմ ոնց եմ անում, ուզում եմ` էլ չսրսկվեմ,  հիմա  էլ չեմ սրսկվում, տատիս քնաբեր դեղերից քնելիս երկու հատ խմում եմ, որ քնեմ: Ուզում եմ ընտանիքիս հետ միանալ ու գնալ Ռուսաստան»,- խոսքը ավարտեց նա:

Ըստ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի  կողմից  հարուցված ԼԴ /0202/01/12  քրեական գործի մեղադրական եզրակացության` Կոլյա . Խ.-ի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով  մեղադրանք է առաջադրվել անձնական օգտագործման համար, տնայնագործական եղանակով «կոդեին» տեսակի թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու համար: Կոլյա Խ.-ի 2014թ. հոկտեմբերի 22-ին  ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել էին 0,0232 գրամ կոդեին տեսակի թմրանյութ:

Ալավերդիում  թմրամոլությամբ հայտնի է նաև 38-ամյա Հրանտ Վ.-ն: Նա  սեփական ավտոմեքենան թմրանյութ օգտագործած վիճակում վարելիս 2014թ. ենթարկվել է ծանր վթարի: Ամիսներ առաջ աճուկային երակում ինքն իրեն կոդեին ներարկելիս  արյունահոսել է: Հարազատների պատմելով` Ա. Միքայելյանի անվան հիվանդանոցի պրոֆեսոր Տ. Սուլթանյանի  վիրաբուժական հմտության արդյունքում է միայն փրկվել ոտքի անդամահատումից:

Հրանտ.Վ.-ն  նույնպես հիվանդ է լյարդի հեպատիտ C –ով: Նրա անձնական խուզարկությամբ 2014թ. հոկտեմբերի 22-ին ոստիկանները հայտնաբերել են ներարկիչների մեջ լցված 0,0524 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոց և 0,1027 գրամ ընդհանուր քաշով «ֆենոբարբիտալ» տեսակի  հոգեմետ նյութ: Հրանտ Վ.-ի  դեմ նույնպես քրեական գործ է հարուցվել  Քր. օրենսգրքի 268 հոդվածի առաջին մասով: Ալավերդցի Ա. Գևորգյանը 2014թ. հոկտեմբերի 22-ին թմրամիջոց պատրաստելու նպատակով Ս./Սարահարթ թաղամասի 2/25  հասցեում գտնվող  դեղատնից գնել է «Պիրալգինի» դեղահաբեր, ներարկիչներ, յոդ, ապա 1/9-3 հասցեում ապրող իր մտերիմ Արմեն Պետրոսյանի բնակարանում տնայնագործական եղանակով պատրաստել է «կոդեին» տեսակի թմրամիջոց: Նա ներարկման միջոցով օգտագործել է թմրամիջոցի մի մասը, մյուս մասը` 0.0436 գրամ ընդհանուր քաշով «Կոդեինը», թաքցրել է բնակարանում և հեռացել: Ոստիկանները հայտնաբերել են նրա պատրաստած կոդեինը: Ա.Գևորգյանը ժամ նշանակեց և խոստացավ մեզ հետ հանդիպել, սակայն նրա հեռախոսահամարը մեր խոսակցությունից հետո դարձավ անհասանելի: Դատավոր Ս. Բաղդասարյանի նույն վճռով Հրանտ Վ. դատապարտվել է 3, իսկ Ա. Գևորգյանը 4 ամիս ազատազրկման: Հանրային պաշտպան Ռոման Կոնինյանը վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:

Նա ասում է, որ իր պաշտպանյալները նաև հիվանդ մարդիկ են և նրանց պետք է ուղարկել բուժման: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը մեր հարցմանը պատասխանեց, որ  մարզի թմրամոլների բուժման համար Վանաձորի «Հոգեբուժարան կենտրոն» ՓԲԸ-ում մեթադոնային բուժման ծրագիր է գործում: «Այնտեղ բուժումը ցանկությամբ է, պարտադրանքով չէ»,- հայտնեց  Ս. Լամբարյանը:

Հանրային պաշտպան Ռ. Կոնինյանը ասում է, որ Ալավերդիում թմրամոլներ շատ կան: Չկա ամենակարևորը` թմրամոլության կանխարգելման  պետության շահագրգռությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter