HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմեն. «Ակնհայտ է, որ ՀՀ ՔԿՀ-ներում ևս կան անմեղ մարդիկ»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանը պատասխանել է «Հետքի» հարցերին

- ԵԽ ՄԻ հանձնակատարի վերջին զեկույցում անդրադարձ կա ընտրովի, հասցեական կիրառվող արդարադատության մասին: Ո՞րն է Ձեր կարծիքով դրա պատճառը, և ինչպե՞ս ու ե՞րբ կարելի է հասնել նրան, որ օրենքի առաջ բոլորի հավասարության սահմանադրական նորմը կիրառվի մեզանում: 

- Հայաստանի արդարադատության համակարգում խնդիրները շատ են, և արդարադատության համակարգի նկատմամբ վստահության պակասն ակնհայտ է: Նախկինում անդրադարձել եմ նրան, որ դատարանների օբյեկտիվության պակասի, արդարադատության համակարգի թերությունների, այդ թվում՝ միևնույն իրավիճակներում երկակի մոտեցումների պատճառը դատաիրավական համակարգում առկա ներքին ճնշումներն են, կոռուպցիոն երևույթները:

Անշուշտ, դատարանների գործունեությունը պետք է բարելավվի ինչպես օրենսդրության կատարելագործման, այնպես էլ գործնականում օրենքների ճիշտ կիրառման միջոցով: Այս առումով շատ կարևոր է նաև քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների ակտիվ ներգրավումը դատական գործընթացներում, ինչը կապահովի արդարադատության առավել հրապարակայնությունը՝ սահմանափակելով միևնույն հանգամանքներում տարբերակված վերաբերմունքի դրսևորման հնարավորությունը:

- Պարոն Անդրեասյան, ի՞նչ եք կարծում՝ մեր քրեակատարողական հիմնարկներում կան անմեղ մարդիկ:

- Ժամանակը ցույց է տվել, որ նույնիսկ ամենազարգացած դատական-իրավական համակարգ և ավանդույթներ ունեցող երկրներում երբեմն դատական սխալի հետևանքով ազատազրկման վայրերում են հայտնվում անմեղ մարդիկ: Ուստի, ակնհայտ է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ևս կան անմեղ մարդիկ:

- «Հետքը» բազմաթիվ հրապարակումներ է տպագրել, փորձել է հին գործերով ի հայտ բերել նոր երևան եկած հանգամանքներ, սակայն համակարգը դեռ չի գնում գործերի վերաբացման ճանապարհով: Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը:

- Միանշանակ չի կարելի ասել, թե գործերի վերանայման ընթացակարգում օրենսդրական կարգավորումներն անթերի են, սակայն առավել մտահոգիչ է այդ հոդվածների գործնական կիրառումը: Օրենսդրությամբ ամրագրված են նոր երևան եկած հանգամանքների բովանդակային սահմանները, ինչպես նաև դրանց հիման վրա գործերի վերանայման ընթացակարգը: Սակայն ինչ վերաբերում է գործերը չվերանայելու պատճառներին, ապա պետք է ուշադրություն դարձնենք նրան, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար նշել մեկ պատճառ. դրանք կարող են ունենալ թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ հիմքեր, մասնավորապես՝ գործի ելքի վրա նոր երևան եկած հանգամանքի ազդեցությունը, ինչպես նաև գործի վերանայման հիմքերի առկայությունը գնահատելու լայն հայեցողությունը, միաժամանակ՝ գնահատման ընդհանուր չափանիշների բացակայությունը, առանձին դեպքերում միգուցե նախկինում գործի քննության ընթացքում սեփական բացթողումները խոստովանելու անպատրաստակամությունը և այլն:

Կարևոր է նաև այն փաստը, որ օրենքը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա քրեական գործերը վերանայելու ժամանակային սահմանափակում չի նախատեսում, եթե նոր երևան եկած այդ հանգամանքը վկայում է, որ անձն անմեղ է կամ կատարել է ավելի թեթև հանցանք, քան այն, որի համար դատապարտվել է: 

- Որտե՞ղ եք տեսնում  հին՝ 15-20 տարվա վաղեմության քրեական գործերի վերաբացման հնարավորությունները:

- Ներկա պայմաններում օրենսդրության տեսանկյունից 15-20 տարվա վաղեմության քրեական գործերի վերաբացման հնարավորությունն, առաջին հերթին, նոր երևան եկած հանգամանքների հիման վրա այդ վարույթների նորոգումն է: Հենց այս պատճառով է, որ հույժ կարևոր է նոր երևան եկած հանգամանքներով վարույթների նկատմամբ առավել մեծ ուշադրությունը: Քրեական գործերի վերանայման համար մեկ այլ հիմք կարող են լինել օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսված իրավանորմերին կարող է հետադարձ ուժ տրվել անձի իրավական վիճակը բարելավող դրույթ պարունակելու դեպքում: Մասնավորապես, որպես օրինակ, ես օրենսդրական նախագծի տեսքով առաջարկել եմ մինչև 21 տարին լրանալը հանցանքը կատարած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում նշանակելու արգելքն օրենսդրորեն ամրագրելու գաղափարը:

ՍԴ նախագահը, հարցազրույց տալով «Հետքին», նշեց, որ օմբուդսմենը կարող է վիճարկել ՀՀ նախագահների հրամագրերի սահմանադրականությունը: 2003 թ.-ի օգոստոսի 1-ի ներման հայտնի հրամանգրի իրավական կազուսի մասին խոսում են իրավաբանական շրջանակներում, սակայն ՄԻ պաշտպաններից և ոչ մեկը չի վիճարկել դրա սահմանադրականության հարցը: Ի՞նչն է պատճառը: Չե՞ք պատրաստվում արդյոք Դուք լինել նախաձեռնողն այս հարցի լուծման:

- Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան՝ որոշելու համար նորմատիվ ակտերի, այդ թվում ՀՀ նախագահի՝ նորմատիվ բնույթ ունեցող հրամանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը: Այսինքն՝ տեսականորեն կարող ենք այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, սակայն այս պահին բավարար իրավական հիմնավորումներ դեռ չունենք: Որևէ իրավական ակտում իրավական անհարթությունն ինքնին հակասահմանադրականության հիմք չէ։

-  Քրեական օրենսգրքի 2011 թ. մայիսի 23-ի փոփոխությամբ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի՝ 15 տարվա փոխարեն: Արդյո՞ք ցմահ ազատազրկվածների պարագայում այն մեղմացնող չէ, արդյո՞ք այն պետք է չունենար հետադարձ ուժ:

- Խնդիրն այն է, որ ցմահ ազատազրկումը և որոշակի ժամկետով ազատազրկումը քրեական օրենսգրքով պատժի համակարգում նախատեսված են որպես առանձին՝ միմյանցից տարբեր պատժատեսակներ (որոշ քրեագետներ հիմնավորում են, որ ցմահ ազատազրկումը պետք չէ առանձնացնել որոշակի ժամկետով ազատազրկումից), մինչդեռ նշված փոփոխությամբ բարձրացվել է որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն չափը: Սակայն դրա հետ մեկտեղ օրենսդրական փոփոխության հիմքում դրվել է նաև պատժի նշանակման առավել լայն հայեցողություն նախատեսելու անհրաժեշտությունը՝ ցմահ ազատազրկման նշանակումը թողնելով ծայրահեղ դեպքերի համար: Այս խնդրի լուծումը կարող է տրվել ՀՀ նոր քրեական օրենսգրքով, որի նախագծի վրա ներկայում աշխատում են, իսկ մինչ այդ ցանկալի կլիներ, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում լիներ:

- ԵԽ ԽԿԿ-ն իր զեկույցում խախտումներ էր արձանագրել ցմահ դատապարտյալների հետ կապված: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ խախտումները շտկելու ուղղությամբ:

- Մենք կիսում ենք մեր միջազգային գործընկերների մտահոգությունները և նույնպես տարբեր ձևաչափերով բազմիցս բարձրաձայնել ենք ցմահ դատապարտյալների իրավունքների մի շարք լուրջ խախտումների մասին։ ԽԿԿ-ի մատնանշած, ցմահ դատապարտյալներին առնչվող խնդիրների կապակցությամբ ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունվարին հրապարակված իր պատասխանում նշել է, որ արձանագրված խնդիրները լուծելու ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով: Մասնավորապես, նոր քրեական օրենսգրքով նախատեսվելու է, որ դատապարտյալի կողմից տուժողին պատճառված վնասը հատուցված չլինելը չի կարող լինել պայմանական վաղաժամկետ ազատումը մեխանիկորեն մերժելու հիմք, եթե դատապարտյալի և տուժողի միջև կա ազատվելուց հետո վնասը հատուցելու մասին գրավոր համաձայնություն: Այս խնդրի լուծումն անմիջականորեն կապված է նաև ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հետ, քանի որ ներկայում նրանք հնարավորություն չունեն՝ ազատազրկումը կրելուն զուգահեռ աշխատելու և նյութապես հատուցելու տուժողին, ինչի պատճառով նրանց պայմանական ազատումը մերժվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter