HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզում երեխաները թերսնվում են, վարձավճարները չբարձրացնելն անխուսափելի էր

Արմինե Ղուկասյան 

Սեւան քաղաքում մարտի 1-ից վերաբացված նախադպրոցական կրթօջախներում առկա են սննդի ապահովման խնդիրներ, որոնք լուծելու համար անխուսափելի է ծնողական վարձավճարի բարձրացումը:

Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երտասարդության հարցերի (ԿՄՍԵՀ) բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ներսիսյանը, ով ուսումնասիրություններ է կատարել ոլորտում եւ միաժամանակ առաջնորդվում է «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ  պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոններով եւ նորմերով, ներկայացնում է. «Բաժնի կողմից պարբերաբար կատարվող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները թերսնվում են, եւ սահմանված նորմատիվներն ապահովվում են նախատեսված պահանջների մոտ 1/4 մասը: Մանկապարտեզներում երեխաները սնվում են օրը 3 անգամ, սակայն մատուցվող սննդի կալորիականությունը չի համապատասխանում նորմերին, շատ ցածր է, որովհետեւ ներկայիս սահմանված վարձավճարները թույլ չեն տալիս ավելին»:

Նախադպրոցական հաստատություններում վերջին համընդհանուր բարձրացումները սահմանվել են համայնքի ավագանու` 2008թ. նոյեմբերյան նիստում, երբ ավագանու որոշմամբ 2009թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր երեխայի հաշվով ծնողական վճարները դարձան 5000 դրամ` նախկին 3000 դրամի փոխարեն:

Ծնողական վարձավճարները բարձրացել են նաեւ 2014թ. ավագանու` 23.12.2013թ. կայացած նիստի  որոշմամբ Գագարինի մսուր-մանկապարտեզում յուրաքանչյուր երեխայի համար 2014թ. հունվարից ծնողական ամսական վճարը սահմանվել է 2000 դրամ` նախկին 1500 դրամի փոխարեն, եւ ավագանու` 18.02.2014թ. կայացած նիստում թիվ 4 «Գալիք» մանկապարտեզում ծնողական վճարի չափը սահմանվել է 7000 դրամ` նախկին 5000 դրամի փոխարեն: Վերջինս պայմանավորված էր մանկապարտեզի հիմնանորոգումով եւ կահավորումով, ծնողական լրացուցիչ վճարը պետք է ուղղվեր մանկապարտեզում 3-4 հաստիք ավել պահելուն (սահմանված էր 22 միավոր)` ելնելով երեխաների հաճախման բարձր մակարդակից:

Իհարկե, կարելի էր բավարարվել վարձավճարի այս գումարի սահմաններում եւ պատճառաբանել, որ ֆինանսական միջոցների սղությունը թույլ չի տալիս ապահովել երեխաների բավարար սնունդ ապահովել: Սակայն նախադպրոցական ուսումնական հաստատությունում (ՆՈՒՀ) կնքվող պայմանագրի թիվ 1 դրույթի 1.8 կետի համաձայն` «հաստատությունը պարտավոր է ապահովել երեխային սննդով, որն անհրաժեշտ է նրա բնականոն զարգացման համար»:

Բնականոն զարգացման համար առողջապահության նախարարությունը մշակել է համապատասխան կանոններ եւ նորմեր: Այդ նորմերի համաձայն` «ճաշացուցակը կազմվում է` հաշվի առնելով ՆՈՒՀ-ում 3 տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը»:

Քաղաքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի գլխավոր մասնագետը բացում է «օրինակելի հավաքակազմ» ասվածը. «Սննդի կազմակերպումը նախատեսում է` յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների եւ խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում` 1-ին եւ 2-րդ ճաշատեսակ եւ տաք ըմպելիքներ: Ամենօրյա ճաշացանկում էլ պետք է ներառվեն միս, կաթ, կարագ, բուսական յուղ, հաց, շաքարավազ, կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, հյութեր, ձավարեղեն սննդատեսակներից: Ձուկը, ձուն, պանիրը, կաթնաշոռը եւ կաթնաթթվային սննդամթերքները տրվում են 2-3 օրը մեկ»:

Օրինակելի հավաքակազմից ամենօրյա ճաշացանկ կազմելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի հաշվով ամենաքիչը 260, վերին շեմը` 390-415 դրամ:

Քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի ստորաբաժանումը 2014թ.-ին ուսումնասիրել է համայնքի ՆՈՒՀ-երի ճաշացուցակները կազմելու ճշտությունը, կերակրատեսակների կալորիականությունը: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խախտվել են առողջապահության նախարարի` «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին 12.08.2013թ. N 42-Ն հրամանի պահանջները: Վերոնշյալ հրամանով սննդի օրաբաժնի կալորիականությունը սահմանված է 1350 կկալ,- պարզաբանում է ներքին աուդիտի ստորաբաժանման պետ Մարիաննա Ռաֆայելյանը եւ ավելացնում,- ընտրանքային կարգով ուսումնասիրվել են մի քանի ճաշացուցակներ, հաշվարկվել է մեկ երեխայի համար մեկ օրում կատարված սննդի ծախսը, որը կազմել է 200-250 դրամ, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովել ընդամենը 700-750 կկալ»:  

Այս եւ նմանատիպ խնդիրները հասունացել էին դեռեւս նախորդ տարի եւ, անհրաժեշտ էր կոնկրետ քայլերի դիմել:

Թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Անահիտ Ղարիբյանն առաջինն էր, որ բարձրաձայնեց այս մասին: «Քանի որ հանրապետությունում պարենամթերքի արժեքը բարձրացել է, այդ իսկ պատճառով 5000 դրամով այլեւս հնարավոր չէ ապահովել երեխայի սնունդը եւ պահպանել պահանջվող կալորիականությունը,- ասում է «Հեքիաթ»-ի տնօրենը, ապա հավելում,- առկա խնդիրը լուծելու համար, հիմք ընդունելով նորմատիվ պահանջները, առաջարկ ներկայացրինք ծնողական վարձավճարները 7000 դրամ   դարձնելու համար: 7000-ի սահմաններում օրվա միջին ծախսը մեկ երեխայի համար կազմում է 362 դրամ, միջին կալորիականությունը` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, 1136 կկալ, որը մոտ է պահանջվածին: Իհարկե, կալորիականության առումով տասնօրյակի ընթացքում տատանումներ ունենում ենք` 1000-ից մինչեւ 1359»:

Տնօրեն Անահիտ Ղարիբյանի փոխանցմամբ` երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով ճաշացուցակը կազմվում է 12-14 օրվա համար, իսկ ամենօրյա ճաշացանկը փակցվում է յուրաքանչյուր խմբում` խոհարարական արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության նշմամբ:

Պատահականության սկզբունքով ընտրեցինք նաեւ մանկապարտեզի երկու օրվա ճաշացանկերը: Պատկերն այսպիսին էր` 03.03.2015թ. նախաճաշ` հաց, պանիր, խտացրած կաթով կակաո (էներգետիկ արժեք` 247.7կկալ), ճաշ – հաց, տավարի մսով բորշչ, մակարոնով փլավ (554.9 կկալ), հետճաշ` կարկանդակ կաթնաշոռով եւ չամիչով (222.8 կկալ):

12.03.2015թ. նախաճաշ հաց, թարմ կաթով կաթնով (358.5 կկալ), ճաշ` հաց, մակարոնով ապուր, հնդկաձավարով փլավ, հավի մսով չախոբիլի (558.3 կկալ), հետճաշ` փքաբլիթ նուտելլայով (443 կկալ):

Այժմ, որքան էլ փորձենք բարձրացման գործընթացը հետաձգել` դրա համար գտնելով հազար ու մի պատճառաբանություն, միեւնույն է, պետք է հաշվի նստել ե’ւ ներկայացվող պահանջների, եիւ շուկայում առկա գների հետ:

Թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի տնօրեն Նազիկ Աբրահամյանն իր ղեկավարած մանկապարտեզում ծնողական վարձավճարն  առաջարկում է բարձրացնել 1000 դրամով, որի արդյունքում այն կազմելու է 6000 դրամ: «Նախորդ տարվա համեմատ սննդի առանձին տեսակներ թանկացել են 15-25%-ով, որի պատճառով երեխաները թերսնվում են: Առաջարկվող կալորիականությունը պահելու համար անգամ 6000 դրամը բավարար չէ, սակայն հաշվի ենք առնում ծնողների սոցիալական վիճակը, ընտանիքների անապահովության աստիճանը եւ իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար սահմանափակվում ենք այս գումարի սահմաններում»,- ասում է Ն. Աբրահամյանը:

Եթե համայնքի 2 մանկապարտեզներում արդեն գործնական քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ` համապատասխան առաջարկներ ներկայացնելով ավագանու առաջիկա նիստի քննարկմանը, ապա թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզում, տնօրեն Ծովինար Բադալյանի փոխանցմամբ, դեռ կատարվում են ուսումնասիրություններ, հարցը քննարկման փուլում է, խորհրդակցելու են ծնողների հետ, եւ մինչեւ հուլիսի 1-ը դեռեւս որեւէ փոփոխություն չի սպասվում:

Թիվ 4 «Գալիք» եւ Գագարինի մանկապարտեզներում եւս առայժմ բարձրացումների մասին որեւէ խոսակցություն չկա: Անկախ խոսակցություններից` բարձրացման հիմքերն օրինաչափ են. այդ են վկայում նաեւ մասնագիտական դիտարկումներն ու ներքին աուդիտի ստորաբաժանման ուսումնասիրության արդյունքները:

«Մեր կատարած ուսումնասիրությունները բերում են այն եզրահանգման, որ սննդի պահանջվող տեսականին եւ կալորիականությունն ապահովելու նպատակով ծնողական վարձավճարները չբարձրացնելն անխուսափելի է,- ասում է Սվետլանա Ներսիսյանը: Նա պարզաբանում է, որ «ՆՈՒՀ-ում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013թ. սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին առողջապահության նախարարի  հրամանը հստակեցնում է առողջ սննդի կազմակերպմանը եւ ճաշացուցակի կազմելուն ներկայացվող պահանջները: Այդ պահանջներն ինքնին թելադրում են գումարների ներդրում, որը 5000 դրամի սահմաններում հնարավոր չէ իրականացնել, հակառակ դեպքում, մանկապարտեզի տնօրինությունը որքան էլ ջանա տեղավորվել այդ գումարի սահմաններում, առաջարկվող սնունդը կլինի ոչ լիարժեք, միաժամանակ կխախտվեն պահանջները»:

Աուդիտոր Մարիանա Ռաֆայելյանն էլ պարզաբանում է. «Կատարելով նախադպրոցական հաստատությունների ծախսերի հաշվետվության վերլուծություն` պարզ է դառնում, որ սննդի ձեռքբերման ծախսերը կատարվում են միայն ծնողական վճարների հավաքագրման հաշվին: Առկա 5000 դրամ վարձավճարը հնարավորություն չի տալիս ապահովել անհրաժեշտ կալորիականությունը: Դեռեւս 2014թ., հաշվի առնելով համայնքի բյուջեի սղությունը եւ սննդամթերքի գների թանկացումները, խնդիրը լուծելու միակ ուղին համարել ենք ծնողական վճարների բարձրացումը»:

Հ.Գ. 2014թ. Սեւան համայնքի բյուջեից նախադպրոցական ուսումնական հաստատություններին տրվել է 102.7 մլն դրամ: 2015թ. համար նախատեսված է 115 մլն դրամ (գումարի ավելացումը պայմանավորված է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ): Մանկապարտեզներին գումարները տրամադրվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր հաստատությունում գործող խմբերի եւ երեխաների թվաքանակը: Գումարները նպատակուղղվում են աշխատավարձի, հաստատությունների պահպանման եւ կոմունալ ծախսերի վճարմանը:          

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter