HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կգործի՞, վերջապես, «կովկասյան գերուհին»...

Աստանայում ընթացող Պուտին-Նազարբաև-Լուկաշենկո հանդիպմանը ՌԴ նախագահը հայտարարել է, թե եկել է ժամանակը, որ Ռուասաստանը, Ղազախստանն ու Բելառուսը ստեղծեն ընդհանուր արժութային միություն: Մոտ մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել էր ուսումնասիրել նման միություն ստեղծելու հնարավորությունները: Այդ գաղափարը դրված է եղել նաև Եվրասիական տնտեսական միության ստեղծման առանցքում: Այնպես որ, արժութային միություն ստեղծելու մասին ՌԴ նախագահի հայտարարությունն անակնկալ չէր:

Անակնկալն այն էր, որ հայտարարությունը նա հնչեցրեց այդ հանդիպմանը Հայաստանի նախագահի բացակայության պայմաններում և որպես այդ միության պոտենցիալ անդամների նշեց միայն ԵԱՏՄ-ի հիմնադիր երեք երկրներին՝ անտեսելով, որ նաև Հայաստանն է ԵԱՏՄ անդամ: Ընդ որում, եթե նկատի ունենանք, որ ԵԱՏՄ-ի պաշտոնական գործարկման պահի, այսինքն՝ այս տարվա հունվարի 2-ի դրությամբ Հայաստանը հանդիսացել է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ, ապա ակնհայտ է դառնում, որ Պուտինը, ի դեմս  Հայաստանի, մոռացել կամ անտեսել է միության չորրորդ հիմնադիր անդամին:

Առանձին վերցրած արժութային միություն չի լինում: Այն ստեղծվում է միայն որոշակի տւնտեսական ընդհանուր բազայի հենքի վրա: Այնպես որ, չնայած Պուտինը խոսում է միայն Ռուասատանի, Բելառուսի և Ղազախստանի մասին, բայց որպեսզի այդ արժութային միությունը ստեղծվի, այն պետք է հիմնվի միայն Եվրասիական տնտեսական միության վրա: Եվ ստացվում է, որ ընդհանուր արժութային համակարգ ստեղծելու հարցը քննարկվում է առանց ԵԱՏՄ-ի անդամ հանդիսացող Հայաստանի, այն դեպքում, երբ ուզի, թե չուզի, Հայաստանն ընդգրկվելու է այդ ընդհանուր արժույթի գոտի: Այլ կերպ ասած՝ Պուտինը Սերժ Սարգսյանի փոխարեն արդեն որոշել է այդ հարցը և որոշել է հաշվի նստել բացառապես Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ:

Սա բացատրում է նաև, թե ինչու Նուրսուլթան Նազարբաևը Սերժ Սարգսյանին Աստանա չէր հրավիրել: Ինչո՞ւ հրավիրի, եթե Հայաստանի կարծիքը կարող է հարցնել Պուտինից: Եվ քանի որ Նազարբաևը դիվանագիտական էթիկետի պահպանման հարցերում իրեն կարող է նաև փնթիություն թույլ տալ, ձևի ետևից չի ընկել, մանավանդ որ Հայաստանին նման ապտակ հասցնելով՝ բարեկամական ժեստ է անում իր հիմնական փաստացի դաշնակցին՝ Ադրբեջանին:

Խնդիրն այստեղ բացարձակապես այն չէ՝ Սերժ Սարգսյանն ինչ կարծիք կարող էր արտահայտել ընդհանուր արժույթ ստեղծելու մասին: Մի փոքր ավելի խորը տնտեսագիտական վերլուծությունները կարող են ցույց տալ, որ հոգևարք ապրող ռուսական տնտեսության վրա խարսխված ընդհանուր արժույթի գոտի չմտնելը նույնիսկ ձեռնտու կարող է լինել Հայաստանին: Եվ եթե իսկապես այն չվերաբերեր մեր երկրին, դա գուցե նաև անիմաստ դարձներ ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալը և դրանից դուրս պրծնելու քաղաքական և տեսական նախադրյալներ ստեղծեր:

Խնդիրն առհասարակ եվրասիական այս ինտեգրացիոն պրոցեսներում Հայաստանին հատկացվող կցորդի դերի մեջ է, որը վերջինիս ոչ մի դիվիդենտ չտալով՝ ավելորդ պարտավորությունների ծանրության տակ է գցում: Էլ չասած այն մասին, որ Նազարբաևի և Պուտինի նման վերաբերմունքը ոչ թե զուտ Սերժ Սարգսյանի անձն ու արժանապատվությունն է վիրավորում ու նսեմացնում, այլև՝ Հայաստանի Հանրապետությանն ընդհանրապես:

Եվ որքան Երևանը, նման վիրավորանքը կուլ տալով, իրեն անհասկացողի տեղ է դնում, այնքան իր նկատմամբ ավելի ցինիկ վերաբերմունք արտահայտելու դաշտ է ստեղծում: Մինչդեռ սա ոչ միայն զուտ բարոյական հարց է, այլ նաև անվտանգության:

Նախօեին ադրբեջանական հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի ձեռնարկած հերթական հարձակման հետևանքով հայկական կողմը 3 զոհ տվեց: Այն զենքերը, որոնցով զինված են եղել ադրբեջանական բանակի զինծառայողները, մեծամասամբ եղել է ռուսական արտադրության և ակնհայտորեն ձեռք է բերվել Ռուսաստանից: Ըստ միջազգային մասնագիտացած կազմակերպությունների գնահատականների՝ Ադրբեջանի սպառազինության 85 տոկոսն ապահովում է հենց Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի շրջանակում հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը հասել է Հայաստանի համար կրիտիկական այնպիսի կետի, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության խախտումը դառնում է իրական սպառնալիք թե Հայաստանի և թե ԼՂՀ-ի համար: Ռուսաստանն, իհարկե, նաև Հայաստանին է զենք-զինամթերք մատակարարում: Բայց այն գրեթե ամբողջությամբ համալրում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հաշվեկշիռը: Միայն այս իրողության ակնհայտ լինելուց հետո պաշտոնական Երևանը հարկ համարեց ստանդարտից դուրս կոշտությամբ անդրադառնալու Ռուսաստանի կողմից վարվող այս դավադրական քաղաքականությանը: Ամենայն հավանականությամբ, հայաստանյան իշխանությունները միայն հիմա են հասկացել, որ դանակը հասել է ոսկորին: Թեև չի բացառվում, որ Ադրբեջանին զինելու պատճառով հայ-ռուսական հարաբերությունների վատացման մասին Սերժ Սարգսյանի՝ երկու օր առաջ արած հայտարարության տողատակում Հայաստանի և ԼՂՀ-ի համար շատ ավելի վտանգավոր զարգացումների սպասելիքներ էին թաքնված:

Որևէ այլ ռազմական դաշինքի պարագայում հնարավոր չէ պատկերացնել, որ այդ դաշինքի անդամները կարող են մյուս անդամի թշնամին հանդիսացող երկրին այնքան զինել, որ իրական սպառնալիք ստեղծեն նրա համար: Որքան էլ սա նոնսենս է, ՀԱՊԿ-ում հենց սա է կատարվում: Ադրբեջանին զինտեխիկա է վաճառում այդ կազմակերպության անդամ հանդիսացող ոչ միայն Ռուսաստանը, այլև Բելառուսը, իսկ բոլոր անդամ-երկրները միասին ուղղակի արհամարհում են միջազգային հարթակներում դաշինքի անդամ երկրների շահերը պաշտպանող միասնական դիրքորոշմամբ հանդես գալու՝ Երևանի բազմիցս արած առաջարկը:

Այսինքն՝ մի դեպքում Հայաստանն այս երկրների հետ տնտեսական միություն է կազմում՝ չունենալով այնտեղ փաստացի ձայնի իրավունք, չստանալով անվտանգության այն երաշխիքները, որոնք խոստացվում էին Մոսկվայի կողմից այդ միությանն անդամակցելու դիմաց, իսկ մյուս դեպքում նրանց հետ կազմում է ռազմական դաշինք, որպեսզի այդ երկրներն առանց կաշկանդվելու, օրը ցերեկով զինեն իր հակառակորդ երկրին: Սա ոչ թե դաշնակցություն է կոչվում, այլ գերություն՝ բառի իսկական իմաստով. Հայաստանը թե ԵԱՏՄ-ում և թե ՀԱՊԿ-ում հայտնվել է «կովկասյան գերուհու» կարգավիճակում:

Մինչդեռ դրան դիմադրելու համար Հայաստանը պատասխանում է ընդամենը եվրոպացիների հետ քաղաքական հերթական սիրախաղերը սկսելու նախազգուշացումներով: Իբր՝ տեսեք, եթե այս վիճակը, իր նկատմամբ վերաբերմունքը չփոխվի, ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկարը կա ու կա: Թե ինչով է սովորաբար ավարտվում նման սիրախաղը, ողջ աշխարհը տեսել է 2013թ. սեպտեմբերի 3-ին: Եվ կարելի է վստահ լինել, որ պատմությունը կրկնվելու է նաև հիմա, քանի որ սա Արևմուտքի հետ տանգո պարելով Ռուսաստանի խանդն առաջացնելու  պրիմիտիվ խաղ է, որտեղ Հայաստանի տնտեսական, սոցիալական և ռազմական անվտանգության խնդիրների լուծումը ֆունդամենտալ խնդիր չի դառնում և մնում է պարզ ցուցադրականության սահմաններում: Մինչդեռ առաջին բանը, որ պետք է աներ Երևանն արդեն հիմա, իր անվտանգության ապահովման այլընտրանքային եղանակներ գտնելն է՝ ոչ թե վերջնականապես Ռուսաստանից կտրվելու, ինչը գոնե այսօրվա դրությամբ թվում է անհնարին, այլ իր անվտանգության համակարգը Իրանի և ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը խորացնելով փոքրիշատե դիվերսիֆիկացնելու՝ նրանից կատարյալ կախվածության ազդեցությունը թուլացնելու միջոցով:

Հայաստանի համար առավել քան հասունացել է ՀԱՊԿ-ում իր մնալու նպատակահարմարության հարցը շատ հստակ Ռուսաստանի և դաշինքի անդամ մյուս 4 պետությունների առջև դնելու պահը: Այն Հայաստանին ոչինչ չի տալիս:  Ղազախստանը, Բելառուսը երբեք գոնե մեկ զինվոր չեն տրամադրի, եթե  Հայաստանի հետ սահմանագծին մասշտաբային պատերազմ սկսվի, և եթե Հայաստանը, ելնելով ՀԱՊԿ-ի շրջանակում թղթի վրա գրված ու թղթի արժեք ունեցող իր իրավունքներից, օգնություն խնդրի դաշինքից: Դա այնքան ակնհայտ է, որքան, ասենք, Սերժ Սարգսյանին Նազարբաևի կողմից Աստանա չհրավիրելը, Պուտինի կողմից նրա փոխարեն Հայաստանին արժութային միություն մտցնելու որոշում կայացնելը, ամիսներ առաջ, որպես ԵԱՏՄ-ին անդամակցելու նախապայման, ԼՂՀ-ից սահմանազատվելու մասին հայտարարությունը Սերժ Սարգսյանից պոկելը: Մինչդեռ եթե, օրինակ, Նազարբաևը նախագահական գալիք ընտրությունների արդյունքում վերընտրվելիս հանկարծակի ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի օգնությանը դիմելու խնդիր ունենա, կարո՞ղ է Երևանը համարձակություն դրսևորել ու հրաժարվել իր զինվորին Ղազախստանի տափաստաններ ուղարկելու՝ Կրեմլի ուղղակի կամ անուղղակի հրահանգը կատարելուց:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա հետ ռազմական ոլորտում գործակցությունը բացարձակապես ՀԱՊԿ-ի հետ կապ չունի: Այն կարգավորվում է  երկկողմ ստրատեգիական համագործակցության պայմանագրով: Եվ չնայած նույնիսկ այդ պայմանագիրը փաստացի լիարժեք չի գործում՝ Հայաստանի անվտանգության երաշխավորման իր պարտավորությունը ռուսական կողմի կամայական մեկնաբանությունների պատճառով, բայց գոնե նրա հետ հարաբերությունները վերջնականապես չփչացնելու միջոց է: Ամեն դեպքում, այս վիճակն արդեն դառնում է անտանելի, և պրոցեսում միջակետ դնելն ուղղակի անխուսափելի է: 

Լուսանկարը՝ Ռիա Նովոստիի

Մեկնաբանություններ (1)

verlucaban
ՎՎՊ - ն, Լուկաշն. ու բայը միապետի հոգեբանությամբ աշխատող տղեք են ու գործում են ըստ իրենց շահերի ու քաշային կարգերի: Մերին չեն հրավիրել պարզ պատճառներով, նախ որ ճստիկը ոտքի տակ չնկնի ու իրենց վրա ստվեր չգցի, երկրորդ՝ որ նոր հարսնացուին (ազ-ին) հուշտ չանեն, երրորդ, պայման կա գաղտնի՝ ՀՀ-ն ՆԱՏԱ - ից հեռու է մնում, փոխարենը գլուխն ինչ քարի ուզում է տալիս է!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter