HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատարանը պաշտպանեց նախարարին

«Հետքը» փետրվարի 5-ի իր համարում անդրադարձել էր Երեւանի Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի միջեւ գտնվող կանաչ տարածքի վերացման ու այդտեղ «Նուշիկյան ասոցիացիայի» կողմից կառուցապատում սկսելու փաստին:

Այս շենքերի բնակիչների իրավունքների պաշտպանության հանձնախումբը, ի դեմս հանձնախմբի ղեկավար Ռուբեն Թորոսյանի, դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանին եւ քաղաքապետ Զախարյանին՝ ապօրինի գործողությունների մեղադրանքով: Սակայն դատարանը չէր բավարարել հայցը:

Բնակիչները եւս երկու բողոք էին ներկայացրել ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության եւ նախարար Այվազյանի՝ կրկին ապօրինությունների մեղադրանքով:

Բնակիչներին մասնավորապես զայրացրել էր այն, որ նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը փորձաքննություն չի անցկացրել շինարարությունից առաջ եւ իրենց կարծիքը այդ մասին չի հարցրել, իսկ նախարար Այվազյանն էլ Նուշիկյաններին թույլատրել է հատել 20 հաստաբուն ծառ: Եվ այս ամենը այն պարագայում, երբ նախկինում նույն նախարարության Բնապահպանական պետական տեսչությունն արգելել էր «այդ տարածքում որեւէ շինարարական աշխատանքների կատարումը»:

Փետրվարի 8-ին եւ 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է նաեւ վերոնշյալ երկու բողոքները, ինչը, սակայն, հայցվոր Ռ. Թորոսյանին թեւաթափ չի արել: Ըստ նրա՝ իրենք գնալու են մինչեւ վերջ:

Նշենք, որ մեծ թափով աշխատող շինարարները քանդել են նաեւ նախկին կանաչ տարածքին հարակից խաղահրապարակը, որը միակն էր շենքերի երեխաների համար:

Ե. Զախարյանը կանաչ գոտիների կառուցապատում թույլ տալուց զե՞րծ է մնացել

Փետրվարի 13-ին տեղի ունեցած ասուլիսում փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, թե Երեւանի կանաչ տարածքների կառուցապատման նախագծերը ինտենսիվ կերպով հաստատվել են մինչեւ 2003 թիվը, այսինքն՝ ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանի նշանակումը: Իսկ հիմա, Կ. Արեյանի հավաստմամբ, քաղաքապետարանը զերծ է մնում նմանատիպ գործընթացներից:

Կ. Արեյանն ավելացրեց, որ Աղայան-Տերյան խաչմերուկի մերձակա տարածքը 2000-ին «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին հատկացրել է այն տարիների քաղաքապետ Ալբերտ Բազեյանը (սրա եւ գործընթացի հետագա զարգացումների մասին Հետքը գրել է): Իսկ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի համոզմամբ՝ Նուշիկյանների կողմից իրականացվող կառուցապատումը օրինական է եւ քաղաքաշինական նորմերին չի հակասում:

Մեր կողմից հավելենք, որ «օրինական եւ քաղաքաշինական նորմերին չհակասող» կառուցապատման գործընթացը մի քանի անգամ կանգ է առել. մասնավորապես 2004-ին այն դադարեցրել է նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին էլ քաղաքապետ Զախարյանը, հանդիպելով Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի բնակիչների պատվիրակության հետ, նրանց վստահեցրել է, թե ինքը կասեցրել է գործընթացը, որը պետք է գնա օրինական ճանապարհով, ինչից մեկ ամիս անց՝ հունվարի 20-ին, Նուշիկյանները հատել են տարածքի 20 ծառերը: Փետրվարի 13-ի մամլո ասուլիսում էլ Կ. Արեյանը հավաստիացրել է, թե կառուցապատումը կասեցված է, ինչին երեք օր անց հետեւել է երեխաների խաղահրապարակի քանդումը:

«Ստացվում է, որ ամեն մի նման հայտարարությունից հետո ապօրինի գործողություններն ավելի են թափ հավաքում»,- ասում է Ռուբեն Թորոսյանը:

Իրականում խնդիրը միայն Տերյան 56 եւ Աղայան 19 շենքերի դիմաց տեղի ունեցող շինարարությունը չէ: Վերջին մի քանի տարիներին ինտենսիվ կերպով կառուցապատվում է Երեւանի կենտրոնը: Ժամանակին Օղակաձեւ եւ մյուս զբոսայգիներում իրականացվող սրճարանների լայնածավալ կառուցմանը հիմա փոխարինել է «էլիտար» բարձրահարկերի եւ առեւտրային բազմաթիվ օբյեկտների շինարարությունը: Եվ անչափ դժվար է հավատալ Կ. Արեյանի այն խոսքին, թե այսօր քաղաքապետարանը զերծ է մնում կանաչ տարածքների կառուցապատման նախագծեր հաստատելուց: Ու չնայած Երեւանի նոր գլխավոր հատակագծով նախատեսվում է շինարարական գործընթացների ապակենտրոնացում եւ միտում դեպի ծայրամասեր, ոմանք վայրկյան առաջ շտապում են ձեռք գցել մի վերջին հողակտոր այդքան բաղձալի Կենտրոն համայնքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter