HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես Աստուծո ստեղծած Մարդ եմ

Լեռ Կամսար

Ժամանակ մը կոմունիստներու մէջ շատ հարգի էր հին կուսակցական ըլլալը։ Ես քսան տարվա կոմունիստ եմ՝ կըսէին ու կքալէին։

Իսկ ես կըսեմ՝ այն մարդն, որ քսան տարի գաղափար մը կդավանի՝ անիկա կանգնած ժամացույց մըն է պատէն կախված։ Կյանքիս մէջ բնավ գաղափար մը չունեմ դավանած և գաղափարի պէտք ալ չեմ ունեցեր։ Միայն 1935 թվի աշնան, երբ Չեկան ինձի բռնեց և ստիպեց գաղափար մը դավանել, ճիշտն ըսած, պահ մը փնտռեցի գաղափարի նման բան մը դավանելու և Չեկայի տանջարանէն ազատվելու՝ չհաջողվեց ինձի։

Մինչ ընձուղտի նման գլուխս բարձրեր բռնած հարմար գաղափար մը կփնտռէի, քննիչս, որի ձեռքն կգտնվէր վզիս պարանի ծայրը, միշտ կքաշեր վար՝ գետինն ինկած սոցիալիզմին վրա կբռնէր, որ դավանէի։ Գիշեր մը, երբ կողերս սառեր էին պաղ ցեմենտի վրա, բթանոց ոջիլներն ալ մարմինս սկսեր էին կրծել պարզապէս, գիտակցությանս դարձա, թէ՝ ալ չեմ դիմանար, ես սոցիալիստ պիտի ըլլամ։ Եվ ի՞նչ վնաս․ ի՞նչ գէշ բան է հավասար սեղանի նստել և բարիքն հավասար ուտել․ դուն կուզե՞ս, որ մէկը պատռելու չափ ուտէ, իսկ մյուսն անօթի մեռնի։

- Կուզեմ, - պատասխանեց բանականությունս, - նա, ով օժտված է իմաստությամբ և չարաչար կաշխատի, թող աշխարհի ողջ բարիքը վայելէ, թէկուզ պատռելու չափ, բայց ծույլ, անասնակերպ մարդն թող օր առաջ մեռնի՝ աշխարհին նման մարդիկ պէտք չեն։

- Է՛հ, ճանըմ, դուն ալ, - կհամոզեմ ես, - թո՛ղ ըլլա երկու հոգի ալ, որ քիչ խելք ունենա, չաշխատի ու խելոքին հաշվին ապրի, ի՞նչ կըլլա ատկէ։

- Անկարելի է։ Ինչո՞ւ շապկիդ վրայէն օրական բուռ մը ոջիլ կհավաքես և հաճույքով կստկեցունես։ Թող, թող, որ քեզի ուտեն, է, խեղճ կենդանիներ են։ Պարազիտ բառ լսե՞ր ես։

- Պարազիտը հենց հարուստ գործարանատէրերն են, որոց դէմ պիտի կռվենք, եթէ համաձայնվես ինձի և սոցիալիստ դառնանք։Ինչո՞ւ անոնք միլիարդներ կուտակեն, իսկ բանվորները՝ ոչ։

- Այդ միլիարդներով անոնք նորանոր գործարաններ կբանան և նորանոր բանվորներու ապրուստ կհայթայթեն։ Շատ մարդավայել, ճոխ ապրուստ։ Կարդացե՞ր ես Էլիբէկյանի աշխարհագրությունը․ կըսէ՝ Անգլիայում ամէն բանվոր չորս սենյակ ունի և իր կենցաղով, աշխատանքի ժամերէն դուրս, չի տարբերվեր իր գործարանատէր հարուստէն։

- Այդ շատ ճիշտ է, բայց ախր պէտք է կերպով մը ազատվենք այս տարտարոսէն։ Ահա վաղ քննիչս տաս տարով Սիպիր կղրկէ տաժանակրության, եկուր էշը ցեխէն հանիր։

- Ինչ կուզէ ըլլա, ես սոցիալիստ չեմ կրնար ըլլալ, ես մասնավոր սեփականությունն քաղաքակրթության հիմքը կնկատեմ։

Հաջորդ օր քննիչիս հայտնեցի, որ սոցիալիստ չեմ կրնար ըլլալ․ թող տուր, որ Աստված պաշտեմ․ ընդունեմ, որ մորուքավոր էակ մը կա երկնքում նստած, չար ու բարի մարդիկ կստեղծէ, կմեռցունէ, երեք օրէն հարություն կուտա և վերջին դատաստանին կենթարկէ։

- Ինչո՞ւ կրոնը կուզես դավանել, իսկ սոցիալիզմն՝ ոչ, - հարցուց իմ քննիչ Վռամ Իսրայելյանը։

- Որովհետև կրոնի մէջ ամէն ինչ հարցական է, կրնա ճիշտ կամ սխալ ըլլալ, իսկ սոցիալիզմն ստույգ մոլորություն մը, - պատասխանեցի։

Հաջորդ օր քննիչս պատվիրեց արտաքնոցէն զրկել զիս, և միզափամփուշտս պայթելու չափ ուռած, կամերայիս այս պատէն մյուսը կզարնվէի։ Վերջէն պաղատեցի․

- Բանականությո՛ւն, հոգուդ մեռնեմ, եկուր սոցիալիստ դառնանք՝ մեզի արտաքնոց հանեն, վրա գլուխս կթրջվի, փոխնորդ ալ չունեմ։

- Չեմ կրնար։

- Մի ըսեր չեմ կրնար։ Մտածէ ինչ բախտի կարժանանանք։ Մեզի բանտէն կհանեն Հովսէփ Գեղեցիկին նման, արտաքնոց կտանեն։ Նոր զգեստներ կհագնենք, Չեկայի քննիչ կդառնանք, մեզի առնվազն տասնական գրագիր-մեքենագրուհի աղջիկներ կուտան ամէնագեղեցիկներէն՝ Չեկան տգեղ աղջիկ մուտք չունի։ Հա, գիշեր-ցորեկ փափուկ ավտոներու մէջ ընկողմանած կերթանք ասոր կբռնենք, անոր կբռնենք։ Ճաշին ալ՝ երեսուն տեսակ։

- Ես ստամոքս չեմ՝ այդ բոլոր ստամոքսիդ խօսէ։

Ստամոքսս համաձայն էր սոցիալիստ ըլլալ, կըսէր՝ ինձի անուշ բան տվէք ուտեմ, ինչ կուզէք կըլլամ։

Հետո սեռական գործարաններուս կարծիքը հարցուցի, ըսին, որ մեզի գեղեցիկ աղջիկ տվէք, ոչ միայն սոցիալիստ, այլև շուն կըլլանք։ Դարձա խղճիս հարցուցի, թէ՝ եթէ չեկիստ դառնամ, կրնա՞ս մտնել անմեղ մարդու մը տունը, ընտանիքի միակ կերակրողին տանել գնդակահարել կամ տաս տարի Սիպիր ղրկել, վեց որբուկներ պատերու տակ թողնել, կնոջն ալ ստիպել պոռնկությամբ պարապել։

-Օ, ո՜չ, - գոռաց խիղճս ներսի դիէս։ Կմեռնեմ, բայց նման բան չեմ ըներ։

Այսքան անհամաձայնութենէն հարկավ բարի բան սպասել անկարելի էր, ու ես հեռավոր աշխատանքային ուղղիչ լագեր գնացի, Հյուսիսային բևեռ։

Լագերում, երբ նավերու վրայի հաստաբուն գերանները վիզիս կդնէին տանելու համար, երբ ծանրությանը չդիմանալով աջ ու ձախ կթէքվէի ու սառած գետին կգլորվէի դիտապաստ, դառնալով բանականությանս կըսէի․

-Համեցէ՛ք, առ քեզի «չեմ կրնար», հավնեցա՞ր ըրածիդ։

Հետո կսկսէի անիծել իմ օրս, որ ասանկ դատող ծնվեցի։ Հազարավոր հիմարներ սոցիալիստ դարձան, հիմա կուտեն, կխմեն, կապրեն, ես հոս՝ 60 աստիճան ցուրտին գետինն պառկած կտնքամ։ Ատեցի բանականությունս, կուզէի, որ մեռնէր պրծնէի ձեռիցը, բայց ․․․ առողջ էր։

            ----------

Հիմա՝ ձեզի կհարցնեմ․ կարելի՞ է ամբողջ քսան կամ երեսուն տարի մարդ մը միևնույն գաղափարին ծառայէ․ քահանա ըլլա, կամ կոմունիստ, կամ մարքսիստ և այլն։ Ամէն առավոտ տունէս դուրս կելլեմ շատ պարկեշտ,շատ բարի, շատ պատվավոր ու շատ ողորմած։ Գեղեցիկ կնոջ մը պատահելիս, անմիջապէս սիրտս կմշտէ ներսի դիէս․ «Մոտեցի՛ր, ծանոթացիր, գուցէ բախտդ կժպտա քեզի, օ՜, որպիսի գեղեցկություն, կյանքս կուտամ իր մէկ համբույրին»։

«Զգո՜ւյշ, - կձայնէ ամօթս, - չհամարձակե՛ս մոտենալ»։ Կանցնեմ, հարկավ, բայց վա՜յ այն անցնելուն, մինչև անհետանալը տասն անգամ ետիս կնայեմ՝ սա եղավ անցնե՞լ։ Քիչ մը վար բազմաթիվ պահածոի տուփերով լեցուն կոոպերատիվ խանութ մը, ուր տուփերն լեցված են չծախվելու, այլ նայելու համար։

«Ա՜խ, - կըսէ ստամոքսս անձկալի, - գիշեր մը ավտոն բերէի դռան կեցունէի, ամբողջովին դատարկէի պահածոներ մէջը, տանէի տունս անուշ-անուշ վայելէի տղոցս հետ»։ «Բռնեցին՝ 25 տարի վճիռ կուտան»․կըսէ զգուշությունս, և մտքէս կհանեմ գողության գաղափարը, բայց վա՜յ այն հանելուն։ Գիշեր անկողնուս մէջ կոոպերատիվին պահածոներն սկսեր եմ ուտել արդէն մտովին։ Եթէ գաղափարը միտք է՝ ես մտքիս մէջ օրական ամէնապակաս 60 մարդ կսպաննեմ։ Ստալիննէն կսկսեմ, մինչև իմ տունս խուզարկող զույգ չեկիստները, բանտապետս, կլյուչնիկները (չորս հատ), քննիչներս երկու՝ ավագ և կրտսեր և դէմս ելնող բոլոր ուտող, վիզերնին հաստացնող կուսակցականները։

Ինչքան բանականությունս կըսէ՝ մի՛ սպաններ, անոնք մեղավոր չեն, այլ ռեժիմը միայն, այդ մարդիկ չըլլային, ուրիշները պիտի ըլլային՝ օգուտ չի ըներ, ես կշարունակեմ սպաննել։ Իսկ հրապարակում տնկված Լենինի արձանին, թէ ինչ կընեմ, ան ալ Աստված գիտէ․․․

Այսպէս ուրեմն․ ես առտուն տունէս դուրս ելա անմեղ գառան նման, իրիկուն, ընդամէն ութ ժամվա մէջ դարձա անբարոյական, գող, ավազակ, մարդասպան և հուշարձաններ սրբապղծող մէկը։

Այն մարդիկ, որք երեսուն տարի գաղափար մը կդավանեն կամ փայտէ հրացաններ են պատէն կախված, կամ թէ խանութպաններ են, որք ցուցանակի վրա «կաթ» են գրեր ու մածուն կծախեն։ Այլապէս ի՞նչ կերպ կարելի է բացատրել, որ բազմաթիվ դաշնակցականներ 1921 թվին կոմունիստ դարձան, և վաղը իշխանությունը տապալվելիս անխտիր, բոլոր կոմունիստներն դաշնակցական պիտի դառնան։ Որքան հայ եկեղեցու կուսակրոններ վեղարնին թողին ամուսնացան։

Մարդկային հոգու սա տատանումներ չլինեն գրականություն գոյություն ունենալ չի կրնար, կամ գոյություն կունենա միայն ռոմանտիզմ, ուր գործող հերոսները երկու իրար դէմ դէմի կանգնած մարդիկ են․ մէկ կողմը բարիներ, մյուսը՝ չարեր․ աշխարհի բոլոր առաքինությունները մէկ կողմն են հավաքված, մյուս կողմն՝ միայն չարություն, կեղծիք և ավեր։ Այս մարդիկ, բնականաբար Աստուծո ստեղծած մարդիկ չեն, այլ փայտատաշ հեղինակներու։

Աստուծո ստեղծած մարդն նախ Աստված կըլլա, հետո մեղանչելով խնձոր կուտէ, կարտաքսվի դրախտէն, ապա նորէն կհաշտվի Աստուծո հետ, Աստված  կխոստանա իրեն Քանանու երկիր և կխոստանա մեծ ազգ ընել և այլն։

Ես Աստուծո ստեղծած Մարդ եմ․․․

1947թ., անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter