HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրեջանական դիվերսանտների ոչնչացումը

Սուրեն Սարումյան, ռազմական փորձագետ, ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր

ԼՂՀ ՊԲ փ/գ-տ Գ. Մանգասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մարտի 17-ին կատարված փորձի լիակատար ձախողումից հետո, ադրբեջանական կողմը, չհամակերպվելով էլիտարի համարում ունեցող հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը:

ԱՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների շուրջ 20 զինծառայողներից կազմված խմբին հաջողվեց, օգտագործելով լեռնային անտառապատ տեղանքի առանձնահատկությունները՝ ռելիեֆի կտրտվածությունն ու ցածր տեսանելիությունը, ապօրինի հատել ԼՂՀ պետական սահմանը, դարանակալել առաջնագիծ տանող ճանապարհի մերձակայքում և մոտ տարածությունից ձեռքի նռնակներով ու հրաձգային զենքով դիմահար կրակ բացել տվյալ հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ ստորաբաժանման վրա: 

Մարտի առաջին իսկ րոպեներին հայ զինծառայողներից երեքը՝ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հարությունյանը և Արշակ Հարությունյանը զոհվեցին, իսկ չորսը վիրավորվեցին: Սակայն ստորաբաժանման համեմատաբար թեթև վիրավորված և մարտի բռնվելու ի վիճակի զինծառայողները խուճապի չմատնվեցին, բացեցին պատասխան կրակ և, կորուստներ հասցնելով, հակառակորդին հարկադրեցին նահանջել: Հակառակորդի դիվերսիոն խմբի անսպասելի հարձակմանը դիմագրավելիս առանձանահատուկ խիզախություն ցուցաբերեց և հմտորեն գործեց ստորաբաժանման գնդացրորդը՝ Ժորա Գրիգորյանը: 

Խուճապահար նահանջի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը բաժանվեց երկու մասի, դիվերսանտների խմբերից մեկը մեր ստորաբաժանումների կրակային ներգործության տակ գտնվելու պատճառով չկարողացավ հետ քաշվել նախատեսված ականազերծված արահետով և, փորձելով առավել կարճ ճանապարհով դուրս գալ կրակի տակից, հայտնվեց ականադաշտում: Մարտից հետո տեղազննության ժամանակ հայտնաբերվեցին դիվերսիոն խմբի հանդերձանքի պարագաները, տեսախցիկ ամրացնելու հարմարանքով սաղավարտ, իսրայելական արտադրության գիշերային նշանոցով հրաձգային զենք և անդամահատված մարդկային վերջույթներ, որոնք վկայում են ականների պայթյունի հետևանքով հակառակորդի կրած կորուստների մասին:

Հակառակորդին հետապնդելու համար ժամանած արագ արձագանքման խմբերից մեկը, մշտական տեղակայման վայրից լեռնային դժվարանցանելի ճանապարհներով գրեթե քառասուն րոպե հետո հասնելով զորամասի թիվ Ն մարտական դիրքը, որտեղ տեղի էր ունեցել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանման ներթափանցումը, ադրբեջանցի դիվերսանտների հետքերով անմիջապես խորամուխ եղավ մեր և ադրբեջանական դիրքերի միջև գտնվող անտառում: 

Հակառակորդի քառասուն րոպեի առավելությունը նրան այնուամենայնիվ հնարավորություն չտվեց խուսափել հայ զինծառայողների հետապնդումից: Հետապնդումն իրականացրած ստորաբաժանման գործողությունները ղեկավարած փոխգնդապետ Ա. Զաքարյանը պատմում է, որ խոնավ խաշամի վրա նշմարվող հետքերով վազքով առաջանալով իրենք կարողանում են 300-400 մետր մոտենալ գետն անցած ու իրենց դիրքերին գրեթե հասած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբին: 

Ստորաբաժանման մարտիկ, սերժանտ Ա. Ղարիբյանը հավելում է, որ լեռնային տեղանքում երկարատև վազքից շնչասպառ ադրբեջանցիները, ըստ երևույթին վստահ, թե սեփական դիրքերի մատույցներում իրենք գտնվում են լիակատար անվտանգության մեջ, նստել էին հանգստանալու: Հակառակորդին նկատելուն պես մեր ստորաբաժանման մարտիկները դիրքավորվում են և պատրաստվում մարտի: Փոխգնդապետ Զաքարյանի հրամանով առաջին թիրախը խոցում է դիպուկահարը, ինչից հետո տղաները փոթորկալից կրակ են բացում հակառակորդի ուղղությամբ:

Ստորաբաժանման մարտիկները պատմում են, որ դիվերսանտներին օգնելու նպատակով ադրբեջանական հենակետից նրանց փորձում են մոտենալ մի քանի ադրբեջանցի զինծառայող և խոցվում հայ մարտիկների կողմից: Ադրբեջանցիները մինչ ուշ երեկո չեն կարողանում մոտենալ իրենց դիակներին: Միայն մթության քողի ներքո նրանց հաջողվում է մոտենալ սպանված դիվերսանտների մարմիններին և թիկնոցավրանների վրա դրած տարհանել նրանց՝ այդ ընթացքում նորից կրելով կորուստներ: Նշված հատվածում դիտարկում իրականացնող հետախույզները հավաստեցին, որ իրենք արձանագրել են շուրջ 12 ադրբեջանցի զինծառայողների դիակների տարահանումը: Դիվերսանտների մյուս խումբը ևս հայտնաբերվում է մեկ այլ հայկական ստորաբաժանման կողմից և, մարտի ընթացքում 3-4 զոհ տալով, մի կերպ ճողոպրում:
Գործողության ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրում:

Ավելորդ չէ նշել, որ նման դիվերսիոն – հետախուզական գործողությունները սովորաբար իրականանում են Յաշմա բնակավայրում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության 052 բրիգադի զինծառայողները: Յաշմայի բրիգադն ունի ադրբեջանական բանակի առավել մարտունակ ստորաբաժանումներից մեկի համարում: Այդ ստորաբաժանման զինծառայողները պայմանագրայիններ են, որոնք պատրատություն են անցնում նաև արտասահմանում և իրենց գործողությունների ընթացքում կիրառում են սպառազինության ու մասնագիտական հանդերձանքի ու սարքավորումների ամենից ժամանակակից նմուշներ: 

Հակառակորդի դիվերսանտներին ոչնչացրած ստորաբաժանման մարտիկներից մեկը՝ Նիկոլայ Եղյանը, նրանց նկարագրելիս հիշատակում է ադրբեջանցիների արտաքին ֆիզիկական տվյալները՝ ասելով, որ ադրբեջանցի դիվերսանտները զարմանալիորեն հաղթանդամ էին, բարձրահասակ: Ինքը՝ այդ մասին թեթև ժպիտով պատմող Եղյանը, ջլապինդ է, բայց փոքրամարմին, սակայն իր ընկերների հետ հետապնդելով հակառակորդին, անտառապատ լեռներում նույն տարածությունն անցել են գրեթե մեկ ժամ ավելի շուտ, քան Թուրքիայում պատրաստված արհեստավարժ դիվերսանտները և գլխովին ոչնչացրել նրանց: Ադրեջանական կողմը դեռևս չի ընդունում իր կորուստները, որոնց թիվը մոտենում է երկու տասնյակին: Սակայն մեծաթիվ կորուստները երկար ժամանակ թաքցնել հազիվ թե հնարավոր լինի:

Վստահորեն կարելի է կանխատեսել, որ առաջիկայում ադրեջանական լրատվամիջոցներում կհայտնվեն հրապարակումներ ավտովթարներից, հոսանքահարումից, հիվանդությունից կամ զենքի հետ անզգույշ վերաբերմունքի հետևանքով զոհված զինծառայողների մասին, ովքեր իրականում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության զոհերն են:

Մեկնաբանություններ (2)

YES
Դեռ 100 տարի առաջ հայ Էր սպանվում և հիմա էլ նույնը՞, ազգս ցավոք ունի նույն վտանգը, բայց արդեն հերիք է ու հիմա եկել է թշնամու թաղվելու ժամանակը։
Արման
Այնուամենայնիվ, եկեք ընդունենք, որ ներկայիս տեխնիկական դարում հակառակորդին չհայտնաբերելը ուղակի ծիծաղելի է Իհարկե զինվորչները հերոսություն են արել, դա անվիճելի է Սակայն պատկերացնենք ինչ կլիներ, եթե օգտագործվեին ժամանակակից տեխնիկաները: Հենց օրինակ նանո-ռոբոտ կամ շարժման սենսոր, կամ թաքնված-տեսախցիկ Այդ դեպքում 3 զոհ հաստատ չէինք ունենա Քանիսին ենք կոտորել, դա երկրորդական է Պետք է հասնել նրան, որ զոհ չունենանք. Այո դա հնարավոր է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, թեկուզ և թանկ ի հաշիվ քաղաքապետարանի կազմակերպած անմակարդակ միջոցառումները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter