HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թայլանդի ծովը անկողնու տակ

Մանե Գրիգորյան

Ես առավոտյան արթնացա, թեպետ աչքերս նման էին բալի չորացած հատիկը բերանի արանքում պահած ագռավի: Ես սպիտակ մարմին ունեմ, և մարմնիս ցավը ձյան հատիկների պես  անմեղ իջավ վրաս, բայց ներսից եռման էր, ձյութ էր երևի, չգիտեմ: Ես փորձեցի բացել մի աչքս, ու գիտակցել, որ առավոտը իր բոլոր ատամներով  խրվել է մարմնիս մեջ: Մի քանի քայլ այն կողմ լսվում էր ինձ հետ համընթաց մի քանի տարի այս անհանգիստ անկողինը կիսող, ձեռքերի հանգիստ շարժումներով տղամարդը: Նա կարծես թե մոտենում է անկողնուն: Ես բացում եմ մյուս աչքս, մի խոշոր ձյուն հենց բիբիս է թառել, աչքս մարմնացյալ տրոփ է: Ոտքս ուզում եմ վերմակի տակից հանել, ներսի տաքության մեջ եփվել եմ, անկողինը տեսքս է ստացել: Ես երկար մազերով կին էի, որ հանկարծ մի առավոտ մատների տակ նկատեց մազերի խեղճությունը. կարծես չորացարած ռեհան տրորվեր ձեռքերիս մեջ: Մատներս ճաքած չէին, թեպետ մեկ երկու ծիլ դուրս էր պրծել: Բթամատս շոյում է մահճակալի տակ խայտող ջրի ալիքը:

-Գիշերը անհանգիստ էիր:

Նայում եմ աջ` պատին կախված են Գոգենի մերկ թաիթուհիները, ամուսինս մերկ կուրծքը դարձրել է նրանց: Կուրծքը պինդ նյարդաթելերով ձմերուկի պատյանի է նման, բայց որ իրեն հարցնես ներսը հասած է, կակուղ, ինձնից առաջ մի կնոջ էր սիրում, ասում է` էնպես էր օրհնվածը սիրում, որ մարմնիս ամեն բջիջը կենդանի աստված էր դառնում, ու ամեն  նյարդաթելս պինդ ու նյարդային փաթաթվում էր այդ  աստծուն: Նայում է թաիթուհիներին, ես վեցերորդ զգայարան ունեմ, թիկունքից զգում եմ աչքերի տամկությունը, թաիթուհիների պիրկ կրծքերը շփոթեցնում են ինձ, ձեռքս տանում եմ իմին, ներսում թվում է`դեռ չի ցամաքել  կաթը: Երբեմն պղպջակներ եմ զգում, որ ուռում, փքվում են, ես երազում եմ,որ պայթեն, բայց չէ, կուրծքս փքված պղպջակ է,ու թաղանթը կարծես կաշվից են գործել, գրողը տանի, ես մայր եմ: Գիշերը մարմինս մոտեցրի նրան, ուսը թեթև նյարդային հետ նետեց, հետո ինքն իրեն ասեց` չեմ հասկանում, ոտքս անընդհատ ձգվում է: Չհավատացի: Մի կողմ շրջվեցի, ձեռքով իջեցրեց իմ ու նրա միջև առաջացած  ազատ տարածութունը. վերմակը սուզվեց երկուսիս արանքում: Մահճակալի երկու կողմում ռմբակոծված սարերի էինք նման:

Աջ ձեռքով ծածկում եմ ականջս, նրա շնչառությունը դժվար է լսելը, կարծես դրսում երկու սյուները միացնող մետաղալարերի նվվոց լինի, ես էլ այդ մետաղալարերի վերևում ու ներքևում, շուրջբոլորն  ընկած օդն եմ, ու թեպետ հպանցիկ կպնում եմ նրան, բայց հեռու ենք ու տարբեր: Երբ իմ ու նրա ոտքերը հանդիպում են, ոտանաթաթերը սլաքվում են տարբեր ուղղություններով:

Մահճակալիս տակ Թայլանդն է`որպես անհրաժեշտություն. գրված է`երկրի 10 տոկոսը անտառապատ է, թվաց` Թայլանդի 11-րդ տոկոսն եմ, կես տոկոս ծառը, թեկուզ փոքր ու կիսատ, որ շնչում է նրանց մեջ, ու արևը տարալուծվում, ոչնչանում է ներսումս` այնքան սահուն… ախ, երեխան, նա մի օր հարցրեց`ի՞նչ է սա, ասեցի`խաչ. ես, դու, հայրդ քրիստոնյաներ ենք, զարմացավ, ասում է` չգիտեի, հարցնում է`մենք սիրո՞ւմ ենք քրիստոնյա լինել: Դպրոցում կրոնագիտություն է անցնում, տանը`Աստծուց  խոսում: Մի օր հորն ասաց`Աստված չի սիրում, երբ դաժան հայացքով ես նայում այն կնոջը, որը քեզ երեխա է պարգևել: Ամուսինս շփոթվեց, մտքում երկուսս էլ ասեցինք` այս շան քոթոթին 10 տարի անտրտունջ մեծացնում ենք, որ  գլխներիս ավետարան կարդա. սրան էլ հասանք:

Փակեցի աչքերս, մարող օրվա լույսը դեռ  թրթռում էր թարթիչներիս արանքում, զգացի` կարծես շարժական տիկնիկի մարմին ունենամ, գոտկատեղս հարմարեցրել, կտրուկ շարժումով տեղադրել, միացրել էին որովայանիս.

-Մարմինս ցավում է:

-Ումը չի ցավում,-ուսերը թոթվելով ասաց անդրավարտիքով տղամարդը:

Որոշեցի էլ չշարունակել, վերմակի տակ հավաքեցի ոտքերս, ձգեցի և մոտեցրեցի որովայնիս. կարծես ուզում էի հավաքական մի կետում զգալ մարմնիս ամբողջությունը:

**

Առավոտյան արթնացա, զգում էի ներսս ցամաքել է, ձեռքս մեկնեցի  սեղանիկին, սայթաքեց: Այսօր երեքշաբթի է: Փոքր ժամանակ, երբ ջուր էի ուզում խմել, բայց ծուլանում էի վեր կենալ, պատկերացնում էի անձրևում է: Առաստաղից մեծ կաթիլներով ջուրը  լցվում էր ներսս: Առաջին կաթիլի վայրէջքը բերանիս խոռոչում, կարծես կնոջ լեզվի խաղի նմանվեր: Ոնց որ թաց լեզվի ծայրը ծածուկ, աստիճանաբար դիպչեր բերանիս ծալքերին: Դրանից ցանկությունս ավելի էր մեծանում: Նրա ձեռքերի սառնությունը վանում է. չեմ կարողանում հանդուրժել նրա հոտը: Սիրե՞լ եմ երբևէ: Ես շփոթված էի, այն շան աղջիկը ծծել էր ներսիս բոլոր ջրերը, ես զգում էի`ոնց է նրան տեսնելիս ձեռքերիս ափերը տաքանում, մարմինը մաքուր ճառագայթ էր: Ինչ հեշտությամբ էինք ձուլվում…երևի արդեն հղի է քածը: Մի օր դրսում տեսա, ու թեպետ ձմեռային վերարկու էր հագել, զգացի` ոնց է որովայնի մաշկը փղոսկրի պես փայլում, բայց ներսի այդ աղմուկը իմը չէ, ինքն էլ իմը չէ: Մայրս ասում էր` աչքերն անբնական է փայլում, տռճիկ տվող քուռակի հայացք ունի, զգույշ մնա: Էհ, մամ,փոշիդ խմեմ, էլի չեմ հագենա… հերս էլ էր կայտառ աչքերով լրբերին նայում, երեկոյան մեղմ շոյող հայացքով գուրգուրում էր քեզ, որովհետև մեղավոր էր, որովհետև այլ օդ էր ուզում: Կնոջս չեմ նկատում: Ինչ-որ նյարդայանացնող բան կա անկողնում նրա շարժումների մեջ, ցերեկը նույնիսկ գեղեցիկ է, մամ, իսկ գիշերը… Ընկերս, Գրիգը, գիտես, մամ, էն որ կախ ընկած ականջներ ունի, ասում է`այնպես վերցրու մարմինը,կարծես ուժեղ քամիների հոսքի տակ օրեր շարունակ մնացած կին լինի, սիրտը թփրտում է, լսիր, ոնց է ձեռքերիդ տակ աղվամզերը շտկվում, մի քիչ մարդ եղիր, խղճա, կին է, սիրտը սեր է ուզում: Չեմ կարողանում: Այնքան հուսահատ ու արագ եմ սիրում, որ շուտ վերջանա, որ ամեն ինչ ավարտվի, որ չզգամ, որ ունեցել եմ նրան: Երբեմն ուզում եմ գոռամ` ազատ ես, գնա գրողի ծոցը, հա, ես սրիկա եմ, սիրտ չունեմ, մենակ թե՝ Աստված սիրես, գնա… բայց հենց ասեմ գիտեմ` ոտքերն եմ ընկնելու, ինձ չեմ ներելու ու հազար անգամ սուտ երդվելու եմ, որ պաշտում եմ նրան: Թոռդ հարցնում է`պապ, կուզեի՞ր  դելֆին լինեիր: Մի օր զատիկ էր բռնել, ուզում էր բաց թողներ ասֆալտին, ասեցի`չէ, սպասի, մի քիչ ման գանք, փափուկ հող գտնենք: Օրը կիրակի էր: Տանը սպասում էր կինս: Հարցնում է`լա՞վ ա էս հողը, փափո՞ւկ ա,ամպերն էլ գոռում են,պապ,  թողնե՞մ: Վախեցած ասում եմ`չէ, Մարի, չանես, արի մի քիչ էլ փնտրենք: Անիծվեմ ես, ես փախչում եմ սեփական կնոջիցս, տունը կարծես տենդ լինի: Նա իմ հիվանդությունն է,մա: Մի օր ասում եմ.

-Պետրովը տուն է գնել Թայլանդում:

Նա այնպես է լռում կարծես ճանաչում է Պետրովին, այդ օրը ձեռքը անցկացրեց գոտկատեղիս վրայով, կարծես մանր փշեր սեղմվեցին ոտնամատերիս մեջ: Ցնցեցի ուսս: Երազները հանգիստ չեն տալիս, իբր Թայլանդի անտառներում եմ, հանկարծ հասնում եմ ծովին` ներսս կարծես ծառ լինի, ալիքները շոյում են ոտքերս: Օրը երեքշաբթի էր:  Հանկարծ զգում եմ կնոջս ձայնը, իբր ներսինս հեչ էլ ծառ չէ, այլ կինս է, ու սրտի խորքից, հեռուներից ձայնը ասես բարձրանում է`ախր, ինչպես կարողացար հեռանալ, ասում է նա, փակում եմ ականջներս, բայց ախր, մամ, միակս, ախր դու լավ գիտես, որ երբ ներսումդ ձայները ճյուղավորվում են, էլ ոչինչ չի կանգնեցնի նրանց, նրանք սկսում են գոռալ, մամ, այդ ձայները, մամ, ես մեղավոր չեմ, սկսում եմ լացել, արդարանալ, ասել, որ ինչ-որ բան հետս այն չէ, ատել ու խղճալ նրան, հայհոյել ու մեղանչել…

Երբ դեռ քնած չեմ, ու մահճակալի մեջ զգում եմ նրա մարմնի շրշյունը, փակում եմ աչքերս, իբր անկողնու տակ ալիքվում է Թայլանդի ծովը… ու ծովը ոչնչացնում է ինձ, մա:

***

Ես արդեն 70 տարեկան եմ, ուսերս թեթևակի կամարվել են դեպի ներս: Կողքիս անփութորեն ժպտացող այս տղամարդը ամուսինս է: Նրա ժպիտը հաճախ այնքան այլայլված է, մենք կողք կողքի շարունակում ենք ապրել: Օրերի այս կծիկի շարունակությունը պարզից էլ պարզ է. 10, 20, 30 տարի անց այն հոսող գետ կամ օձ կամ արահետ չդարձավ: 

Ես բաց էի թողել տարվա եղանակները, թափվող տերևների գեղեկության կողքով սլացել էի, ու խորը զարմանք էի ապրել,երբ տարիներ անց մի օր  տեսել էի, որ մեր բակի յոթ ծառերից  չորսը բերքատու են: Երբ մի օր հարցրեցին, թե ինչ է երջանկությունը, ես ամաչեցի  բարձրաձայն խոտովանել, չասեցի, որ կյանքը իրականում սկսվում էր մեր անկողնուց ներքև…

-Կարևորը ապրել  ազնիվ ու աշխատել,-հենց այնպես նետեցի ես:

-Բայց այնուամենայնիվ…

Հասկացա, որ պետք է ասեի այն, ինչ սպասում են իմ տարիքի կնոջից, թեպետ միտքս սավառնում էր Թայլանդում, որը տարիների հեռավորությունից դարձել էր մի աղոտ նկար… կարծես  ազատ տարածությունը, որ օդն էր այդ 10 տոկոս անտառապատ երկրի, ճաքճքել ու դեղնել էր… ծառերի տակ փռվել էի ես, ոտքերիցս հոսում էին արևից տաքացած առվակները, որոնք գալարվելով հասնում էին գետերը ու թափվում ծովերը:

-Կարևորը ըստ… ըստ… Աստծու որդու…

Ես մոռացել էր նրա անունը:

-Ըստ Հիսուսի ապրելն է,-եզրափակեց կողքիս տղամարդը:

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ
Այնքան շատ համեմատություններ կային, որ միտքը կտրվում էր ու հետագա կարդալը դառնում անհնարին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter