HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Աղասի Այվազյան. Նախ պետություն պետք է ստեղծել, հետո նոր՝ մնացածը

Մի առիթով, հարցազրույցներից մեկում, գրող, նկարիչ, սցենարիստ և ռեժիսոր Աղասի Այվազյանն ասել է. «Կա երկու վերաբերմունք՝ կարդում եմ, որ ինձ դուր գա և կարդում եմ, որ սովորեմ ապրել: Դուր գալու, զվարճանալու գրականությունը չի սովորեցնում ապրելու կերպը »:

Նրա գրականությունը և, առհասարակ ստեղծագործությունները, ապրելու կերպ սովորեցնող մի մեծ ճանապարհ են:  Ներկայացնում ենք հատվածներ տարիներ առաջ արված մի հարցազույցից, որտեղ մտավորականի խոհերն են ու մտահոգությունները հայ մարդու, մշակութային արժեհամակարգի և հզոր պետության սեփական բանաձևի մասին: 

Մարդը երբեք չի հնանում

Ինձ մարդկային հոգեբանությունն է հետաքրքրում: Մարդը միշտ ժամանակակաից է, մարդը երբեք չի հնանում: Էսօրվա մարդը նույն ձևով սիրում է, նույն ձևով սպանում, նույն ձևով խանդում է, ինչպես, ասենք, հազար տարի առաջ: Ոչինչ չի փոխվել: Հագուստն է փոխվել,  տեխնիկան է փոխվել, միջոցներն են փոխվել, մնացած ոչինչ չի փոխվել: Կարդում ես Վոլտեր, նույն էսօրվա մարդիկն են: Հոմերոս կարդացեք, 2500 տարի առաջ գրված գործ է, բայց ավելի ժամանակակաից բան չկա, և պատահական չէ, որ ուրիշները նոր բան գրելիս հիշատակում են Հոմերոսին, էնտեղից ցիտատներ են վերցնում, որովհետև շատ ժամանակակից է, մարդն է: Մարդկային հոգեբանություն, մարդկային փոխհարաբերություն. սա՛  է մշտակայունը, ուրիշ բան չկա: 

Արվեստ, գրականություն և հասարակություն

Հասարակությունը չի կարող խորթանալ արվեստից, ուղղակի մի բան էլ պետք է նկատի ունենալ՝ կա ռուս հասարակություն, հայ հասարակություն, վրացի այլն. Տարբեր ժողովուրդներ են: Մենք էնպիսի կյանք ենք ունեցել, էնպիսի վիճակներ ենք ապրել, որ էսօր մեր հոգեբարոյական վիճակը վերականգնելու պահանջ ունենք: Մերոնք հիմնականում զբաղված են (և իրոք ճիշտ է դա էլ) ապրելու հարցեր հոգալով՝ կտուր են ուզում ունենալ, լավ ապրել են ուզում, լավ լողանալ են ուզում, որովհետև առաջվա Երևանում մի բաղնիք կար և շաբաթը մեկ կարող էին լողանալ կամ ամիսը մեկ, էն էլ՝ հերթով: Ձեռքերին համարներ էին գրում և ողջ գիշեր հերթ էին կանգնում, որ լողանան:  Էսօր ամեն մեկն իր տանը լոգարան, ցնցուղ ունի և լողանում են: Հայերը մաքուր են:

Ուրեմն այսպես, մտնում ենք նոր ժամանակ: Կամաց-կամաց փոխվում ենք, երբ էդ հոգեբարոյական վիճակը լավանա, այ էդ ժամանակ էլ ընթերցող կունենանք, թեկուզ մեր չափով կունենանք: Ամբողջ խնդիրը մեր ներգոյից է կախված, մենք պիտի կարողանանք վերականգնել մեր ներգոյը: Մեզ որ կողմից ասես ծեծել են, բռնցքամարտ նայել ե՞ք, դեմքերը ուռած, քթերը տափակ, էնքան մեզ էլ էդպես ձախից-աջից ծեծեցին: Բայց մի քիչ էլ մեզնից է. ես չեմ ասի, թե մենք շատ ճիշտ ենք ապրել: Վերջերս ես շատ եմ խորացել եվրոպական պատմության մեջ և մի բան կարող եմ հաստատ ասել՝ շատ ազգություններ կորան, ոչնչացվեցին, այսօր գոյություն չունեն, մենք՝ գոյություն ունենք: Էսօրվա թուրքն էլ էն թուրքը չի, էն սելջուկը չի: Դրանք արդեն տարբեր բաներ են: Էսօր թուրքը, իր նոր անունով և փոխված, եվրոպացի է դառնում և թքած ունի ամեն ինչի վրա, նույնիսկ նրան, որ առաջ արաբերեն էր գրում: Էսօր լատիներեն է դարձրել:

Մենք բացառիկ, եզակի ազգերից ենք, որ մնում ենք հայ, պարզապես մի քիչ խաթարվել ենք: Շատերը այսօր հայերեն չեն խոսում, մեկը Բաքվից է, մյուսը չգիտեմ որտեղից,  մեկը էսօր փախչում է Ամերիկա, մյուսը գալիս է Ամերիկայից… այ էս խառը վիճակը պետք է կարգավորվի, և կկարգավորվի: Միայն թե պատերազմ չլինի, շունչ քաշենք մի քիչ: Մեզ երբեք չեն թողել, որ շունչ քաշենք: Իսկ էս նոր սերունդը շշմելու սերունդ է՝ գեղեցիկ, աղջիկների՛ն նայեք: Մենք շտապում ենք, որովհետև էս ամբողջը կատարվեց վերջին մոտ 20 տարվա ընթացքում և անկախությունից հետո մեծ ընթացք ստացավ: Շատերը սխալվում են՝ սովետներին վերագրելով մեր լավ օրերը, սովետները մեր տունը քանդեցին լրիվ:Ժամանակ է պետք, որ կարգավորվենք,  մինչև էդ չկայինք ախր: 

Մենք չենք զգում մեր մեծությունը

Տեսնել է պետք, շուրջդ պիտի նայես և յուրաքանչյուր հայի մեջ տեսնես ինչ կա: Միայն վատը չպետք է տեսնես ախր: Մեր բնավորության մեջ էսպիսի բան կա՝ նայում ենք, բայց դեռ վատն ենք տեսնում: Մեկը, օրինակ, մեծ քիթ ունի, ասում ենք « Օ,՜ նայեք նա մեծ քիթ ունի»: Էդպես չի, եղբա՛յր, քթից ավել մեծ խելք ունի, դու նախ խելքը տես, հետո՝ քիթը: Եթե Դե Գոլի քիթը միայն տեսնեին, պիտի վռնդեին նրան, բայց նա Ֆրանսիայի մեծագույն քաղաքական գործիչներից էր, ուրեմն տեսան նրա շնորհքը: Ես հիմա մի քիչ պատկերավոր եմ ասում, բայց մենք միշտ տեսնում ենք մեր բացասականը: Յուրաքանչյուրի մեջ փնտրեք լավը, անպայման կգտնեք: Մենք էլ պետք է ներողամիտ լինենք, հասկանանք իրար: Կոպիտ ենք մենք, մարդիկ գալիս են, վախենում են, որովհետև կոպտում ենք փողոցում: Ընդ որում՝ էդ կոպտության տակ ուրիշ բան չկա: Ամերիկացին կամ, ասենք, վրացին ժպտում է, շոյում է քեզ իր վերաբերմունքով, և դու մտածում ես, թե ինչ լավն է վրացին, բայց ներսից չի սիրում քեզ: Հայը կարող է քեզ սիրել և միաժամանակ կոպտել: Այ էս արտաքին և ներքին ներդաշնակությունը մեզ պակասում է: Ո՞ր հայը մյուս հային չի օգնի, եթե նա նեղության մեջ է ընկել: Ես իմ կյանում շատ բան եմ տեսել, բայց իմ բոլոր վերքերի մեջ ներքին սպիներն են շատ, որովհետև  հայերի կողմից են: Վրաստանում երկար եմ ապրել, բայց ոչ մի վրացի ինձ մատով չի կպել: Բայց եթե այլ տեսանկյունով նայեի, երևի բոլորից դժգոհը ես պետք է լինեի, որովհետև իմ տունը քանդել են, ճանապարհս փակել, այնպիսի ճակատագրական հարվածներ են տվել: Այնուամենայնիվ, ամեն ինչ իր բացատրությունն ունի, ամեն ինչին ճիշտ նայել է պետք:

Լավը տեսնելու խնդիրը շատ շատ բարդ չի: Մեր մասին երբեմն ասում են՝ գոռոզ են, ինքնահավան… ո՛չ, այդպես չէ, ինքնահավան չեն, ինքնասեր չեն, ցուցադրական է: Ներսից ինքն իրեն չի սիրում: Եթե ինքը ազգանունը փոխում է, դառնում թուրք կամ վրացի, չգիտեմ, ամերիկացի և այլն, ուրեմն ինքն իրեն չի սիրում: Դա քո ազգանունն է եղբա՛յր, ո՞նց ես փոխում դու քեզ: Եվ ասեմ ձեզ, էսպիսի բան էլ կա, որ հային ասում ես դու հայի նման չես, ուրախանում է: Փորձիր վրացուն ասել, որ նա վրացու նման չէ. գլուխդ կկտրի… հասկանու՞մ եք: Ո՞նց թե ես հայի նման չեմ, ես հա՛յ եմ, ո՞վ ասաց, որ վատն ենք: Ամենակարևոր բանը ինքդ քեզ սիրելն է: Եթե ինքդ քեզ սիրում ես և հայ ես, ուրեմն սիրում ես հայությունը և դու մենակ չես, դու իմ մասն ես: Մենք մի մարմնի տարբեր բաժանված կտորներ ենք և էլի ենք բաժանվում:  Մենք չենք զգում մեր մեծությունը, մենք չենք զգում մեր հեռանկարի մեծությունը: Վրացիները, որոնք  մեզնից ավելի քիչ եռանդ ունեն, զգում են և շատ հեռու են գնում: 

Պետությունը մշակույթ է

Ես գիտեմ երիտասարդության մեջ շատերին, ովքեր գրում են, լավ են գրում և հեռանկարներ ունեն: Ես, իհարե, բոլորին չգիտեմ, բայց մի տասը հոգու համար հաստատ կարող եմ ասել, մինչդեռ հնարավոր է տասից ավել կան, որոնց ես չգիտեմ: Ընթերցող պիտի ունենանք, միլիոնանոց ժողովուրդ ենք, և հիմնական մեր ընթերցողը մայրաքաղաքում է: Սովետի ժամանակ գրքերը երկրով մեկ տարածում էին, որովհետև պետական մոտեցում էր դա: Հիմա էդպես չի. քիչ տպաքանակով են տպագրվում և չեն տարածվում: Պետություն պիտի ունենանք, որտեղ ժողովուրդը պետք է բարգավաճի, հրատարակչությունները բիզնեսով զբաղվեն: Մոսկվայում այս մշակույթը հին պատմություն ունի և դեռ շարունակվում է: Մեզ մոտ նոր ենք ստեղծում: Սովետական մեր մշակույթը մի քիչ կարկատած մի բան էր. ռուսները փող էին տալիս, մենք ռուսներից տպում էինք, ռուսներից թարգմանում, հատորներ սարքում: Չկա հիմա, ռուսը ձեռքը քաշեց, մենք մնացինք որբի պես մեզ հետ: Բայց մե՛նք պիտի ուժեղանանք: Դրա համար պետություն է պետք:  Ամերիկայում էնպիսի տականք գրողներ կան, որ հայհոյանքով լցված գրքեր ունեն, միլիոնատերեր են նրանք: Հարբեցողներ, միասեռականներ, նարկոմաններ, ինչ ասես կան: Գգրում են և միլիոններ են վաստակում, որովհետև ամեն մարդ իր ընթերցողն ունի: Սա պետության մեխանիզմն է, կառուցվածքն է:  Հիմա դրա համար եմ ես գոռում՝ նախ՝պետություն, հետո նոր՝ մնացածը: Իսկ պետությունը, ես մի քանի անգամ դա ասել եմ և մարդիկ զարմացել են, պետությունը մշակույթ է՝ պետական մշակույթ: Ես դրանում համոզված եմ ավելի, որովհետև պետությունը ունի կոմպոզիցիա, գեղագիտություն: Ճարտարապետությունը, երաժշտությունը, գրականությունը, նկարչությունը…  էս ամեն ինչը պետության շուրջ են, պետական մշակույթի բջիջներն են, պետությունն է: Պետություն որ չունենք, էս բջիջները արդեն տեղավորվում են տարբեր մեծ պետությունների կառուցվածքի, մշակույթի մեջ:  Տեսե՛ք, ֆրանսիական մշակույթի մեջ կա Ազնավուր: Ազնավուրն էստեղ Ազնավուր չէր դառնա: Ամերիկյան մշակույթի մեջ էլ՝ Սարոյան՝ հայ գրող: Ավելի հայ, հայեցի գրող ես չեմ պատկերացնում: Դերասաններ կան, ռեժիսորներ, որոնց անունները չենք լսել: Նրանք այդ երկրներինն են դարձել, որովհետև բջիջները տեղավորվել են ուրիշի տարբեր մշակույթների մեջ: Այ էդ պետական մշակույթը մենք չունենք: Վերջապես անկախ պետություն ունենք, հիմա դա պետք է ամրացնենք: Ես հավատում եմ, որ կգա այդ օրն էլ անպայման, գրականությունն էլ իր տեղը կընկնի, ընթերցողները կշատանան, երկի՛ր կունենանք: 


Ես հայ եմ և հայ եմ մնում

Ես բացառիկ լավատես չեմ, իրատես եմ: Եվ մի ուրիշ բան կա, գիտե՞ք, ես ապրել եմ ուզում: Խոսքն իմ մասին չէ, այլ ազգիս: Երբ ես ապրել եմ ուզում, իմ ազգն է ապրում, որովհետև ես նրա մեջ եմ, նրա արդյունքն եմ և շարունակությունը: Մարդիկ եթե վատատես են, ուրեմն չեն ուզում որ ազգն ապրի: Մեկը  գնում, ամերիկացի է դառնում, ուրեմն թքած ունի, բայց դու քո վրա ես թքում, եղբայ՛ր, դու էնտեղ մենակ հասար, բայց էստեղ ժողովուրդ ունես, ազգ ունես: Մարմին կա, մի մեծ մարմին: Մենք՝ յուրաքանչյուրս, էդ մեծ մարմնի շատ փոքրիկ փշուրներն ենք և պիտի մտածենք նրա մասին: Եվ մտածողներ կային՝ մեր բոլոր մեծերը մտածել են. Աբովյանն է մտածել, Նժդեհն է մտածել, Չարենցը,  բոլորը մտածել են այդ մեծ մարմնի մասին: Ոմանք գնացել զոհվել են. ինչի՞ համար, որ այդ մարմինը մնա, որովհետև ինքը այդ մարմնի մեջ է ապրում: Միգուցե  միստիկ է թվում, բայց սա ամենևին էլ միստիկ չէ: Շատ առարկայական բաներ եմ ասում ես:  Ես հավատում եմ, ավելի ճիշտ՝ ես դա զգում եմ  և դրա մեջ եմ ապրում :

Էնպես որ, երբ ինձ ասում են լավատես եմ, մանավանդ Ամերիկայում՝ «Հայաստանն էսպես վատ վիճակի մեջ է, էս Աղասին ինչու՞ է էսքան լավատես»: Ես ասում եմ՝ «Լավատես չեմ, ես ռեալ մարդ եմ, հայ եմ, հայ եմ մնում (որովհետև ուրիշ բան ուզենամ էլ չեմ կարող դառնալ, և նրանք, ովքեր փորձում են դառնալ, միևնույն է չեն կարող) և ապրել եմ ուզում»: Ինչպե՞ս կարող եմ չսիրել իմ մորը, նույնն է նաև երկիրը, ո՞նց կարող եմ: Հիվանդ է նա այսօր, եթե հիվանդացել է, ուրեմն ես պետք է հայհոյե՞մ: Հիշենք, թե  ինչ է կատարվել Եղեռնի ժամանակ՝ ամեն ինչ: Մենք պիտի հասկանանք, թե որտեղից ենք գալիս և ի՞նչ էինք, ամենակարևորը՝ ինչ հնարավորություն ունենք մեր որակը ապագայում տեսնելու: Պետք է հավատաս ինքդ քեզ, ուրիշ ոչինչ պետք չէ: Եթե դու քեզ հավատաս, կհավատաս ազգին: 

 

Մեկնաբանություններ (2)

Արամ
Ռուբինա Օհանեան, Աղասի Այվազյանը երբեք չի հավակնել նկարիչ կոչվելու, կամ այդպիսին ներկայանալու։ Ինչպես ինքն է նշել հարցազրույցներից մեկի ժամանակ, նկարում է հանգստանալու համար։
Ռուբինա Օհանեան
Կարդացի մէջբերուած մտքերը: Ինքն իրեն հակասում է յաճախ: Իսկ նկարչութիւնները... Բնաւ չսիրեցի: Հիմա կարող եմ եզրակացնել մի բան.- Չգիտեմ թէ նա ինչքանով մեծութիւն է գրական աշխարհում (քանի որ չեմ կարդացել նրա բոլոր գործերը), բայց կարող եմ ասել որ նա նկարիչ չէ, յատկապէս մեծանուն նկարիչ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter