HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարար. «Ախթալայում կա փնթի հանքարտադրություն»

«Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրգորյանը: 

-Բնապահպանության նախարարության կողմից 2014թ.-ին ի՞նչ  տույժեր և տուգանքներ են  կիրառվել  բնապահպանական պարտավորություններ չկատարող Լոռու մարզի հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ:

-Կարևոր հարց է դա: Ուրեմն, 2014թ.-ին նախարարության կողմից Լոռու մարզի ընդերքօգտագործողների մոտ բնապահպանական ստուգումներ չեն իրականացվել: Երբ ինձ նշանակեցին նախարար, մենք մեր թիմով փորձեցինք հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչ խնդիրներ կան ոլորտում: Անկախ նրանից, թե դա էներգետիկայի ոլորտ էր, թե այլ գերատեսչության, մենք ուսումնասիրություն անցկացրեցինք: Եղան մարդիկ, որոնց մենք ուղղորդեցինք կարգի բերել իրենց ոլորտը՝ հիշեցնելով, որ այլ պարագայում խնդիրներ կունենան: Մենք հստակ քայլեր չիրականացրինք՝ հաշվի առնելով, որ որոշակի ժամանակ է պետք այդ խնդիրները լուծելու համար: Այս տարի մարզի երկու հանքարդյունաբերական ընկերություններում` «Ախթալայի ԼՀԿ»-ում և Արմանիսի «Սագամար» ՓԲԸ-ում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տեսչական ստուգումներ ենք իրականացնում: Առավելագույնը 10 օր հետո մենք Ձեզ հստակ կտրամադրենք ստուգման արդյունքները:

-Ի՞նչ է սպասվում  Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրին:    

-Երբ մենք փորձեցինք այս հանքի փորձաքննությունն իրականացնել, հանքի սեփականատերը կտրուկ հետ վերցրեց իր բոլոր փաստաթղթերը և ժամանակ խնդրեց իր առաջարկությունը վերանայելու և կրկին փորձաքննության ներկայացնելու համար: Բայց ես, որպես նախարար, միանշանակ հաշվի եմ առնելու նաև Ֆիոլետովոյի բնակչության կարծիքը: Դա կարևոր է մեզ համար, առավել ևս, որ Ֆիոլետովոյում հայեր չեն ապրում, մոլոկաններ են ապրում և զբաղվում են գյուղատնտեսությամբ: Այնուամենայնիվ, քանի դեռ մեզ մոտ փորձաքննության փաստաթղթերը չկան, ես հստակ ոչինչ չեմ կարող ասել:

 -Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» ձորի պոչամբարի պոչանքերը տարիներ շարունակ  թափում են Դեբեդ գետը: ԼՀԿ-ի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը գործող պոչամբարի հարևանությամբ՝ 40 հա –ի վրա նախատեսում է  կառուցել նոր պոչամբար` երկաթգծից 500 մետր, իսկ  Դեբեդ գետից հազիվ 600 մետր հեռավորության վրա: Ինչպիսի՞ն է լինելու դրա հետևանքերը:

-Ես ուզում եմ Ձեզ հետ շատ անկեղծ լինել: Իրոք, Ախթալայում կա փնթի հանքարտադրություն: Մենք դա տեսել ենք, բայց դրանից հետո, երբ նոր սեփականատերը եկավ, նա մեզ վստահեցրեց, որ որոշակի ժամանակահատված է իրեն պետք, որպեսզի կարգավորի խնդիրը: Ինչ-որ չափով դրական արդյունքներ մենք նկատեցինք: Ավելացան աշխատատեղեր: Նրանք ազդակիր Մեծ Այրում համայնքի խմելու ջրի խնդիրը խոստացան լուծել: Չեմ ժխտում, «Նահատակ» ձորի պոչամբարը,այո, շատ վատ վիճակում է: Այս պահին այնտեղ մեր կողմից իրականացվում է տեսչական ստուգում: Մենք Մաքսիմ Հակոբյանի հետ զրուցել ենք, ներկայացրել ենք խնդիրները: Հակոբյանը ինքն ընդունում է դրանք և ասում է, որ ցանկություն ունի շրջակա միջավայրին չվնասող արտադրություն կազմակերպել:                                                                                                             

-Տեղյա՞կ եք Դեբեդ գետի էկոլոգիական վիճակին:  

-Մեր տվյալներով, այսօր Դեբեդ գետի ջուրը էկոլոգիապես բարվոք վիճակում չէ, մանավանդ հանքարդյունաբերական ընկերությունների տարածքներում: Դեբեդի ջրերը աղտոտում է նաև ազգաբնակչությունը: Մենք երկու դեպքում էլ ուսումնասիրել ենք գետի վիճակը և ունենք դրա պատկերը: Դեբեդում լուրջ աղտոտվածություն կա: Մենք կարճ ժամանակ հետո կներկայացնենք մեր ստուգումների արդյունքները և կկիրառենք պատժամիջոցներ:

-Ինչպե՞ս եք գնահատում Թումանյանի տարածաշրջանի  պոչամբարների անվտանգության վիճակը, դրանք 8-ն են:                   

-Պոչամբարները ՀՀ արտակարգ իրավիճակների և էներգետիկայի նախարարություններին են պատկանում: Մենք ընդամենը այնտեղ բնապահպանական վերահսկողություն ենք կատարում: 

-Ես հենց բնապահպանական վերահսկողության առումով էլ հարցնում եմ:                                 

-Ախթալայի ԼՀԿ-ի գործող պոչամբարի հետ կապված որոշակի բարդություն կա, պոչամբարն արդեն լցվել է և կարող է թափվել գետը: Երկրորդը`լցված պոչամբարների ռեկուլտիվացիայի աշխատանքներ պետք է պարտադիր իրականացվեին: Մենք մի նախագիծ ենք մշակում և առաջիկայում դիմելու ենք կառավարությանը` լքված և մինչ այսօր ռեկուլտիվացիայի չենթարկված պոչամբարներում բնապահպանական վճարների գումարներով պիլոտային ծրագրեր իրականացնելու և դրանք փակելու համար: Հուսով եմ, որ կարճ ժամանակ հետո մենք կսկսենք այդ աշխատանքները: 

-Լոռու մարզում բնապահապանական ի՞նչ ծրագիր է իրականացվել Ձեր պաշտոնավարման ընթացքում:              

- Ասեմ Ձեզ, այդ տարածքներում բնապահպանական ոլորտի հետ կապված ծրագրեր իրականացնելու համար մեր նախարարությանը պլանավորված գումարներ չեն հատկացվում: Դրանք իրականացնում են համայնքները`ընկերությունների բնապահպանական վճարների սուբվենցիաներով: Մենք բյուջեում ունենք սուղ միջոցներ: Այնուամենայնիվ, մենք առաջիկայում նախատեսում ենք դոնոր կազմակերպությունների հետ միասին անտառների վերականգնման աշխատանքներ իրականացնել Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Մենք հիմա սպասում ենք ֆինանսավորման:                     

 -Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 2010թ. Կոշաբերդ սարի գագաթ բարձրացնելուց հետո «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը հաջողվեց բնապահպանության նախարարության միջոցով  նվազեցնել գործարանի արտանետումների ծավալները և պետբյուջեին վճարվող բնապահպանական իր վճարները: Դրա արդյունքում տարեցտարի նվազում են նաև պետբյուջեից համայնքի բյուջեին հատկացվող բնապահպանական սուբվենցիաները: Հնարավոր համարո՞ւմ եք նախարարության կողմից  պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալների վերանայումը: 

- Առաջիկայում մենք տեսչական ստուգումներ կիրականացնենք նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանում: Մեր համոզմամբ, արտանետումների ծավալները կպակասեն միայն այն դեպքում, երբ իրենց արտադրության ծավալները նվազեն: Եթե չեն նվազել, ապա արտանետումների ծավալները մնում են նույնը: Ինչ վերաբերում է խողովակի բարձրացնելով արտանետումների նվազելուն, դա իրականում այդպես չի կարող լինել: Այդ դեպքում գործարանի արտանետումներն ավելի մեծ տարածք են ընդգրկում: Միգուցե խողովակը բնակչությունից մի քիչ հեռացվել է: Ես առաջիկայում կհանդիպեմ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականատիրոջ հետ, մենք կքննարկենք թեման, կպարզենք ինչու են վերանայվել իրենց բնապահպանական վճարները: Դա եղել է մինչ իմ նախարար նշանակվելը: Ես հարցին հետամուտ կլինեմ և այդ մասին մենք կխոսենք նաև Ալավերդու քաղաքապետի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter