HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աղասի Այվազյանին ճանաչելով` կփրկենք ոչ միայն ազգային, այլև մեր ներսի կյանքը»

Հարցազրույց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանի հետ

Անի Փաշայանի հետ մենք հանդիպեցինք այսօր: Նա տոնական տրամադրույթյուն ուներ: Ասում է՝ իր համար կարևոր օր է, քանի որ այսօր Աղասի Այվազյանի 90-ամյակն է: Անին այվազյանագետ է: Ասում է՝ դեռևս մանկությունից ընտանիքում լսել է Աղասի Այվազյանի անունը՝ որպես ինքնատիպ գրողի: Ա. Այվազյանի գրքերը առեղծվածային, երբեմն տարօրինակ էին թվում իրեն, հատկապես, երբ այդտեղ ծաղրանկարներ էր գտնում: Տարիներ անց գիտական ատենախոսության համար հետաքրքրվել էր մեր ժամանակի արձակագիրներով, իսկ հիմնականում, նշում է, որ իր ուշադրության կենտրոնում երեքն էին՝ Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենցն ու Աղասի Այվազյանը: Գրականության ինստիտուտում իրեն ասել էին, որ առաջին երկու գրողների մասին արդեն գիտական պաշտպանություն կա: «Եվ ինձ մեծատառերով բաժին հասավ Աղասի Այվազյանը»,- ասում է Անին: 2000 թ.-ին նա հրապարակեց իր առաջին գրախոսական հոդվածը Ա. Այվազյանի մասին: Այդ ժամանակ, Անիի խոսքով, բախվեց դաժան իրականությանը, երբ պարզեց, որ Այվազյանի մասին գիտական շրջանառության մեջ դրված հոդվածներ չկային:

-Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին հանդիպումը Աղասի Այվազյանի հետ:

-2000 թ.-ին էր: Ինքս ձեռնարկեցի հանդիպումը նրա հետ, թեև նման հանդիպումներ կազմակերպելու համար սովորաբար ասում են, թե ծանոթներ են պետք լինում: Հեռախոսը վերցրեցի և զանգեցի: Ասացի, որ իր ստեղծագործություններով եմ զբաղվում և ուզում եմ տեսնել: Նա ասաց՝ ե՞րբ ենք հանդիպում: Մինչ այդ ասում էին՝ բարդ մարդ է, բայց ես այդպիսի տպավորություն չստացա: Հենց մարտ ամիսն էր, որ պետք է գնայի իր տուն: Այդ օրը ձյուն եկավ: Այդ պատկերը կար իր ստեղծագործություններից մեկում՝ «Հեքիաթում»: Պատմածքի որոշ դետալներ ապրեցի իր տան ճանապարհին: Մենք շատ լավ զրույց ունեցանք: Երբ նա տեսնում էր, որ իրեն լավ էի լսում, բացում էր գաղտնարանները՝ մանկությունից մինչև այն օրը, երբ մտել էի իր տուն: Այդ զրույցը տևեց 3,5 ժամ: Երբ եկա տուն, անմիջապես սկսեցի գրի առնել ասածները:

-Ի՞նչ տպավորվեց առաջին հանդիպմանը, հատկապես, որ Ձեզ նախապես ասել էին, որ նա բարդ մարդ է:

-Առաջին հակադրությունն այն էր, որ պատկերացնում էի, թե Աղասի Այվազյանը սարսափելի թզուկ պետք է լինի, որովհետև ինքն իրեն այդպես էր պատկերել տարբեր նկարներում: Երբ դուռը բացեց, իմ առջև մի հաղթանդամ մարդ կանգենց: Մտածեցի՝ ի՞նքն է Աղասի Այվազյանը, նույնիսկ ուզում էի հետ գնալ: Նայում էի ձեռքերին, մատները երկար էին, նույնիսկ չէին տեղավորվում սեղանին: Այդքան բարձրահասակ էր: Երբ ասում էին, թե նա չի խոսում, կրկին հակառակը տեսա: Հարցեր էի տալիս, բայց ինքը սիրում էր, որ թեման ինքը զարգացներ: Այդ մասին բոլորն էլ գիտեն: Նա խոսում էր հետաքրքիր: Հետագա մեր բոլոր հանդիպումներին ես ավելի շատ լսում էի նրան, և դա շատ լավ նախապայման էր ինձ համար: Երբ մենք խոսում էինք, ասում էր, որ չի ցանկանա, որ ես իրեն տեսնեմ մահվան մահճում, քանի որ ուսումնասիրում եմ իր ստեղծագործությունները: Ես լրիվ մոռացել էի այդ մասին: Երբ մահացավ, նրա հուղարկավորության օրը կատարվեց դա: Թաղման ծեսին գնալու ճանապարհին մեր ավտոբուսը խճճվեց: Դա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, ինչպես իր «Կիրճը» պատմվածքում էր, որտեղ ավտոբուսը պտտվում է՝ գնալով ռեստորանի մոտ, հետո մարդիկ ճաշում են այդտեղ՝ Քրիստոսի նկարներն են գնում: Պատմվածքն այդպես է վերջանում: Իսկ մեր ավտոբուսը պտտվեց-պտտվեց՝ այդպես էլ գերեզմանատուն չհասնելով: Մենք հայտնվեցինք մի ռեստորանի մոտ, որտեղ կառավարությունը հոգեհաց էր կազմակերպել, նստեցինք այդտեղ, այնուհետ դուրս եկանք: Հիմա ինչպե՞ս վերաբերվեմ իրականությանը: Ես այդպես էլ չտեսա Աղասի Այվազյանի թաղումը: Գրականությունը, գիրը անթնանալու, վերածնվելու հատկություններ ունի:

-Դա մի քիչ վախեցնող էլ է, չէ՞:

-Իհարկե, իրականության մեջ տաբուներ կան, օրինակ մահապաշտությունը, որը պետք է լինի շատ ամփոփ: Դրան տրվելու չափաբաժին կա արձակում և պոեզիայում: Աղասի Այվազյանի մոտ ընդգծված չէ դա, նրա արձակում լույսն է շատ:

Մեր հանդիպումներից մեկի ժամանակ մի զարմանահրաշ դեպք պատմեց: Պատշգամբում մոր հետ զրույցի ժամանակ իրեն տեսել էր վերևից, մի պահ անէացել էր: Չեմ կարող ասել, թե դա ինչ վիճակ է, կամ ինչ պատմություն է եղել. գուցե դա ուշաթափություն էր, գուցե իրեն է թվացել: Բայց ինքն իրեն տեսել էր վերևից՝ անրջական լույսերի մեջ է զգացել իրեն: Նա չի կարողացել հասկանալ՝ քանի վայրկյան կամ րոպե է տևել: Այդ օրվանից նրա գրականության մեջ հայտնվեց լույսը: Այն կերպավորված լուսարձակների, օղակների նման հայտնվեց նրա ստեղծագործություններում: Նա ինձ պատմեց, որ դա ֆիզիական և հոգևոր անբացատրելի վիճակ էր, որտեղ զգացել էր, թե ինչ է տիեզերքը, որտեղ ինքը թռչում էր: Երբեք չեմ մոռանա նրա աչքերը այդ պատմությունը պատմելու ժամանակ, որոնք կրկին լույս էին արձակում: Երբ նա պատմում էր այդ մասին, նույնիսկ մի պահ ընկրկեցի, որովհետև զարմանալի բան էր տեղի ունեցել:

Ես մի կասկած ունեմ, չգիտեմ՝ արժե՞ հրապարակել այդ մասին: Նրա ծննդյան օրը գրական տեղեկատուում գրված է սեպտեմբերի 11-ը, քանի որ փաստաթղթերում այդպես է գրված, բայց նա ասում էր, որ ծնվել է մարտի 23-ին: Դա առեղծված մնաց ինձ համար: Եվ կասկածում եմ, որ այդ լույսի օրվա հետ է կապում իր ծնունդը: Ինձ ոչ ոք չի ասել այդ մասին: Այդ գաղտնիքը նա տարավ իր հետ:

-Անի, Այվազյանի ստեղծագործություններում մաքրություն, ազնվություն կա: Ինչպիսի՞ն էր նրա մանկությունը:

-Ի՞նչ մանկություն է ունեցել. դժվար: Ապրել է մի երկրում, որի տերն ինքը չի եղել (Աղասի Այվազյանը ծնունդով Վրաստանի Աբասթուման գյուղից է- հեղ.): Նա ապրել է Վրաստանում, իսկ այդ տարիներին հայը հանգիստ չէր կարող ապրել այնտեղ, մանավանդ մտավորական տեսակը: Բայց գերերջանիկ ապրել է իր արմատների հետ, ապրել է մի ընտանիքում, որտեղ բոլորը սիրել են իրար: Արմատներով Էրզրումից էր, պապերը 19-րդ դարում գաղթել էին Ախալցխա: Նրա հայրը և բոլոր հորեղբայրները դարբիններ են եղել: Դարբնի քուրան այնպիսի հզոր ազդեցություն է թողել, որ ամբողջ կյանքում ուղեկցել է Այվազյանին: Նա մի պատմվածք ունի՝ «Քուրան». երկպատում ճյուղով է գնում՝ մի դեպքում ինքն է, մյուս դեպքում կինն է՝ Մարիամը: Այդպիսի բան չկա մեր պատմվածքներում, բովանդակությունը դեռ մի կողմ թողնենք: Սիրո պատմություն է, որն արտահայտվում է կրակի միջոցով՝ մեկ բոցավառվելով, մեկ հանդարտվելով: Նա այդ ամենը պատկերացրել է քուրայի ձևով:

-Դրա համար էլ գրեց «Եռանկյունին»:

-Աղասի Այվազյանը 40 տարեկանում եկավ Հայաստան մեկ ճամպրուկով, շատ դժվարին վիճակով և նկարահանեց «Եռանկյունին»: Փոթորիկների ճանապարհ անցավ, այդպես չէր պատկերացնում: Հենրիկ Մալյանն էլ իր մանկության ընկերն էր, ում հետ մեծացել են Կուր գետի ափին: Նրա հետ մի ամբողջ կյանք են կիսել: Մի անգամ ասաց` երբ Հենրիկ Մալյանը մահացավ, ես էլ էի ուզում մահանալ, բայց կյանքի սերը նորից պահեց ինձ:

«Եռանկյունին» Հենրիկ Մալյանը վերաձևել էր իր հոգու կտրվածքով, ինչն Աղասի Այվազյանը չէր կարող հասկանալ: Նա իրենն էր ուզում տեսնել, բայց ամեն ռեժիսոր վերցնում է հիմնական գծերը: Այվազյանը թեև շատ էր սիրում այդ ֆիլմը, բայց եթե ինքը նկարեր, այլ պատկեր կունենար:

Աղասի Այվազյանն ուզում էր նվիրվել ռեժիսուրային, բայց ինքը հիմնային գրող էր, գրողը հաղթեց: Բազմիցս ասել է ինձ, որ ինքը չէր ուզի գրող լինել, բայց ծնվել է որպես գրող, չի կարող չգրել: Ասում էր՝ լավ, գոնե գրող չլինեի, ռեժիսոր լինեի, բայց գրիքը քաշում էր դեպի իր խորխորատները: Մի անգամ ինձ ցույց տվեց իր գրքերը, որոնք միշտ դրված էին գրասեղանի դիմաց, ասաց՝ չեմ հասկանում, ո՞վ է գրել այս գրքերը, ե՞ս եմ գրել: Ասացի՝ իհարկե, Դուք եք գրել: Ասաց՝ ես ոչինչ չեմ գրել: Տոլստոյն էլ այսպիսի միտք է հայտնել: Նա ուզում էր ասել, որ իրենից անկախ է գրվել, ի վերուստ է: Այդպիսին է գրականությունը:

Երբեք ոչ մի արհեստականություն չի ընդունել: Դրա համար անձնական կյանքը խորդուբորդ ընթացք է ունեցել: Շատ դժբախտ էր անձնական կյանքում, և դա բոլորը գիտեն: Շատ ուշ ծանոթացավ Գրետա Վերդյանին, և կյանքը կանոնակարգվեց: Գրքում ասում է, որ այդ երևույթի շնորհիվ հասկացավ, թե ինչ է ընտանիքը:

-Անի, Աղասի Այվազյանի մանկության մասին պատմելիս, կարծես, հուզվեցիք: Հուզմունքո՞վ եք հիշում նրան:

-Այո, կա հուզմունք: Ափսոսում եմ, որ շատ չեմ ձայնագրել նրան: Ափսոսում եմ, որ երբ պատմում էր «Երազ իմ երկրի» մասին, չձայնագրեցի, որպեսզի մարդիկ լսեին, որ այդ երգի բառերն իսկապես իրենն են: Այդ երգն ինչ-որ տեղ մնացել է անտերության մեջ: Տխրությունը Աղասի Այվազյանի հանդեպ տարբեր պատճառներ ունի: Առաջինը, որ լավ չի գնահատվել, երկրորդը՝ կիսատ բաներ կային, այսինքն՝ բաներ, որոնք ես չեմ արել, չեմ գրել, ինչը կանեմ:

-Խոսեցինք Ձեր և Աղասի Այվազյանի առաջին հանդիպման մաիսն, իսկ վերջինը հիշո՞ւմ եք:

-Այո, շատ հիվանդ էր: Գնացի իրենց տուն, սեղանին դեղերի սրվակներ կային, մեկ առ մեկ խմում էր այդ դեղերը: Խորապես հավատում էր բժիշկներին: Վերջին հանդիպումը գրողի մահվանից 1 տարի առաջ էր, բայց դրանից հետո մենք հեռախոսով էինք խոսում: Արդեն հիվանդ էր, ասում էր՝ վատ տեսքով է և չի ուզում, որ որևէ մեկն իրեն այդպիսին տեսնի: Նա մինչև կյանքի վերջ գրեց: Վերջին գիրքը՝ «Խորքի խորությունը», ես եմ խմբագրել:

-Ասացիք՝ Այվազյանը չի գնահատվել, իսկ այսօր գնահատվո՞ւմ է:

-Ամեն ինչ արվում է՝ երկու անգամ կազմակերպեցինք թատերական փառատոն, ԵՊՀ-ում՝ ընթերցումներ, բայց Աղասի Այվազյանը գրական ժամանակների հետ կապված լիարժեք չի ընթերցվում: Ընթերցումները, կարծում եմ, պետք է կազմակերպել ուրիշ որակով, որը ես կանեմ: Մենք պետք է հասկանանք գրողի տողը: Եթե սկսի Աղասի Այվազյանի հետքի ընթերցումը, կյանքն ինքնին կհեշտանա: Գրականությունն ինչո՞ւ է ստեղծվել, որպեսզի մարդուն օգնի, իսկ Աղասի Այվազյանը բոլոր քայլերն արել է դրա համար: Աղասի Այվազյանի տեքստի միակ դժվարությունը բառապաշարն է, ինքը գրում է բացառիկ հայերենով, մաքրամաքուր, հաճախ բառարանային, բայց ոչ անկենդան: Մի քիչ դժվար է դարպասները բացելը:

-Իսկ ի՞նչ լուծում է ստացել Աղասի Այվազյանի տուն-թանգարան ստեղծելու հարցը:

-Դեռ ոչ մի լուծում չի ստացել այդ հարցը, նրա կինը մեծ ծրագիր ունի: Կանաչ ճանապարհ այդ գործին, և ուզում եմ, որ ստեղծվի այն տեղը, որտեղ կլինեն Աղասի Այվազյանի մասին մտածող և դեպի նա գնացող մարդիկ: Կարծում եմ՝ կգա այդ օրը, երբ նրա տուն-թանգարանը կկառուցվի, որտեղ կլինի այվազյանական մթնոլորտ: Գրողի մահվանից հետո քիչ բան չի արվել: «Աղասի Այվազյան» հիմնադրամի անդամներից մեկը լինելով՝ մենք առաջ ենք տարել ամեն բան: Նրա կնոջ և մեր ջանքերի շնորհիվ Աղասի Այվազյանը 50 տարով մոտեցավ մեր ժամանակին: Դա քիչ չէ, բայց չենք կարող ասել, որ ամեն ինչ արել ենք: Ընթերցողի հարց է: Մինչև մարդը չվերցնի կարդա, գրողը կենդանի չի կարող լինել: Գրողին պետք է ապրեցնել նրան կարդալով: Միակ փրկությունը դա է:

-Այսօր Աղասի Այվազյանի 90-ամյակն է... Այստեղ բազմակետեր դնելով՝ ի՞նչ կավելացնեք:

-Եվ ինքը դեռ մեծ ճանապարհ ունի դեպի ընթերցողը, ցավոք: Լինելով հզոր գրող, դրամատուրգ, մշակութաբան, հրապարակախոս՝ ճիշտը պիտի ասենք, չասենք՝ Այվազյանին լավ ենք ճանաչում: Մենք պիտի խուսափենք ստից: Մենք՝ գրականագետներս, լինելով գրականության բժիշկներ, կարողանանք ուղղորդել: Աղասի Այվազյանը շատ բան էր ուզում փոխել: Մի պատմվածք ունի՝ «Ոտավորը», ասում է ՝ մի մարդ ոտքով գնաց-գնաց, մի շրջանակ գծեց, եկավ մի կետի վրա կանգնեց, ասաց` սա է Հայաստանը: Բոլորը հավատացին դրան: Ասում է՝ եկեք պահենք, էլի, էս հողը, եկեք սիրենք էս փոքրիկ Հայաստանը, չբզկտենք, չքայքայենք: Մենք հաճախ հեռանում ենք մեր մտերմիներից փոքրիկ դետալների պատճառով, իսկ Աղասի Այվազյանի գրականությունը ցույց է տալիս ինչպես փրկել մտերմությունը և հասկանալ մեկը մյուսին՝ կորուստներից հեռու լինելով: Անկեղծորեն եմ ասում, Աղասի Այվազյանին ճանաչելով, մենք կփրկենք ոչ միայն ազգային, այլև մեր ներսի կյանքը:

Առաջին լուսանկարը՝ Ա. Փաշայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

ԱԻդա
Նայում էի ձեռքերին, մատները երկար էին, նույնիսկ չէին տեղավորվում սեղանին: Այդքան բարձրահասակ էր: Թաղման ծեսին գնալու ճանապարհին մեր ավտոբուսը խճճվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter