HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հուլիսին հեռարձակման թվային ազդանշանը հասանելի կլինի ամբողջ Հայաստանում

2015 թվականի հուլիսի 1-ից սկսած` Հայաստանի տարբեր բնակավայրերում աստիճանաբար կդադարեցվի անալոգային հեռարձակումը եւ կսկսվի թվայինը: Հեռուստադիտողն էկրանին ավելի լավ պատկեր կտեսնի, եթե, իհարկե, ունի նոր սերնդի հեռուստացույց կամ հեռուստացույցին միացված ապակոդավորող, որն անալոգային ազդանշանը կվերածի թվայինի: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանի հետ զրուցել ենք հեռուստատեսության թվայնացման գործընթացի մասին:

-Փետրվարի 20-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտարարեց, որ «թվայնացման` նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է։ Ի՞նչ է արվել, եւ դեռ ի՞նչ անելիքներ կան:

-Վաղուց ավարտվել են բոլոր նախագծային աշխատանքները, վաղուց սկսվել է ռեալ տեխնիկական համակարգի իրականացումը: Այսօր ունենք փաստացի թվային եթեր, որը հասանելի է մեր բնակչության 75.4 տոկոսին եւ ընդգրկում է ավելի քան 400 բնակավայր: Օրական այս ծավալը մեծանում է, ձմեռային շրջանում աշխատանքների տմեպը փոքր-ինչ դանդաղել էր, հիմա ընդլայնումն ավելի ինտենսիվ ձեւով կլինի: Ստեղծված են այն գլոբալ համակարգերը, որոնք ոչ թե կապված են տարածքները ծածկելու հետ, այլ համակարգային են ամբողջ թվային հեռուստատեսության համար:  Այսինքն` մուլտիպլեքսավորման կենտրոնը, որտեղ ձեւավորվում են թվանշային ազդանշանները, ծրագրերը եւ այլն: Այս իմաստով չունենք մտահոգություններ, որ օրենքով սահմանված ժամկետներում ծրագիրն ավարտած չենք լինելու: Կարծում եմ, որ մինչեւ հուլիսի սկիզբը տեխնիկապես կունենանք ազդանշանը ամբողջ Հայաստանում, եւ մեր հանրության խնդիրը կլինի տեխնիկական վերազինումը այս ազդանշանն ընդունելու եւ դրանով մատուցվող տեղեկատվությունը սպառելու համար:        

-Թվայնացման վերաբերյալ հանրության իրազեկումը կարծես թե ուշ սկսվեց եւ ոչ` մեծ թափով: Միայն վերջերս է սկսվել մեկ-երկու հեռուստաընկերությամբ սոցիալական գովազդների հեռարձակումը: Դուք բավարա՞ր եք դա համարում ամբողջ բնակչության իրազեկման. բացատրական աշխատանքների համար:

-Կարծում եմ, որ ուշ չի սկսվել, նույնիսկ նախորդող է: Կարող էր սկսվել անգամ թվայնացման ժամկետի ավարտից մեկ-երկու ամիս առաջ, բայց մենք նախընտրեցինք, որ տարեսկզբից լինի այդ իրազեկման գործընթացը Հայաստանում, որովհետեւ նոյեմբերին սկսել էինք մեր փորձնական հեռարձակումը Արարատյան դաշտավայրի գոտում: Ինքներս վարում ենք մեր կայքէջը, որտեղ մանրամասն տեղեկատվություն ենք տալիս գործընթացի մասին եւ օժանդակ տեխնիկական նյութեր ենք տեղադրում քաղաքացիների համար` ինչպիսի սարքեր ընտրել, որ սարքերն են համատեղելի մեր հեռարձակման համակարգի հետ, ինչպես դրանք համակցել իրենց հեռուստացույցների հետ եւ այլն: Այսինքն` վարում ենք իրազեկման քաղաքականություն մեր մասնագիտացված կայքի միջոցով: Մեզ հետ համագործակցում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց իրազեկման քաղաքականությունն են վարում եւ հղումներ են անում մեր ինֆորմացիոն աղբյուրների վրա: Կարծում եմ` շատ լավ աշխատում են լրատվամիջոցները` վկա նաեւ մեր այս հանդիպումը «Հետքում», որոնք հանրային հետաքրքրություն ներկայացնող առարկայի շուրջ տեղեկատվություն են տալիս: Այնպես որ, կարծում եմ` ուշացած չէ: Ինֆորմացիայի այն ծավալը, որն անհրաժեշտ է քաղաքացուն թվային հեռուստատեսությունից օգտվելու համար, բավարար կլինի:

-Մարդիկ նաեւ ֆինանսական միջոցներ պետք է նախատեսեն համապատասխան սարքերը գնելու համար:

-Կա խնդիր, եւ այն որակական դասակարգում է առաջացնում: Բոլոր այն քաղաքացիները, որոնք դասակարգված են սոցիալապես անապահովների շերտում, պետությունը հայեցակարգային դիրքորոշում ունի եւ սկզբունք է որդերգրել, որ նրանք պետք է օգտվեն թվային հեռուստատեսությունից եւ պետք է ապահովվեն այդ հնարավորությամբ պետության միջոցներով: Դա կլինի սարքերի անհատույց տրամադրում, թե դոտացիոն ինչ-որ համակարգ` կհստակեցվի օրերս: Կարճ ժամանակում մենք կտեսնենք սոցիալապես անապահով խավի խնդրի վերջնական լուծումը: Մյուս քաղաքացիների համար անալոգային հեռարձակման անջատումից առնվազն վեց ամիս առաջ կա իրազեկում, եւ նրանք կարող են ընտրել այն պատեհ պահը, թե երբ ձեռք բերեն այդ կցորդները: Միջազգային փորձից օրինակ բերեմ. երկրներ կան, որոնք անցումային փուլ էին սահմանել համատեղ հեռարձակման`եւ թվային եւ անալոգային ֆորմատով, մի քանի տարի: Ֆիննական հայտնի սինդրոմը կա, որ բնակչությունը ավելի քան երեք տարի տեղյակ էր, որ կոնկրետ ամսաթվի անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի, եւ խնդիրն իր սրությամբ կանգնեց վերջին երկու ամսվա ընթացքում, երբ պարզվեց, որ հանրությունն ընդհանրապես քայլեր չի ձեռնարկել` սպասելով վերջին օրվան:

-Անապահով ընտանիքների թվի վերաբերյալ տարբեր տվյալներ են հնչել` 100, 130 կամ 150 հազար: Արդյոք կոնկրետացվե՞լ է այս թիվը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ ասացին, որ այս պահի դրությամբ իրենք կոնկրետ թիվ չեն կարող նշել, թե քանի ընտանիք կապահովվի ապակոդավորողներով, եւ առհասարակ կապի նախարարությունը դեռեւս իրենց չի դիմել այս հարցով:

-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ինքը պիտի ճշտի այդ թիվը` անկախ նրանից` կապի նախարարությունը դիմե՞լ է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ սոցիալական այս շերտը հստակ շերտ է, եւ նրա վերաբերյալ մշտական հաշվառում է իրականացվում: Դա դինամիկ թիվ է եւ փոխվում է օրըստօրե` տարբեր պատճառներով` կարող է ավելանալ կամ նվազել: Նախ` պետք է հստակեցվի մեխանիզմը` սարքերի ձեռքբերում, անհատույց տրամադրում, միգուցե ֆինանսական փոխհատուցում: Երբ վերջնական տարբերակը հստակեցված լինի, նամակագրությունը գերատեսչությունների միջեւ մի քանի օրվա խնդիր է:

-Մարզային 14 հեռուստաընկերություն 2015թվականի հուլիսի 1-ից դադարեցնելու է հեռարձակումը, քանի որ նրանց անալոգային հեռարձակման լիցենզիաների ժամկետն ավարտվում է: Այս կայանների խնդիրն ինչպես է լուծվելու:  Վերջերս հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է երկարաձգել հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով` վերջնաժամկետ սահմանելով 2017թ. հուլիսի 1-ը: Կընդունվի՞ այս օրինագիծը:

-Դժվարանում եմ ասել` կընդունվի, թե ոչ, որովհետեւ ի պաշտոնե օրնեսդիր մարմնի հետ որեւէ առնչություն չունեմ, մենք զբաղված ենք միայն տեխնիկական գործունեությամբ: Բայց ունեմ հիմքեր` ենթադրելու, որ այս հեռուստաընկերությունների համար գոյությունը շարունակելու, պահպանելու հնարավորություններ, լուծումներ լինելու են, որովհետեւ նախադեպ կար` տարիներ շարունակ նրանք, չլինելով մարզային հեռուստաընկերություններ, նրանց գործունեության լիցենզիաները երկարաձգվել են: Այսինքն` եղել է միտում եւ ցանկություն, ոչ թե այսօր այն պիտի ձեւավորվի, այլ նախկինում եւս դա եղել եւ գործել է, պարբերաբար նրանց հնարավորություն է տրվել շարունակել գործունեությունը: Եթե չլիներ նման ցանկություն` լուծումներ գտնել նրանց հետագա գործունեության կարգավորման համար, դժվար թե երկարաձգման գործընթացը տարիներ շարունակ իրականացվեր: 

-Հայաստանն արդեն 10,6 մլն դոլար է վճարել թվայնացման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման եւ սարքերի տեղադրման աշխատանքների կատարման համար: Բայց դրանով չի ավարտվում թվայնացման գործընթացը: Դեռ ինչքա՞ն պետք է ծախսվի, եւ ամբողջ գործընթացը որքա՞ն կարժենա:

-Ձեր նշած թիվը բացառապես սարքերի եւ սարքավորումների արժեքն է, ծրագիրն իրականում շատ ավելի թանկ է եւ մոտավորապես, քիչ պակաս իր հաշվարկային գնից, կազմում է 17 մլն դոլար: Քիչ բան է մնացել ծրագրի ավարտին, դրանից 3 մլն դոլարից ավելի վերադարձվում է բյուջե հարկերի եւ տուրքերի տեսքով ապրանքների ներկրման եւ ծառայությունների ձեռքբերման ժամանակ: Ծրագիրն իրականում ավելի թանկ է, քանի որ մեր հիմնարկի կողմից նույնպես մեծ ծավալի ներդրումներ են արվել` լրացնելու այս ծրագիրը, տեխնիկական ավելի կատարյալ լուծումներով հավելելու, որը գումարային տեսքով ներառված չէ նշված գումարի մեջ եւ հանրությանը տեսանելի չէ: Ավելին` ունենք խնայողություն, որը կվերադարձվի պետբյուջե:

-Տասնյոթ միլիոն դոլարը ներառում է, արդյոք, անապահով սոցիալական խավի համար ապակոդավորողներ ձեռք բերելու ծախսը:

-Այո, երկուսուկես միլիոն դոլարը նախատեսված է այդ սարքավորումները ձեռք բերելու համար:

-Հարեւան Վրաստանում թվայնացման ամբողջ գործընթացն արժեցել է 10 միլիոն եվրո եւ տեւել 2 տարի: Ինչո՞ւ է մերն ավելի թանկ եւ ժամանակատար:

-Տասը միոլոն եվրոն դոլարային համարժեքով գրեթե նույն ծախսն է: Կարելի է շատ մեծ տարածական երկրում իրականացնել նույն գործընթացը շատ ավելի պակաս ծախսերով, քանի որ հեռահաղորդակցությունը սերտորեն կապված է տեղանքի առանձնահատկությունների հետ: ՀՀ-ում կա բնակավայր, որտեղ մեկ քաղաքի համար անհրաժեշտ է չորս կայան կառուցել: Օրինակ՝ Դիլիջան քաղաքը: Գառնիի համար աշխատելու ենք երկու կայանով: Այսինքն՝ տարածքը որոշիչ դեր ունի ամբողջ համակարգի ձեւավորման, նաեւ՝ ֆինանսական ծախսերի տեսանկյունից: Հաճախ է բերվում Վրաստանի օրինակը, սակայն պետք է ասեմ, որ այնտեղ գործընթացը դեռեւս սաղմնային վիճակում է, ավարտված գործընթաց չկա, տենդերները հայտարարվել են, բայց աշխատանքները դեռ չեն սկսվել: Այնպես որ, զարմանալի է վրացական օրինակի մատնանշումը:  

-Մասնագետները թվայնացման գործընթացի տեխնիկական թերությունների մասին են խոսում, օրինակ` որ «Էրիքսոնի» ներդրած ծրագիրը համատեղելի չէ հայերենի հետ: Արդյոք հեռուստատեքստի հայալեզու տարբերակը նորմալ կարտացոլվի՞ էկրանին:

-Դա տեխնիկական թերություն չէ: Մեր համակարգը հայերեն հեռուստատեքստ կարող է հաղորդել: Բայց եթե որեւէ մեկի տանը կա Panasonic արտադրության թվային հեռուստացույց, որը հայերեն տառատեսակը չի ճանաչում, դա մեր համակարգի խնդիրը համարվել չի կարող: Կարծում եմ՝ կարգավորում պետք է ունենանք, որ Հայաստան ներկրվող վերջնամասային սարքավորումներին պահանջ առաջադրվի, դրանք ապահովեն հայերեն տառատեսակների ընդունումը: Մեր համակարգն ունի այդ հնարավորությունը, մենք դա նախատեսել ենք, տենդերի պայմաններում մենք դա հստակեցրել ենք: Պարզապես ապակոդավորող սարքերը, որոնք տարբեր երկրների արտադրության են, կարող է ապահովեն, կարող է՝ ոչ:

-Հնարավո՞ր է, որ թվային հեռուստատեսությունը չկարողանա մրցակցել կաբելային, ինտերնետային, արբանյակային հեռարձակողներին, եւ մի քանի տարի անց Հայաստանում թվային հեռուստատեսության գոյությունը, հետեւաբար` այսքան ներդրումը, ծախսն անիմաստ լինի:

-Հարցը պիտի բաղդատեմ երկու մասի: Գիտեք, որ տեղեկատվությունը սպառողների մշտական միգրացիա կա, եւ դա կոնյունկտուրային, իրավիճակային միգրացիա է պլատֆորմից պլատֆորմ: Հեռուստալսարանի առումով հստակ կարող եմ ասել, որ ինչ-որ պահի գերակշիռը որպես աղբյուր հեռուստատեսությունն է, բայց կան պահեր, երբ տեսնում ենք, որ նույն հաղորդաշարը ինտերնետային ռեսուրսից ավելի շատ է դիտվել, քան բնօրինակից: Հեռահաղորդակցության համար կան հայտնի բաղդատված պլատֆորմներ՝ դրանք մալուխային պլատֆորմներն են, որտեղ եւ մալուխային հեռուստատեսություն կա, եւ ինտերնետային վերգետնյա ռեսուրսը, կա արբանյակային պլատֆորմը եւ կա վերգետնյա եթերային պլատֆորմը, որում գործում է դասական հեռուստատեսությունը: Սրանք իրար չբացառող պլատֆորմներ են, որովհետեւ հեռահաղորդակցական մալուխային պլատֆորմը, անկախ բովանդակության ձեւից, ունի ֆիքսված բնույթ՝ չես կարող հետդ տանել, շարժել, դաշտում դրանից օգտվել կամ մեքենայում: Սրանք միմյանց չբացառող են, եւ հեռահաղորդակցության ցանկացած զարգացման դեպքում երեքն էլ պահպանվելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter