HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչ է բացահայտում Անդրանիկ Գրիգորյանի ոչ սովորական դասալքությունը

Մարտի 22-ին, ԼՂՀ ՊԲ շարքային, պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը, ըստ, պաշտոնական տեսակետի, լքել է հենակետը և ինքնակամ անցել  հակառակորդի կողմ: ԼՂՀ-ում կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել դասալքության հատկանիշներով, ինչը հաստատում է պաշտոնական վարկածը, որ Անդրանիկ Գրիգորյանն ադրբեջանական կողմում է հայտնվել դասալքության ճանապարհով:

Դեպքից մեկ օր անց Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութեր հրապարակեց, որոնցում ներկայացվում էր, թե ինչպես է հայ զինծառայողը հանձնվելու համար մոտենում ադրբեջանական դիրքերին և ինչպես է հարցաքննության ժամանակ բողոքում հայկական բանակում տիրող աղետալի վիճակից, պատմում՝ ինչպես են իրեն ծեծի ենթարկել, ինչպես են հայ զինծառայողները «երազում» հետևել իր օրինակին: Տեսանյութերն ակնհայտորեն քարոզչական նշանակություն ունեին, որոնց նպատակն առաջին հերթին բանակի նկատմամբ հայաստանյան հասարակության վստահությունը խաթարելն էր:

Հայկական կողմը, ի դեմս ԼՂՀ ՊԲ-ի, դրանց տարածումից անմիջապես հետո շտապեց հայտարարել, որ զինծառայողի հանձնման մասին տեսանյութը բեմադրության արդյունք է, որ իրականում ադրբեջանական դիրքերում որպես կանոն մարդ չի լինում՝ նման նկարահանումներ կատարելու համար և որ եթե իսկապես նման բան լիներ, հայկական առաջապահ ուժերը լիկվիդացրած կլինեին ակնհայտորեն անվտանգության կանոնները խախատելու միջոցով նման նկարահանում կատարողին:

Անդրադառնալով Անդրանիկ Գրիգորյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու փաստին՝ ԱԺ պատգամավոր, բանակի գեներալ-մայոր Սեյրան Սարոյանն այսօր հայտարարել է, թե նման բան կարող էր իրեն թույլ տալ միայն «թուրքի արյուն ունեցող» մարդը՝ նկատի ունենալով դասալքության դավաճանական բնույթը: Մեկ այլ գեներալ-մայոր՝  արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, խոսելով Ադրբեջանի կողմից Գրիգորյանին նման տեսանյութերում օգտագործելու և նրա կողմից հայկական զինուժի մասին արած պնդումների մասին, ավելացրել էր, թե նա պարզապես ասել ու արել է այն, ինչ իրեն հրահանգել են և որ դա ադրբեջանական կողմի՝ արդեն սովորական դարձած ձեռագիրն է։ Այլ կերպ ասած՝ հայ գեներալները ոչ միայն ամբողջությամբ վստահում են ՊԲ-ի առաջ քաշած վարկածին, այլև առաջնորդվում դավաճանության և ադրբեջանական քարոզչության ձեռագրի մասին հանրածանոթ կարծրատիպերով:

Սա, իհարկե, ամենահեշտն է. հայտարարում ես, որ մարդը դավաճան է, նույնիսկ հոգեկան հիվանդ, ինչպես փորձել էր ներկայացնել Սեյրան Սարոյանը և լուտանքների ու հայհոյանքների տարափի, ողջ պատասխանատվությունը մեկ մարդու վրա բարդելով՝ նրբորեն շեղում ուշադրությունն այն իրողություններից ու հանգամանքներց, որոնք ստեղծել են այս իրավիճակը, որոնց պայմաններում դիրքում կանգնած հայ պայմանագրային ծառայողը հայտնվել է հակառակորդի ձեռքերում:

Դասալքություն էլ կա, դասալքություն էլ: Երբ դասալքությունն ուղեկցում է հակառակորդի մոտ փախչելով, դա միանշանակ դավաճանություն է, որը որևէ արդարացում ունենալ չի կարող: Հարցն այն է՝ արդյոք մենք իսկապես գործ ունենք կլասիկ դավաճանական դասալքության հետ: Այն հիմնավորումները, որոնք բերվեցին տեսանյութերի բեմականացվածությունն ապացուցելու մասին, չեն կարող միարժեքորեն նման պնդման հիմք հանդիսանալ: Սա չի նշանակում, թե Գրիգորյանն իսկապես չի դավաճանել: Սա նշանակում է , որ ՊԲ-ն այն ապացուցելու համար այնքան էլ ճիշտ մեթոդներ չի ընտրել:  

Նախ՝ եթե Անդրանիկ Գրիգորյանն իսկապես դասալիք է և դավաճան, ապա առնվազն զարմանալի է, թե ինչու է ԼՂ ՊԲ-ն համառորեն ուզում համոզել, որ նրան ստիպել են մասնակցել ինչ-որ նկարահանումների: Եթե մարդը դավաճան է, նրանից կարելի է սպասել ամեն ինչ. սկսած իր հայրենիքը պախարակող լիամետրաժ ֆիլմում նկարահանվելուց, վերջացրած սեփական երկրի դեմ դիվերսիոն օպերացիայի մասնակցելով: Դավաճանությունը պարտադրված չի լինում: Հետևաբար եթե ղարաբաղյան կողմն իսկապես համոզված է, որ Անդրանիկ Գրիգորյանը դավաճան է, ապա նա այդ նկարահանումներին մասնակցել է կամավոր: Հետևաբար Կոմանդոսի համար ինչ նշանակություն ունի՝ խոսքը բեմադրությա՞նն է վերաբերում, թե՞ իրական փաստն արձանագրող տեսանկարահանմանը: Դավաճանի դեպքում դրանք նույն արժեքն ունեն:

Բայց նկարահանմանը նման նյարդային վերաբերմունք ցուցաբերելու ԼՂՀ ՊԲ-ի վարքագիծը կարելի է հասկանալ: Որովհետև տրամաբանական պատասխան չկա այն հարցին, թե եթե բացի այդ շարքային զինծառայողից, դիրքերում այլ մարդիկ էլ են եղել, ինչպե՞ս կարողացավ  նա օրը ցերեկով, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ժամը 13.50-ի մոտակայքում, փաստորեն իր զինակիցների տեսադաշտում գտնվելով,  դուրս գալ հենկետից, քայլելով հատել միջդիրքային չեզոք տարածքը և չխփվել ադրբեջանական առաջապահ ուժերի կամ նման դեպքերի սպասող դիպուկահարների կողմից: Ու հենց դրա համար է անհրաժեշտ ողջ կոկորդով, առանց որևէ փաստարկ բերելու բղավել, թե ադրբեջանական դիրքերը դատարկ են եղել, դրա համար էլ Անդրանիկը հանգիստ կարողացել է մոտենալ նրանց:

Թերևս ՊԲ-ն չի էլ ըմբռնում, որ նման մեկնաբանությամբ առաջին հերթին անիմաստ տեղը կասկածներ է հարուցում սեփական դիրքերում մարդ լինել-չլինելու հետ կապված: Որովհետև նույն կերպ ադրբեջանցիները կարող են մեզ հարց տալ. եթե ձեր դիրքերում մարդ կար, ապա ինչո՞ւ նրանք չկարողացան կանխել Անդրանիկի քայլը:

Մինչդեռ սա միայն Անդրանիկ Գրիգորյանի խնդիրը չէ, այլ առհասարակ շոշափում է հայ զինծառայողների անվտանգության հարցը, և նման դեպքերում ավելի լավ կլիներ խոսելուց և հայտարարություններ անելուց առաջ հազար անգամ մտածել:

Ով-ով, գոնե գեներալները, ռազմական փորձառություն ունեցող հեղինակությունները, ոչ թե պետք է կուրորեն տիրաժավորեն այն, ինչ հրամցվում է, այլ նախևառաջ, թեկուզ իրենք իրենց համար, փորձեն հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց այն, ինչ ստացվեց: Ի վերջո, նման մեկնաբանությունները կատարվածից դասեր քաղելու տեղիք տալու փոխարեն կարող են ուղղակի բթացնել բանակի ղեկավարության զգոնությունը, զինվորների առջև պատասխանատվության զգացումը: Առաջինը հենց գենելարները պետք է երկար-բարակ մտածեն՝ ինչ ազդեցություն կունենան իրենց հայտարարությունները հասարակության վրա: Օրինակ, երբ Սեյրան Սարոյանը հայտարարում է Անդրանիկ Գրիգորյանի՝ հոգեկան խնդիրներ ունենալու մասին, պատկերացնու՞մ է, թե ինչ ներքին ուղերձ է այն պարունակում: Ինչպե՞ս է հնարավոր նման խնդիրներ ունեցողի հետ ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքել, ավելին՝ զենքն այդպիսի մարդու ձեռքը տալ և դիրքեր ուղարկել: Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ Անդրանիկ Գրիգորյա՞նն է ավելի շատ ծառայում ադրբեջանական քարոզչությանը, թե՞ սեյրանսարոյանական նման հայտարարությունները:

Դավաճաններ կարող են լինել բոլոր երկրների բանակներում, հատկապես, երբ վերջինս հայտարարված կամ չհայտարարված պատերազմի մեջ է: Դրանից ոչ ոք երաշխավորված չէ, թեև չափազանց ծանր է համակերպվել նման փաստի հետ:

Հարցն այն է, թե որքանո՞վ է բանակը, հասարակությունը գտնվում բարոյահոգեբանական անհրաժեշտ մակարդակի վրա՝ նման դեպքերը նվազագույնի հասցնելու կամ նույնիսկ բացառելու համար, որքանո՞վ են թե́ հոգեբանական և թե́ քարոզչական առումով պատրաստ նման հնարավոր ցավոտ իրողություններին բախվելուն:

Ոչ միայն այս, այլև Ադրբեջանին հանձնված հայկական հինգ հոգանոց ընտանիքի պատմության հետ առերեսումը ցույց է տալիս, որ գոնե քարոզչական առումով դրան բացարձակապես պատրաստ չենք: Անգամ ամենապրոֆեսիոնալ մասնագետները կարող են կամա թե ակամա թույլ տալ այնպիսի անհեթեթ սխալներ, որ «ունքը շինելու տեղ աչքն էլ հետը հանեն»: Իսկ ամեն ինչ գալիս է նրանից, որ երբեմն հայ զինվորի հերոսական կերպարը կերտելիս մարդիկ իրենց թույլ են տալիս դիմել այնպիսի չափազանցությունների, որ թվում է՝ գործ ունենք ոչ թե կենդանի մարդկանց հետ՝ իրենց տարատեսակ վախերով, համոզմունքներով, այլ ռոբոտների կամ զոմբիների: Որ երբ բախվում ենք նման իրողությունների, ուղղակի ցայտնոտի մեջ ընկնելով ոչ միայն հրաժարվում ենք հավատալ դրան՝ փորձելով օբյեկտիվ պատճառները բացահայտել, այլ ձգտում ամոթի զգացումը խեղդել՝ պատասխանատվության ողջ բեռը միայն նմանների վրա բարդելու, մեղքը միայն հակառակորդի քարոզչության վրա գցելու միջոցով: Մինչդեռ դրանից ոչ բանակն է ավելի մարտունակ դառնում, ոչ զինվորի ոգին է բարձրանում, ոչ էլ՝ եղածից բանակի և նրա ղեկավարության նկատմամբ հասարակության վստահությունը:

Մեկնաբանություններ (4)

Վեհարի
Թշնամու կողմը անցնելը ավելի մեծ հանցագործություն է քան ինքնասպանությունը: Որքան պետք է հայ զինվորի արժանապատվությունը խոցված լինի և ուղեղը ծեծից բթացած, որ նա դիմի այդ քայլին: Որքան էլ չուզենանք այդ զինվորը հայ է, իսկ նրան այդ քայլին դրդող, բանակը դժոխային համակարգի վերածող բարձր հրամանատարները դավաճան են կամ թուրք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ուղղակի խնդրում-պահանջում եմ. թող մեկը վերջապես վեր կենա և ասի,թե (հատկապես իրավակա՛ն տեսանկյունից) Ի՞ՆՉ է և Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ այսպես կոչված «ԼՂՀ ՊԲ» . դրա մե՛ծ մասը ՀՀ քաղաքացինե՞ր չեն,որոնք ԱՌԱՆՑ ՀՀ-ԼՂՀ երկկողմանի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ծառայում են Արցախում: ԺԱՄԱՆԱԿԸ չէ՞ de jure վերացնել այս այսպես կոչված «ԼՂՀ ՊԲ»-ն ու այդ փողը ներդնել սահմաննե՛րի ամրապնդման վրա: Ու՞մ ենք խաբում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս դեպքն էլ ևս մի անգամ գալիս է ապացուցելու բոլորի՛ն հայտնի ՓԱՍՏԸ. որ Հայկական բանակում գողական բարքերը դեռ շարունակվում են: Զինվորին ծեծելն ու նրա արժանապատվությանը կպնելը ԳՈՂԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԻ դասական ԱՊԱՑՈՒՅՑ է: Հզոր ու պրոֆեսիոնալ բանակում գողական բարքեր չե՛ն լինում: Հայաստանում թող բանակի հիվանդությա՛ն՝ գողական բարքերի, մասին խոսեն,այլ ոչ սիմպտոմների վրա միայն կենտրոնանան:............................................. Տեսանյութում Անդրանիկ Գրիգորյանին ես ավելի շուտ խղճացի. ես հավատում եմ իր ասածներին,որ իրեն ծեծել են. իր աչքերը չէին խաբում: ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ պահին մարդ ընդհանրապես (ուրիշների համար անհասկանալի) որոշումներ է կայացնում: Պատկերացրեք՝ տղան գնացել է պայմանագրային ծառայության ու եթե անընդհատ ծեծում են իրեն, ՈՒ՞Մ ՊԻՏԻ ԴԻՄԻ ինքը: Կա՞ մի այդպիսի ԱՆԿԱԽ կառույց երկրում,որ ծեծվող զինվորներին պրոֆեսիոնալ կերպով օգնի: Դրա համար ես արդեն առաջարկել եմ Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով: .....................................................Ինձ համար իսկակա՛ն դավաճանները նրանք են,ովքեր ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ,որ արդեն 20 ՏԱՐՈՒՑ ավել բանակում գողական բարքերը շարունակվեն: Դա իրե՛նց ձեռք է տալիս՝ փո՛ղ աշխատելու ու բանակը հսկելու համար: Մամուլի ասուլիսներում տարիներո՛վ նույն բանը ասելո՛վ չէ, այլ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾ անելով: Միայն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ միջոցով է բանակում փոփոխություններ լինելու՝ ինչպես օրինակ ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ կառույցի ստեղծումը:
Կարեն
Թերևս ՊԲ-ն չի էլ ըմբռնում, որ նման մեկնաբանությամբ առաջին հերթին անիմաստ տեղը կասկածներ է հարուցում սեփական դիրքերում մարդ լինել-չլինելու հետ կապված: Որովհետև նույն կերպ ադրբեջանցդիները կարող են մեզ հարց տալ. եթե ձեր դիրքերում մարդ կար, ապա ինչո՞ւ նրանք չկարողացան կանխել Անդրանիկի քայլը: Արմեն այդ վարկածի հավանականությունը զրոյին շատ մոտ է։ ես կարծում եմ, որ մեր մյուս դիրքապահները լավ էլ նկատել են, նույնիսկ գոռացել են հետևից, փորձելով հետ պահել։ բայց ռիսկ չեն արել խրամատից բարրանալ, որ հետ պահեն, թուրքերի դիպուկահարը միանգամից կկրակեր։ Ու շատ ճիշտ են արել։ Իսկ Խրամատից դեպի դուրս ցատկելը ու ինչ որ ուղղությամբ քայլելը վայրկյանի հարց է, որևէ մեկը դա չի կարող կանխել։ միակ բանը, որի մեջ կարելի է մեղադրել մերոնց, թե ինչու իրենք կրակ չեն բացել թշնամու կողմը անցնողին ոչնչացնելու համար։ միգուցե դաժան է հնչում, բայց սա իրոք պատերազմ է, իսկ պատերազմում՝ուրեմն պատերազմի կանոններով! հայրենական մեծ պատերազմի ժամանակ ոնց կվարվեր դիրքի ավագը նման դեպքում՞ տեղնուտեղը կգնդակահարեր թշնամու կողմը գնացողին։ Հակառակ դեպքում ինքը տրիբունալից չէր պրծնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter