Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Կադաստրի որոշումները մեծացնում են կոռուպցիոն ռիսկը



ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պետը հրաժարվում է գրանցել «Տարբերակ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը Իսրայելյան փողոց 39 շենքի 259 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Սեփականությունը չգրանցելու Կադաստրի ներկայացրած պատճառաբանությունները վիճարկվել են ՀՀ տնտեսական դատարանում, եւ 2006թ. հուլիսին օրինական ուժի մեջ մտած վճիռը Կադաստրին պարտավորեցրել է գրանցել սեփականությունը: Սակայն «Կենտրոն» ստորաբաժանման պետը հրաժարվում է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը:

«...սեփականության իրավունքի պետական գրանցումը կկատարվի ընկերության կողմից Երեւանի քաղաքապետարանի 24.02.06թ. 18-06/2-655 գրության, հողամասի առկա շինության օրինականությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով հաստատված պատճենները, ինչպես նաեւ հատկացված հողամասից ավել օգտագործվող աստիճանների տակ 15,4 քմ հողի եւ աստիճանների օրինականությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո»,- շարունակել է պնդել «Կենտրոն» մասնաճյուղի պետ Ա. Պետրոսյանը:

ՀՀ տնտեսական դատարանի վճիռը կատարելու համար հարուցվել է կատարողական վարույթ, սակայն պետական գրանցումը պարտավորեցնելու մասին հարկադիր կատարողի որոշումն այդպես էլ չի իրականացվել, չնայած վաղուց սպառվել է վճիռների կատարման համար «ԴԱՀԿ մասին» օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը:

Սա միակ դեպքը չէ, երբ Կադաստրը հրաժարվել է կատարել դատարանի վճիռը: Վերջերս նման հայտարարություն արեց նաեւ փաստաբան Արթուր Գրիգորյանը, որի վստահորդի՝ կադաստրից մերժում ստացած Ի. Ռոմանովայի գործով Վերաքննիչ դատարանի 2006թ. մայիսին կայացրած վճիռն այդպես էլ չկատարվեց: Դատարանը Կադաստրի «Կենտրոն» մասնաճյուղի պետին պարտավորեցրել էր վերականգնել քաղաքացու հողամասի իրական չափերը: «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պետը վճռի դեմ բողոք չի բերել, սակայն հրաժարվել է կատարել դատարանի վճիռը:

«Պետության կարիքների համար վերցվող օտարման գոտում գտնվող Արամի փող. 28 հասցեի պետական գրանցումը կատարելուն պարտավորեցնելու մասին հայտնում ենք, որ որոշումը կներկայացվի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի քննարկմանը, որի որոշման հիման վրա կտրվի համապատասխան ընթացք»,- պատասխանել է Կադաստրի «Կենտրոն» մասնաճյուղի պետը:

Կադաստրի ներկայացուցչի այս երկու գրություններն էլ խոսում են այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի որոշումներն ավելի մեծ ուժ ունեն նրա համար, քան դատարանների վճիռները, որոնք անվերապահորեն ենթակա են կատարման: Դատական ակտերի կատարումը ողջամիտ ժամկետում ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքով ամրագրված մարդու իրավունք է, եւ նման դեպքերում ԴԱՀԿ քայլը պետք է լիներ դրանք իրականացնելու համար հարկադրանքի միջոցներ կիրառելը: Կատարվածը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 206.5 հոդվածով նախատեսված իրավախախտում է, որի համար օրենքը պատիժ է սահմանում՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Սակայն ԴԱՀԿ-ն, որ իրեն տրված լիազորություններով պարտավոր է ապահովել դատարանի ուժի մեջ մտած վճիռների կատարումը, խուսափում է օրենքով իրեն վերապահված պատժատեսակները կիրառելուց: Համենայնդեպս, մինչ օրս հայտնի չէ, որ ԴԱՀԿ որոշումը չկատարելու համար որեւէ մեկը քրեական պատասխանատվության ենթարկվի:

«Եթե դատարանի վճիռները չեն հարգվում, ապա այդ երկրում իրավական հասարակարգի մասին խոսք լինել չի կարող: Մեզ մոտ կան մի շարք կազմակերպություններ, որոնք հանրաճանաչ են նրանով, որ չեն հարգում դատարանի վճիռները: Դատարանի կայացրած արգելանքի որոշումները նրանց նկատմամբ չեն գործում, դատարանի կայացրած վճիռները նրանք չեն կատարում, եւ ցավալին այն է, որ խոսքը վերաբերում է պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց»,- ասում է փաստաբան Հայկ Հարությունյանը, ով դատարանում հանդես է եկել որպես «Տարբերակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ:

Պրն Հարությունյանի համոզմամբ` պետական օղակների նման գործելաոճը երկրում մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: «Երբ մարդը մտնում է պետական որեւէ հիմնարկ, առաջին պատասխանը, որ լսում է իր դիմումին, «ոչ»-ն է: Բյուրոկրատական համակարգը «ոչ» է ասում է մի շարք նկատառումներով՝ սկսած գլխացավանքից խուսափելուց վերջացրած կոռուպցիոն երեւույթներով, այսինքն՝ կաշառք տալուն դրդելով: Ես չեմ ուզում երեւույթը գնահատել այնպես, որ մարդկանց անպայման դրդում են կաշառք տալու, բայց եթե որեւէ մեկը մտածում է կաշառք տալու մասին, հատկապես օրենքով նախատեսված գործառույթ իրականացնելու համար, ապա ինքը պետք է համեմատի կաշառք տալու կամ չտալու երկու այլընտրանքները»,-ասում է փաստաբանը:

Կաշառք չտալու այլընտրանքը կարող է լինել դատարան դիմելը: Ընդ որում` դատարան գնալով կարող ես կորցնել ժամանակ, նյութական միջոցներ, սակայն երաշխավորված չէ, որ դատարանը չի մերժի շատ հիմնավոր դիմումը: Եվ եթե նույնիսկ դատարանը բավարարի քաղաքացու օրինական պահանջը, դա չի նշանակում, որ այն անպայման իրականություն կդառնա, քանի որ Կադաստրը եւ մեկ այլ պետական մարմին դարձյալ կարող են պնդել իրենց «ոչը»: Վերջապես, եթե քաղաքացու օրինական պահանջը բավարարելու դեպքում նա տվյալ պահին կարող էր շատ լավ պայմաններով գործարք կնքել, մերժվելու դեպքում հարկադրված է լինում անցնել դատական երկարատեւ գործընթացի միջով եւ կրել անվերականգնելի վնաս: Էլ չենք խոսում բարոյական վնասի մասին, որն անհնար է վերականգնել թեկուզեւ այն պատճառով, որ Հայաստանի օրենսդրությունը բարոյական վնասի մասին օրենսդրական նորմ չունի:

«Դու գիտակցում ես, որ, անցնելով դատական բոլոր ատյանները եւ վերադառնալով Կադաստր, կարող ես լսել նույն «ոչը», արդեն շատ լրջորեն մտածում ես՝ արդյոք կարո՞ղ ես խնդիրներդ լուծել առանց կաշառք առաջարկելու: Կարծում եմ` այստեղ է, որ կոռուպցիոն ռիսկ հասկացությունը վերածվում է ոչ թե հավանականության, այլ անխուսափելիություն է դառնում: Ինչ ուզում ես արա, միեւնույն է, մինչեւ չբավարարես այն պահանջները, որոնք քո առջեւ դնում են, արդյունքի չես հասնի: Սա ոչ միայն մտահոգիչ երեւույթ է, այլեւ շատ բացասական ազդեցություն է գործում Հայաստանում իրավական պետության կայացման վրա»,- ասաց պրն Հարությունյանը:

Փաստաբանը նշեց իրենց պրակտիկայում հաճախ հանդիպող եւս մեկ արատավոր երեւույթի մասին՝ երբ դատարանը արգելանք է կիրառում, օրինակ, շինարարության նկատմամբ, որը կարող է վտանգ սպառնալ շրջապատին, սակայն այդ արգելանքը պարզապես արհամարհում են այն անձինք, ում նկատմամբ կիրառված է: Լուծումը մեկը կարող է լինել՝ անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն իրավաբանական, այլեւ ֆիզիկական անձանց համար, որպեսզի չնչին տուգանքները մուծելով նրանք չկարողանան շարունակել իրենց գործը: Փաստաբանի համոզմամբ` եթե դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եւ բացակայում են այդ ակտը արգելող նորմերը, ուրեմն կատարելը պարտադիր է, եւ դրա կատարումը չի ենթադրում ԴԱՀԿ որոշում: «Հակառակ դեպքում, արդարադատության իրականացումը դառնում է ինքնանպատակ, երբ ողջամիտ ժամկետում դատական ակտերը չեն կատարվում»,- ավելացրեց Հ. Հարությունյանը:

Փաստաբանները շեշտում են, որ այս իրավիճակում շատ դժվար է արդյունավետ պաշտպանություն իրականացնել, քանի որ կադաստրը եւ այլ պետական մարմիններ ոչ միայն վճռի կատարումն են մերժում, այլեւ շատ հաճախ կարող են հրաժարվել փաստաբանական հարցումներին պատասխանելուց: Դրանք կարող են մերժվել զանազան, երբեմն նույնիսկ անհեթեթության հասնող պատճառներով, օրինակ` պահանջեն, որ փաստաբանը ներկայացնի իր եւ հաճախորդի միջեւ կնքված պայմանագիրը: Ըստ փաստաբանների` հարցումն անտեսելու բազմաթիվ դեպքերով դիմել են դատական ատյաններ՝ նրանց միջոցով պատասխան ստանալու պահանջով, եւ դատարանը մերժել է միջնորդությունը:

«Իսկ դուք ապացուցեք, որ պատասխան չեք ստացել»,- այսպիսին է եղել դատավորի պատասխանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ