HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Այվազյան. «Մարդիկ դժվարությամբ են ելքեր տեսնում, ելքը պիտի լինի ընտրությունը»

Մինչև այս տարվա հունիսը մեր կառավարությունը պետք է արձագանքի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ Հայաստանին ուղղված շուրջ 180 հանձնարարականներին: Դրանք վերաբերում են մարդու իրավունքների ամենատարբեր ոլորտներին. արդարադատություն, ընտրական իրավունք, կանանց ու երեխաների իրավունքներ, խոսքի ազատության իրավունք և այլն:

«Հետքի» զրույցը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի հետ այդ հանձնարարականներից մեկի՝ ընտրություններից հետո ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման և առհասարակ Հայաստանում ընտրական գործընթացների կազմակերպման, անցկացման մասին է:

-Ընտրությունների կազմակերպման, թափանցիկության մասին կոնկրետ ի՞նչ առաջարկություններ կան ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից:

-Շատ են ընտրությունների վերաբերյալ հանձնարարականները, բայց, օրինակ, Չեխիայի Հանրապետության կողմից արվել է կոնկրետ առաջարկություն՝ ընտրություններից հետո ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման մասին: Այդ առաջարկը մենք ինքներս ներկայացրել էինք այլընտրանքային զեկույցում: Ընտրացուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր դուրս չեն եկել գրանցումից: Նախապես պատրաստվում են պոտենցյալ բացակաների ցուցակները, և հետագայում նրանց հաշվին իրականացվում են տարբեր խախտումներ՝ լցոնումներ, ստորագրությունների կեղծումներ, այլ անձնագրերով քվեարկություններ, բազմակի քվեարկություն մեկ անձի կողմից: Մեր կարծիքով, հենց այդ ցուցակների հաշվին էլ իրականացվում են կեղծիքները: Ասածիս վկայությունն էլ այն է, որ ցուցակները ջանասիրաբար, սրբության պես պաշտպանվում են պետական կառույցների, ընտրական հանձնաժողովների կողմից: Տարբեր կառույցների հետ հանդիպումների ժամանակ ցուցակների գաղտնիության էմոցիոնալ պաշտպանումը ցույց է տալիս, որ հենց այդտեղ է թաքնված շան գլուխը: Մինչև հիմա արտագաղթի վերաբերյալ պաշտոնական թվեր չեն հրապարակվում: Մինչև անցյալ տարի գոնե Միգրացիոն ծառայությունը, ինչպես նշում էր, չէր հավաքում նման տվյալներ: Արտագաղթի նման տեմպեր ուենցող պետության պարագայում կարծում ենք, որ միտումնավոր է արվել այդպես: Նախ պիտի հավաքվի այդ ինֆորմացիան: Մյուս կողմից, փորձագիտական տեղեկատվության համաձայն, արտերկրում ՀՀ 400.000-600.000 ընտրող քաղաքացի է գտնվում, որը ընտրողների 20 տոկոսից ավելին է: Եվ այդ տոկոսը, այդ պոտենցյալը օգտագործվում է, դրանով կարելի է ցանկացած ընտրության արդյունք գլխիվայր շուռ տալ: Ուստի, կարծում ենք, մեր պետության համար շատ կարևոր է այդ առաջարկը լսել, ընդունել ու իրականացնել:

-Շատ հաճախ պետական կառույցները հակադարձում են, որ ցուցակների հրապարակայնեցումը կբերի ընտրական պրոցեսի գաղտնիության խախտման: Ի՞նչ եք կարծում՝ կա նման բան:

-Գաղտնիության խախտման որևէ խնդիր չկա, քանի որ խոսքը ընդամենը քվեարկությունից հետո մասնակիցների անունների հրապարակման մասին է, ոչ թե՝ ով ում օգտին է քվեարկել: Պարզապես երևալու են մարդկանց ստորագրությունները: Սրանով կունենանք քաղաքացիական վերահսկողություն: Յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա տեսնել՝ արդյոք ցուցակում կան իրենց ծանոթ այնպիսի մարդիկ, ովքեր երկրում չեն: Ցուցակների հրապարակայնեցումը կմեծացնի հանրության վստահությունը ընտրական պրոցեսների նկատմամբ: Այսօր լեգիտիմության պակասի խնդիրը գալիս է նրանից, որ մարդիկ ականատես են եղել և լինում ճնշումների, խախտումների, լցոնումների, որոշները անգամ մասնակից են դրանց: Սակայն պետական մարմինները, դատարանները ասում են, որ չկա նման բան, ամեն բան նորմալ ու թափանցիկ է եղել: Միակ ապացույցը, որ կարող է ունենալ պետությունը ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունների հրապարակումն է:

-Կա՞ն նման երկրներ, որտեղ հրապարակվում են ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները:

-Իհարկե կան, անգամ բաց են որոշ երկրներում այդ ցուցակները: Իսկ մեր երկրում անգամ տեղեկատվության ազատության մասին օրենքով չենք կարող ստանալ այդ ցուցակները: Որպես դիտորդ՝ ականատես ենք եղել, որ անձը քվեարկել է մեկ ուրիշի փոխարեն, երբ փորձել ենք տեսնել ու համադրել ստորագրությունները, հանձնաժողովի նախագահը պահել է մատյանը:

-Կիսո՞ւմ եք Ամալյա Կոստանյանի հայտնի կարծիքը՝ 1990-ականների սկզբին ամենավատ ընտրական օրենսգրքով ամենալավ ընտրություններ իրականացնելու մասին:

-Օրենքը լավը պիտի լինի, որ լավ կիրառվի: Եթե օրենքը ունի բացեր, որոնք կարող են բերել ընտրական պրոցեսի վատ իրականացման, անշուշտ, նման օրենքը պիտի փոխվի: Օրինակ, ներկայիս օրենքի՝ ընտրությանը մասնակից անձանց ցուցակների հրապարակայնեցման արգելքը շատ վատ է անդրադառնում ընտրական պրոցեսի թափանցիկության վրա: Նույն վարչական ռեսուրսի օգտագործումը օրենսգրքով սահմանափակվում է որոշ չափով, իսկ դրա օգտագործման դեպքում, սանկցիաներ նախատեսված չեն: Կան այնպիսի խնդիրներ, որոնք, կարող եմ ասել, միտումնավոր են բաց թողնված, որ ակտիվորեն օգտագործվեն ու չարաշահվեն: Տարիների ընթացքում սովորել ենք օրենքներ գրել ու թույլատրել սողանցքներ: Այդ առումով մեր իշխանությունները իսկապես առաջընթաց են գրանցել: Գնահատող կազմակերպությունները, նույն Վենետիկի հանձնաժողովը միանգամից չի էլ ընկալում, թե որտեղ է բացը: Հայաստանյան կազմակերպությունների կարծիքը այս դեպքում կարող է ավելի արժեքավոր լինել, քանի որ նրանք գիտեն, թե որ սողանցքը ինչի համար է:

-Կա արտահայտություն, որ ցանկացած հասարակություն արժանի է իր իշխանությանը: Կա՞ հասարակական պահանջ ունենալու ազնիվ, արդար ընտրություններ:

-Ճի՛շտ է, որոշ մարդիկ գնում են գումարով քվեարկելու, բայց դա չէ որոշիչը: Խնդիրն այն է, որ իշխող փոքրամասնության ձեռքին են կրիմինալ լծակները:

-Այս պարագայում արդյո՞ք պետության համար առաջնահերթ է ընդունել ցուցակների հրապարակայնեցման առաջարկը:

-Կարծում եմ՝ իրենց համար այսօր առաջնահերթ է իրենց ունեցվածքի պահպանումը: Բայց կարող են ինչ-որ իրավիճակներ ստիպել մարդուն այս կամ այն կերպ վարվել: Չգիտեմ՝ ինչը կդրդի կառավարությանը փոխել մոտեցումները: Բայց այսօր եթե բաց ցուցակներով ընտրություն արվի, գիտեն, որ չեն կարող վերարտադրվել: Կարծում եմ՝ սա ամենաքիչ ընդունելի առաջարկներից մեկն է իշխանության համար: Բայց հենց այս առաջարկի ընդունումն է, որ կփաստի՝ իշխանությունը ոչինչ չունի թաքցնելու: Ընտրված իշխանությունը պիտի ապացուցի, որ ընտրվել է կենդանի, քվեարկությանը մասնակից քաղաքացիների կողմից: Իրական մասնակցությունն ենք ուզում տեսնել: Բայց տեսնում ենք ուռճացված թվեր: Անցյալ ընտրությունների մոնիթորինգն էլ ցույց տվեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ մասնակցությունը մեծ է եղել, շահել է Սերժ Սարգսյանը: Սա նշանակում է, որ այդ մասնակցությունը լցոնված մասնակցություն է, այսպես ասած, և այդ լցոնումը կատարվում է իշխանության ներկայացուցչի կողմից: Հիմա մենք պահանջում ենք, որ ապացուցեն՝ այդ մասնակցությունը եղել է:  

-Ի՞նչ անել, որ պետությունը ընդունի այդ առաջարկը:

-Մի քիչ հասկանում եմ իշխանությանը իր դիմադրության համար, որովհետև ցուցակների հրապարակայնեցումը նրանց համար հավասար է ինքնասպանության: Այսինքն՝ եթե նրանք գալիս են ընտրացուցակները կեղծելու հաշվին, կամ պիտի մտածեն նոր մեխանիզմ, որի հաշվին կարող են վերարտադրվել, կամ պիտի ամեն կերպ դիմադրություն ցույց տան և չհրապարակեն ցուցակները: Եթե, այնուամենայնիվ, կառավարությունը ընդունի այս առաջարկն ու գնա ցուցակները հրապարակայնեցնելու ճանապարհով, ուրեմն կմտածենք, որ առկա է քաղաքական կամք քայլ առաջ գնալ ու առնվազն հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ մի քիչ բարելավել: Իսկ հանրության վստահությունը, ուսումնասիրությունների համաձայն, բավականին ցածր է: “Gellup”- ի տվյալներով, Հայաստանի հանրության 12-13 տոկոսն է միայն հավատում ընտրությունների ազնվությանը:

-Ցանկացած ընտրությունից հետո դատարաններում վիճարկվում է ընտրակեղծիքների հարցը, իսկ ընտրությունների արդյունքները մի քանի անգամ վիճարկվել են ՍԴ-ում: Սակայն ոչինչ չի փոխվում այդ վիճարկումներից հետո: Ինչո՞ւ է այդպես:

-Դատարանները անկախ չեն, և դա գաղտիք չէ: Դատարաններից ակնկալել ավելին հնարավոր էլ չէ: Ցանկացած դատավոր իր անկախ որոշման համար կարող է հեռացվել: Այս իշխանության օրոք մենք շատ փոփոխություններ չպետք է ակնկալենք: Կամ իրենք պիտի փոխվեն, կամ փոխեն իրենց արժեքները, մոտեցումները, որը հավանական չէ:

-Որտե՞ղ է լուծումը հետևաբար:

-Հիմա եթե ուզում եք, որ ասեմ՝ լուծումը հեղափոխության մեջ է, պիտի հարցնենք՝ ինչպես դա անել: Չգիտեմ իսկապես: Արդեն ասացի՝ կամ պիտի հեռանա իշխանությունը, կամ իր մոտեցումները փոխի արմատապես: Երկու սցենարն էլ քիչ հավանական է: Այս իշխանությունը որևէ հիմնավորում չունի մնալու, բացի իր մասնավոր հիմնավորումից, որ ունի ունեցվածք: Եվ այսօր յուրաքանչյուրը պաշտպանում է իր ու իր կլանի, իր շրջապատի իրավունքները:   

-Որևէ լավատեսական նոտա չկա՞:

-Կան որոշակի լավատեսական կետեր քաղաքացիական խմբերի մեջ, բայց ընդհանուր առմամբ, հուսահատ վիճակ է շատերի մոտ: Քաղաքական կուսակցություններից հիասթափությունը շատ մեծ է: Քաղաքական պայքար չկա: Այլընտրանքային ռեսուրս չկա: Իրենց ընդդիմադիր կոչող կառույցները չեն գործում որպես ընդդիմադիրներ: Ապատիա կա, մարդիկ դժվարությամբ են ելքեր տեսնում, ելքը պիտի լինի ընտրությունը: Չեմ կարողանում ասել՝ որտեղ է հույսը:  

Լուսանկարը՝ Սոնա Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter