
«Եթե գոնե մի հայ զինվորի կյանք փրկել ես, ուրեմն քո գնալն արդարացված էր»
Այգում բողոբոջած ծառի տակ դրված սեղանին ենք մոտենում: Արևի փունջն ընկնում է սեղանին: Սեղանից քիչ հեռու շունն է, որ, կարծես, ուշադիր հետևում է բակի անցուդարձին: Մենք տեղավորվում ենք ցածր աթոռներին, հետո մեզ է միանում Գայանե Առստամյանը` ստեփանակերտցի կապավորը: Նկարներով կապոցը դնում է սեղանին, սկսում է անշտապ նայել: Պատերազմի տարիների լուսանկարներն են, որոնցից մի քանիսն աղոտ են, ֆոկուսից ընկած: «Ափսոս, բայց լավ լուսանկարներ են»,- ասում է նա: Ձայնի մեջ հանգստություն կա, իսկ բառերը հնչում են առանց ծռմռվելու: Հնչերանգից միանգամից մտածում եմ, որ հայոց լեզվի մասնագետ է: Հետո պարզվում է, որ 1984-ին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական համալսարանը: Մասնագիտությամբ մեկ տարի է աշխատել Շահումյանի շրջանում: Իսկ դրանից որոշ ժամանակ անց աշխատանքի է տեղավորվել Ստեփանակերտի կապի հանգույցում:
«Ո՞նց ստացվեց, որ մասնակցեցիք պատերազմին»,- հարցնում եմ նրան: Նկարներից դանդաղ բարձրացնում է հայացքը, հետո նկարները դասավորելով, մի կողմ դնում:
«Ինքն իրեն ստացվեց, չեմ կարող ասել, թե կոնկրետ ոնց ստացվեց, բայց 89-ին ակտիվ մասնակցեցի շարժման առաջին փուլին, հետո սկսվեց շարժման հաջորդ` պատերազմական փուլը, էդ ժամանակ ինձ ուղարկեցին Բերդաձոր, որտեղ կապավոր էր անհրաժեշտ»,- ասում է Գայանեն:
Բերդաձորում
1989 թ.-ին դեկտեմբերին Գայանեն գնացել էր Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղ: Դա այն փուլն էր, երբ ադրբեջանցիները պարբերաբար հարձակվում էին ֆերմաների, հովիվների վրա, հովիվ էին պատանդ տանում, անասուններ էին փախցնում: Բերձորի (նախկին Լաչին) մոտ գտնվող Տասը վերստ գյուղում մի ծեր կնոջ էին սպանել, տուն էին վառել: «Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ ընդհարումներ լինելու են, մասշտաբները չէինք կարող կանխատեսել»,- նկատում է Գայանեն:
Իրենց խնդիրը միջադեպերի մասին հաղորդելն էր, հեռախոսակապ էին ապահովում գյուղերի միջև: Իսկ Ստեփանակերտին հաղորդագրություն ուղարկում էին Գորիս-Երևան-Ստեփանակերտ հեռախոսաշղթայի միջոցով: Բերդաձորի Մեծշեն գյուղի փոստային շենքում էլ տեղադրված էր հեռախոսակապ ապահովող սարքը: Դրա մոտ շուրջօրյա հերթապահություն էին անում:
«Կոլցոյի» ականատեսը
««Կոլցո» գործողության ժամանակ գյուղում էի: Նախապես զանգել զգուշացրել էին, որ նման ինչ-որ բան է լինելու: 1991 թ.-ին մայիսի 15-ի առավոտյան շուտ Բերդաձոր էին մտել սովետական զորքերը: Ի՞նչ եմ ես տեսել… Շատ բան կատարվեց, ինչին ես ականատես եղա»,- ասում է զրուցակիցս: Մինչ մեր զրույցի այս կետը Գայանեի խոսքերում մի տեսակ սառնություն կար, մտածում էի, թե ինչքան ուժեղ պիտի լինի կինը, որ կարողանա խոսել պատերազմի մասին առանց էմոցիոնալ որևէ դրևսորման: «Կոլցո» օպերացիայի մասին պատմելիս նրա աչքերըայգու հեռավոր կետերին են նայում: «Իրենք մտան գյուղ, բոլոր տղամարդկանց հավաքեցին, ով խոսքով մի փոքր դիմադրություն էր ցուցաբերում, սպանում էին: Անուշավանը խոսեց, դիմադրեց, իրեն սպանեցին, հետո որոշ տներ վառեցին, բոլոր տղամարդկանց հավաքեցին, անգամ, ոչ հաճելի բան է, բայց բռնաբարություն եղավ: Այնուհետև սկսեցին խուզարկել: Ցավոք սրտի, Մկրտչյան Առնոն ու մի քանի տղաներ դուրս չեկան գյուղից, որպեսզի բնակչությանը չթողնեին: Նրանց համար մահապատիժ սահմանվեց, երկու Գագոները, Արվիդը, Պետրոսյան Հրաչը և Առնոն: Առնոյին սպանեցին Բաքվի բանտում, Պետրոսյան Հրաչն էլ մահացավ բանտում, իսկ մյուս երեքը ետ եկան»,- ասում է նա:
Ես փորձում եմ հարցեր չտալ, մի անզգույշ հարցը կարող է փլուզել այն մթնոլորտը, որի մեջ մենք արդեն հարմարավետ տեղավորվել ենք: Գայանեի դուստրը սև սուրճ է բերում բոլորիս համար: Մենք սկսում ենք խմել, Գայանեն` ոչ: Ասում է` գյուղում այդ ժամանակ դիմադրություն ցուցաբերելն անհնար էր: ԲՏՌ (ՀՄՄ- հետևակի մարտական մեքենա) էր մտել գյուղ, որի դեմ ոչինչ չէին կարող անել: Գյուղում ամենաշատը երեք ավտոմատ կարող էիր գտնել, իսկ ի՞նչ պետք է անեին դրանցով կանոնավոր բանակի դեմ: «Ինձ թվում է, որ ավելի շատ կլինեին զոհերը, եթե դիմադրություն ցուցաբերեին, քանի որ ուժերն անհավասար էին: Ճիշտ է, Քարինտակը եղավ, երբ հարյուրավոր թուրք ոչնչացրեցին, բայց Մեծշենում ուժերի բաշխումն անհամեմատ մեծ էր… Հետո սկսեցին խուզարկել տները, մեր տուն էլ մտան: Մեր սարքավորումը չէին ճանաչել, քանի որ ԱՏՍ-ում կախած էր, իսկ մենք խոսում էինք սովորական հեռախոսով: Ստեփանակերտին հայտնեցինք, որ էսպիսի բան է սկսվել, ասացինք, թե կին է ծննդաբերում, ուղղաթիռ ուղարկեցին, և թուրքերը գլխի ընկան, որ մենք կապ ունենք, ու մտան ավտոմատով ԱՏՍ-ը մաղեցին: Այդքան բան»,- մեղմ ժպտալով` ասում է նա: Իսկ մեղմ ժպիտն ավելի խոսուն է: Ես նույնպես ժպտում եմ: Սեղանի կողքով կատուն անընդհատ անցուդարձ է անում, հետո նստում լուսանկարիչ Հակոբի կողքին: «Ձեր սուրճը սառեց»,- ասում եմ Գայանեին: «Ոչինչ»,-պատասխանում է:
Անսպասելի հանդիպում
Գայանեն հիշում է պատերազմի յուրաքանչյուր դրվագը, որտեղ ինքը եղել է: «Կոլցոյից» մի քանի ամիս առաջ կատարված մի դեպք է պատմում: Ասում է` Երևան էր գնացել նոր սարքավորում բերելու, իսկ սարքը մոտ 1 մետր 80 սմ էր: Որպեսզի որևէ մեկի հետաքրքրությունը չառաջացներ, սարքի արկղին մանկական հագուստ ու խաղալիքներ էր դրել: Խոջալուի օդանավակայանում սարքը տանելիս մի ադրբեջանցի էր մոտեցել, առաջարկել էր օգնել արկղը տանել: Գայանեն մերժել էր` ասելով, որ ադրբեջանցիներից օգնություն չի ընդունում: «Ու մեկ էլ Բերդաձորում այդ օրը` 1991-ի մայիսի 15-ին, երբ խուզարկում էին մեր տունը, դեմ-դիմաց դուրս է գալիս այդ թուրքը, ասաց` ախ, դու օգնություն չէ՞իր ուզում, ու «պրիկլադով» խփեց ինձ: Խուզարկեցին, տղամարդկանց հավաքեցին, տարան, գյուղում մնացին կանայք: Մենք հերթապահություն արեցինք, որ քնած գյուղի վրա թուրքերը չօգտվեն առիթից, չգան թալանելու, բայց, ըստ երևույթին, իրենք գիտեին, որ մեկ է` բնակչությունը դուրս է գալու, իրերն իրենց են մնալու: Այդ գիշերը չեկան, հաջորդ գիշերն էլ, երբ օգնություն կանչեցինք, թե իբր կին է ծննդաբերում, այդ ուղղաթիռով դուրս եկա: Բնակիչներից թուղթ էին պահանջում, որ չեն ուզում գյուղում ապրել, իբր կամավոր են դուրս գալիս: Իրենք ինձ ասում էին, թե Լաչինի ԿԳԲ կտանեն, կպարզեն` ով եմ, ես էլ չխորացա: Հաջորդ օրը գյուղացիներին տարան Գորիս թափեցին, իսկ գյուղը ազատագրվեց 92-ի մայիսի 13-ին»,- պամում է Գայանեն:
Նա Բերդաձորից ուղղաթիռով գնացել էր Ստեփանակերտ: Մի քանի ամիս չէր աշխատում: Այդ ժամանակ, ասում է, կանոնավոր բանակ ստեղծելու ուղղությամբ քայլեր էին արվում: «Էրեխեքն ինձ կանչեցին շտաբում այդտեղ աշխատելու: 1991-ի հոկտեմբերին ընդունվեցի աշխատանքի: Սկզբնական փուլում մեզ սովորեցրին աշխատել ռացիայի վրա. միացնել, անջատել, հաղորդագրություն ընդունել, ուղարկել, մի քանի շաբաթ սովորելուց հետո, Բաղմանյան Մաքսիմն էր ու մենք` երեք աղջիկներով (մյուս երկուսը քույրեր էին` Գայանեն ու Արեգան), ստեղծեցինք Ղարաբաղի բանակի շտաբի առաջին կապը»,- ավելացնում է նա: Մեկ տարի անց արդեն Շուշիիում` «Սպիտակ» բուժքույրական փրկարարական ջոկատում, 4-5-ամսյա դասընթացներ է անցել, թեև, ասում է, ինստիտուտում սովորեցրել էին առաջին բուժօգնություն մարտի դաշտում, պահեստազորի բուժքրոջ դիպլոմ ուներ: «Սպիտակ» ջոկատում, ասում է, 25 հոգի էր սովորում:
«Զուգահեռ և սովորում էի, և աշխատում: Հետո ստեղծվեց բուքույրական մի միավորում, և այն կցվեց Շուշիի գնդին: Ես մի օպերացիայի մասնակցեցի իրենց հետ որպես բուժքույր: Շուշին վերցնելուց հետո էր` դեպի Քելբաջարի մի քանի բարձրադիր գյուղեր` կիսաազատված, չեզոք գոտիի նման, մերոնք պիտի ամրապնդվեին այդտեղ: Վիրավոր հանեցինք, հետո մի քանի ամսից դուրս եկա կապից, մտա այդ բուժմիավորման մեջ,- ասում է նա:- Առաջին գործողությունը Մարտակերտի ազատագրումն էր, մեր ուղղությունը Աղդամն էր: Մարտակերտը ազատագրվեց (1993-ի հունիսի 27-ին- հեղ.), հետո մասնակցեցի Ղուբաթլուի ազատագրման օպերացիային: Այդտեղ զոհվեց դիպուկահար Մարգարիտան: Իսկ հետո մասնակցեցի պաշտպանական մարտերին` Կարմիրավան, Մարտակերտ ուղղություններով, մոտ մեկ տարի` 93-94 թթ.-ին, մենք պաշտպանում էինք այդ դիրքերը»:
Դժվարությունների մասին
«Նախ սկսենք այն բանից, որ կապի տարիներն այն տարիներին էին, երբ Շուշին դեռ ազատագրված չէր, և Ստեփանակերտը ռմբակոծվում էր ամենաաննկարագրելի, դաժան կերպով: Ռմբակոծվում էր թե´ ինքնաթիռներով, թե´ գրադներով, թե´ մեծ տրամաչափի հրանոթներով և այլն: Ես գնում էի աշխատանքի: Բնակչությունն ապաստաններում էր, երբեմն մեր կապն ապահովում էինք հենց այդտեղից, երբեմն` մեր սենյակներից, նայած ոնց էր իրավիճակը»,- պատմում է Գայանեն: Ասում է` եթե այսօրվա փորձառությունն ունենար այն ժամանակ, գուցե շատ ավելի մեծ օգնություն կցուցաբերեր:
Խոսում ենք կանանց` պատերազմի դաշտում ունեցած դերի մասին: Ասում է` Քելբաջարի օպերացիային մասնակցելիս բարակ «բատինկաներով» էին, ձյուն էր գալիս, իսկ իրենք սարերից վիրավորներ էին իջեցնում: «Դրա համար և´ ֆիզիկապես, և´ հոգեպես պետք է բեռ չդառնաս մյուսներին: Բայց ես միշտ ասել եմ` եթե գնացել ես ու գոնե մի հայ զինվորի կյանք փրկել ես, ուրեմն քո գնալն արդարացված էր, իսկ այն, որ մեկը կամ երկուսը չէր, դա հաստատ էր: Այդ մարդուն տալիս ես հնարավորություն` ապրել մինչև հաջորդ քայլը»,- նկատում է նա:
«Փոքր քարը»
Գայանեն 1997 թ.-ին տեղափոխվել է Երևան, հիմա բնակվում է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, բայց, ասում է, շուտով կվերադառնա Արցախ: Այնտեղ են բնակվում ծնողները, ովքեր իր կարիքն ունեն: Նշում է, որ պատերազմի հիշողություններին ընդհանրապես շատ չի անդրադառնում: Պատերազմը համարում է անցած փուլ, և այնպես չէ, որ ինքը մնացել է այդտեղ: Այն փակված էջ է իր համար: Իսկ պատերազմին իր մասնակցությունը համեմատում է կառուցվող շենքի պատի փոքր քարի հետ: «Երբ շենքը կառուցում են, արանքում փոքր քարեր են դնում, որպեսզի հավասարակշռությունը պահվի, պատը չփլվի: Ամեն մեկս այդ պուճուր քարը դրել ենք»,- ասում է նա:
Զրույցից հետո Գայանեն մեզ ուղեկցում է դեպի կանգառ: Այս անգամ բոլորիս ուշադրությունը գրավում է արագիլի թռիչքը, որից այն կողմ Մասիսն է: Գայանեն ասում է` հիշողությունները պատերազմի դաշտից շատ-շատ են, իսկ ես մտածում եմ, որ դրանք գրի առնելու համար առնվազն մի քանի հանդիպում է անհրաժեշտ: Գայանեն այն կանանցից է, ով գիտի բառի կշիռը: Գուցե դրան նպաստել է նաև պատերազմի ժամանակ կապավոր լինելը, երբ յուրաքանչյուր բառից մարդկանց կյանք է կախված եղել:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և Գայանե Առստամյանի անձնական արխիվից
Մեկնաբանել