HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«ՀայՌուսգազարդը» գազի հաշվիչների ստուգաչափման և նորոգման աշխատանքների կատարման պայմանագիր է կնքել իր ընկերության հետ

2014 թ. փետրվարի 26-ին Ազգային ժողովը ընդունել էր որոշում՝ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովը, որը բաղկացած է ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներից, իր աշխատանքն իրականացրել է առանձին աշխատանքային խմբերով և արդեն պատրաստել է իր եզրակացությունը: Այն ներկայացվել է Ազգային ժողով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 05.06.2013 թ. N 176-Ն որոշմամբ հաստատել է «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն))» պայմանագրի նոր օրինակելի ձևը, որն ուժի մեջ է մտել 2013 թ. հուլիսի 7-ից և  այդ պահից բաժանորդ-կազմակերպությունների գազահաշվիչների նորոգման և ստուգաչափման աշխատանքների ծախսերը ներառվել են բնական գազի մատակարարման սակագնի հաշվարկներում: Գործող սակագնի հաշվարկներում ներառվել են գազի փոխադրման և բաշխման համակարգերի շահագործման և սպասարկման ծախսեր 20365.91 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ-ի), այդ թվում՝ գազահաշվիչների պետստուգաչափման և նորոգման համար՝ 623.47 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 3 %): Ընդ որում՝ 491.94 մլն դրամ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հաշվեկշռում գտվող գազահաշվիչների համար, 111.22 մլն դրամ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում չգտվող գազահաշվիչների համար և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հանձնաժողովին տեղեկացրել են, որ հաշվիչ սարքերի վերանորոգում և ստուգաչափում իրականացնում են «ՀայԿազմգազ» ՓԲԸ, «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ և «Գազ Սուզան Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ները:  «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի 100 % փայաբաժնի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է:

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի և կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N882-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ-ում չափագիտության ազգային մարմին է ճանաչվել «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Այսինքն, գործող կարգի համաձայն նշված ընկերութունները ստանձնում են հաշվիչ սարքերի նախաստուգաչափման և վերանորոգման աշխատանքների կատարումը, իսկ բուն ստուգաչափումը կատարում է բացառապես «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Ընդ որում՝ վերանորոգում և նախաստուգաչափում իրականացնող ընկերություններն իրենց գործունեությունը իրականացնում են Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված լիցենզիայի հիման վրա, իսկ աշխատանքները կատարվում են պատվիրատուի և կատարողների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև 12.05.2012 թ. կնքվել է պայմանագիր, որով ինստիտուտը պարտավորվում է կատարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող թվով 126.763 հատ գազի կենցաղային և թվով 351 արդյունաբերական հաշվիչների չափագիտական փորձաքննության և վերանորոգումից հետո ստուգաչափման աշխատանքներ: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 171.310.840 դրամ:

01.04.2012թ. էլ կնքվել է պայմանագիր՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և նույն ընկերությանը պատկանող «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ի միջև: Այդ պայմանագրով՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պարտավորվել է իր ՍՊԸ-ի առաջադրանքով կատարել բնական գազի կենցաղային և արդյունաբերական հաշվիչների վերանորոգման և ստուգաչափման աշխատանքները՝ ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող պահեստամասերով: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 213.000.000 դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին տեղեկացրել է, որ կենցաղային գազահաշվիչների մեկ միավորի պետստուգաչափման գինը սահմանվել է 1100 դրամ, իսկ արդյունաբերականինը՝ 9100 դրամ: Սույն գներով հաշվարկված ծախսերը ներառվել են 07.07.2013 թ. գործող բնական գազի սակագնի հաշվարկներում:

Միաժամանակ էկոնոմիկայի նախարարը հանձնաժողովին տրամադրել է տեղեկություններ 2009-2013 թթ. «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացված կենցաղային և արդյունաբերական գազահաշվիչների ստուգաչափման և դրանց դիմաց ստացված վճարների վերաբերյալ տեղեկատվություն: Դրա վերլուծության արդյունքում պարզվել է որ 2011-2013թթ. գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափման մեկ միավորի միջին գինն ավելի էժան է եղել: Այսինքն՝ 2013 թ. գազահաշվիչների մեկ միավորի ստուգաչափման համար բնական գազի սակագնի հաշվարկում նախատեսված գինը գերազանցել է փաստացի վճարածը` կենցաղային հաշվիչների համար 233.7 դրամով, իսկ արդյունաբերական հաշվիչների համար՝ 5824.5 դրամով: Ժամանակավոր հանձնաժողովը կարծում է, որ այս հանգամանքը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:

Ելնելով վերը շարադրվածից համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նպատակահարմար է գտնում գազի հաշվիչների նախաստուգաչափման, նորոգման և ստուգաչափման աշխատանքների կազմակերպական-իրավական համակարգը նախատեսել այնպես, որ այն խարսխված լինի շուկայական ազատ մրցակցության և բոլոր մասնակիցների շահերի բախման ապահովման վրա:

Այդ նպատակով առաջարկվումում է` բացառել գազի հաշվիչների ստուգաչափման և նորոգման աշխատանքների կատարումը մատակարարի հետ որևէ կապ ունեցող ընկերությունների միջոցով (բացառել փոխկապակցված անձանց հնարավորությունը), հաշվի առնելով այն հանգամանքը, որ մատակարարը սպառված գազի ծավալների հաշվարկման խնդրում շահագրգիռ կողմ է:

Բացի այդ՝ ազատականացնել գազի հաշվիչների նախաստուգաչափման, վերանորոգման և ստուգաչափման ծառայությունների մատուցման շուկան, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին վերապահել արտոնագրված ընկերությունների կողմից գազի հաշվիչ սարքերի սուգաչափման արդյունքների ընտրանքային կամ պատվիրատուների պահանջով ստուգումներ կատարելու և խատումների հայտնաբերման դեպքում օրենքով սահմանված պատժամիջոցներ կիրառելու իրավասությունը: Այդպիսով՝ չափագիտության ազգային կենտրոնին վերապահել անաչառ արբիտրի դերակատարում:

Հանձնաժողովը գտնում է, որ արդարացված չէ բաժանորդ-կազմակերպությունների գազահաշվիչների ստուգաչափման աշխատանքների կատարումը մատակարարի հաշվին՝ գազի սակագնում այդ ծախսերի ընդգրկմամբ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կուտակած առևտրային պարտքի ձևավորման օրինականությունը

«Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետություն) միջև 12.09.2008 թ. կնքված պայմանագրի հիման վրա կարգավորվում է բնական գազի մատակարարումը ՀՀ:

Ի լրումն հիմնական պայմանագրի՝ 2011-2013թթ. ընթացքում կողմերի միջև լրացուցիչ կնքվել է ևս 3 համաձայնագիր.

Բնական գազի գինը սահմանի վրա սկսել է բարձրանալ 2011թ. հունիսի 1-ից, սակայն 2011-2013թթ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մատակարարվող բնական գազի համար վճարել է 180 ԱՄՆ դոլար՝ 1000 խ.մ.-ի համար: Այսինքն՝ 2011թ. հունիսի 1-ից սկսած բնական գազի սահմանի վրա գնման գնի և սակագնում հաշվարկված ձեռքբերման գնի տարբերության հաշվին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտ կուտակվել է առևտրային պարտք «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ:

01.01.2014թ. դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վճարման ենթակա կրեդիտորական պարտքը ներկրված բնական գազի դիմաց «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ին հետաձգված վճարումների մասով կազմել է 305.4 մլն ԱՄՆ դոլար՝ այդ թվում 23.8 մլն ԱՄՆ դոլար հետաձգված վճարումների վրա հաշվարկված տոկոսները:

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է, որ իրենց տրամադրության տակ եղած փաստաթղթերի հիման վրա կարող են եզրահանգել, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կուտակված առևտրային պարտքի ձևավորումը օրինական է և տնտեսապես հիմնավոր, ունի պայմանագրային հիմք:

Ժամանակավոր հանձնաժողովը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանող և օրինական է համարել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2012-2013թթ. պարտքի փոխհատուցման պարտավորության ստանձնումը ՀՀ կառավարության կողմից: Ըստ հանձնաժողովի՝ օրինական է նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ կառավարության 20% բաժնեմասի օտարումը, որն իրականացվել է «ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության վերաբերյալ» 2013 թ. դեկտեմբերի 2-ին կնքված և ԱԺ-ի կողմից վավերացված համաձայնագրի հիման վրա:

Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ եղած փաստաթղթերի հիման վրա եզրահանգել են, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժետոմսերի հատուկ գնահատում չի արվել, բաժետոմսերի արժեքը որոշվել է կանոնադրական կապիտալում բաժնեմասի գնահատման մեթոդով, իսկ բաժետոմսերի օտարումն իրականացվել է միջպետական համաձայնագրի հիման վրա:

Հանձնաժողովը նշել է, որ կառավարությունը կարող էր օրենքով սահմանված կարգով որոշակի գործողություններ կատարել, ինչը հնարավորություն կտար պարզել բաժետոմսերի իրական արժեքը: Սակայն, հանձնաժողովի կարծիքով՝ այս պարագայում առկա էր վտանգ, որ բաժետոմսերի իրական արժեքը նրա կանոնադրական կապիտալի 20% քիչ կարող էր կազմել: Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը նախընտրել է կանոնադրական կապիտալի միջոցով բաժնետոմսերի արժեքի գնահատման տարբերակը, ինչը նույնպես օրինական է

Նշենք, որ այս աշխատանքային խմբի գործունեության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք չի ներկայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter