HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայաստանում ոստիկանությունը իշխանության հենարանն է

Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ

- Ոստիկանությունը երկրի իրավապահ մարմինների բաղկացուցիչ մասն է, ինչպե՞ս է նա կատարում քաղաքացու անվտանգության, օրենքի, կարգի պաշտպանության իր գործառույթը:

- Հայաստանում իշխանությունը քաղաքական չէ, իսկ իրավապահ մարմինները, այդ թվում ոստիկանությունը, հանդիսանում են այդ իշխանության հիմնական հենարանը: Եթե ուշադրություն դարձնենք, այսպես ասենք, իշխանական կուսակցություններին, որոնք իշխանության շղարշի դեր են կատարում, ապա նրանց ուժային ոլորտները չեն վստահում: Այդ կուսակցություններին այնպիսի ոլորտներ են բաժին ընկնում, որոնք մեր երկրի նման պետություններում իշխանության պահպանման հետ առանձնապես կապ չունեն:

Եվ, չնայած օրենքով ոստիկանությանը տրված է հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման գործառույթներ, իրականում ոստիկանությունը առաջին հերթին կատարում է իշխանությունների հաճախ անօրինական հրամանները: Նրանք չեն էլ թաքցնում այդ եւ հանդիպումների ժամանակ բարձրաձայն ասում են, որ կոմունիստների ժամանակ ծառայել են կոմունիստներին, ՀՀՇ-ի իշխանության ժամանակ ծառայել են ՀՀՇ-ին, հիմա էլ ծառայում են այս իշխանություններին, դուք եկեք իշխանության՝ ձեզ ծառայենք:

Հայաստանի՝ որպես ոստիկանական պետության բնույթը, բացահայտվում է հատկապես ընտրությունների, քաղաքական լարված փուլերի ժամանակ: 2004թ.-ին, երբ սպասվում էր ընդդիմության բողոքի ալիքը՝ տեղափոխություններ եղան ոստիկանական համակարգում: Դրանց նույնիսկ հանրապետության նախագահի շուրթերով բացատրություն տրվեց՝ «այդ փոփոխություններն այն բանի համար են, ինչի մասին դուք մտածում եք»: Ընտրությունների ժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ դիտորդը կամ վստահված անձը նկատել է լցոնումը կատարողին եւ դիմել է ոստիկանությանը, բայց հանձնաժողովի նախագահի պահանջով ոստիկանությունը ձերբակալել է այդ մարդուն, ոչ թե լցոնողին:

Ընտրությունների ժամանակ ոստիկանությունը խոչընդոտում է հանրահավաքների ազատությանը, ազատ տեղաշարժվելու իրավունքին, կատարում անօրինական ձեբակալություններ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ, նրանց համոզում չհամագործակցել ընդդիմության հետ: Մինչեւ մեկ տարի առաջ, երբ վարչական դատավարություններ էին ընթանում՝ դատարանին թելադրողը ոստիկանությունն էր: Երբ վարչական դատավարություններից մեկի ժամանակ ՀԿ-ները դատարանի առաջ ցույց էին անում, ոստիկանապետը շատ կտրուկ հայտարարեց. «Եթե չհեռանաք՝ նրանց կալանք կտանք, եթե հեռանաք՝ տուգանքով կվերջացնենք»: Այսինքն, ոստիկանությունն ավելի հզոր մարմին է, քան դատարանը, որ երրորդ իշանություն է համարվում:

Թերեւս այս է պատճառը, որ իմ կարծիքով, Հայաստանում հասարակությունը ոստիկանությանը չի ընկալում որպես իր անվտանգությունը պաշտպանող իրավապահ մարմին, հասարակական կարգի պահապան: Քաղաքացիները ոստիկանությանն ավելի շատ ընկալում են որպես իշխանության պահապանների:

- Ոստիկանության գոյությունն ապահովվում է հարկատուների հաշվին։ Ի՞նչ եք կարծում, մեր երկրում ոստիկանությունը պաշտպանում է քաղաքացիների՞, թե՞ իշխողների անվտանգությունը, առողջությունը եւ ունեցվածքը։

- Կարծում եմ, որ ձեր նախորդ հարցի իմ պատասխանից ակնհայտ է, որ իմ կարծիքով ոստիկանությունը պաշտպանում է միայն իշխողների շահերը: Կախված այն բանից, թե այս ժամանակահատվածում ով է իշխանություն կազմում երկրում:

- Որքանո՞վ են հասարակությունն ու քաղաքացիները վստահում ոստիկանությանը:

- Քանի դեռ մեր հասարակության մեջ չկա այն ընկալումը, որ իշխանությունն իրենցից պետք է կախված լինի եւ ոչ թե հակառակը, վստահություն չի կարող լինել ոստիկանության նկատմամբ: Հասարակության մեջ ավելի հաճախ վախ կա ցանկացած պետական մարմնի եւ, հատկապես, ոստիկանության նկատմամբ: Շատերը փորձում են ընդհանրապես չառնչվել ոստիկանության հետ, եւ երբ հարցեր են առաջանում, աշխատում են ոստիկանության միջոցով չլուծել:

Հաճախ քաղաքացիները դիմում են ոստիկանություն, բայց, եթե ոստիկանությունը շահագրգռվածություն չունի բացահայտելու հանցագործությունը, ապա այդ գործը «քնում» է: Սովորաբար հանցագործության մասին հայտարարություն ներկայացնող քաղաքացիներին համոզում են, որ դիմում չգրեն: Հանցանքը, եթե պատահականորեն բացահայտվեց՝ կգրանցվի իբրեւ արդյունք, եթե ոչ՝ այն չի հաշվառվի:

Այս համակարգի դեմ չես կարող պայքարել միայն քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելով: Երբ, ըստ էության, իշխանությունը կախված չէ ժողովրդի քվեից, ՀԿ-ների քարոզչությունը քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու հարցում առանձնապես արդյունավետ չէ: Չեմ ժխտում, որ որոշ դեպքերում իրազեկվածությունը կարող է նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանը, բայց հիմնականում, հասարակության մեծ մասին ինչքան էլ բացատրես՝ հավատ չի ներշնչի, թե դա է ճանապարհը: Երբ մարդը մենակ է մնում համակարգի դեմ, իրեն ճնշված է զգում եւ հիմնականում դժվարանում է պաշտպանել իր իրավունքները:

- Որքա՞ն հաճախ են ոստիկանները ոչ օրինական մեթոդներ կիրառում, կտտանքների ենթարկում ձերբակալվածներին:

- Մեր զրույցները կալանավորների, նախկին կալանավորների հետ ցույց են տվել, որ ոստիկանական բաժանմունքներում մարդկանց 60%-ից ավելին ենթարկվում են անօրինական, դաժան վերաբերմունքի: Առանց համապատասխան արձանագրության բերման ենթարկվածները, հաճախ վկաները, 3-4 օր պահվում են ոստիկանական բաժանմունքներում, նրանց ահաբեկում են, ծեծում: Նպատակը ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելն է, քանի որ Հայաստանում մինչեւ հիմա իբրեւ «ապացույցների թագուհի» մնում է ինքնախոստովանական ցուցմունքը: Ըստ էության, կասկածյալի կամ բերման ենթարկվածի խոստովանությունը հիմք է հանդիսանում նրան մեղադրանք առաջադրելու համար:

Ոստիկանության աշխատակիցները բաց քննարկումների ժամանակ հերքում են քննությանը խորթ մեթոդներ կիրառելը, բայց նեղ շրջանակում խոստովանում են. «Բա հանցագործին ո՞նց չծեծես»: Ավելին, փորձառուներն ասում են. «Ճիշտ է, ծեծը կա, բայց այդպես վարվում եմ անփորձ ոստիկանները, իսկ փորձառուները դեմքին նայում են եւ գիտեն՝ նա՞ է հանցագործը, թե՞ ոչ, մի հատ էլ գլխին կտտացնում են՝ ամեն ինչ խոստովանում է»:

Դեռեւս հայտնի չէ որեւէ դեպք, որ կտտանքների կամ անմարդկային վերաբերմունքի համար որեւէ ոստիկան պատասխանատվություն կրի: Մի դեպք է հայտնի, երբ խոշտանգումներով Վանաձորի զինկոմին մահվան հասցրին, եւ քանի որ նա բարձրաստիճան պաշտոնյա էր, պատասխանատվության հարց բարձրացվեց: Սակայն պատասխանատվություն կրեցին ոչ այնքան ոստիկանության աշխատակիցները, որքան մեկուսարանի, իսկ մնացած դեպքերում անպատժելիություն է տիրում: 2004թ. Արտաշատում ընդդիմության ներկայացուցիչ Գրիշա Վիաբյանի հետ կատարվածը հստակ էր, որ խոշտանգում է, բայց ոչ մի ոստիկան դրա համար պատասխանատվության չենթարկվեց:

Չնայած ոստիկանական ու դատախազական համակարգերը համարվում են իրարից տարանջատված, բայց, ըստ էության, դրանք նույն համակարգի մաս են կազմում: Մարդիկ խոշտանգումների հետ կապված դատախազություն են դիմում եւ արդյունքի չեն հասնում: Դատարանում հայտարարում են, որ ապացույցները ձեռք են բերվել քննությանը անօրինական մեթոդներով, բայց դատարանը, որպես կանոն, հենվում է նախաքննության նյութերի վրա՝ միշտ նույն պատասխանն են ստանում, որ դա պատժից խուսափելու միջոց է: Խոշտանգման ենթարկվածները հիմնականում սոցիալապես անապահով խավերից են եւ, որպես կանոն, փաստաբան չեն ունենում, չեն գրանցվում նրանց մարմնական վնասվածքները, եւ փաստական հիմքերի բացակայության պատճառով հետագայում դժվար է լինում ապացուցել խոշտանգումները:

Վերջին տարիներին բարեփոխումների դրական քայլ կատարվել է այս ասպարեզում. ոստիկանությունը հասարակական կազմակերպություններից ստեղծել է դիտորդական խումբ, որն իրավունք ունի անարգել մտնել ժամանակավոր պահման մեկուսարաններ եւ այնտեղ մոնիտորինգ կատարել, զրուցել ձերբակալվածների հետ: Չնայած ժամանակավոր պահման վայրերում շատ դժվար է հայտնաբերել անօրինական մեթոդներ կիրառելու դեպքեր, քանի որ դր անք հիմնականում կատարվում են ոստիկանական բաժանմունքներում, որտեղ խումբը մուտքի իրավունք չունի, ամեն դեպքում սա ՀԿ-ների հետ համագործակցության առաջին քայլն է:

- Կա՞ արդյոք կապ ոստիկանության եւ հանցագործ աշխարհի միջեւ, եթե այո, ինչպե՞ս է այն արտահայտվում:

- Չեմ կարող պնդել այդպիսի կապի մասին, բայց ներքին համոզվածություն ունեմ, որ այդ կապը գոյություն ունի: Նույն քաղաքական լարվածությունների ժամանակ քաղաքական գործընթացներին խառնվում է քրեական աշխարհը, նա անում է դա ոստիկանության հետ համագործակցած, իսկ ոստիկանությունը գիտի, որ քրեականները պատիժ չեն կրելու: Այստեղ, զուտ դիտարկումով, կարելի է ասել, որ այդ կապը բավականին ուժեղ է:

- Որքանո՞վ է ոստիկանության շարքային աշխատողների եւ ավագ սպաների աշխատավարձը բավարարում նրանց նորմալ կյանքի համար, կա՞ տարբերություն նրանց եւ մյուս բյուջետային աշխատողների աշխատավարձերի միջեւ: Որքանո՞վ է զարգացած կոռուպցիան ոստիկանների շրջանում:

- Տեղյակ չեմ, թե որքան է կազմում ոստիկանության աշխատողների աշխատավարձը, բայց չեմ կարծում, որ ավելի ցածր է, քան մյուս բյուջետային աշխատողներինը : Չնայած, եթե իրավական երկիր լինեինք, նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր պետք է լիներ, քան մյուս բյուջետայիններինը, բայց հարցն այն է, որ ոչ բարձր աշխատավարձը նպաստում է կոռուպցիայի զարգացմանը, իսկ Հայաստանում կոռուպցիան խրախուսվում է: Կոռումպացված համակարգը շատ ավելի վերահսկելի է, ավելի հնազանդ, բոլորին է հայտնի բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաների ապրելակերպը, բիզնեսը, որը նրանց պատանդ է դարձնում իշխանությունների ձեռքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter