HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի քաղաքապետարանին դիմողների 90 %-ը դրամական օգնության ակնկալիք ունի

Գյումրի համայնքի  3 մլրդ 400 մլն դրամ կազմող 2015 թ.-ի բյուջեն հաստատելիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն այն հայտարարեց սոցիալական՝ նշելով, որ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող համայնքում այլ ուղղվածություն հնարավոր չէ որդեգրել:

«Իհարկե դա չի նշանակում, թե մենք պետք է բյուջեի 30-40 տոկոսը որպես օգնություն բաժանենք բնակչությանը,- նկատում է քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը,- ի վերջո կան այլ բազում պրոբլեմներ՝ փողոցների ասֆալտապատում, մանկական խաղահրապարակների կառուցում, լուսավորություն, աղբահանություն եւ այլն: Հարկ հավաքող մեր բաժինները պարզապես տիտանական աշխատանք են կատարում եւ մենք չենք կարող այդ գումարները բաժանել միայն որպես օգնություն»:  

Հանրապետությունում աղքատության ու գործազրկության ցուցանիշով առաջատար համարվող Գյումրու քաղաքապետարանի ամենածանրաբեռնված բաժիններից մեկը քարտուղարության բաժինն է, որտեղ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով շուրջ 100-ից ավելի դիմում է ստացվում ու ուսումնասիրվում: Դիմումատուների 90 %-ը դրամական օգնության ակնկալիք ունի քաղաքապետարանից:

«Որպես սոցիալական օգնություն 8 մլն դրամ է առանձնացված բյուջեում համապատասխան հոդվածով, որից 10 հազարական դրամ է բաժանվում  նպաստառուներին,- մանրամասնում է ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը,- մեր ցուցակներում կան մարդիկ, ովքեր այդ դրամական օգնությունը ստանում են ոչ թե մեկ, այլ 6-7 ամիս շարունակ: 22 մլն դրամ էլ տրամադրում ենք ազատամարտիկների, պատերազմի վետերանների, խաղաղ պայմաններում զոհվածների ընտանիքներին»:

Գյումրիում գործող սոցիալական երկու ծառայությունների տրամադրած նպաստառուների ցուցակները քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված են, իսկ ահա ազատամարտիկների եւ վետերանների անունները չեն հրապարակվում: Տարվա մեջ երկու անգամ՝ մայիսին եւ ամանորից առաջ նրանց ընտանիքներին գումարներ են հատկացվում՝ 10-20 հազար դրամի սահմաններում:

«Մենք հարմար չենք գտնում նրանց ցուցակներն հրապարակել: Մի քանի հազար դրամ գումար են ստանում, արժի՞ արդյոք հինգ տեղ այդ անունները շեշտել,- նկատում է Լենա Ջիլավյանը,- ցուցակները մեզ տրամադրում է զինկոմը, ըստ այդ ցուցակների էլ բաշխումն իրականացնում ենք»:

2015թ.-ին նվիրատվություն հոդվածով տրվող գումարներն աճել են՝ բյուջեով նախատեսվել է 30 մլն դրամ: Նշված գումարի մեջ ազատամարտիկներին տրվող 22 մլն դրամը չի մտնում: Լենա Ջիլավյանի փոխանցմամբ` գումարի նման չափը պայմանավորված է չնախատեսված ծախսերով, որոնք անցած տարի անակնկալի էին բերել համայնքին: «Չէ՞ որ մենք չէինք կարող կանխատեսել 2014թ.-ին Գյումրի-Երեւան ավտոճանապարհի դժբախտ պատահարը: Մենք 2 մլն 200 հազար դրամ բաշխեցինք 14 տուժածների ընտանիքներին՝ ըստ վնասի չափի: Կամ` այս տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին հասած դժբախտությունը, քաղաքապետարանը 11 մլն դրամ փոխանցեց Ավետիսյանների հարազատներին,- ասում է Լ. Ջիլավյանը: Ավելացրեց նաեւ, որ անցյալ տարի, երբ Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն` քաղաքապետարանը որոշեց 10 մլն դրամ արժեքով նրան մեքենա նվիրել: Ամեն ինչ հնարավոր չէ կանխատեսել, որովհետեւ երբ համապատասխան գումարը չի լինում՝ ստիպված ենք տեղաշարժ կատարել այլ հոդվածներից»:

Բյուջեով սոցիալական աջակցության համար առանձնացված գումարներից զատ կարիքավոր անձանց բաժանվում է նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանանի 225 հազար դրամ կազմող աշխատավարձը, որը նա պաշտոնավարման օրից չի ստացել: 2012 թ.-ից մինչեւ օրս աջակցության համար դիմած անձանց հատկացված գումարը կազմել է 7 մլն դրամ: «Քաղաքապետը միայն ստորագրում է, իսկ աշխատավարձը ստանում են կարիքի մեջ գտնվող մեր քաղաքացիները,- Լենա Ջիլավյանը ծիծաղում է,- մեկին շտապ փող է պետք տանիքի վերանորոգման համար, մյուսին՝ երեխայի բուժման: Քաղաքապետի հրահանգով մենք վճարումն անում ենք նրա աշխատավարձից»:

Գյումրու քաղաքապետարանն ամեն ամիս դրամական աջակցություն է տրամադրում Գյումրիում գործող հաշմանդամների «Փյունիկ» կենտրոնին: «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության միայնակ ծերերի համար անցկացվող «Տաք ձմեռ» ծրագրին եւս մասնակցում է` մեկ անձի համար 4 հազար դրամի չափով ներդրում կատարելով: Այս տարի սոցիալապես անապահով ընտանիքների համար վառելափայտի բաշխման ծրագիրն իրականացրել է «Շիրակ կենտրոն» հ/կ հետ համատեղ՝ փոխանցելով պահանջված գումարը:

Աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը ավագանու մարտի 25-ի նիստին ներկայացվելիք դիմումատուների ցանկն է ցույց տալիս: Անցած երկու ամսվա ընթացքում դրամական աջակցության խնդրանքով քաղաքապետարանի ընդհանուր բաժնում մուտք եղած դիմումներից առանձնացվել է 206-ը:

Ռոբերտ Ասատրյանն ասում է, որ դրանք ուսումնասիրել է «Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի» մշտական հանձնաժողովը, որում ընդգրկված են ավագանու հինգ անդամներ, մեկ սոցիալական աշխատող, իսկ վերահսկողությունն իրականացնում է քաղաքապետի խորհրդական Վրույր Սուքիասյանը: «Առանց նրանց համաձայնության, առանց կից փաստաթղթերի ուսումնասիրության, առանց այդ ընտանիքներ այցելության` դիմում-խնդրանքները չեն հաստատվում»,- ասում է Ռոբերտ Ասատրյանը:

Հանձնաժողովում ընդգրկված ավագանիներից Գագիկ Ադամյանը հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ դիմումների քննարկման նպատակով ամիսը 3-4 անգամ հավաքվում են, նաեւ անձամբ են այցելում կարիքավորներին՝ համոզվելու նպատակով: Նման հանձնաժողով ձեւավորվել է քաղաքապետի առաջարկով: Ի դեպ, հավանաբար նախկին ԱԺ փորձը նկատի ունենալով, Սամվել Բալասանյանի ընտրվելուց հետո, նրա առաջարկով ձեւավորվել եւ գործում է Գյումրու ավագանու եւս երեք մշտական հանձնաժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter