HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի համատիրությունները բնակիչներից գանձվող գումարի մեծ մասը հատկացնում են աշխատավարձին

Գայանե Սարգսյան

Վանաձորում գործում է 60 համատիրություն, որոնց կազմում ընդգրկված են 890 բազմաբնակարան շենք: Մոտ 40 համատիրություն գործում է մեկ համատիրություն-մեկ շենք սկզբունքով: 29 շենք մինչ օրս որևէ համատիրութան կազմում չի ընդգրկվել, և այս շենքերում ծագած խնդիրները համասեփականատերերը լուծում են սեփական միջոցներով:

Համատիրություններն ամեն ամիս բնակիչներից գանձում են որոշակի գումար: Գումարի չափը կախված է սեփականատիրոջ բնակարանի չափերից:

«Ամսական վճարը բնակարանի 1 քմ-ի համար սահմանում է համատիրության ընդհանուր ժողովը: Վանաձորում 1 քմ-ի համար գանձվող գումարի միջին չափը 10 դրամ է: Համատիրություններ ունենք, որոնք 8 դրամ են հաստատել, կան նաև 13 դրամ գանձողներ»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը:   

Բաժնի պետի հավաստմամբ՝ քաղաքի համատիրություններում բազմաբնակարան շենքերի սպասարկման վարձավճարների միջին հավաքագրումը կազմում է 75-80%:

Հավաքագրված գումարի ո՞ր տոկոսն է ծախսվում համատիրությունների աշխատողների աշխատավարձի, ո՞ր տոկոսը բազմաբնակարան շենքերում աշխատանքներ իրականացնելու համար, մեր հարցերին, Գ. Պառավյանը հայտնեց. «Հավաքագրված գումարից միջին հաշվով 48-49%-ն է աշխատավարձի համար ծախսվում:

Այս գումարը բարձր է նյութածախսի և այլ ծախսերի համեմատ, որովհետև տարվա սկզբին նախատեսվում է, որ բյուջեն կհավաքագրվի 100%-ով, բայց հավաքագրվում է ավելի քիչ: Այսինքն, եթե 100% հավաքագրում լիներ, այդ դեպքում աշխատավարձը կկազմեր 39-40%:

Բայց եթե օբյեկտիվ պատճառով գումարը քիչ է հավաքվում, աշխատավարձի չափաբաժինը կազմում է  մինչեւ 50%»: 

Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, խոսելով համատիրությունների աշխատանքի մասին, նշել էր, որ դրանց մի մասը հավաքագրված գումարի մինչև 60%-ը տալիս է աշխատավարձ, ինչն անընդունելի է:

Սրա հետ կապված Գ. Պառավյանն ասում է. «Փոքր համատիրություններում այդ թիվը մի քիչ բարձր է լինում, բացատրական աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ թիվը փոքրանա»: 

Մեր ուսումնասիրությունները, սակայն, փաստում են, որ քաղաքի որոշ համատիրություններում հավաքագրվող գումարից աշխատավարձերի համար կատարվող հատկացումն իրականում 60%-ից էլ բարձր է:  2001թ.-ից գործող «Ջուխտ ախպուր» համատիրության կազմում ընդգրկված է 22 շենք: Համատիրությունում բնակիչներից գումարի հավաքագրումը կազմում է միջինը 70%:

«Ամսական հավաքագրվելիք պլանայինը 540.000 դրամ  է, որից վճարվում է միջինը 380.000 դրամ: Աշխատավարձ-կենսաթոշակայինի համար 300.000 դրամ է պահանջվում, մնացած 80.000-ն էլ հատացվում է նյութածախսին»,- ասում է համատիրության հաշապահ Լուսինե Կռոյանը:

Ստացվում է, որ համատիրության սպասարկման տարածքում գտնվող 22 շենքերից յուրաքանչյուրում աշխատանք կատարելու համար ամսական մնում է ընդամենը 3700 դրամ: Հաշվապահ Լուսինե Կռոյանը համաձայնվում է, որ շատ փոքր գումար է հատկացվում ծառայությունների մատուցմանը, բայց և փաստում է. «Շատ փոքր գումար է, բայց 300.000-ը մենք չենք կարող կրճատել, որովհետեւ աշխատավարձ են բարձրացնում, ինչի դեպքում մենք չենք ուրախանում, որովհետեւ մեր հավաքագրման թիվը չի մեծանում եւ մենք չենք կարող աշխատավարձ բարձրացնել»: 

«Ջուխտ ախպուր» համատիրության նախագահ Մեսրոպ Գեւորգյանին հարցնում եմ, թե որպես բնակիչ ի՞նչ կարծիքի է, որքանո՞վ է բնակչին ձեռնտու այսօր համատիրությունների գոյությունը, եթե կոնկրետ իրենց համատիրության դեպքում  հավաքագրված գումարի առյուծի բաժինը՝ 78.9%-ը հատկացվում է  աշխատողների աշխատվարձերին:

Մ. Գեւորգյանը խուսափողական պատասխան է տալիս. «Շենքեր կան, որ ցանկանում են մեզնից առանձնանան ու մեկ շենքով համատիրություն ստեղծեն, բայց դա իրեն չի արդարացնի, որովհետեւ ոչ մեկն այդ պատասխանատվության տակ չի մտնի:

Խնդիրներն ու հոգսերը շատ են, պետք է կողքից աջակցություն լինի, որ հնարավոր լինի ամեն բնագավառի մասնագետ պահել, կարողանան բոլոր աշխատանքները կատարել: Պետք է այդ կառույցը՝ համատիրությունը պահես, անկախ նրանից՝ մի շենքով կլինի, թե 5 շենքով, կառույցի համար պետք է վճարումներ անես, հարկեր է, կենսաթոշակային է, տակին էլի մնում է այդ չնչին գումարը»:

Վանաձորի «Խանդակ» համատիրությունում կառավարիչ Միքայել Ղարագյոզյանի տեղեկացմամբ՝ 2013թ.-ի պլանով նախատեսված 8.600.000 դրամի փոխարեն հավաքագրվել է 6.320.000 դրամ, որից աշխատավարձի եւ եկամտահարկի համար հատկացվել է 4.200.000, իսկ աշխատանքների համար՝ 2.120.000 դրամ:  

Ստացվում է, որ այս համատիրությունում էլ աշխատավարձի վրա ծախսվել է հավաքագրված գումարի 66.4%-ը: 

Կառավարիչը գումարի այսպիսի բաշխումը հիմնավորելու համար նախ ներկայացնում է անհրաժեշտ աշխատակիցների ցանկը. «Տվյալ հիմնարկը պետք է պարտադիր ունենա կոյուղագործ, եռակցող, կառավարիչ, հաշվապահ եւ մի տեսուչ: Դրանից պակաս հնարավոր չի, որ պահենք ու կարողանանք աշխատանք կատարել: Ավելի շատ աշխատողներ ենք ունեցել, ու էս քանի տարի է, կրճատվելով, նրանց թիվը հասցրել ենք նվազագույնի»:

Վանաձորի համատիրությունների գործունեության ընդհանուր պատկերն ունենալու ու հասկանալու համար, թե իրականում հավաքագրված գումարներն ինչպես են ծախսվում, գրավոր հարցումով դիմեցինք Վանաձորի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել քաղաքում գործող համատիրությունների՝ քաղաքապետարան ներկայացրած 2014թ.-ի գործունեության մասին հաշվետվությունները: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց տրամադրել քաղաքի համատիրությունների հաշվետվությունները:

«Վանաձորի քաղաքապետարանը հանդիսանալով համայնքի բազմաբնակարան շենքերի չսեփականաշնորհված բնակարանների սեփականատեր, որպես համատիրության անդամ՝ տեղեկատվություն է ստանում այն համատիրությունների վերաբերյալ, որտեղ առկա են չսեփականաշնորհված բնակարաններ: Քանի որ համաձայն «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի «բ» կետի. «համատիրության անդամին արգելվում է հրապարակել համատիրության գործունեության մասին առեւտրային գաղտնիքներ ներկայացող տեղեկատվություններ», Ձեր կողմից պահանջվող առանձին համատիրությունների հաշվետվությունները քաղաքապետարանը չի կարող տրամադրել»,- պատճառաբանեցին նրանք:

Վանաձորի քաղաքապետարանից, այնուամենայնիվ, ուղարկել էին Վանաձորի համատիրությունների գործունեության մասին 2014թ.-ի ֆինանսական ամփոփ տեղեկատվությունը: Ըստ այդմ, Վանաձորի համատիրությունները 2014թ.-ին պլանով նախատեսել էին բնակիչներից գանձել 180 մլն 589.090 դրամ: Փաստացի, սակայն, հաջողվել էր գանձել 137 մլն 275.330 դրամ: Այսինքն, հավաքագրման ցուցանիշը կազմել էր 76%:

Ըստ ներկայացված տվյալների՝ աշխատավարձի համար ծախսվել է հավաքագրված գումարի 41.6%-ը՝ 57.212.806 դրամ, իսկ նյութածախսի ու ընթացիկ նորոգումների համար՝ 56.2%-ը՝ 77.167.678 դրամ:

Համաձայն ներկայացված տվյալների՝ համատիրությունների ծախսերը՝  աշխատավարձի ֆոնդն ու նյութածախսը միասին, կազմում են 134 մլն 380.484 դրամ, այսինքն՝ 2 մլն 894.846-ով պակաս, քան հավաքագրվել է:  Թե ինչպես է ծախսվել  2 մլն 894.846 դրամը, քաղաքապետարանի ներկայացրած տեղեկատվության մեջ չի երեւում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter