HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բացահայտում է Նիկոլ Փաշինյանը. թե ինչպես պատահեց, որ «Քարֆուրն ու «Երևան Սիթին» շաքարավազը վաճառեցին նույն գնով

«Երբ երեկ ասացի, որ Հայաստանում շաքարավազի գինը 395 դրամ է, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը միանգամից հակադարձեց, թե՝ «Երևան Սիթիում» հենց այսօր շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Պարոն Շաբոյան, լավ է չասացիք՝ «Երևան Սիթի», ամենացածր գները տարածաշրջանում, գումարած 3 հատ անվճար լավաշ: Հարգելի քաղաքացիներ, չմոռանաք ձեզ հետ բերել ձեր անձնագրերը: Բայց, անկեղծ ասած, եթե այդպես ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հանրության հետ, որովհետև ձեր դե ֆակտո գործառույթը ոչ թե տնտեսական մրցակցությունն է, այլ Սերժ Սարգսյանի սահմանած մոնոպոլիաներն ու քվոտաները պաշտպանելն է: Դուք ուրիշ բանի համար չեք նշանակվել այդ պաշտոնում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման  ժամանակ:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով շաքարավազի գնին փորձեց բացատրել, թե Արտակ Շաբոյանն ինչպես է հանրությանը մոլորության մեջ գցում:

Ըստ նրա՝ Հայաստանում շաքարավազի մոնոպոլիան և «Երևան Սիթի» խանութների ցանցը պատկանում է նույն մարդուն՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Ալեքսանյանը «Երևան Սիթիում» շաքարավազի մանրածախ գին է սահմանել 369 դրամ՝ երեկվա դրությամբ, բայց նույն գնով շաքարավազ վաճառում է ոչ միայն «Երևան Սիթիի» սովորական այցելուներին, այլև մանր ու միջին խանութներին:

369 դրամը Սամվել Ալեքսանյանի համար արդեն շահութաբեր գին է, բայց մանր ու միջին խանութատերերի համար չի կարող շահութաբեր լինել, որովհետև նրանք 369 դրամով գնում են, դրա վաճառքից վճարում են շրջանառության հարկ, տրանսպորտային ծախս, պահպանման ծախսեր և մի բան էլ իրենց շահույթի մարժա պետք է սահմանեն, որ կարողանան շաքարավազը վաճառել:

Պատգամավորի ասելով` այս վիճակում պետք է առնվազն 395-405 դրամով շաքարավազը վաճառեն, որ շահույթ ունենան:

«Ի՞նչ է սա, եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում «Ալեքս Գրիգի» և «Երևան Սիթիի» կողմից: Ի՞նչ է սա, պարոն Շաբոյան, բա գերիշխող դիրքի չարաշահումը պոզով, պոչով է լինու՞մ: Հաջորդ հարցը, այդ ո՞նց պատահեց, որ «Երևան Սիթին» և «Քարֆուրը» շաքարավազը վաճառում են ճիշտ նույն գնով, սինխրոն գնով, միլիմետրի տարբերություն չկա: Պարզ է, թե ոնց պատահեց, «Քարֆուրը» Հայաստան գալուց առաջ պարտավորվել է, որ ինքը Հայաստան շաքարավազ չի ներկրելու, իշխանությունն էլ՝ Սերժ Սարգսյան, Սամվել Ալեքսանյան, պարտավորվել են, որ «ախպերագնով» շաքարավազ կտան «Քարֆուրին»»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքերով՝ տարիներ շարունակ «Քարֆուրի» գալ-չգալը պայմանավորված էր հենց այս հարցերի քննարկմամբ:

«Բա ի՞նչ է սա, եթե ոչ հակամրցակցային համաձայնություն, պարոն Շաբոյան: Դուք կարո՞ղ եք այս հարցով զբաղվել: Դուք նույնիսկ սրա մասին մտածելու համարձակություն չեք ունենա, որովհետև երբ սկսեք մտածել, միտքը չավարտած ձեզ այդ պաշտոնից այնպես կհանեն, որ դուք էլ չեք իմանա»,-հավելեց Ն. Փաշինյանը:

Պատգամավորը վիճակագրական տվյալներով հիմնավորեց, որ շաքարավազի գինը ոչ թե 369 դրամ է, այլ՝ 395:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում կա 12.786 խանութ, որից մոտ 8000-ը զբաղվում է նաև սննդամթերքի վաճառքով: Այս խանութների 99%-ը շաքարավազը ձեռք է բերում այն մեխանիզմով, որը նկարագրել է: Այսինքն՝ այդ խանութները չեն կարող ուրիշ գնով վաճառել, եթե նույնիսկ շատ ցանկանան: Այս հարցերով պետք է զբաղվի Շաբոյանի ղեկավածած հաձնաժողովը, բայց Ն. Փաշինյանի ասելով՝ չի զբաղվում, որովհետև Շաբոյանը մոտավորապես գտնվում է այս վիճակում. «քաղաքացի դատավոր, Շաբոյանը չի կարող նստել»:

Նիկոլ Փաշինյանը նաև այլ տվյալներ հրապարակեց: 2009թ. Հայաստանում խոշոր խանութները ընդամենը 1%-ն են կազմել, իրականացրել են համախառն առևտրի 52.2%-ը, 2014թ-ին՝ այդ խոշոր խանութներին իրականացրել են 63.1%

«Սա է ձեր գործունեության արդյունքը, իսկ դուք եկել եք, այստեղից հանդուգն ու լկտիությանը սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին: Դուք ձեզ ինչ եք թույլ տալիս: Եթե ձեր հայտարարությունների շնորհիվ օլիգարխիան այս ամիս ձեր պարգևավճարը 50 դոլարով ավելացնելու է, պարոն Շաբոյան, ես ուրախ եմ ձեզ համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը Արտակ Շաբոյանին «փոքր ֆիգուր» համարեց և խորհուրդ տվեց «ոտքի տակ չընկնել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նույնը վերաբերում է նաև բանանի շուկային, որի ներկրողը ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter