HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ու՞մ թույլտվությամբ են ամուսնանալու աղջիկները, եթե 12-ամյա կրթությունը դառնա պարտադիր

 Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ այսօր բուռն քննարկվեց կառավարության հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Փոփոխությամբ առաջարկվում  է 12-ամյա կրթությունը, կամ նախնական (արհեստագործական), կամ միջին մասնագիտական կրթությունը դարձնել պարտադիր՝ մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Այդ կրթությունը լինելու է անվճար:

Պարտադիր միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական  կրթության  պահանջը չի տարածվում  ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:

Ընդդիմադիր պատգամավորները նշեցին, որ բարձր են գնահատում դպրոցի դերը, սակայն այդ պարտադրանքը հակասության մեջ է մտնում մի շարք օրենքների հետ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ քաղաքացին 18 տարեկանից դառնում է չափահաս և ունի աշխատանքային իրավունք և կարող է ամբողջ ծավալով իրացնել, սակայն այս փոփոխությամբ հնարավոր չի լինի, քանի որ մինչև 19 տարեկանը պետք է սովորի:

Ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ, նախկին ուսուցիչ Գալուստ Սահակյանը: Նա էլ գովեստի խոսքեր հնչեցրեց դպրոցի մասին և կոչ արեց զսպվածություն ցուցաբերել դպրոցի մասին բացասական կարծիք հայտնելուց: Ըստ Գալուստ Սահակյանի՝ ուսուցիչը հասարակությունում պետք է անձեռնամխելի լինի:

Հեղինե Բիշարյանը նույնպես հիշեց  «վատ տարիների» իր ուսուցչական կարիերան, երբ աշակերտները սովածությունից ուշագնաց էին լինում, իսկ ուսուցիչները չնչին աշխատավարձ էին ստանում, սակայն դրանից աշակերտներին էլ էին բաժին հանում՝ նրանց տալով քաղցրավենիք, որպեսզի ուշագնաց չլինեն:

Հենց այդ մտահոգությամբ էլ Հեղինե Բիշարյանը առաջ քաշեց մի շարք հարցեր: Մասնավորապես, թե ինչ են անելու այն աղջիկները, ովքեր ցանկանում են ամուսնանալ 18 տարեկանից: Օրենքով հենց այդ տարիքից թույլատրվում է ամուսնությունը:

Հեղինե Բիշարյանն առաջարկեց նախագիծը անժամկետ հետաձգել՝ մինչև համայնքների խոշորացման, ավագ դպրոցների հարցերը պարզաբանվեն ու հստակեցվի, եթե 18 տարեկան աղջիկը ամուսնանա պիտի գնա կառավարության թույլտվությունը վերցնի՞, որ իրեն թույլ տան ամուսնանա, թե ոչ, դրանից հետո նոր խոսեն այլ հարցերի շուրջ:

Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ 9-րդ դասարանից դպրոց չգնացող երեխաների մոտ քրեական հանցագործություններ կատարելու ռիսկն ավելի մեծ է, քան դպրոց գնացողների պարագայում: Այնուհետև նախարարը բարոյախրատական ճառ կարդաց պատգամավորների համար՝ «բա ու՞ր էիք մինչ հիմա» նախաբանով:

Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագիծը անցել է փորձաքննություն, ոչ արդարադատության նախարարությունը, ոչ ԱԺ իրավաբանական վարչությունը հակասություններ չեն գտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter