HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հովհաննիսյան. «Թատրոնը ճշմարտությունը գտնելու, կատարելագործվելու ճանապարհն է»

Շուշան Օհանյան

Թատրոնի միջազգային օրվա առիթով զրուցել ենք Գորիսի թատրոնի դեմքն ու ձեռագիրը մեծապես գծագրող մարդկանց հետ:

Համլետ Հարությունյան-Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն

 Այս տարիներին թատրոնը, լինելով տարբեր կառույցների ենթակայության տակ, իրականում շատ բան կորցրեց: Թատրոնի գործունեությունը քիչ թե շատ սկսեց կարգավորվել այն ժամանակ, երբ այն, որպես ՊՈԱԿ, 2005թ. ընդգրկվեց Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում: Մի օրինակ. մինչ այդ, երբ թատրոնը համայնքային ենթակայության էր, նրա ստեղծագործական կազմում… դերասաններ չկային: Այո: Պատկերացնո՞ւմ եք՝ թատրոն՝ առանց դերասանների: Դա, ուղղակի, գոյատևման շրջան էր:

Չնայած նրան, որ թատրոնի վիճակն այսօր շատ հարցերում զգալիորեն բարելավվել է, այնուհանդերձ, որ ամենակարևորն է՝ մենք խիստ կարիք ունենք դերասանական կազմի համալրման: Նշեմ՝ հատկապես աղջիկների:
Որպես վերջին մտքիս հավաստում նշեմ, որ վերջերս մենք «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգի համար՝ «Զգուշացեք, կանայք են» ներկայացումով, պետք է մասնակցեինք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մինչ մրցանակաբաշխությունը`  մարտի 24-ին, պետք է խաղայինք Երևանում, որպեսզի փորձագետները գնահատեին մեր ներկայացրած աշխատանքը, բայց չկարողացանք ներկայանալ միայն այն պատճառով, որ դերասանուհիներից մեկը վիրահատություն էր տարել  և չէր կարող բեմ բարձրանալ, իսկ մենք փոխարինող դերասանուհի չունենք:

Մենք ստիպված ենք բեմադրել փոքրամասշտաբ ներկայացումներ, քանի որ ունենք դերասանների փոքր կազմ: Ամեն տարի դիմում եմ նախարարություն՝ նույն խնդրանքով, որ հաստիքացուցակում փոփոխություններ կատարվեն, բայց առայժմ արձագանք չկա:

Այսօր երիտասարդներին առաջին հերթին պակասում է արհեստավարժությունը, նաև՝ էներգիան ու խանդավառությունը: Թատրոնը չի սիրում պլան ու կաղապար, թատրոնին մշտապես պետք են համարձակ ու ստեղծագործական մոտեցումներ: Ցավոք, դրա պակասը մեր դերասանների մոտ շատ է զգացնել տալիս:

Գոռ Մարգարյան-Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական աշխատանքների համակարգող

Երկու տարի է, ինչ աշխատում եմ Գորիսի թատրոնում: Առաջին խնդիրը, որին բախվեցի այստեղ, դերասանների մասնագիտական հմտությունների պակասն էր: Չնայած նրան, որ թատրոնում կան օժտված ու շնորհալի մարդիկ, միևնույն է, ստեղծագործական խնդիրների առաջ հաճախ ենք կանգնում: Համեմատության համար ասեմ, որ Երևանում աշխատելիս, բացի ֆինանսական, նյութական դժվարություններից,  այսօրինակ՝ դերասանական կազմի հետ կապված մեծ խնդիրների հիմնականում չես բախվում: Այնտեղ, բնականաբար, ընրության հնարավորությունն այլ է:
Եվ ցավալի է, որ երիտասարդների մոտ թատրոնի նկատմամբ չկա այն խելագար սերը, որն ապրեցնում է թատրոնին, որին ես սովոր էի:
Գորիսը, ընդունենք դա, թե ոչ, հենց այս բառով ասեմ, ամենակրիտիկականն է հանդիսատեսի առումով: Ես եկել եմ այն կարծիքին, որ սա մենթալիտետի հարց է: Այստեղ երեկոյան ժամերին դատարկ են անգամ այգիները ու սրճարանները, փողոցները…Մարդիկ չեն կարողանում իրենց ժամանցը կազմակերպել, իսկ այս առումով թատրոնը ժամանց կազմակերպելու ամենաորակյալ տեղն է: Գուցե պատճառները նաև սոցիալական են, ես դա էլ հասկանում և ընդունում եմ, բայց այսչափ իներտությունը, ինձ համար, խոստովանեմ, անհասկանալի է:

Մի նկատառում էլ. ես երբեք չեմ հանդուրժի, որ իմ հանդիսատեստը, ժպիտի ու ծիծաղի փոխարեն, հռհռա, որ դերասանը բեմին գռեհկանա. դա էժան թատրոնի ախտանիշն է:

Թատրոնի միջազգային օրն իմ ամենասիրելի տոներից  է:

Չնայած առկա խնդիրներին՝ Գորիսն ունի լավ թատրոն, ուսանելի թատերական տարեգրություն, հրաշալի, սիրված դերասաններ, ու ես բոլորիս հաջողություն եմ մաղթում ու սեր՝ առ թատրոն:

Շանթ Հովհաննիսյան- ՀՀ  Վաստակավոր արտիստ, Երևանի Թատրոնի ու կինոյի պետական իստիտուտի Գորիսի մասնաճյուղի տնօրեն, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան 

Սովետական տարիներին ուշադրությունը թատրոնի նկատմամբ շատ ավելի մեծ էր, թատրոնը որպես մշակութային գաղափարախոսության տարածման հզոր զենք էր դիտարկվում:

Անկախացումից հետո սկսվեցին դժվարությունները՝ հիմնականում կապված ֆինանսավորման հետ: Սակայն, չնայած դրան, որոշ թատրոններում ստեղծագործական խմբերը, այն ցուրտ ու մութ տարիներին անգամ, տոկալով մնացին, մնացին ու ստեղծագործեցին՝ ամիսներով աշխատավարձ չստանալով:

Այսօր լրջագույն խնդիր է հանդիսատես-թատրոն խաթարված կապի ամրապնդումը, իսկ դա մի ողջ նախապատմության հետևանք է: Ցավոք, թատրոնն այսօր հանդիսատեսին չի գրավում: Ճշմարիտ արվեստի հետ առնչության մշակույթը մեզանում տեղի է տվել: Այս խնդիրն ամբողջ հանրապետությունում է առկա, պարզապես, ինչքան հեռանում ենք մայրաքաղաքից, այնքան այն ավելի ակնառու է դառնում:

Պլանային համակարգով գործող թատրոնը՝ սովետմիությունից մեզ ժառանգված, պետք է, ժամանակների բերումով, էական փոփոխություններ կրի: Նոր մտածողություն է պետք, նոր մատուցման ոճ, ինչու չէ՝ նաև էքսպերիմենտներ, որովհետև, ի վերջո, սխալների վրա են սովորում, կատարելագործվում: Նոր շնչով արված մի քանի ներկայացներ ունենք, որոնք հանդիսատեսը ընդունեց: Կարծում եմ, եթե նույն ոգով շարունակենք,  հանդիսատեսը կրկին կսիրի թատրոնը, կկարոտի:
Շատ կարևոր են համագործակցություններն այլ քաղաքների, մայրաքաղաքի թատրոնների հետ. անընդհատ պետք է կարողանաս զգալ ժամանակի ու մշակույթի զարկերակը: Հանդիսատեսը սիրում ու գնահատում է ազնվությունը, անկեղծությունը:

Ստեղծագործող մարդը պետք է  հետաքրքիր լինի նախ կյանքում, որպեսզի բեմին նրան տեսնելու ցանկություն առաջանա: Թատրոնը հաջողություն կունենա այն դեպքում, երբ բոլոր օղակներում աշխատեն պրոֆեսիոնալ մարդիկ:  

Հենց այս խնդիրներին էին, որ հասունացրել էին տեղում կադրեր պատրաստելու հարցը: Այդ նպատակով էլ 2004թ. ստեղծվեց Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, որը, համարում եմ, մեծ ձեռքբերում էր մեր քաղաքի համար:

Ես ուզում եմ շնորհավորել թատերասեր հասարակությանը, իմ գործընկերներին՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թող մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են թատրոն կոչվող հեքիաթը, երբեք չհուսալքվեն և շարունակեն ստեղծել այն առողջ միջավայրը, որի մասին մենք շարունակում ենք երազել: Ի վերջո, թատրոնը ճշմարտությունը գտնելու, կատարելագործվելու ճանապարհն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter