HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տնտեսությունը տուժում է պղնձի գնի անկումից

Սեդա Հերգնյան 

Համաշխարհային շուկայում պղնձի գինը շարունակում է տատանվել` նվազման միտումով: Անցած տարվա հունվարին պղնձի մեկ տոննայի միջազգային գինը 7,5 հազ. դոլար էր, իսկ այս տարվա հունվարին՝ 5,5 հազ. դոլար: Այսինքն՝ պղնձի արդյունահանման ու մշակման ոլորտը անցած տարվա համեմատ մոտ 10 տոկոս պակաս եկամուտ է ստացել: Եթե այս տարվա փետրվարին պղնձի գնի որոշակի աճ էր նկատվում, ապա մարտին շարունակվում է նվազումը՝ հիմնականում Չինաստանի արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության տվյալների ֆոնին: Հաշվի է առնվում այն փաստը, որ այս երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է, որի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են:

Որ պղնձի համաշխարհային գնի նվազման հիմնական «մեղավորը» Չինաստանն է, վկայում են ոչ միայն առքուվաճառքի տվյալները, այլև՝ տնտեսագետները, վերլուծաբաններն ու գործակալությունները: SDIC CGOG Futures Co.–ի վերլուծաբան Յու Յին (Yu Yi) Bloomberg գործակալությանը վերջերս տված հարցազրույցում նշել է, որ Չինաստանում պղնձի պահանջարկը նվազել է։

Միջազգային շուկայում պղնձի գնանկումը դանդաղ տեմպերով սկսվեց դեռևս 2013-ի տարեվերջից: Իսկ 2014-ի մարտին արդեն այն գտնվում էր վերջին 4 տարիների ամենացածր մակարդակում: 1 տոննայի գինը կայուն ցածր էր 6, 5 հազ. դոլարից, մինչդեռ 2013 թվականին հիմնականում բարձր էր 7 հազ. դոլարից, իսկ 2012-ին՝ 8 հազ. դոլարից: Նկատենք, որ 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո պղնձի գների առավելագույն արժեքը գրանցվել է 2011 թվականի փետրվարին՝ 9 հազ. 934 դոլար:

Որոշ տնտեսագետներ պղնձի միջազգային գների անկումը բացատրում են նաև ԱՄՆ-ի մակրոտնտեսական ցուցանիշների նվազմամբ, Ճապոնիայի ու Եվրամիության ռեցեսիաներով և այլ գործոններով:

Ֆրանսիական  Natixis ներդրումային բանկի վերլուծաբանների կանխատեսմամբ` 2015 թվականին պնձի միջազգային գինը տարեկան կտրվածքով նվազելու է 7,7%-ով՝ միջինում կազմելով 6,33 հազ. դոլար 1 տոննայի համար:

Պղնձի գնանկման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Փորձը ցույց է տվել, որ մետաղների միջազգային գների անկումը անմիջապես բացասաբար է անդրադառնում մեր տնտեսության վրա: Բացառություն չէ նաև պղինձը, որը Հայաստանի տնտեսության համար ունի կենսական նշանակություն: Հայաստանից կատարվող արտահանման ընդհանուր ցուցանիշի մեջ, ըստ մաքսային արժեքի, պղնձի խտանյութն առաջին տեղում է (ընդհանուր արտահանման 20,5%-ը):

Դրա արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ: Գների նվազման հետևանքով կրճատվում է արտարժույթի ներհոսքը, որն էլ նպաստում է դրամի արժեզրկմանը:

Հանքարդյունաբերող ձեռնարկությունները Հայաստանում խոշոր հարկատուներ են: Նրանց վճարած հարկերը, բնականաբար, ուղղակի կապ ունեն մետաղների միջազգային գների հետ. այս հարկատուների եկամուտները կախված են միջազգային գներից, իսկ նրանց վճարած հարկերը՝ ստացված եկամուտներից: Քաջարանում տեղակայված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2013-ին  1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջին տեղում էր՝ պետությանը վճարած 37 մլրդ 800 մլն դրամ հարկով: Իսկ 2014-ին եղել է 4-րդ հորիզոնականում՝ վճարելով 19 մլրդ 940 մլն դրամ, այսինքն՝ մոտ 18 մլրդ դրամով պակաս, քան 2014-ին: Իհարկե, դրա պատճառը կարող է լինել նաև արտադրության և արտահանման ծավալների նվազումը, կարող են լինել նաև ոչ օբյեկտիվ պատճառներ, բայց այն, որ պղնձի միջազգային գների անկումն է հիմնական պատճառներից մեկը, առավել տրամաբանական և այս կոմբինատում շրջանառվող հիմնական վարկածն է:

Կա ևս մեկ հիմնական գործոն, թե ինչու է Հայաստանի տնտեսությունը բավական զգայուն մետաղների համաշխարհային գների փոփոխությունների նկատմամբ. դրանց գների նվազման պարագայում հանքարդյունաբերական ու մետաղագործական ընկերություններն ուշացնում են իրենց ներդրումային ծրագրերի իրականացումը՝ սպասելով ավելի նպաստավոր ժամանակների: Հայաստանում առանց այն էլ վերջին տարիներին զգալի կրճատվել են օտարերկրյա ներդրումները, ուստի մեր տնտեսության համար դրանք այժմ առավել քան կարևոր շարժիչ ուժ են:

Վերջին երկու տարում ակնհայտ է, որ Հայաստանում հանքերի շահագործումը նոր թափ է ստացել, սկսել են նոր տեխնոլոգիաներ կիրառել: Այս ամենը զգալիորեն նպաստել է արտահանման աճին: Սակայն նախորդ տարի պղնձի գնանկումը հետևանք է թողել: Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները՝ 2014-ին Հայաստանից արտահանվել է 185 հազ. տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք)՝ 12 տոննայով ավելի, քան արտահանվել է 2013-ին: Բայց քանի որ 2014-ին պղնձի գները նվազել են, արտահանված 185 հազ. տոննա խտանյութի մաքսային արժեքը կազմել է մոտ 236 մլն դոլար, մինչդեռ 2013-ին 173 տոննայի մաքսային արժեքը կազմել էր մոտ 280 մլն դոլար: Ստացվում է մի պատկեր, ըստ որի՝ 2014-ին Հայաստանից արտահանված պղնձի քանակը 2013-ի համեմատ աճել է, բայց մաքսային ընդհանուր աժեքը՝ նվազել: Սա գնանկման բացասական հետևանքն է, որը կարող է ավելի ակնառու և խորը լինել, եթե 2105-ին ևս գնանկումը շարունակվի:

Նախորդ տարի խտանյութն արտահանվել է 1 տոննան միջինը 1275 դոլարով: Արտահանվել է Չինաստան, Բուլղարիա և ոչ մեծ քանակությամբ՝ Սերբիա: Բուլղարիա առաքվել է 64 հազ. տոննա, որը 40 հազ. տոննայով պակաս է 2013-ի ցուցանիշից: Փոխարենը զգալի ավելացել է դեպի Չինաստան արտահանված խտանյութի քանակը (107,7 հազ. տոննա՝ 2013-ի 43,7 հազ. տոննայի և 2012-ի՝ 8,9 հազ. տոննայի դիմաց), որով այս երկիրը դարձել է Հայաստանից արտահանվող պղնձի ամենախոշոր սպառողը: Իսկ Սերբիա արտահանվել է 12,5 հազ. տոննա՝ 2013-ի  4,77 հազ. տոննայի փոխարեն:

Copy: | Create infographics

Հայաստանից արտահանվում է ևս երկու տեսակի պղինձ՝ չզտած և ջարդոնի տեսքով:  2014-ին չզտած տեսակից արտահանել ենք 9,8 հազ. տոննա: Այն սպառվել է հիմնականում Գերմանիայում (8,88 հազ. տոննա):  Եվս  985 կգ՝ Բելգիայում: Իսկ պղնձի ջարդոն արտահանել ենք 1,9 հազ. տոննա, որից 1,6 հազ. տոննան դեպի՝ Բելիզ, մնացածը՝ Իրան և ԱՄՆ:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած համաշխարհային վերջին ճգնաժամին՝ 2007-ից սկսած Հայաստանից պղնձի արտահանումը անշեղորեն աճել է: Քանակով ռեկորդային է 2014-ի ցուցանիշը, իսկ մաքսային արժեքով՝ 2013-ինը:

| Create infographics

Սպասելիքներ «Թեղուտից»

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներով՝ Հայաստանում ներկայում կա 7 պղնձամոլիբդենային և 4 պղնձի հանքավայր: Պաշարների մեծությամբ Քաջարանի հանաքավայրն առաջին  տեղում է, որին հաջորդում է Թեղուտը:

Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի մեկնարկը տրվել է 2014-ի դեկտեմբերից: 2015 թվականի համար նախատեսված է 7 մլն տոննա հանքաքար արդյունահանել, 2016-ին՝ 7,5 մլն տոննա, 2017-ին՝ 9 մլն տոննա: Հանքավարի արտադրողականությունը ամսական 580 հազար տոննա է կազմում: Թեղուտի պաշարները հաշվառված են, հանքաքարը կհերիքի մոտ 40 տարի: Ընդհանուր առմամբ, Թեղուտում 1, 6 մլն տոննա պղնձի և 99 հազ. տոննա մոլիբդենի պաշար կա: Սպասվում է, որ տարեկան 28 հազ. տոննա պղինձ կարտադրվի: Թեղուտի պաշարների արդյունահանման և վերամշակման իրավունքը պատկանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ին: Ըստ շահագործողների՝ այստեղ օգտագործվում են լավագույն տեխնոլոգիաները:

Ինչ կփոխի  Թեղուտի լեռնահանքային համալիրը Հայաստանի տնտեսության մեջ, մասնավորապես՝ պղնձի արդյունահանման և արտահանման ոլորտում, ցույց կտան տարեվերջյան արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter