HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիսաբաց արված մի դուռ էլ փակեց գլխավոր դատախազությունը. դարձյալ մերժում եմ ստացել

Մհեր Ենոքյան 

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Իմ գործը չի վերաբացվի. գլխավոր դատախազությունը չի ուզում զարմացնել քաղաքացիներին

Մի քանի օր առաջ նամակ ստացա գլխավոր դատախազությունից: Շունչս պահած կարդում եմ առաջին տողերը: «Մերժում» բառը միանգամից աչքիս ընկավ ու նորից տակնուվրա արեց միտքս: Փաստորեն, գլխավոր դատախազությունը մերժել է նոր երևան եկած հանգամանքներով նոր վարույթ սկսել: Ընդամենը 5 էջի վրա գլխավոր դատախազության պաշտոնյան պատասխանել է իմ փաստաբաններին ու ինձ, որ ոչ մի նոր երևան եկած հանգամանք չկա: Անկեղծ ասած՝ չզարմացա, կզարմանայի, եթե հակառակը լիներ, եթե կամք ցուցաբերեր իշխանությունը ու անդրադառնար 1990-ականների անապացույց «ապացուցված» մահվան դատավճիռներին: 

Աստված ու մարդիկ վկա են, որ ձեռքերս ծալած երբեք չեմ նստել, միշտ փնտրել եմ ելքեր, պայքարել ու պայքարում, որ վերաբացվի քրեական գործը, քանի որ 19 տարի առաջ տեղի է ունեցել դատական սխալ. սպանության մեղադրանքով պատժվել է մարդ, ով սպանություն չի կատարել: Բայց ինչ դուռ կիսաբաց ենք անում, դատախազությունը, դատարանները շրխկոցով փակում են դեմքիս առաջ:

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իմ փաստաբաններ Լևոն Բաղդասարյանն ու Սեյրան Գրիգորյանը, «Լև Գրուպ» իրավաբանական գրասենյակը, «Անմեղության ծրագիր» կազմակերպությունը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ արեցին տիտանական աշխատանք, որի մասին մենք լռում էինք, քանի դեռ չունեինք դատախազության պատասխանը: Իսկ դատախազությունը ընդամենը 2 շաբաթում իր կազմած 5 էջանոց մերժումով ջուրը գցեց մեկ ու կես տարվա մեր աշխատանքը, 100 էջից ավելի հավաքված նյութերը:

Ի՞նչ նյութեր էինք մենք հավաքել. նոր փորձաքննություն Հոլանդիայում

Քանի որ մեր պետությունը չի պահպանել քրեական գործերով իրեղեն ապացույցները, շատ դժվար էր գտնել մի փորձագիտական կենտրոն, որը կհամաձայներ նոր փորձաքննություն կատարել եղած նյութերի ու գիտության նորագույն մեթոդների հիման վրա: Տասնյակ փորձագիտական կենտրոններից մեր հարցումներին ի պատասխան` ստանում էինք հետևյալը. անհրաժեշտ են իրեղեն ապացույցներ: Սակայն անցյալ տարի ԱՄՆ-ում և Հոլանդիայում գործող IFS անկախ փորձագիտական կենտրոնից դրական պատասխան ստացանք: Ինձ օգնել փորձող մասնագետները նախ դատարանների կենտրոնական արխիվից պետական հաստատումով ստացան քրեական գործի պատճենը, ապա նյութերն անգլերեն թարգմանվեցին: Վերջում այդ ամենը ուղարկվեց դատաբժիշկ տիկին Սելմա Էյքելենբում-Շիվիլդին: Ես, բնականաբար, տվեցի իմ գրավոր համաձայնությունը փորձաքննությունն անցկացնելու համար:  

Մի քանի ամիս անց մենք ստացանք եզրակացությունը: Այն ծավալուն է, ուստի որոշ հատվածներ ուզում եմ ներկայացնել ընթերցողին:

Ի՞նչ պատասխան ստացանք Հոլանդիայից

Իմ քրեական գործին քաջատեղյակ մասնագետները միշտ էլ նշել են, որ այն փնթի է, ապացույցներ չկան, չեն կատարվել անհրաժեշտ փորձաքննություններ, անգամ մատնահետքաբանական փորձաքննություն: Անգամ ոչ մասնագետը կարող է հասկանալ, որ դատավճռի հիմքում դրվել է մյուս մեղադրյալ, իրական մարդասպան Արամ Հարությունյանի (15 տարի պատիժ կրեց ու հիմա վայելում է ազատությունը) 4 անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինը: Բայց որ արտերկրի փորձագիտական կենտրոնը կտա նման եզրակացություն, անկեղծ ասած, քիչ հավանական էր ինձ թվում: Ահա որոշ հատվածներ եզրակացությունից. 

«1996 թվականին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի` բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է:

Հիմք ընդունելով սույն գործում առկա ապացույցների մեր քննությունը և հիմք ընդունելով դատական գործերի մեր մեծ փորձառությունը, դատական գործերի ուսումնասիրությունների կատարումը, ԴՆԹ և արյան հետքի նմուշի քննություն կատարելով, և դատաբժշկական փորձաքննությունները՝ լուրջ կասկածներ ունենք Հարությունյանի կողմից ներկայացված սցենարի առնչությամբ:

Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարր նրա ցուցմունքներում:

Մյուս կողմից, Հարությունյանի ցուցմունքները լի են անհամապատասխանություններով.

1. նա տվել է 4 ցուցմունք՝ 3 տարբեր իրարամերժ ցուցմունքներով,

2. այն փաստը, որ Հարությունյանի ցուցմունքներն այդքան մանրամասն էին, դրանք ավելի կասկածելի են դարձնում,

3. Հարությունյանը ցուցմունք է տվել, որ հանցագործությունը կանխամտածված և ծրագրված է եղել: Սակայն հանցագործության վայրը պարունակում էր պահի ազդեցության ներքո կատարված հանցագործության բոլոր նշանները՝ առանց կանխամտածված սպանության որևէ ապացույցի:

4. Հարությունյանը Ենոքյանին մեղադրելու դրդապատճառներ ուներ (հակառակ դեպքում նա կդառնար գլխավոր մեղադրյալը):

5. Չկա որևէ ապացույց, որ Ենոքյանը գերիշխող դեր է ունեցել Հարությունյանի հետ հարաբերություններում:

6. Հարությունյանի ցուցմունքն ամբողջովին հակասում է բժշկական ապացույցներին: Տուժողի վնասվածքների ծանրությունը, որի աստիճանը տուժողին անկարող էր դարձնում, և այդ վնասվածքները ստանալուց հետո վերջինիս գոյատևման սահմանափակ ժամանակը որևէ կերպ չեն համապատասխանում Հարությունյանի կողմից ներկայացված ցուցմունքներին:

7. Այն փաստը, որ իր ցուցմունքների այս մասում Հարությունյանն  ակնհայտորեն ստել էր, լուրջ կասկածներ է առաջացնում նրա ցուցմունքների մնացած մասերի արժանահավատության վերաբերյալ: Լինելով անազնիվ՝ նա մեծացնում է այլ իրադարձությունների նկատմամբ անազնիվ լինելու հավանականությունը»,-նշված է եզրակացության մեջ:

Դատաիրավական համակարգը վախենում է ընդունել սեփական սխալները

Ինձ ուղարկված հրապարակումներում հաճախ եմ կարդում ԱՄՆ-ում 20 -30 տարի անց վերաբացված այս կամ այն գործի մասին: Տպավորություն է, որ ամեն տեղ կա սխալվելու հավանականություն, բացի «արդարադատության կղզյակ» Հայաստան աշխարհից: Իմ գործի չվերաբացումը ցմահ դատապարտյալներ, նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի ու նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործերի չվերաբացման տրամաբանական շարունակությունն է:

Պարոնայք արդարադատներ, շարունակեք փակել ձեր աչքերը, չտեսնել այն սխալները, որոնց պատճառով անմեղ մարդիկ են պատիժ կրում: Հասկանալի է, որ պարզապես ցանկություն չկա անդրադառնալու այս գործերին, հակառակ դեպքում դատախազությունն ինքը կփնտրեր ու կգտներ նոր երևան եկած հանգամանքներ:

Չենք ընկճվում, գնում ենք առաջ   

Այսքան մերժումներ ստանալով՝ թվում է՝ պիտի կորցնեի պայքարելու ցանկությունը: Բայց ունեմ սկզբունք՝ չենք ընկճվում, շարժվում ենք առաջ: Թեպետ Հայաստանում չունենք արդարադատություն, այնուամենայնիվ, դատախազության մերժումն իմ փաստաբանների հետ կբողոքարկենք դատարաններում:

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր այն մասնագետներին, ովքեր այս ընթացքում արել են հնարավորն ու անհնարը գործի վերաբացման համար. առաջին հերթին՝ իմ փաստաբաններին, թարգմանչին, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության

Լուսանկարում` ձախից` դատաբժշկական փորձագետ Սելմա Էյքելենբում- Շիվիլդը   

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Մեր դատախազությունը Պերմյակովի հարցո՞ւմ ինչու այս նույն հետևողականությունը ցույց չտվեց։ Այ անթասիբներ, ռուս լակոտի ձեռով մի ողջ ընտանիքի ոչնչացրին ու մարսեցին, դուք բերաններդ ջուր առած նստած եք, իսկ ձեր հայրենակցի գործը չեք ուզում վերաբացել, ամբողջ աշխարհի առաջ խայտառակ եք լինում, ձեր արած վատությունը թող ձեզ վերադառնա, ուրիշ բան չեմ ասում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter