HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգո Ղուկասյան. «Անվերնագիր…1915»

սկիզբը

Վերջապես լուսավոր մի դուռ բացվեց

Ղուկաս Խաչատրյանը երեսուներեք տարեկան է: Տասն անձից բաղկացած իր ընտանիքի մասին տակավին լուր չունի: Երևանում է: 1918 թվականի Երևանում: Քաղաք, որ գաղթականության հավաքատեղի էր դարձել: Հարցուփորձ է անում. Վանից, Ալաշկերտից, Բասենից կային: Այդ կողմերից փրկվածները շատ էին: Սակայն Սեբաստիայի գավառից ոչ մեկին չհանդիպեց: Ճամփաներն այլ էին եղել:

Չեմ կարող մանրամասնել, բառեր չեմ գտնում: Երբեմն ինձ թվում է, թե նրանց հետ եմ, նրանց կողքին` փողոցներով սայլեր են անցնում, պատերի տակից դիակներ են հավաքում: Հիշում եմ մորս պատմածը Գյումրիի մասին: Սայլը կանգնել է, ձայն է գալիս` եթե ունեք, դուրս բերեք: Այդ պահին քսանամյա մայրս իր տասնվեց տարեկան քրոջ պատանքն է կարում: «Հասել եմ դեմքին, ձեռքս առաջ չի գնում... Սայլապանը շտապեցնում է` շուտ, շուտ արեք...»:

Ամեն տեղ նույն վիճակն էր` Երևանում, Էջմիածնում, Գյումրիում... Ալմաստի պատմածը. Ղուկասի ժլատ տեղեկությունները, մայրիկիս նկարագրությունը... Չեմ կարող շարունակել, ցավն ու զայրույթը խեղդում են:

Ցեղասպանություն: Սարսափելի բառ, որ աշխարհի բառարաններում ավելացավ մեր ժողովրդին պատուհասած դժբախտությունը բնորոշելու համար: Ազգ, որ շպրտվեց մահվան հորձանուտը, քանզի թուրքերի ծրագրած սպանդին համընկավ և սրվեց աշխարհի մեծ ու ուժեղ պետությունների պատառ փախցնելու ախորժակը:

Հանուն ինչի՞: Հանուն սեփական շահի: Հանուն տարածքների ընդարձակման, նավթի ու ոսկո°ւ, նոր նավահանգիստներ ձեռք ձգելու, ծովեր ու գետեր նվաճելու...

Ժամանակ է անցել, թվում է, թե շատ ժամանակ: Եվ կարծես թե ինչ-որ բան փոխվել է: Սակայն պարզվում է, որ ոչ, մեծ հաշվով համարյա թե ոչինչ էլ չի փոխվել: Աշխարհում այլ ցեղասպանություններ էլ են տեղի ունեցել: Իսկ մեր ազգին պատուհասած այդ ցավոտ իրողությունը մխում է մեր հոգիներում և առայժմ չի երևում, որ կլինի բուժում:

Ինչպես որ անհատի կրած վիշտն է իր հետ քայլում, քանի դեռ ողջ է, այնպես էլ ազգերի, ժողովուրդների կորուստներն են ուղեկցում նրանց: Եվ դա այն պատճառով, որ անկասելի է փոխանցման երևույթը:

Փոխանցում` խոսքով, գրով, արյամբ, մշակույթով... Փոխանցում` պարտության թե հաղթանակի, շահածի թե կորցրածի: Փոխանցման հազար ու մի կերպ կա: Դրանցից մեկի մասին, որ առանձնահատուկ է, հիմա կպատմեմ:

1980-ին, երբ ես զբոսաշրջիկ էի Թուրքիայում, Անկարայից Ստամբուլ ճանապարհին, հերթական կանգառներից մեկը հին քարվանսարա էր: Մուտքն իբրև զարդաքանդակ ուներ սպիտակ մարմարի մեջ փորված խորշեր: Անհնար էր, որ մոտեցողի ուշադրությունը չգրավեր այդ ճակատամասը: Խորշերում տարբեր ձեռագրերով և տարբեր լեզուներով գրություններ կային: Մահաստաններ քշվողները, նրանք, ովքեր հասել էին այդ քարվանսարան, գիտեին, որ իրենց հետևից էլի ու էլի եկողներ էին լինելու: Այդ կողմերից անցած յուրաքանչյուրի համար մարմարե սպիտակ խորշերը ծառայել էին թղթի պատառիկներ թողնելու, որպես իրենց ետևից եկողներին հղված ուղերձներ: Տարեթվեր, գյուղերի ու քաղաքների անուններ, հասցեներ, ստորագրություններ...

Ի՞նչ մելան էր եղել, ի՞նչ մատիտ կամ ներկ, կամ թերևս քա՞րն է ծծողականի դեր կատարել, որ տառերն ու թվերը պարզ երևում էին`փորձեր արվել էին ջնջելու, սակայն լրիվ չէի°ն ջնջվել, մնացել ու փոխանցվել էին` ո՞վ. երբ, որտե՞ղ... 1915-1980. անցել էր 65 տարի: Քամին, անձրևը, արևն ու ձյունը նույնպես անզոր էին եղել: Գրությունների հետքերը համարյա վիմագիր արձանագրությունների արժեք էին ստացել: Մեզնից թե առաջ, թե հետո որքա¯ն մարդ տեսած կլիներ սիրտ արյունող այդ վկայագիրը:

***

Տարիներ են` կուգան ու կերթան: Այս արտահայտությունը շատ ենք լսել մեր մեծերից, մեր երգերից, ինքներս էլ տեսնում ու համոզվում ենք: Իսկ երբ կյանքդ երկարել է, պատկերացրեք, թե ուրախությունները, և, մանավանդ` կորուստն երը, որքան շատ են:

Տարիներ են, եկան ու անցան: Դժվար տարիներ էին, բայց Ղուկասը դիմացավ: Աստված մարդուն որքան թաքնված ուժեր է տվել: Էլ չեմ խոսում հույսի մասին, հույս, որ ամենամեծ ուժատուն ու ապրեցնողն է: Եվ, պատկերացրեք, 1922 թվականին անսպասելի նրա առջև մի լուսատու դուռ է բացվում: Երկու տարի է, ինչ հիմնադրվել էր Երևանի պետհամալսարանը: Փոխադրականի համար մի ձիակառք էր գնվել: Ղուկասին աշխատանքի են ընդունում կառքը վարելու համար: Աբովյան 52 հասցեում գտնվող Սև տուֆակերտ շենքն այդ օրվանից դարձավ նրա տունն ու պատսպարանը:

Սև շենքը ես մեծատառով եմ գրում, որովհետև հատուկ անվան պես էր ընկալվում թե` առաջներում և թե` այժմ: Քանի-քանի սերունդներ հաջորդեցին իրար Սև շենքի կամարների տակ: Եվ այսօր էլ այն շարունակում է բարձրագույն կրթօջախի իր պատվավոր դերը կատարել, թեև սովորողների թիվն այնքան է շատացել, որ Չարենց և Ալեք Մանուկյան փողոցների միջև իր թևերն է տարածել համալսարանի կենտրոնական շենքը աղյուսագույն տուֆից, որ անձրևից հետո, երբ արևը ողողում է պատերը, քարն անդրադարձնում է վառ կարմիրը: Այդ մեծ, բազմահարկ բուհական օջախն ունի նաև հարակից այլ շենքեր, մասնագիտական տարբեր բաժանմունքների համար:

Այնուամենայնիվ, Սև շենքը եղավ կրթության ու գիտության այն լուսատու հանգրվանը, որ իր նշանավոր, չափազանց մեծ, նույնիսկ անփոխարինելի գիտնականների ուժերով հիմք դրեց առաջադիմությանը մեր հանրապետությունում:

***

Վերադառնանք համալսարանի առաջին կառքին: Երկու կարմիր, հրաշալի ձիերը հանձնվեցին Ղուկասի խնամքին, կառքը նույնպես, որով պետք է սպասարկեր համալսարանի ռեկտորին և պատվարժան, տարեց գիտնականներին: Այսպիսով` իրականացավ այն խոսքը, որ ասում է. Աստված երբ մի դուռը փակում է, մյուսն է բացում: Մեծ, շատ մեծ մխիթարություն էր ամեն ինչ կորցրած մարդու համար, տարիներով մշուշի ու անորոշության մեջ գտնված անձի համար, ով հանկարծակի շրջապատվեց այնպիսի նշանավոր մարդկանցով, որոնք նրա հետ զրուցելով, հարցուփորձ անելով իմացան նրա անցած ուղու մասին, հայրենի գյուղի, ռուս-թուրքական պատերազմի մասնակից լինելու մասին: Նրանցից ավելի ո՞վ կարող էր մխիթարել և նեցուկ լինել մի մարդու, որը կորցրել էր ոտքի տակի հողը, ընտանիքը և անցել կրակի ու սառնամանիքների միջով:

Ձիերը` խոշոր էին, գեղեցիկ: Գյուղում մեծացած, հող հերկած, անասուն պահած մարդ էր Ղուկասը և, կարծես, ի վերուստ նրան փրկություն էր ուղարկվել: Այդ գեղեցիկ կենդանիների մասին հետագայում որքան սիրով էր խոսելու, դեմքին բարի ժպիտ էր հայտնվելու: Մի երկու անգամ լսել եմ իրենից, որ ասել է. «դժվար թե իմ ձիերից ավելի լավը լինեին կամ ավելի հասկացողները»:

Ինչ բարեբախտություն: Մեր տանը շատ հին լուսանկարներ կան: Չորս լիքը թղթապանակ: Երբ այս պատմությունն սկսեցի, բոլորը հանեցի, դրեցի գրասեղանին: Մեկում հայտնաբերեցի մի փոքր լուսանկար, երեխայի ձեռքի ափի չափ: Ծառի ստվերում` կառքի պատկերը, Ղուկասը նստատեղին` սանձերը բռնած: Ո՞ւմ է սպասում:

-Երանի պետական համալսարանի առաջին ռեկտոր` Հակոբ Մանանդյան: Նրան, որը 19-րդ դարավերջին արդեն ավարտել էր Վիեննայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում: 20-րդ դարասկզբին էլ, վերադառնալով Ռուսաստան, սովորել էր Պետերբուրգի կայսերական համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, իսկ 1909 թվականին ավարտել էր Տարտուի (Դորպատի) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Ահա այսպիսի բազմակողմանի կրթված անձնավորություն է կանգնած եղել Երևանի պետհամալսարանի ակունքում: Եվ, իմացեք խնդրեմ, նրա μարության, պարզության մասին: Իր շրջապատի հասարակ մարդկանց վերաբերվել է մեծ սիրով և ուշադրությամբ: Ղուկասն, օրինակ, առիթը եկած ժամանակ, պատմում էր, թե ինչպես Մանանդյանը հարցուփորձ էր անում իրենց գյուղի, կենցաղի, ապրուստի, դաշտային աշխատանքների մասին: Այդ զրույցները նրա հոգին թեթևացնում էին և մեծ գիտնականի հանդեպ հարգանքն ու համակրանքը` խորացնում:

Կանցնի որոշ ժամանակ, և Ղուկասը կունենա հաճելի պարտականություն սպասարկելու մեկ այլ մեծ գիտնականի` Հրաչյա Աճառյանին: Այս անգամ արդեն Աճառյանն ուրախությամբ կլսի Ղուկասի`Սեբաստիայի գավառի խոսվածքը, քանզի նա այդ բարբառի կրողն էր: Աճառյանը հարցուփորձով կխոսեցնի նրան Իշխան գյուղի կյանքի, բնության, տոնակատարությունների և այլնի մասին, որպեսզի լսի` մեծ գիտնականի խոսքերն են` «Սեբաստիայի անաղարտ բարբառը, որ հնչում էր Ղուկասի բերանում»:

***

Վերադառնամ պետհամալսարանի առաջին կառքին և նրա լուսանկարին: Որոշեցի պարզել` արդյո՞ք կիմանամ մի տեղեկություն այդ մասին: ... Եվ` գնացի իմ թանկագին համալսարանը: Իհարկե, ոչ այնտեղ, Աբովյան փողոցի Սև շենքը, որտեղ ես սովորել և ավարտել եմ ուղիղ վաթսուն տարի առաջ: Այլ նոր, Ալեք Մանուկյան փողոցի գլխավոր մասնաշենքի շքամուտքով բարձրացա յոթերորդ հարկ: Համալսարանի պատմության թանգարան, հիմնադրումից սկսած իննսուն տարիները պատկերող ցուցանմուշներով: Ներկայացա` 1950թ. բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ: Սիրով ընդունեցին: Իսկ երբ իմացան, թե ինչ է խնդրանքս, առաջարկեցին դիտել թանգարանի սրահները և ավելացրին.

-Թերևս ձեր փնտրածներից ինչ-որ բանի հանդիպեք:

Առաջին պատկերը, որից չէի ուզում հեռանալ, Սև շենքի մեծ լուսանկարն էր: Դա ես ընկալեցի համալսարանի պատմությանը նվիրված մի գեղեցիկ բացման խոսք իննսունամյա բուհի հիմնադրման մասին: Անշուշտ, այնտեղ ուսանած շրջանավարտները սրտանց ուրախանալու են այդ լուսանկարի ներկայությամբ: Ինչ սիրելի, հարազատ դեմքերի հանդիպեցի, ինչ թանկ հուշեր արթնացան:

Երիտասարդ աշխատակցուհու ուղեկցությամբ շրջեցինք ու դիտեցինք բուհի պատմությունը ներկայացնող փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, ցուցանմուշներ: Եվ ահա, երբ ինձ համար ժամանակը վաթսուն տարով հետ էր շրջվել, կանգ առանք մի վահանակի առջև, որի վրա փակցված էին համալսարանի տարբեր տարիների ռեկտորների լուսանկարները 1920 թվականից մինչև օրս, Հակոբ Մանանդյանից մինչև Արամ Սիմոնյանը: Այդ բազմաթիվ լուսանկարների մեջ ես փնտրում էի նրանց, ովքեր իմ սովորելու տարիներին են ղեկավարել համալսարանը: Ահա նրանք` Հրաչյա Բունիաթյան, Հովհաննես Պողոսյան, Գարեգին Պետրոսյան: Անմիջապես հիշողությանս մեջ արթնանում է մի տպավորիչ պատկեր, այն պահը, երբ միջանցքով անցնում է խիստ և պատկառազդու Հովհաննես Պողոսյանը, իսկ ուսանողներն արագ քաշվում են աջ ու ձախ պատերի տակ, հարգալից հայացքներով ուղեկցելով նրան: Մինչ ես տարված էի անցյալով, կողքից լսեցի ուղեկցուհուս ձայնը.

-Նայեք ներքևում...

Գեղեցիկ ձվաձև սեղան էր, որը նախապես չէի նկատել: Ապակու տակ` մի մեծադիր լուսանկար: Ուրախությանս սահման չկա, ինչը չեմ կարողանում թաքցնել: Իմ ունեցած փոքր ու խավար լուսանկարի մեծ և պարզ տարբերակն է: Մակագրությունը վկայում է. «1922 թվականից պետհամալսարանի ռեկտորներին սպասարկող կառքը. կառապան` Ղուկաս»:

-Որտեղի՞ց այս լուսանկարը,- հուզված հարցնում եմ ես:

-Կարելի է ճշտել, բայց որքան տեղյակ եմ, առաջին ռեկտորի`Հակոբ Մանանդյանի ընտանիքն է տրամադրել: Գիտնականի արխիվն ամբողջությամբ պահվում է իր բնակարանում, հարազատների հսկողության տակ:

Թանգարանի մեկ այլ սրահում, բուհի 90-ամյակն ամփոփող կոլաժի մեջ ևս ներկա է այդ լուսանկարը: Չէ՞ որ դա համալսարանի պատմության ելագծին վերաբերող փաստ է, մնայուն վկայություն հետագա մի քանի տարիների իրավիճակի վերաբերյալ, մինչև որ, (կոնկրետ տարեթիվն ինձ հայտնի չէ), համալսարանը հնարավորություն կունենա ձեռք բերելու ավտոմեքենա:

Երկու հրաշք

(1926- 1 927 թվականներ)

Օրերից մի օր Ղուկասի աշխատանքային ընկերը, որի հետ նրանք կողք կողքի հանգստանում էին, անսպասելի խոսք բացեց, – Ինձ մի բան է մտահոգում, ուզում եմ ասել, բայց չգիտեմ` ինչպես կընդունես:

Քիչ լռելուց հետո.

- Բավական ժամանակ է միասին ենք, տեսնում եմ` քո կյանքը ծանր է: Այլ կերպ չէր էլ կարող լինել` ընտանիք ես կորցրել, զավակներ: Տղամարդը որ մենակ եղավ, լվացող, եփող-թափող չունեցավ, նրա հալն ի՞նչ կլինի: Իմ կարծիքով, ճիշտ կանես, եթե ամուսնանաս: Դեռ երիտասարդ ես, գուցե Աստված տա` երեխա էլ ունենաս:

Ղուկասը գլուխը կախ լսում էր: Ընկերը շարունակեց.

-Էդպես անտեր-անտիրական ինչքա՞ն պետք է մնաս: Մեր բակում 1922 թվականից երկու քույրեր են մնում: Քո երկրացի են, Սեբաստիայի գավառից, բայց որ գյուղից` չգիտեմ: Արի ծանոթացի, մեկնումեկին գուցեև հարմար համարես, ամուսնանաս:

Ղուկասը չէր արձագանքում: Մինչ ընկերը համոզում էր, նրա աչքի առջևով ինչեր անցան: Մտքով նա գնացել էր իր ծննդավայր, փոքր, գեղեցիկ Իշխան գյուղ, Ալիս գետի ափին: Գյուղից ոչ այնքան հեռու էլ ժայռափոր Սոխակերաց վանքը կար, որտեղ իշխանցիները, շրջակա գյուղերի ու քաղաքների բնակիչները, գարնանը հավաքվում էին «Հավթռունքի» տոնը նշելու:

Ինչ դուրեկան աղջիկ էր Սրբուհին: Նրան հենց «Հավթռունքի» օրն էր տեսել ու հավանել: Բայց Ղուկասը մտահոգ էր, գիտեր իրենց գյուղի սովորությունը: Որբ աղջկան հարս չէին տանում, հոր ու մոր ձեռքի տակ պետք է մեծացած լիներ: Իսկ Սրբուհու ծնողները շուտ էին մահացել: Երբ Ղուկասի հորն ու մորը հայտնի դարձավ իրենց որդու ցանկությունը, փորձեցին համոզել` ձեռ քաշիր, ասացին, որμ աղջիկ է: Ղուկասը երկու ոտքը մի մաշիկի մեջ էր դրել:

-Սրբուհուն հավանում եմ, գնացեք ուզեք,- պնդեց:

Ի վերջո ծնողներն համակերպվեցին` թող մեր որդու ուզածով լինի: Եվ Սրբուհուն նշանեցին, բերեցին: Բնավորությունն այնքան լավն էր, որ նորահարսն ընտանիքի սիրելին դարձավ:

1914 թվականին արդեն Ղուկասն հինգ զավակի հայր էր... Այս ամենը նրա աչքերի առջևով անցավ. նույնիսկ մոռացել էր իր որտեղ գտնվելը: Անցել էր տասներկու տարի: Սրբուհին կարողացե՞լ է երեխաներին պահել, պահպանել... Եթե սրանից-նրանից լսածներին հավատալու լինի, տեղահանությունից ու կոտորածներից քչերն են փրկվել: Այդ տխուր մտքերը նրան հեռու էին տարել, շատ հեռու: Մոռացել էր նույնիսկ, որ ընկերը դեռ կողքին է: Կռահելը դժվար չէր` շատ ծանր էր որոշում կայացնելը: Անցավ մի քանի օր: Նորից նույնը.

- Արի գնանք, ծանոթացի: Երկու քույրերն էլ խելոք, մաքրասեր կանայք են:

Օրերից մի օր Ղուկասն ընկերոջ հետ գնաց: Այս պատմության հենց սկզբից մեզ ծանոթ «Էրկեն քույրերն» էին, Ալմաստն ու Մարինոսը Սեբաստիայի գավառի Կարագյոլ գյուղից: Երկուսն էլ բաձրահասակ էին: Ալմաստը որ` հիշո՞ւմ եք, պատանի հասակում նիհար էր, բարակ ու երկար, չիբուխի պես, բնավորությամբ զվարթ... Իսկ թե ինչ էր անցել-դարձել նրանց գլխով, ընթերցող, դու արդեն գիտես:

Տեր Զոր, Մոսուլ, Բասրա... Այս տեղանուններին պետք չէ որևէ բան ավելացնել:

...Իսկ Մարինոսը` Ալմաստի քույրը, նրա կյանքին այնքան էլ ծանոթ չեմ, թեև Ալմաստը մի երկու բան ասել է, բայց... բարձրաձայն դժվար է կրկնելը: Իրաքի Բասրա քաղաքում քաշված լուսանկարը, որ դրված է մեր գրապահարանի ապակու հետևում, (շուտով կլրանա այդ վկայության 90 տարին), երիտասարդ, բայց երեխայի խռովկան հայացքով նստած է Մարինոսը... Հիմա էլ ճիշտ նույն արտահայտությունն է նրա դեմքին: Եվ քանի դեռ Ղուկասն ու Ալմաստը զրուցում էին, նրանից, ինչպես լուսանկարից, ոչ մի բառ չէր լսվում:

Հաջորդ օրերից մեկում, երբ Ղուկասն ու Ալմաստը պատմում էին իրենց կորցրած ընտանիքների մասին... Հետո, երբ լռում էին ու երկուսն էլ լուռ արտասվում... Ալմաստի դեմքը ողողվում էր արցունքով, իսկ Ղուկասը աչքերն էր կկոցում, որպեսզի արցունքները դեպի ներս հոսեն... Չէ՞ որ նա, մինչև այդ պահը, ոչ մի լուր չուներ ընտանիքից: 1925 թվականի փետրվարի յոթն էր, Ղուկասը բռնեց Ալմաստի ձեռքն ու քրոջն էլ հետը տարավ իր տուն:

Մարինոսը կարճ ապրեց: Նա աշխարհից խռովել էր: 1915-ը նրա սրտից ու մտքից ջնջել էր ապրելու ցանկությունը: Այնքան, որ նույնիսկ ուժ չգտավ դիմանալու, որ տեսնի քրոջ երեխայի ծնունդը: Իսկ դա տեղի ունեցավ հաջորդ, 1926 թվականի հոկտեմբերին: Երեխայի անունը... Հայրը դա թողեց Ալմաստի ընտրությանը: Վերջինս ինը ամիս շարունակ աղոթել էր, որ մանուկը տղա լինի, որպեսզի գոնե իր ամենամեծի` Ահարոնի անունը չմոռացվի:

Եվ եղավ նրա ուզածի նման: Ահարոն էր լինելու նորածնի անունը`ահայրոն, քանզի մտքում, երբ կորցրած երեխաների անունները տար, առաջվա նման իրար հետևից շարեր` Ահարոն, Շնորհք, Պարգև, Զմրութ (Զմրուխտ), Անանուն... Մեզ համար Անանուն, բայց ոչ մոր: Նրա սրտում և մտքում, քանի դեռ ողջ էր, հինգերորդ զավակի անունը ևս մնալու էր պայծառ ու անմոռաց: Սա առաջին հրաշքն էր, որ տեղի ունեցավ այդ ընտանիքում, 1926 թվականին:

***

Հիմա, երբ գրում եմ այս տողերը, մի կողմից էլ եփ եմ գալիս` ախր ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես լիներ, ինչո՞ւ մեր ազգը սթափ և միասնական չլիներ: Իր հողի վրա հայ ժողովուրդը քանի՞ հազար տարի էր գոյատևել մինչ 20-րդ դար հասնելը: Ինչե՞ր էին անցել-դարձել: Չէ՞ր հասկանում, որ երկիր պահելու, ժողովուրդ պահելու համար ուժ էր պետք, կռվելու, պաշտպանվելու մղում էր պետք և, ամենակարևորը, ծրագիր էր պետք, նպատակ, հետևողականություն... մինչդեռ մեր թշնամին ոչ միայն ուրիշինը (նաև ուրիշներինը) սեփականելու, այլև հընթացս աշխարհի ուժեղ, հարուստ, նաև զարգացած, չհապաղենք ասել` նաև անսիրտ ու շահամոլ պետությունների հետ այնպիսի հարաμերություններ էր կարողանում մշակել, որ նրանք իրենց թիկունք կանգնեին: Հիշենք 1974 թվականը, Կիպրոսը, որ Թուրքիան տաք հացի պես կիսեց և իրենով արեց: Կարողանում էր:

Հիմա կասեք` թուրք էր: Այո, թուրք էր և է, բայց չէ՞ որ մենք էլ հայ էինք և ենք: Հողը մերն էր: Այո: Ցավոք, յուրաքանչյուր ընտանիք իր սեփականն ավելի էր սիրում, քան ընդհանուրինը: Արդյոք այսօր էլ այդպե՞ս չէ: Ախ, ես դեռ որքան պետք է կրկնեմ ու միամիտ դատողություններ անեմ: Հավատացեք` սրտիս մրմուռից: Չկարծեք, թե ես մոռանում եմ` մենք պետականություն չունեինք:

Այո` պետականություն: Բոլոր դարերում պետականությունն է ազգապաշտպան, հողապաշտպան, մշակութապաշտպան գլխավոր ուժը: Արդյո՞ք մենք այժմ ամեն ինչ անում ենք այդպիսին ունենալու համար: Արդյո՞ք մենք հիշում ենք հայ ժողովրդին պատուհասածի պատճառով սրտում վերք բացված բանաստեղծի, Ավետիք Իսահակյանի, մի զայրացած պահի` «Թշնամին միայն զարկողից կվախենա» խոսքը...

***

Խոստովանում եմ, երբ գրում եմ այս տողերը, իմ սեփական կռիվն եմ տալիս: Ուզում եմ, որ խնդրին մեկ այլ կողմից նայենք: Ինչո՞ւ ենք ասում` մեկուկես միլիոն զոհ, երբ միայն Ալմաստն ու Սրբուհին քսանյոթ տարեկանում արդեն հինգական զավակ են ունեցել, ովքեր ցիրուցան եղան տարագրության ճամփաներին: Նրանք դեռ քանիսն էին ունենալու: Երկրում ընտանիք կա՞ր, որ հինգ, ութ, նույնիսկ ավելի զավակ չունենար: Երկրում երեխան էր ամենամեծ հարստությունը:

Այդպիսով` մեր ժողովուրդը միլիոնավոր մարդկանց կորցրեց, որ դեռ պետք է ծնվեին: Մնացողները դարձան ԿՅԱՆՔԻ ՍԵՐՄ: Ընդամենը մի բուռ, ինչպես թանկագին, քիչ հանդիպող, դժվար աճող բույսի կամ պտղի չճարվող սերմը, որ մարդիկ (աչքովս եմ տեսել) թաշկինակի մի անկյունում էին կապում, գարանը հողին պահ տալու համար: Կյանքի սերմ: Լսե՞լ էիք այս արտահայտությունը: Կոստանդին Ա Բարձրաբերդցի (1180-1267 թթ.) կաթողիկոսն է օգտագործել թաթար-մոնղոլական սրից փրկվածների մասին:

Դարերի ընթացքում քանի՞ անգամ է հայ ժողովրդի հույսը մնացել Կյանքի սերմի վրա: Մենք խոսում ենք Երկրի երկու ընտանիքների մասին, մեծ, բազմանդամ ընտանիքների: Այն ժամանակ ո՞րը բազմանդամ չէր: Բասենի գավառում, օրինակ, մայրիկիս վկայությամբ, քսան-երեսուն հոգով էին սեղանի շուրջ բոլորում: Քանի՞ ընտանիք էր հաշվում իրենց գյուղում, որ յոթ-ութ արու զավակ ունեին: Իսկ աղջիկնե՞ր, հարցնում էի: Ծիծաղում էր, աղջիկներն ավելի շատ էին:

Առաջ անցնելով ասենք, որ Եղեռնից փրկվածների հայացքները տասնամյակներ շարունակ հետ էին շրջված` գուցե դեռ մեջտեղ գա իրենց գերդաստանից որևէ մեկը, կամ` ազգականը, թեկուզ գյուղացին: Թերթերում, Հայաստանում, թե այլ երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան, Բրազիլիա..., որտեղ որ հնարավոր էր, որտեղ որ կարելի էր հայտարարություններ զետեղել:

«Ու կը փնտրեն...»: «Այն օրեն այսօր «Կփնտրվիններու» հայահատուկ տխուր սյունակներով թերթեր հիսուն երկար տարիներ դեռ կը փնտրեն»: «Կփնտրվի, կը կարծվի տարիքը հիմա ըլլալու է...»: «Կը խնդրվի ուրիշ հայ թերթերե արտատպել...»:

Երբեմն նշվում էր գյուղի կամ քաղաքի և ծնողների անունները, ավելացնելով` «տղու անունը մոռցեր ենք»: Եվ այսպես շարունակ: Իրար գտնողներ եղան: Նրանց համար դա հրաշք էր, երկնքից ուղարկված հրաշքի արժեքով: Ինչպես որ դա եղավ Ղուկասի համար 1927 թվականի մի օր, երբ թերթերում տպված լուսանկարների և հասցեների միջոցով երկուստեք հայտնի դարձավ` Երևանում է գտնվում Ղուկաս Հովսեփի Խաչատրյանը, Ֆրանսիայի Մարսել քաղաքում են Ղուկասի որդին` Ղազարոսը, դուստրը` Մարիցան, կինը` Սրբուհին:

Մի՞թե հնարավոր է նկարագրել երկու կողմերի կամ նրանց շրջապատողների, նույնիսկ անծանոթների ուրախությունը: Տասներեք տարի միմյանցից լուր չունենալուց հետո, այդքան կորուստներ ունենալուց հետո... Պահպանվել են լուսանկարները: Այն առաջին լուսանկարները, որոնք որպես հավաստագիր կամ վկայություն, ներկայացվել և տպագրվել են Փարիզի «Հառաջ» թերթում: Որդու` Ղազարոսի լուսանկարը ձվաձև է: Տասնութամյա պատանի է, նիհար, սրված ծնոտով, դեմքի լարված արտահայտությամբ:


Այստեղ մանրամասներ կան, ուշագրավ մանրամասներ, որ տողերիս հեղինակի համար բացահայտվեցին շատ ուշ, ընդամենը վերջերս: Մայրը` Սրբուհին, իրենց դեգերումների ժամանակ որդուն որբանոց էր տվել: Եվ երկար տարիներ նա, փաստորեն, մորից էլ էր զըրկված եղել: Սրբուհին դա արել էր նրա համար, որ որդին կրթություն ստանա, իմանալով, որ թե° իր և թե° որդու համար այդ բաժանումը շատ ծանր է լինելու: Փաստորեն, դա արվել էր հանուն այն բանի, որ որդին հետագայում կարողանա ինքն իրեն պաշտպանել: Իսկ երբ, տարիներ անց, նրանց հաջողվել էր միանալ, Ղազարոսին` հաց վաստակելու խնդրից ավելի, հորը գտնելու հանգամանքն էր մտահոգել:

1927 թվական: Բարեբախտաբար Փարիզում երկու տարի էր, ինչ լույս էր տեսնում «Հառաջը»: Կա՞ր ավելի ազգօգուտ, մարդասիրական խնդիր, քան օգնել հայրենակիցներին գտնելու, հանդիպելու միմյանց: Եվ, առհասարակ, ազգապահպան, լեզվապահպան, ինչպիսի անգնահատելի գործ է կատարել հակասովետական ուղղվածությամբ այդ թերթը, ունենալով «Ձայներ գավառներեն» և «Գաղութե գաղութ» բաժինները: Առաջ անցելով ասեմ նաև, որ ես և զարմացա, և հիացա խմբագրի խորատեսության համար, որը դեռևս 20-րդ դարասկզբին էր հասկացել սովետի` ավազի վրա հիմնված լինելու գաղափարախոսությունը:

Ութսունչորս տարիների ընթացքում «Հառաջն» ունեցել է երկու նվիրյալ, իրենց անձը մոռացած խմբագիրներ` Շավարշ Միսաքյան, որին փոխարինել է դուստրը` Արփի Միսաքյանը: Ցավով պետք է նշել, որ թերթը դադարեց տպագրվել վերջերս, միջոցների, նաև բաժանորդների բացակայության պատճառով:

***

Վերադառնանք հայտարարությանը: «Հայրս, Ղուկաս Հովսեփի Խաչատրյան, ծնված գ. Իշխան, մայրս, Սրբուհի, ծնված 1887 թ., գ. Իշխան: Ես, Ղազարոս Ղուկասի Խաչատրյան, ծնված 1909 թ. բնիկ Իշխանցի»: Հուզիչ է «բնիկ» բառի շեշտված ներկայությունը: Կապը հայրենի եզերքի հետ... Թոնրատանը, որտեղից ծուխ էր ելնում, և, ով հրաշք, բոցերից հանում էին լավաշները, ամեն իրիկուն հորը սպասում էր դռան առաջ, որ հանդից գա, իրեն գրկի ու համբուրի, մայրը, որ թանապուրի ամանը դնում էր դեմը և գդալը տալիս էր ձեռքը...

Ղազարոսը երբեք չի դադարել հորը փնտրելուց: Թափառումի տարիներին քանի-քանի անգամ է նրան թվացել, որ առջևից քայլող մարդն իր հայրն է: Վազել է, անցել նրանից, ու երբ նայել է դեմքին, հիասթափված կանգ է առել: Իսկ մի քանի տարի անց, երբ բավականաչափ մեծացել էր, հարցուփորձ էր անում սրան-նրան: Չէ, չեն տեսել, չեն ճանաչում: Բայց որ ի վերջո գտնելու էր, դրանում երբեք չէր կասկածել: Այդ զգայուն պատանին որքան ջանք թափեց, մինչև որ, մի երջանիկ օր, «Հառաջից» լուր ստացավ` հայրը ողջ է: Թեև իրենցից շատ հեռու է ապրում: Բայց կարևորն այդ էր: Աշխարհը տվեցին նրան` հաաայրը ոոողջ է...

Իսկ Ալմաստը` Ղուկասի երկրորդ կինը, որ ուներ մեկ տարեկան երեխա... Ալմաստն այնքան բարի էր և խելացի: Նա համարում էր, որ տեղի ունեցածը հրաշք է, և` Ղուկասը «պետք է երթա, իր ընտանիքին ու զավակներին տիրություն ընե»: Նա այդպես վարվելն այնքան արդարացի էր համարում, որ գնաց բժշկի և կանխեց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալը:

Բարի, արդար Ալմաստ մայրիկ, ափսոս, որ դու այդպես վարվեցիր, ափսոս, որ քո որդուն եղբայր կամ քույր չպարգևեցիր: Բայց դու մեղավոր չէիր: Դու չգիտեիր, որ Ղուկասի և նրա ընտանիքի միջև երկաթյա վարագույր է քաշված, որի միջով օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող անցնել: Դու չգիտեիր, որ անգամ բարձրաձայն այդպիսի ցանկություն հայտնել կամ դիմել ուր որ հարկն է, նշանակում էր... աքսորի ճամփեն բռնել: Դեռ քանի տասնամյակ էր անցնելու, մինչև հայր ու որդի արժանանային միմյանց տեսության, մինչև աշխարհն իմանար, որ սովետի դաժան առաջնորդը մահացել է, մինչև վերջապես երկաթյա վարագույրը ճաքտար: Իսկ մինչ այդ երկուստեք կապը նամակներն ու լուսանկարներն էին, անթիվ լուսանկարները, որ կուտակվում ու կուտակվում էին: Նոր տարվա շնորհավորական բացիկներ, երեխաների ծնունդի ուրախ ծանուցումներ, նաև սև շրջանակով ծրարներ, որ գուժում էին հարազատի մահը:

Լուսանկարների շարքում կա նաև այսպիսին. չորս երիտասարդներ են, ուս ուսի տված, նույն տարիքի, նույն հասակի` Ղազարոս (իշխանցի), Հովհաննես (բուրսացի), Մկրտիչ (նորգեղցի), Գևորգ (պարտիզակցի): Երկրացի են: Փնտրել ու գտել են իրար: Հարազատից հարազատ են, քանզի նույն հողուջրի զավակներ են: Մարսելից վաղուց նրանք տեղափոխվել էին Փարիզ, որտեղ աշխատանք ճարելն ավելի հեշտ էր: Եվ ծրարների մեջ ավելացել էին Փարիզի բարեմասնությունները պատկերող բացիկներ:

Իսկ ես... Ալմաստի ու Ղուկասի ընտանիքում հարս էի եկել 1950 թվականին, պարտականություններիս մեջ անմիջապես առաջնային տեղ էին գրավել այդ նամակները բարձրաձայն կարդալը, դրանց շտապ պատասխանելը` որքան հնարավոր է մանրամասն և ջերմ, որպեսզի «երեխաքը, ինչպես մայրիկն էր ասում, քիչ մը ուրախանան ու իրարու կարոտ առնինք»:

Ամուսինս` Ահարոնը, գոհ էր, որ այդ պարտականությունը որոշ չափով ընկավ ինձ վրա, քանզի նամակներ պետք է գրվեին ոչ միայն եղբորը` Ղազարոսին, այլև քրոջ` Մարիցայի ընտանիքին, որ նույնպես Փարիզում էր բնակվում: Կարևոր էր նաև Մարոյին, Մարսելում բնակվող Ղուկասի հորաքրոջ աղջկան գրվելիք նամակները: «Մարոն, գիտե՞ք, Երկրում, մեր Իշխան գյուղում, ինչ աշխույժ ու պինդ երեխա էր: Ձյուներու վրա ոտաբոբիկ կքալեր, ոտքերն ալ թուշերու պես կկարմրեին, չէր հիվնդնար, կվազեր ու կխնդար»:

Սկսեցին նամակներ գալ նաև Ամերիկայից: Անթել հեռախոսի նման Ղուկասի տեղը գտնվելու լուրը հասավ Դետրոյտ: Այնտեղ էր Պայծառը`Ղուկաս հայրիկի զարմուհին, ամուսնացել էր Արսենի հետ, ուներ երկու որդի: Նրանք էլ իրենց հերթին էին ամուսնացել ու զավակներ ունեին: Նամակներ եկան Նյու Յորքից, որտեղ Ղուկաս հայրիկի թոռն էր բնակվում իր ընտանիքով: Եվ այսպես շարունակ, գնա ու գնա, բազմանում ու տարածվում էին երկրեերկիր, իրարից ավելի հեռու քաղաքներում էին հայտնվում, որովհետև նրանցից խլվել էր հազարամյակների իրենց Հայրենիքը, այդ պատճառով էլ մեկընդմիշտ ձեռքերից վայր չէին գցում թափառականի ցուպը:

Հա, չմոռանամ, սկեսուրս` Ալմաստ մայրիկը, Նոր Արեշում մի երկրացի ուներ` Զարման մորքուրն իր ամուսնու` Տիգրանի հետ: Տիգրան պապը շատ անուժ էր, միշտ տեսնում էի թախտի բարձերին հենված: Տղամարդ էր, չէ՞: Վշտին դիմացող չէր: Երկու երկրներում էլ նրանք ազգականներ ունեին: Նրանց նամակներն ո՞վ պետք է կարդար ու պատասխանները գրեր: Անշուշտ, ես: Մի օր առաջ սկեսուրս ասում էր.

-Զարմանը լուր է խրկել, նամակ են ստացել: Վաղը երթալու կարդացվելու է, պատասխանը գրվելու է:

Եվ միասին գնում էինք: Երբ ես վարժ ընթերցում էի, աչքի տակով էլ դիտում ծերերին, ինչ հիացմունքով էին նայում ինձ: Առավել ևս`պատասխանները գրելիս, սևեռուն, աչքերը հառած ձեռքերիս` «ինչ էլ չափուկ կգրե, աֆֆերիմ աղջիկս»... Եվ այդպես հասանք 1955 թվականին: Մինչ այդ Ղազարոսից ստացած բոլոր նամակներն ավարտվում էին հետևյալ կերպ.

-Կմաղթենք ձեզի երջանիկ օրեր, հաջողություն և բախտ, որ Աստված մեզի ձեզի իրարու տեսնելու արժանի ընե...

Նրա և մեր ցանկությունը կատարվեց, բայց ե՞րբ: Բաժանումից քառասունմեկ տարի անց: Սակայն, մինչ այդ երջանիկ հանդիպման մասին խոսելը, ներկայացնում եմ Ղազարոս Ղուկասի Խաչատրյանի «Հիշատակարանը» (1914-1984 թթ.), ինչը, մեծ պայքարից ու խնդրանքներից հետո ստացել եմ Փարիզից, 2009 թվականին:

Ուրեմն իմացեք, հանքի նման եթե փորենք, Եղեռնի մասին նոր փաստագրություններ կհայտնաբերենք, իրենց ձեռքով գրված և սերնդեսերունդ պահ տված: Եվ դա նրա համար, որ թե հայության մնացորդաց, թե համայն աշխարհին ասեն ճշմարտությունն առ այն` ով է թուրքը և ինչի է ընդունակ:

Սակայն, մի փաստ ևս չմոռանամ: Ինչո՞ւ ասացի «մեծ պայքարից հետո»: Նրա համար, որ հուշերի հեղինակի դուստրը, առավել ևս որդին, վախենում էին` «հանկարծ մեջեն բան մը կելլե»: Ինչի՞ց էին վախենում: Մեզ համար. թեև սովետը փլուզվել էր, բայց նրա ապօրինությունները` բանտ, աքսոր, սահմաններում երկաթե վարագույր... Սրանք մոռացվելու բաներ չէին: Իրենց համար: Կար թուրքական գործոնը: Չէ որ նրանց ծնողները Փարիզում ակտիվորեն մասնակցել էին ցեղասպանությունը ճանաչել տալու ընթացքին: Ինչևէ, «Հիշատակարանը» ինձ մոտ է և կկազմի իմ պատմության մասը:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter