Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Գեղամ Խաչերյան. «Իմ մտածած երկինքը դարձավ առարկա․ աբստրակտը միաձուլվեց առարկայականին»



Զրույց՝ հեռավորությունից․ Երեւան-Լոս Անջելես

Նյութական աշխարհն՝ իր երկրաչափական հստակությամբ, հոգեւոր բռնկումները ու նկարչական «ծածկույթները» թույլ են տալիս տեսնել մի ամբողջական պատկեր, որտեղ ամեն բան դետալային է, առանձին-առանձին եւ մեկ համակարգի մեջ։

Գեղամ Խաչերյանի ստեղծագործությունների զգացական մասը գերակշռում է մատերիային եւ դուրս է թողնում իրականության այն հատվածները, որը կարելի է փորձել լրացնել հոգեւոր շերտով: Գեղամն՝ ինքը հստակ նշում է, որ որոշ ժամանակ փորձել է դուրս լինել մատերայից՝ մնալով նույն իրականության կոնտեքստում:  Հաճախ սա որակվում է որպես աբստրակցիա, ինչն ինքը՝ ստեղծողն այդպես չի համարում։

-1988 թ․-ին մեկնեցիք Միացյալ նահագներ․ հարցս ավելի շատ վերաբերում է տարածական փոփոխությանը․ինչպե՞ս եւ ինչու՞։

-Ես ուզում էի դուրս գալ․ ցանկությունս էր տեսնել հետպատերազմական արվեստը, որը չկար Խորհրդային միությունում։ Ուզում էի լինել բաց օվկիանոսում՝ լճի փոխարեն։

-2013թ-ին սկսեցինք հարցազրույց, որը չավարտվեց․ պատճառը, ըստ երեւույթին, հեռավորությունն էր, բայց մյուս կողմից շատ հետաքրքիր պատահականությամբ նորից Ձեր աշխատանքները սկսեցին երեւալ։

-Ինձ համար դյուրին չէ բառերով արտահայտվելը․ նկարելիս կարծես թե ստացվում է, որովհետեւ շատ բծախնդիր եմ: Մյուս կողմից՝ ավելի շատ լսում եմ, քան խոսում։

-Հեռավորության վրա ուսումնասիրում եմ 2000-ականների սկզբի աշխատանքները, 2011-13-ը եւ այժմյանը։ Հետաքրքիր է․ 2000-երին դետալները հստակ չեն, ավելի ուշ շրջանում դետալային պատկերները հստակ են՝ հովազ, կին, տղամարդ, շենքեր․․․ Իսկ հիմա նորից կարծես թե վերադարձել եք 2000-ականներին։ Ինչո՞վ է պայմանավորված ֆիգուրատիվ դետալավորումը։

-2000-ականներին ես հետաքրքրված չէի նյութական աշխարհով եւ ավելի շատ աշխատում էի հոգեւոր վերելքի համար։ Հեռու էի մատերիալիստական աշխարհի նկարչական հասկացողությունից․ վրձնահարվածները մատերիալ աշխարհն էր, իսկ հետին պլանը՝ «դիտավորյալ պատահականության» (Intentional Coincidence) վրա ծնված  վրձնահարվածը ու գունային հարաբերությունը։ Չնայած սա նկարչական լեզվով նայվում է որպես վերացական (abstract), բայց ինձ համար դա ռեալիստական էր եւ միաժամանակ հեռու մատերիալ աշխարհից։

2000թ․-ին մտքիս հորիզոնում Ռոտկոն [1] էր․ Լոս Անջելեսի Moca-ում մի օր տեսա Ջոն Ալթունի (John Altoon) աբստրակտ գործերից մեկը (այդ շրջանից նմանը չեմ տեսել), որտեղ զիգզագ քսվածքներ ունի․ զգացի ինչքան նման եմ իրեն ու հիացմունքից վախեցա:

2004թ․-ից նկարներիս հետին պլանը հարթ եւ միատոնից փոխակերպվեց ավելի բազմերանգ մակերեսի՝ կալիգրաֆիկ քսվածքի խտության պատճառով: Եվ դա ինձ չէր բավարարում։ Պետք էր հետ բերել վերացած հետին պլանը՝ իմ գաղափարի երկինքը եւ տիեզերքը, բայց երբ փորձեցի դա անել, նույնը «չկարդացվեց»․ իմ մտածած երկինքը դարձավ առարկա, եւ աբտրակտը միաձուլվեց առարկայականին։

-Նորից հեռավորությունից, բայց ստացված ինֆորմացիայից՝ լուսանկարներից, պարզ է դառնում, որ անընդհատ կենդանիներով եք շրջապատված։ Նրանց հատուկ վերագրումնե՞ր ունեք։

-Կենդանիները, ինչպես բնության պարգեւած ամեն բան, հետաքրքիր են ինձ համար։ Այնտեղ տեսնում եմ տգեղությունը գեղեցկության մեջ, վախը՝ քաջության, կատաղությունը՝ խաղաղության․ այս ամենի շնորհիվ ինձ մոտ առաջանում է ստեղծագործականը։

-Հետաքրքիր հարմոնիայի մեջ, դաժանության տարրը նույնպես առկա է․ խոսքը «Cycle of Opposits» (Last one) նկարի մասին է։ Պարադոքսն ինչպե՞ս կբացատրեք։

-Ինձ թվում էր՝ այս նկարը իմ վերջին նկարն է, երբ ես ծանոթացա այդ տղայի հետ (տղայիս ընկերներից է), ով պատկերված է այդ նկարում, տեսա ինձ իր մեջ, ու, քանի որ ինքը իմ երիտասարդության էներգիան էր, ցանկություն առաջացավ իրեն նկարելու։ Այս նկարը ծնվեց նաեւ 2001թ․-ի Direction G.O.-ի հիման վրա եւ ցուցադրվեց կողք կողքի «Rosamund Felsen Gallery»-ում։ Ֆիգուրն արտացոլանքն է այս դաժան ժամանակների, երբ պետք է դուրս գալու համար գնալ հարմոնիկ 2001թ-ը եւ սնվել այդ աղբյուրից հավասարակշռություն պահպանելու համար։

 «Cycle of Opposits» (Last one)

-Կցանկանայի՝ անդրադառնաք նաեւ «Grandma's Mirror» ստեղծագործությանը․ ստեղծման պատմությանն ու պատկերին։

-Երբ սկսեցի այս նկարը, չէի տեսնում, որ Լոս Անջելեսը պետք է լիներ այստեղ կամ բոլոր այդ կենդանիները։ Նկարը սկսվեց աբստրակտ քսվածքով, եւ զգացի, որ քաղաքը կարող եմ զետեղել հենց այդ հատվածում՝ այս մասիսանման ամպի հետեւում, հետո եկան կենդանիները՝ իրենց տեղը գտնելով կտավում։ Երբ նկարը ավարտեցի, զգացի տատիկիս ներկայությունը, թե ինչպես է ինքը նայում իր օվալաձեւ հայելուն։

Տատս մահացավ իմ՝ Միացյալ նահանգներ մեկնելու օրը։ Տատիկիս մեջ մնացել էին 1915թ․-ի սարսափները․ այդ ժամանակ նա 6 տարեկան էր եւ ականատեսն էր եղել, թե ինչպես են թուրքերը սպանում իր 14 տարեկան եղբորը՝ Գեղամին։

Նրա ցանկությունն էր լինել թուրքական սահմանից հեռու եւ ասում էր․ «մամայիս  ոսկորները պետք է շարժվին ուրախությունից, եթե ես հեռանամ թուրքի սահամանեն»։

«Grandma's Mirror»

-Իրադարձությունները, որոնք ամեն օր փոխում են քաղաքը, գործողությունը, վիզուալիզացիան դառնում է բավականին դժվար ու ավելի շուտ՝ մտապատկերի պես մի բան, ինչպե՞ս են ազդում Ձեր ստեղծագործությունների վրա։

-Ինձ հետաքրքիր է նորը եւ տարբերը․ քաղաքը, մշակույթը, պատմությունը եւ, իհարկե, բնությունը, որն այս ամենի հետեւում է։ Օրինակ անցյալ ճանապարհորդության ժամանակ, երբ Ռոտերդամում քայլում էի Ատլանտյան օվկիանոսի ափով եւ ամեն ինչ նույնն էր, ինչպես Լոս Անջելեսի Խաղաղ օվկիանոսի ափին, տարբերությունը տեսնելով միայն գիշեր-ցերեկվա մեջ՝ ծնվեց գաղափար՝ ընդգրկել հակապատկերը մեկ պատկերում։ Սա սկիզբ է մի շրջանի, որի վրա աշխատում եմ հիմա։

-Շարունակելով նախորդ հարցի տրամաբանության մեջ՝ մարդ իր զգացումներով եւ գործողություններով ինչպե՞ս է կարողանում դուրս գալ փոփոխությունների ահռելի տարափից։

-Փոփոխությունները մարդու անբաժան մասն են եւ ազդում են մեզ վրա՝ լավ, վատ եւ սովորական: Ամենակարեւորը շարժում են մեզ առաջ, սովորեցնում, հուշում եւ բերում նոր վիճակների։

-Արդյո՞ք այդ տեսանկյունից ստեղծագործելու հնարավորությունը դառնում է ավելի շատ սոցիալական, քաղաքական, պատմական ընդվզում, թե՞ այլ ներանձնային բան է։

-Ինձ համար կարեւորը ստեղծագործելն է, եւ դա ներանձնային վիճակ է։ Դիտողը կարող է ընկալել այլ տեսանկյունից՝ քաղաքական, սոցիալական կամ պատմական։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ