HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Ֆելինիի նամակը` Փարաջանովին

Աննա Բաբաջանյան

Թեև Սերգեյ Փարաջանովն ու Ֆեդերիկո Ֆելինին երբևէ չեն հանդիպել, սակայն ռեժիսորների միջև ջերմ հարաբերության, փոխադարձ սիրո և մտերմության «վկաներից» մեկին ծանոթանալու դեպքում պարզ է դառնում, որ իրար չճանաչելու հանգամանքը չի խոչընդոտել նրանց հոգեհարազատությանը: Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանում պահվում է մի կոլաժ` զարդարված ժանյակով և փետուրներով, որոնք խնամքով ծածկում են իտալերենով գրված նամակը. դա Ֆելինիի նամակն է: Այնտեղ կարդում ենք. «Սիրելի Սերգեյ, Վիրջիլիո Տոզին ինձ բերեց ձեր գուլպաները: Սա մի նվեր է, որն ինձ շոյեց: Ես քեզ չեմ ճանաչում, սիրելի Սերգեյ, սակայն քո բանաստեղծական ուղերձից հետո ինձ թվում է, թե միշտ ճանաչել եմ քեզ, դարձել եք մի հին, հարազատ ընկեր: Իմ ամենաջերմ մաղթանքները լավ աշխատանքի համար, սիրելի ընկեր, գրկում եմ քեզ և սիրում եմ քեզ: Քո՝ Ֆեդերիկո Ֆելինի»:

Նամակի վրա տեսանելի է նաև ամսաթիվը. այն ուղարկվել է 1971-ի նոյեմբերի 10-ին` Հռոմից: Իսկ Փարաջանովի այն նվերը, որի մասին խոսվում է նամակում, Ֆելինիին է հանձնել իտալացի բեմադրիչ Վիրջիլիո Տոզին: Բնական է, որ Փարաջանովի ստեղծագործ  միտքը  նվեր պատրաստելու գործում ևս պետք է առանձնանար. պարզվում է` նա Ֆելինիին ուղարկել էր հուցուլական (ուկրաինական էթնիկ խումբ) գործված գուլպաներ: Նամակի բովանդակությունն էլ վկայում է, որ այն հիացրել էր վարպետին:

Ուստի ջերմ պահերը հավերժացնող ապագա ցուցանմուշը Փարաջանովը  ոչ միայն պահել էր  առանձնակի հոգատարությամբ, այլև դրան յուրահատուկ հմայք էր հաղորդել: Եթե դիտելու լինեք նրա պատրաստած կոլաժը, ժանյակից ու փետուրներից զատ` վերևի հատվածում կնկատեք Բենվենուտո Չելինիի` Պերսևսի քանդակը պատկերող բացիկ: Փարաջանովն այս դեպքում էլ կրեատիվ մոտեցում է ցուցաբերել. նա կտորով փակել է Պերսևսի գլուխը, և այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Պերսևսն իր գլուխն է կտրել և պահել օդում:

Այսպիսով, Փարաջանովն իր մի քանի «շտրիխով» էլ ավելի բարձրացրեց ցուցանմուշի արժեքը` ստեղծելով իր նամակ-կոլաժը: Ի դեպ, կինոռեժիսոր Վասիլի Քաթանյանն իր հուշերում վկայում է, որ սա Ֆելինիի միակ նամակը չէ` հասցեագրված Փարաջանովին: Քաթանյանն ասում է, որ Կիևում «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմն ավարտելուց հետո նա Ֆելինիից ստացել է շատ ջերմ մի նամակ: Այդ նամակը ևս դրվել է ոսկե շրջանակի մեջ, զարդարվել սիրամարգի փետուրներով և չորացած անմոռուկներով ու կախվել պատին:

Լուսանկարը` Սերգեյ Փարաջանովի թանգարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter