HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հում ձվեր և դանակահարություն՝ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հրավիրած հանրահավաքը Գյումրիում այս անգամ, ի տարբերություն նախորդի, կայացավ: Թատերական հրապարակը սակավամարդ էր: Ժամը 16-ին նախատեսված հանրահավաքը սկսվեց մի փոքր ուշացումով: Հավաքված բազմության հիմնական մասը կազմում էին հիմնադիր խորհրդարանի հետ մայրաքաղաքից ժամանած նրանց համակիրները: Հանրահավաքի կազմակերպիչներին լսելու եկած գյումրեցիները փոքրաթիվ էին՝ հիմնականում տարեց տղամարդիկ եւ կանայք:

Տեղացի երիտասադների մի քանի խմբեր հրապարակում էին՝ այն ակնհայտ խանգարելու մտադրությամբ: Նրանց գործողությունները սկզբում արտահայտվում էին բանախոսների ելույթների ժամանակ սուլոցներով ու բղավոցներով: Հավաքվածների միջից փորձեր եղան նրանց սաստելու եւ կարգի հրավիրելու, որոնք վերաճեցին լեզվակռվի: Հրապարակում գտնվող ոստիկանները, որոնք կոչված էին պահպանելու կարգ ու կանոնը, հիմնականում «անտեսում, չտեսնելու» էին տալիս հրապարակում տեղի ունեցողը:

Համարելով, որ որեւէ արտակարգ դեպք տեղի չի ունենում՝ նրանք ընդամենը երկու անգամ սադրող երիտասարդների խմբին հեռացրեցին հրապարակից՝ իհարկե չարգելելով նրանց վերդառնալ: Երբ հայտարարվեց, որ ելույթի համար ձայնը տրվում է նախախորհրդարանի անդամ, շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին՝ հրապարակից հեռացած երիտասարդներն արագ վերադարձան ու սկսեցին ձվեր նետել հարթակում կանգնածների վրա:

Սկսված խառնաշփոթը կանխելու նպատակով, հիմնադիր խորհրդարանի անդամները կոչ արեցին իրենց համակիրներին չտրվել սադրիչների արարքներին, չգնալ ընդհարման: Սակայն փախչող երիտասարդների հետեւից գնացած տղամարդկանցից մեկն այնուամենայնիվ տուժել էր:

Միջին տարիքի տղամարդուն, ով տեղացի չէր, դանակահարել էին կրծքավանդակի շրջանում: Նրան առաջին օգնությունը հենց տեղում ցույց տվեցին շտապօգնության աշխատակիցները, այնուհետեւ տեղափոխեցին հիվանդանոց՝ լրացուցիչ հետազոտության:


Մեկնաբանություններ (2)

Հասմիկ
ՀՀ իշխանությունների ու ոստիկանների ուժը միայն իր անմեղ քաղաքացիների վրա է պատում
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀ իշխանություններն ու ոստիկանները դուխ չունե՛ն՝ մի ամբողջ հայ ընտանիք մորթա՛ծ ռուս տականքին կալանավորելու համար: Իսկ իրենց ազատ խոսքի իրավունքը օգտագործող քաղաքացիների վրա ձվեր նետող ու դանակահարող տականքներին գոնե կգտնե՞ն: Թե՞ սա էլ բերձորյան խայտառակություն պիտի դառնա: Եղեռնի 100-ամյակին ընդառաջ. այդ օրը երկարաշունչ ճառեր կասեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter