Կիրակի, 23 սեպտեմբերի

Հովիկ Չարխչյան. «Մեր երկիրը մարդկանց երկիր չէ»



Հարցազրույց գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

Մարդը մեր ուշադրության կենտրոնից վտարվեց 

-Պարոն Չարխչյան, հոգնել ենք խոսել քաղաքական թեմաներից: Եկեք էսօր խոսենք մեր ժամանակի մարդու մասին:

-Վերջին 20-25 տարիներին երկրի մեծագույն դժբախտություններից մեկը դարձավ այն, որ սովորական մարդը, անհատը վտարվեց ուշադրությունից: Մենք սկսեցինք խոսել հավաքականությունների մասին` ժողովուրդ, ամբողջ, զանգված: Մեզ համար հաճելի էր հանդես գալ այդ դիրքերից, որովհետև այդ դեպքում պատասխանատվություն չունես նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ ի՞նչ կա ավելի հեշտ բան, քան պատասխանատվությունից խուսափելը, հռետորական հարցադրումներ անելը, պահանջներ ներկայացնելը և այլն: Մարդը մեր ուշադրության կենտրոնից վտարվեց: Վտարվեց նույնիսկ գրականության մեջ, որովհետև երբ ինչ-որ ստեղծագործություն ես գրում, քեզ թվում է, թե քո հերոսներն առանձին անհատներ են, բայց երբ ամբողջական ստեղծագործությունը կարդում ես, նկատում ես, որ հեղինակին նույնիսկ քիչ է հետաքրքրում իր իսկ ստեղծած հերոսը: Նրան ավելի շատ հետաքրքրում է գաղափարը, նյութը, թեման, ասելիքը, քան կոնկրետ հերոսը: Ու սրանով էսօրվա մեր գրականությունը մեծ կորուստ կրեց: Պահանջներ ենք ներկայացնում` ասելով, թե ինչու է վատը մեր գրականությունը, որովհետև այնտեղ մենք մեզ չենք տեսնում:

Երբ Հրանտ Մաթևոսյանն Աղունի կերպարը ստեղծում էր, և մենք ասում էինք` Աղունը մեր մայրն է, մեր մայրերն Աղունի մեջ են, էսօրվա մեր գրականության մեջ չեմ կարող գտնել այն կերպարը, որ ասեմ` այ, սա իմ եղբայրն է, հորեղբայրն է, ընկերն է, բարեկամն է: Մենք առնչություն ունենք լուսնից իջած կերպարների, այլմոլորակայինների հետ: Ցավոք, նույնը նաև մշակույթի մյուս տեսակների մեջ է` թատրոն, կինո:

Երևան, 1977 թ.

Մարդը գործիք է դարձել մշակույթում, որի միջոցով ինչ-որ հայացքներ, ինչ-որ ասելիք է փոխանցվում: Մինչդեռ պիտի լիներ ճիշտ հակառակը, ասելիքը պիտի բերեին-հանգեցնեին մարդուն և ասեին, որ չկա ավելի կարևոր բան, գերակա նպատակ, քան մարդն է` իր ազատություններով, իր շահերով, իր երջանկությամբ և այլն:

-Երեկ Հրանտ Մաթևոսյանի հոդվածներից մեկն էի կարդում` «Բանի աշխարհը»: Խորհրդային Միության փլուզումից հետո անցումային փուլի մասին է խոսում: Թվում է` այնքան արդիական նյութ է: Հոդվածն էսպես է սկսվում. «Նոր հազարամյակ եկավ: Ի՞նչ է եղել, ի՞նչ է լինում, ինչքանո՞վ ըմբռնեցինք, ինչքանո՞վ ենք ըմբռնում, ինչքանո՞վ ենք ժամանակի ընթացքի տերը և ինչքանո՞վ ենք նրա ենթական: Անդեմ ենթական»: Այս հարցադրումները թույլ տվեք ուղղել Ձեզ` ի՞նչ է եղել, ի՞նչ է լինում, ինչքանո՞վ ենք ըմբռնել, ինչքանո՞վ ենք ժամանակի ընթացքի տերը:

-Ցավոք, չըմբռնեցինք, որովհետև երբ անցնում էինք նոր հազարամյակ, չգիտես ինչու, օրացույցային ընկալում ունեինք, այսինքն` տարեթիվը փոխվեց, ու սկսեց նոր հազարամյակ: Ժամանակի զգացողությունը չներծծվեց մեր արյան մեջ: Եվ 21-րդ դար հասկացությունը դարձյալ շարունակում է մնալ օրացույցային մեզ համար: Գիտեք, Հրանտ Մաթևոսյանն իր ստեղծագործություններից մեկում հրաշալի միտք է արտահայտում: Ասում է`եթե գրականությունը ձևի և բովանդակության խնդիր է դնում, պիտի հասկանա, որ երբ փոխվում է ձևը, չի կարող չփոխվել բովանդակությունը: Այսինքն` մտածել, թե նոր ձևերի մեջ կարող ես տեղադրել հին բովանդակությունը, միամտություն է: Ձևն անպայման պիտի անդրադառնա բովանդակության վրա: Եվ երբ այսօր մեր շրջապատում ամեն օր, ամեն վայրկյան տեսնում ենք ձևերի փոփոխություն, պիտի հասկանանք, որ դրա հետ մեկտեղ փոխվում է բովանդակությունը: Իսկ մեզ մոտ կատարվեց ճիշտ հակառակը. մենք կառչած մնացինք կոնկրետ բովանդակություններից և փորձեցինք այդ բովանդակությունները բերել-խցկել նոր ձևերի մեջ: Չտեղավորվեց, հասկանո՞ւմ եք:

Դրա համար պետք է գտնեմ նոր բովանդակություն ձևին համապատասխան կամ պետք է գտնեմ նոր ձև, որն իր մեջ կներառի հին բովանդակությունը: Սա մի քիչ տեսական խնդիր է, բայց առանց այս տեսական մոտեցումների մշակույթը, արվեստը կամ մարդն իր պատկերացումների շրջանակով չի կարող ընկալել իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Դրա համար էլ գալիս է այդ աղճատումը: Այսինքն` մենք տեսնում ենք մի իրականությունը, որն ընկալում ենք բոլորովին այլ չափանիշներով: Եվ այստեղից էլ անհամապատասխանությունն է, մեր դժգոհությունը, մեր բողոքը, մեր ընդվզումը, մեր չհասկացված լինելը:

Այսօր մարդն իրեն չհասկացված է համարում իր շրջապատի կողմից: Ինչ-որ բան է ուզում ասել, ինչ-որ բան է պատրաստվում անել, բայց տեսնում է, որ չունի համախոհներ, որովհետև ոչ մեկը չի լսում նրան: Բոլորս կարող ենք շատ խելացի մտքեր արտաբերել, բայց կարո՞ղ ենք լսել, հասկանալ, ընկալել դրանք: Լսելու կուլտուրայի բացակայությունը բերում է ընկալելու կուլտուրայի բացակայություն: Եվ այն լավագույնը, որ այսօր ստեղծվում է, ընկալելու ունակությունից զրկված է: Ամեն մեկս ասում ենք այն, ինչ մտածում ենք առանց լսելու մյուսին, և այդքանով վերջանում է:

Մարդը, իսկապես, վտարված է: Քաղաքում գուցե այդքան ակնհայտ չէ, բայց գյուղում սարսափելի է: Գյուղացին հասկանում է, որ էս երկրում չէ, մի անմարդաբնակ կղզում է, որտեղ իրեն նետել և մոռացել են, և ինքը պարզապես պիտի պահպանի իր գոյությունը, մինչև ավարտվի այդ կյանքը, կամ մի ուրիշը գա, կամ չգիտեմ` ինչ կլինի: Նա չի գտնում այն թելերը, որոնք իրեն կապում են ընդհանուր երկրի, ռիթմի հետ:

Եթե չունես արմատներ, քո սաղարթը երբեք չի ապրի

-Սոցիալական ցանցերի մասին խոսեցիք, Ձեր ֆեյսբուքյան էջում հաճախ եք տեղադրում հին, այսինքն` անցյալում արված լուսանկարներ, ինչպես նաև արվեստագետների, մտավորականների մտքեր: Դրանք մեծ հավանության են արժանանում մարդկանց կողմից: Տպավորություն է, որ մարդիկ կարոտում են իրենց անցյալը:

-Շատ կարևոր բառ ասացիք` կարոտել բառն անմիջական առնչություն ունի հիշողություն բառի հետ: Ես ընդամենը մի խնդիր ունեմ` արթնացնել հիշողությունը, որովհետև վերջին տարիներին մարդիկ սկսել են սարսափել իրենց անցյալից, առավելագույնը քողարկում են: Իրենց թվում է, թե վատ է, որ ապրում էին ուրիշ կարգերով երկրում: Դա ընդամենը պետական կարգ է, իսկ մարդկային կյանքը չի ենթարկվում այդպիսի պայմանականությունների: Իմ ծնողը մեղավոր չէ, որ ինքը Խորհրդային Միության քաղաքացի էր, և մեղադրել նրան միայն այն բանի համար, որ ապրել է այդ ժամանակներում`ասելով, մոռացության տուր կյանքդ, ինչպե՞ս կարելի է, կամ ինձ ասել` մոռացության տուր մանկությունդ: Սա աբսուրդ է:

Երևան, Պլանի գլուխ, 1960 թ.

Եվ երբ այսօր տեղադրում եմ, այսպես ասած, անցյալ դարի Երևանի, Հայաստանի պատկերներ, իմ խնդիրը մեկն է` մարդկանց ասել, որ ունենան իրենց հիշողությունը, ապրեն իրենց հիշողությամբ, որովհետև հիշողություն, անցյալ չունեցող մարդն արդեն մեռած է: Չի կարելի ապրել միայն այս օրով և ապագայի պատկերացումներով: Եթե չունես արմատներ, քո սաղարթը երբեք չի ապրի: Ինչ վերաբերում է համաշխարհային գրականությունից վերցրած ցիտատներին, դրանք ևս միտված են հիշողություն արթնացնելուն, որ կան մեծ մարդիկ, մեծ մտքեր, սնվեք դրանցից: Եթե ուզում եք, որ ձեր այսօրվա սերմը լավ բերք տա, պարարտացրեք ձեր հողը:

Պարզագույն բաների մեջ է մեր դժբախտությունների բանալին

- Ի՞նչն եք ամենաշատը կարոտում:

-Մարդկային հարաբերությունները… Չեմ պատկերացնում ավելի կարևոր բան, քան մարդկային հարաբերությունները: Բոլորին թվում է, թե երբեմն իդեալականացնում եմ այն, բայց իրականում այդպես չէ: Ապրել եմ գյուղում, մանկությունս, պատանեկությունս անցել են գյուղում: Իմ տունը եղել է գյուղը, ոչ թե չորս պատը: Իսկ էսօր ապրում եմ ինըհարկանի շենքում, որտեղ միայն դիմացիս հարևանին եմ ճանաչում: Նախկին ջերմությունը, փոխհարաբերությունները չկան, իրար ձեռք մեկնելու, մեկը մյուսով ապրելու, մեկի ուրախությամբ ուրախանալու, մեկի տխրությամբ տխրելու հարաբերությունները բացակայում են: Երբ մեր հեռախոսը զանգ է տալիս, գիտեմ` ինչ-որ մեկը զանգ է տալիս գործով: Ինձ զանգ չեն տալիս, որ հարցնեն` ինչպե՞ս ես ապրում:

Վերջերս մեկին մի դեպք պատմեցի. մի անգամ մեր գյուղում կայծակը խփել էր, կոլխոզի դեզը վառել: Ամբողջ գյուղը դուրս էր եկել դեզը փրկելու համար, կանայք ու էրեխեքը լաց էին լինում մի խոտի համար, որն իրենց սեփականը չէր: Հիմիկվա մտածողությամբ կասեին` վառվում է վառվի, մեզ ի՞նչ, մեր սեփականը չէ: «Մեզ ի՞նչ» բառակապակցություն չկար այն ժամանակ: Մեր սիրտը ցավում էր ցանկացածի համար, ում մատը փուշ էր մտնում, և մենք ոչ միայն պատրաստակամություն, այլև պատասխանատվություն ունեինք այդ փուշը հանելու: Այ, էս ամեն ինչը վերացավ, և երկիրն էլ դադարեց լինել մարդկանց երկիր: Մեր երկիրը մարդկանց երկիր չէ:

Իսկ ինչի՞ երկիր է:

-Ինչ-որ ցանկությունների, պատկերացումների, պատրանքների, երազանքների, հիասթափությունների, դժբախտությունների երկիր է, բայց ոչ մարդկանց: Բոլորը մոռանում են, որ այդ ամեն ինչի ետևում մարդն է: Չի կարող լինել դժբախտություն` վերացական մի բան, որ օդից կախված է: Դժբախտությունն ինչ-որ մեկից է եկել, հավաքվել, կուտակվել և ամպի նման կախվել օդում: Եկեք գտնենք նրան, ումից պոկվեց այդ դժբախտությունը, այդ ամպն էլ կվերանա:

Կարելի է անվերջ ասել` մենք վատ ենք ապրում, մեզ համար ծանր է և այլն, ու ոչինչ չանել` այդ վատ վիճակը վերացնելու համար: Իսկ անելու մեկ ձև կա բոլոր ժամանակներում, հավատացնում եմ Ձեզ, դա պայքարը չէ, միտինգը չէ, պատերին խփելը չէ, գործ անելն է: Երբ բոլորս կգնանք մեր տեղերը, որտեղ կոչված ենք լինելու և մարդավարի կանենք մեր գործը, այդ ժամանակ կարթնանանք և կտեսնենք, որ մեր երկիրն էլ է երկիր դարձել: Սա է ամբողջ երկրի դժբախտության բանաձևը: Պարզագույն բաների մեջ է մեր դժբախտությունների բանալին:

Տա Աստված, որ իմ երկիրը լի լինի ինձ նման «հիմարներով»

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Եթե շատ անձնական բան ասեմ` վախենում եմ, անհանգստանում եմ իմ տղաների վաղվա օրվա համար: Իսկ եթե ընդհանուր, վախենում եմ, որ կկորցնենք այն լավագույնը, որն այս երկրում, այս աշխարհում ստեղծվել է, որը պահպանման կարիք ունի: Ամեն օր տեսնում եմ այդ կորուստները և նաև տեսնում եմ, թե որքան անտարբերությամբ ենք մոտենում դրանց` ասելով, լավ, էս մի բանն էլ որ չլինի, աշխարհը փուլ չի գա` մոռանալով, որ այդ բաները հետզհետե պակասում են և մի օր էլ կվերջանան: Այդ դեպքում աշխարհն արդեն պետք չի լինի մեզ, քանի որ չեն լինի էն բաները, որոնք մեզ ապրեցնում են, լցնում են մեր ներսը` մեզ դարձնելով մարդ: Շատ կուզեի, որ այդ անհանգստությունը մի քիչ լիներ բոլոր սրտերում: Տագնապը ստիպեր մի քիչ սթափ հայացքով նայել այն ամենին, ինչ մեր շրջապատում կա:

Փարպի գյուղի երիտասարդ մարզիկների գոտեմարտը, 1963 թ.

-Էսօր շատերը մտածում են երկրից գնալու մասին: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Գնալ բառը կփոխարինեի փախչել բառով: Ամեն գնացողի մեջ փախուստ եմ տեսնում: Պիտի չսիրենք փախչողին` ինչ պատճառաբանությամբ էլ լինի, որովհետև ոչ մի պատճառաբանություն չի արդարացնում փախուստը: Իսկ ինչո՞ւ ես չեմ գնում, որովհետև հիմա՞ր եմ, իսկ նրանք խելացի՞ էին: Տա Աստված, որ իմ երկիրը լի լինի ինձ նման «հիմարներով», բայց ոչ փախչողներով, որովհետև հիմարների երկիրը կարելի է դարձնել խելացի, իսկ փախչողների երկիրն ինչո՞վ պետք է լցնես` ուրիշ տեղի փախչողներո՞վ:

-Ինչո՞ւ են փախչում:

-Մարդիկ պարզագույն պատկերացում ունեն. ասում են` մի անգամ ծնվել ենք, մարդավարի ենք ուզում ապրել, և այդ մարդավարի ապրելը պատկերացնում են էն միջավայրում, որտեղ որոշակի պայմաններ կան` մոռանալով, որ ապրելը միայն ուտելը, հագնելը, քնելն ու գլխի վերևը ծածկ ունենալը չէ, ապրելը մի քիչ ավելին է: Զրուցել եմ մարդկանց հետ, ովքեր երկրից գնացել են, բայց զղջում են դրա համար: Այդ զղջումը ոչինչ չի տալիս ինձ: Հիմա մի դաժան բան ասեմ` ներել բառը չեմ հասկանում: Հակաստվածաշնչյան բան եմ ասում: Ի՞նչ ասել է ներել, նշանակում է մոռանալ կամ չունենալ ինքնասիրություն: Տեսեք, եթե քեզ ինչ-որ մեկը վիրավորում է և դու ներում ես, նշանակում է` կամ հիշողություն չունես, որ քեզ վիրավորել են, կամ ինքնասիրություն չունես և այդ վիրավորանքը կուլ ես տալիս:

Երկրից փախչողները դասալիքներ են

-Ներում ես, որովհետև չես ուզում լինել հիշաչար:

-Կարծում եք` հիշաչար լինելն առավելությո՞ւն է: Հակառակը` հիշաչար լինելն է լավագույն հատկություններից մեկը` հիշել և պատասխանել արժանվույն: Սա շատ ավելի մարդկային մոտեցում է, քան մոռանալ, կուլ տալ և ձև անել, թե նման բան չի եղել, քո ներքին ապրումները կեղծել, որպեսզի դուր գաս բոլորին: Եթե հանկարծ հայտնվեք ծանր իրավիճակում, և Ձեր ընկերը թողնի Ձեզ այդ վիճակում ու փախչի, ի՞նչ կմտածեք: Այդ դեպքում ինչո՞ւ արդարացնել նրա արարքը: Չէ՞ որ երկրից փախչողներն էլ դասալիքներ են, երկիրն են թողել ծանր վիճակում: Իսկ ինչո՞ւ պիտի հասկանամ նրանց: Իրենք փորձեցի՞ն հասկանալ երկրի դժբախտությունը, փորձեցի՞ն հասկանալ, որ երկիրն իրենց կարիքն ունի: Երբ նրանք սահմանը հատում են, անտարբեր եմ նրանց ճակատագրի նկատմամբ, որովհետև նրանք երկրի սահմանը չհատեցին, այլ մարդ լինելու և չլինելու սահմանը, իր հոր որդի լինելու և չլինելու սահմանը: Նրանց համար շատ հեշտ է մեղքը բարդել իշխանություններին: Իսկ իշխանություններն ովքե՞ր են, ձեր գյուղի ու քաղաքի էրեխեքը չե՞ն, ձեր մի մասնիկն են, ձեր միջավայրում մեծացած, ձեզ հետ սնված, Մարս մոլորակից հո չենք բերել լցրել այստեղ: Ո՞ւմ եք մեղադրում` ինքներդ ձե՞զ, թե՞ վախենում եք, որ ճշմարտությունը կասեն ձեր երեսին, որ ամեն մեղքի մեջ դուք էլ ձեր բաժինն ունենք: Մենք բոլորս ենք մեղավոր, և ունենք մեր մեղքի բաժինը:

Երևանի կենտրոնը` լուսանկարված ուղղաթիռից, 1987 թ.

-Օրինակ, ո՞րն է Ձեր մեղքի բաժինը:

-Պիտի բռնեի էն ձեռքը, որը չեմ բռնել, պիտի փակեի նրա ճանապարհը, որ չեմ փակել, պիտի տայի նրա գլխին, ում գլխին պիտի տայի ու չեմ տվել, պիտի անեի գործեր, որոնք կիսատ են ու դեռ չեմ արել… Շատ-շատ մեղքեր ունեմ: Իմ էրեխեքին մանկություն, պատանեկություն եմ պարտք, որը չկարողացա տալ, որովհետև էդպիսին էր վիճակը: Իմ ծնողների առջև չմարած պարտքեր ունեմ` հազարներով, հարյուր հազարներով… Դրանք էլ իմ մեղքերն են: Իմ մեղքը չէ՞, որ հիմա ես քաղաքում եմ, այլ ոչ թե իմ գյուղում (Հ. Չարխչյանը ծնվել է Արարատի մարզի Վանաշեն գյուղում- հեղ.): Գիտեք` երջանի՞կ եմ, որ քաղաքում եմ:

Պետությունն ընդամենը մեքենա էր, որ պիտի աշխատեցնեինք մեզ համար

-Իսկ ինչո՞ւ Ձեր գյուղում չեք:

-Որովհետև էն, ինչ անում եմ, ցավոք, միայն այստեղ է հնարավոր անել: Ուրիշ ոչ մի բան ինձ չի կապում այս միջավայրի հետ: Ես այնտեղի ծնունդ եմ, իմ աշխարհը, իմ միջավայրը, իմ ծնողները, եղբայրներն ապրում են այնտեղ, իմ ամեն ինչն այնտեղ է, ինչո՞ւ պիտի ես էստեղ լինեմ: Մի փախչող էլ ես եմ, չէ՞: Ճիշտ է, իմ փախուստը երկրի մեջ է, բայց դա նույնպես փախուստ է: Այ, էս փախուստների, քողարկվելու, իրար հետևում պահ մտնելու պահվածքի մեջ է ամբողջ երկիրի դժբախտությունն ու ողբերգությունը: Երբ կարողանանք այնքան ազնվություն ունենալ, որ խոստովանենք և ուղղենք այդ ամենը, մեր երկիրը կդառնա աշխարհի ամենալավ երկիրը: Ախր, երկիրը միայն արդյունաբերություն, գյուղատնտեսություն կամ բանկային համակարգը չէ, երկիրն ուրիշ բան էլ է: Ով մտածում է, թե աշխատավարձերը բարձրացնեն, երկիրը կդառնա երջանկության բուրաստան, չարաչար սխալվում է, չի դառնա: Ոչ լի խանութները, ոչ գործարանները մեզ երջանիկ չեն դարձնի, որովհետև մենք ուրիշ բանի պահանջ ունենք: Երբ կհասկանանք դա, երբ կվերադարձնենք դա, այն ժամանակ այդ ամենն ինքն իրեն կլինի:


-Ինչի՞ կարիք ունենք:

-Մարդկային հարաբերությունների… Եղել են ժամանակներ, երբ պետություն չենք ունեցել, բայց ապրել ենք, չէ՞: Իսկ ինչո՞վ ենք ապրել` այդ նույն մարդկային ջերմությամբ, իրար հասնելով: Պետությունն ընդամենը մեքենա էր, որ պիտի աշխատեցնեինք մեզ համար, ոչ ավելին:

-Բայց չաշխատեցրինք, չէ՞:

-Չաշխատացրինք, որովհետև մեր ձեռքերն ուրիշ բանով են զբաղված: Մեր ձեռքերով մեր գլխի վերևում պատ ենք սարքում` աներևույթ ու երևութական բաներից պաշտպանվելու համար: Այնինչ պիտի աշխատեինք: Այս երկիրն աշխատող ձեռքի կարիք ունի, ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև հոգին, սիրտը մաքրելու համար: Մեր մտավորականության անելիքը ո՞րն է, պիտի ճշտի, հասկանա, որ հազարամյակներ շարունակ խնդիրներ է ունեցել, դու էսօր ինչո՞ւ ես հեռու կանգնում այդ խնդիրներից, ձեռքդ վերցրու, քո ասելիքն ունես, քո բաժին անելիքն ունես:

Լուսանցքի սերունդ ենք

-Ո՞նց կբնորոշեք մեր ժամանակը:

-Ես ասել եմ` լուսանցքի սերունդ ենք: Երկու ժամանակների բախման կետում հայտնվելով` վտարվեցինք լուսանցք: Մենք, էսպես ասած, կողքում արված գրառում ենք, որը կա´մ կօգտագործվի հիմնական տեքստի մեջ, կա´մ կջնջվի, կասվի` սա ավելորդ է: Որպեսզի տեքստ դառնանք, մեզնից է կախված, այդ լուսանցքի գրառման մեջ պիտի դնենք իմաստ: Հենց իմաստավորենք մեր գոյությունը, դառնանք իմաստավորված լուսանցքի գրառում, վերևում` ամպերի մեջ նստած Տերը մեզ կբերի տեքստ, կմտցնի ընդհանուր շարադրանքի մեջ, և կդառնանք պատմության էջ, ժամանակի մասնիկը: Իսկ եթե չիմաստավորենք, կջնջեն, կասեն` ո՞ւմ է պետք այս անիմաստությունը: Դա ենք մենք:

Մոնումենտի լիճը, 1970-ականներ

-Լուսանցքում են հայտնվել նաև կոշկակարը, դերձակը, հացթուխը...

-Որովհետև իրենց մի օր կանչեցին և ասացին` դուք պետքական մարդիկ չեք: Վերջին 25 տարվա մեջ տեսե՞լ եք, որ պետական մրցանակ ստանա մի հողագործ, մի բանվոր, մի շինարար: Նրանք չեն ստանում, չեն գնահատվում, նրանց չեն ասում, որ դուք եք պետության հիմքը, դուք եք մեր ժամանակի հերոսը, հասարակությունը պիտի ձեզնից օրինակ վերցնի: Իսկ այսօր հասարակությունն ումի՞ց է օրինակ վերցնում`մականունավորներից, քրեածին տարրերից, օլիգարխներից: Սա է հասարակության էսօրվա հերոսը: Սրան ենք մրցանակներ տալիս, ցուցադրում: Մշակութային գործիչների մեջ աստղերն ու աստղիկներ են շատացել, բայց ո՞ւր է այդ ջերմությունը, որ պիտի գար այդ աստղերից: Ինչո՞ւ չեմ տաքանում, ինչո՞ւ եմ մրսում այդքան աստղերի, կրակների առկայությամբ: Ի՞նչ ցուրտ է մտել մեջս, որ դուրս չի գալիս: Ինչո՞ւ մեր երկիրը տաք չէ, ո՞ւր կորան էդ խարույկները, ո՞վ հանգցրեց:

-Լավաշի հոտ էլ չի գալիս:

-Թոնիրը չի վառվում... Մեր թոնիրն է հանգել, դրա համար մեր լավաշը հում է: Բոլորս հանգցրինք այդ թոնիրը, ինչ ասես նետեցինք այդ թոնիրը, որ գոնե կրակ լինի, բայց կրակը մի բանից որ վառվում, ջերմություն է տալիս, մի դույլ ջրից, ավազից, մի մեքենա հողից, մի թեժ քարից ո՞նց կարող է կրակ լինել: Տարանք լցրեցինք թոնիրը բերնեբերան, հիմա ասում ենք` լավաշ չի ծնվում:

-Պարոն Չարխչյան, կա՞ մի հարց, որ հաճախ եք տալիս Ձեզ:

-(Ժպտում է- հեղ.) Ամեն Աստծու առավոտ երբ արթնանում եմ, հարցնում եմ ինձ` էսօր ի՞նչ եմ անելու, հետո երեկոյան ուզում եմ հասկանալ` արեցի՞ այն, ինչ պիտի անեի, եթե չեմ արել, զզվում եմ ինձնից, եթե արել եմ, գոհ եմ ինձնից: Լավ կլիներ, որ բոլորս արթնանայինք ու ասեինք` էսօրվա մեր անելիքը ո՞րն է և գնայինք զբաղվեինք մեր անելիքով, այլ ոչ թե պատուհանը բացեինք և ասեինք` է~ մարդիկ, ե՞րբ եք սկսելու անել, որ իմ բարձրությունից նայեմ ու գնահատեմ, թե ոնց եք անում: Գնահատողները շատացել են: Պատկերացնո՞ւմ եք դասարան, որտեղ ուսուցիչներն ավելի շատ լինեն, քան աշակերտները: Դա արդեն դասարան չէ: Իսկ դասարանում պիտի լինեն շատ աշակերտներ և մեկ ուսուցիչ, ով վաստակել է գնահատելու իրավունքը: Իսկ մինչև գնահատելը, պետք է ուսանել: Ուսանիր, որ վաստակես գնահատելու իրավունքը:

Արխիվային լուսանկարները` Հ. Չարխչյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ