HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Oh, Pretty Woman». հայտնի և անհայտ Օրբիսոնի համաշխարհային այցեքարտը

Նաիրա Հայրապետյան

Ամերիկացի երգիչ-երգահան Ռոյ Օրբիսոնին անվանել են նաև «Ռոքի Կարուզո»: Նրան անմիջապես հնարավոր է ճանաչել իր առանձնահատուկ տեմբրի և ընդգծված էմոցիոնալ բալլադների շնորհիվ: Նա մեկն է այն համարձակներից, ովքեր հիմք դրեցին բեմական նոր կերպարի՝ ազատ, էմոցիոնալ, հանդուգն առնականությամբ և միաժամանակ անհուսորեն խոցելի: Ռոքնռոլյան անկաշկանդ կատարումներով արտիստներ, ովքեր միաժամանակ ձևավորեցին երաժշտության նոր դարաշրջանը: Մի խոսքով՝ Ռոյ Օրբիսոնը ռոքնռոլի պիոներներից էր, ով եկել էր վաղ 60-ականներից:

Այս արտիստին  առավել ավագ սերնդի երաժշտասերները վստահաբար կհիշեն  նրա հայտնի «Only the Lonley», «It’s Over», «Crying», «In Dreams», «Running Scared»  երգերով, սակայն կա մեկը, որը ամենաճանաչվածն է ողջ աշխարհում և կոտրել է սերունդների միջև սահմանները՝ «Oh, Pretty Woman»: Մեզանից շատերն այն առաջին հերթին կապում են 90-ականներին շատ հայտնի և շատ սիրված «Սիրունիկը» (Pretty_Woman)  ֆիլմի հետ՝ մտովի վերհիշելով նաև երգն ուղեկցող հատվածները ՝ Ջուլիա Ռոբերթսի և Ռիչարդ Գիրի դերակատարմամբ:  Թվում է, թե ֆիլմի շնորհիվ երգը լայն ճանաչման արժանացավ, մինչդեռ ռեժիսոր Գարի Մարշալին հենց Օրբիսոնի «Oh, Pretty Woman» երգն էր ներշնչել ստեղծելու ֆիլմի անվանումն ու որոշ դրվագներ:  Ֆիլմի պրեմիերայից հետո արդեն սաունդթրեք դարձած երգը իր երկրորդ վերածնունդն ապրեց հատկապես երիտասարդության շրջանում: Սակայն երգի՝ համաշխարհային հաջողությունն ու փայլն ավելի հին պատմություն ունեն, որը սկսվում է հեռավոր 60-ականներից: «Oh, Pretty Woman»-ը համաշխարհային հիթի վերածվեց դեռ 1964թ, երբ երեք շաբաթ անընդմեջ գլխավորում էր «Billboard Hot 100»-ը, իսկ ֆիլմն ընդամենը հիշեցրեց երաժշտի և երգի մասին:

Ռ. Օրբիսոնը երգը գրել է իր գործընկերներից մեկի՝ Բիլ Դիզի հետ միասին, նրանք համահեղինակներն են: Այդ օրը երաժիշտները Ռոյի տանն աշխատում էին նոր երգերի վրա: Նրանք գրում-ջնջում էին բառեր, նոտաներ՝ նվագելով այն, ինչ հայտնվում էր այդ պահին նրանց մտքում, ու այդպես էլ հստակ որևէ բան չէր ստացվում: Մի պահ սենյակ է մտնում Օրբիսոնի կինը՝ Կլոդեթը և տեղեկացնում, որ դուրս է գալիս գնումներ կատարելու: Ռոյը հետաքրքրվում է՝ «Փող պետք չէ՞, ունե՞ս», որին կատակով պատասխանում է Դիզը, թե՝ «Գեղեցկուհիներն ընդհանրապես փողի կարիք չեն ունենում»: Ռոյն էլ իր հերթին այս տրամադրությունը շարունակում է՝ երգելով հենց այդ պահին հորինած մի տող՝ «Pretty woman, walking down the street»: Դիզը նրան զուգահեռ ձեռքով սկսեց թխկթխկացնել սեղանին՝ իբր կանացի բարձրակրունկ կոշիկների ձայն է նմանակում՝ միաժամանակ ապահովելով «կատարման» գործիքային մասը: Երբ Կլոդեթը խանութից վերադարձավ, նոր երգն արդեն պատրաստ էր: Մեկ շաբաթ անց այն ձայնագրվեց և ևս մեկ շաբաթ անց թողարկվեց որպես սինգլ: Ահա և վերջ:

Ռոյ Օրբիսոնը հետագայում, մի առիթով նշել է, որ երգը նրանք ստեղծել են իր տևողությունից էլ ավելի կարճ ժամանակում:

Այս երգը Օրբիսոնի ստեղծագործական կյանքում ամենամեծ հիթերից մեկն էր և վերջինը: «Oh, Pretty Woman»-ի հսկայական հաջողությունից որոշ ժամանակ անց երաժիշտի կարիերան սկսեց անկում ապրել: Այն ինչ-որ չափով պայմանավորված էր նաև անձնական կյանքում իրար հաջորդող  խնդիրների հետ: Չնայած մի քանի քավըր տարբերակներ ձայնագրվեցին, բայց դրանք ամենևին էլ չնպաստեցին նրա հանրային ճանաչելիության բարձրացմանը: 70-ականներին թողարկված ալբոմներին ևս վիճակված չէր ունենալ և կոմերցիոն և հիթային հաջողություններ, ուստի երաժիշտն էլ իր երգերի նման կար և չկար երաժշտության մեծ ու դաշտում: Ասում են՝ երաժիշտը խորը դեպրեսիաների մեջ է հայտնվում՝ անընդհատ վերանայելով ինքնագնահատականն ու մտածելով, թե իրականում ինքը որպես երաժիշտ անտաղանդ է ու անհաջողակ: Իրադրությունը փոխվեց արդեն 80-ականներին: Օրբիսոնը կրկին վերադարձավ մեծ բեմ և նորից հանրության ուշադրությունը սևեռվեց նրա ուղղությամբ: 1980թ. Դոն Մըքլինը ձայնագրեց նրա «Crying»-ի քավըրը, որը երեք շաբաթ գլխավորելով բրիտանական հորիզոնականները՝ արթնացրեց նաև նրա՝ արդեն մոռացված տեղը ամերիկյան լսարանում: Նույն տարում նա իր դուետներից մեկով «Գրեմի» մրցանակի արժանացավ: Օրբիսոնը որոշեց համերգային շրջագայության մեկնել, որից հետո հասկացավ, որ ինքը ամենևին էլ անհայտ ու մոռացված երաժիշտ չէ, պարզապես ինչ-որ տեղ ժամանակներն են կամակոր: 1982թ. ամերիկյան  հայտնի «Van Halen» հարդ-ռոք խումբը թողարկեց «Diver Down» ալբոմը, որում ընդգրկված էր «Oh, Pretty Woman» երգի քավըրը: Այս կատարումը ևս մեկ անգամ հիշեցրեց երգի մասին:

Օրբիսոնի համար «վերադարձի» առումով նշանավոր էր հատկապես1987թ.: Նա թողարկեց « In Dreams: The Greatest Hits»  հավաքածուն, որը ջերմ արձագանքներով ընդունվեց: Այն դարձավ ամենահաջողակներից մեկը կոմերցիոն առումով: Բացի այդ, երաժիշտն ընդգրկվեց «The Traveling Wilburys» աստղային խմբի կազմում, որի անդամներն էին Ջորջ Հարիսոնը, Բոբ Դիլընը, Թոմ Փեթին և Ջեֆ Լինը: Եվ ահա արդեն շարունակվող բազմաթիվ հաջողություններից հետո Օրբիսոնի անունը ևս մեկ անգամ փայլում է «Oh, Pretty Woman» երգով նրա մահվանից երկու տարի անց՝ «Սիրունիկը» ֆիլմից հետո: Այս երգով նա հետմահու 1991թ. արժանացավ ևս մեկ «Գրեմիի»՝ «Տղամարդու լավագույն փոփ կատարում» անվանակարգում: 1999թ. «Oh, Pretty Woman»–ը ընդգրկվեց «Ռոքնռոլի փառքի սրահում»՝ որպես այս բնագավառում հիմնադիր ազդեցություն ունեցած երգ, 500 մեծագույններից մեկը, որը ձևավորել է ռոքնռոլը: 2004թ. «Rolling Stone» ամսագրի տվյալներով՝բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի շարքում զբաղեցրելէ 222-րդ հորիզոնականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter