HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սև կյանքի ճերմակ ցուցափեղկը...

Պտտվում է թափանիվը մարդկության՝ աշխարհից խռով, բախտից դժգոհ: Կյանքը հանուրին ձեռնոց է նետել մի նոր պատերազմ. տեսակի մեջ զազիր, գաղափարն` անոգի, պսակը` մահ: Երևույթը՝ ինքնասպանություն: Տեսակը՝ կախաղան: Անարդար վճիռ՝ ինքնադատաստանի: Թույլերի հաղթանա՞կ, թե՞ ուժեղների պարտություն: Ելել են ոտքի ահել ու ջահել, գնում են անհերթ, շարան-շարան` դեպի «փրկություն», դեպի` կախաղան: Հուն է առել խելացնոր մահերթ, խոտոր ճամփեքի անհույս աշխարհից: Մահազդ է փնտրում աչքն ամենուր՝ օճորքից ձգված քաթանե պարան…

Ընտրվել է կամովի դեպի մահ գնալու ոգեխեղված դժվարին ուղի: Ո՛վ ՄԱՐԴ, ինքդ քեզ՝ քո աշխարհի հետ, կռիվ ես տալիս՝ կենաց ու մահու, և ո՜վ միամիտ` հաղթո՞ւմ ես մտովի... մինչդեռ պարտությունն է ոգու, և անդառնալի վախճան տեսակի: Արդ մահվան ճանապա՞րհն է դյուրանում, թե խեղվո՞ւմ է հոգեկերտվածքը:

Փառքի է հասել պարանը քաթանե. այսօր դարձել է «հարգի»՝ հանրության շրջանում պահանջարկ ունի: Իսկ ո՞վ էր ժամանակին նրա վրա նայում. միայն խոտհունձին՝ այն էլ գյուղացին: Հիմա շուկա չկա, «էստի՜ համեցեք»-ով էլ մուշտարի չեն կանչում: Կյանքը ժամանակի հետ դարձել է <բարեկիրթ>. պարանը շուկայից խանութ է եկել, ասել է, թե գյուղից քաղաք է հասել: Որտեղ ի ցույց և ի տես ամենքի, վաճառքի է դրվել սև կյանքի ճերմակ ցուցափեղկերին: Պարանը դարձել  է մահացու «զենք»՝ ահ ու սարսափը հանուրի: Աշխարհը բովանդակազրկող՝ անօտարիելի իրականություն:

Աշխարհն էսպես հ՞ո չի մնա, կգա մի օր՝ առավոտ կանուխ, արևից առաջ մի օրենք կելնի ու հայդե՛ պարան՝ քաղաքից գյուղ: Բարեկեցիկ կյանքը քեզ համար չէ, արդարև դու էլ ազատության գինը չհասկացար… Անբեկանելի է  արդարության վճիռը՝ հանցագործի պիտակ կխարանվի  պարանի ճտին:

Հիրավի,  ահասարսուռ այս իրականության մեջ պարանն ինքը, որպես փրկության միջոց, կրակն է ընկել ինքն իր ձեռքը, գետնով է տալիս մարդու անուն ու պատիվ, վաստակ ու շնորհ, ազգ ու գերդաստան... Որպես մեղսագործ. ասացեք որտե՞ղ և ինչպե՞ս գտնի պարանը փրկություն, ինչպե՞ս կախվի ինքն իրենից, քանզի նրան  սպառնում է ահեղ դատաստան՝ մի նոր արտագաղթ. քաղաքի բարեկեցիկ կյանքից հայդե գյուղ, ագարակ: Ինչպե՞ս գտնի փրկություն բաղձալի, կորսված պատիվ, ինչպե՞ս թոթափի հանուրի մաղձն ատելության: Թե պիտի ձգվի` լոկ ջրհորից ջուր հանելիս, և ոչ թե մահվան ճամփան դյուրացնելիս: Թե պիտի գրկի, թող գրկի մեջքը խոտի դեզի և ոչ թե պարանոցը ջահելի….

Տիեզերքի ծիրում՝ սև կյանքի ճերմակ ցուցափեղկին հետզհետե խամրում է լույսը հավատի: Անարժեքության ինքնարժեք է ձեռք բերվում, քանզի արժեզրկվում է ապրելը կամովի:

Կյանքն անօրինակ երևույթ է երկրային: Ապրելը ուսմունք է, բացառիկ դիպված՝ կրկնման իր անհավանականության մեջ: Կա´նգ առ, ո´վ ՄԱՐԴ, ետ դարձիր, դեռ կհասցնես մեռնել: Երբ դու ծնվեցիր կյանքը քեզ չխոստացավ, որ այն ուրիշ է լինելու: Ետ դարձի՛ր, Ապրել է պետք: Մահդ իմ կոշտ «բազուկների» մեջ մի՛ փնտրիր: Տիրոջ գիրկը Քեզ համար միշտ բաց է, սակայն մի´ շտապիր առաջ անցնել, քո հերթը դեռ չի եկել…:

Սպասի´ր ՄԱՐԴ Աստծո. կախաղանը, որպես «փրկության» ամենավերջին միջոց, միշտ կա ու կա: ԱՊՐԵԼ է հարկավոր: Տառապանքը փորձություն է, կորուստը փորձաքար: Կյանքը պայքար է, ապրել կռիվ: Կռիվ տուր կյանքին, մի՛ ծնկիր մահին: Կյանք սիրելը շնորհ է: Օրհնություն է Աստվածային: Մի պատվազրկիր ծնունդդ, և առաքելությունդ երկրային... Սերն ատելության գրկում մի սպանիր: Ապրելու համար, Ոգի է պետք. Դու այն ունես` Աստված է տվել: Ապրելու համար Սեր է հարկավոր՝ մայրդ է սնել, Ուժ է հարկավոր՝ հայրդ է տվել: Ապրի՛ր Մարդ Աստծո: Ապրելու, սիրելու, կյա՛նքը սիրելու մեջ է կյանքի իմաստը...

Ջեմմա Բաղդադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter