Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Շալանդի ժամանակը սպառված է. նրա հեռանալու պահն է



«Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու Հայաստանի հավաքականի հնարավորությունները գործնականում դարձան չնչին այն բանից հետո, երբ մեր թիմը 1-2 հաշվով զիջեց Ալբանիային:

Այն, որ դժվար հանդիպում էր լինելու, երեւի ոչ ոք չէր կասկածում, քանզի մինչ այս խաղը ալբանացիները կարողացել էին 4 միավոր վաստակել՝ արտագնա հաղթելով Պորտուգալիային (1-0) եւ սեփական հարկի տակ 1-1 խաղալով Դանիայի հետ: Բնականաբար, Էլբասանում տանտերերը մտածում էին միայն 3 միավորի մասին, ինչպես եւ մեր թիմը, որը 3 խաղից հետո միայն 1 միավոր էր վաստակել: Այս խաղը, կարելի է ասել, բեկումնային էր հետագա հնարավորությունների ճշգրտման համար: Եվ այդ բեկումնային պահը եղավ ոչ մեր օգտին:

Խաղից առաջ, թերեւս, շատերին զարմացրեց Բեռնար Շալանդի ընտրությունը, որը մեկնարկային կազմում ընտրել էր պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանին՝ աջից, եւ Գաել Անդոնյանին՝ կենտրոնում: Առաջ անցնելով՝ նշենք, որ երկուսն էլ բավականին վստահ խաղ անցկացրին, հատկապես Անդոնյանը, որն իսկապես բացահայտում է: Կարող ենք վստահ լինել, որ պաշտպանության կենտրոնը Արզումանյան-Անդոնյան զույգով բավականին լավ տեսք ունի: Սակայն Անդոնյանին դեռ ժամանակ է պետք՝ ամբողջությամբ թիմին ձուլվելու համար:

Խաղի հենց սկիզբը ցույց տվեց, թե ինչպես են գործելու ալբանացիները. կտրուկ, արագ անցումներ եզրերով, օդային փոխանցումներ մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ գրոհայինները պիտի գլխով եզրափակեին գրոհները: Բալկանյան թիմերին ու հավաքականներին հատուկ այս ստանդարտ ոճը չէր կարող անակնկալ լինել մեզ համար, այդ իսկ պատճառով առաջին կեսում մեր պաշտպանությունը հետ էր մղում գրոհները, բացառությամբ մի քանի պահերի, երբ ալբանացիները շեղ հարվածեցին գլխով, առաջին կեսի ավելացված ժամանակում էլ գնդակն ընթացավ ուղիղ Բերեզովսկու վրա: Բացի սրանից՝ հիշվեց նաեւ այն դրվագը, երբ գնդակը դիպավ մեր դարպասի ուղղահայաց ձողին:

Իսկ Հայաստանի ընտրանու գոլն արդեն 4-րդ րոպեին իսկական ամպրոպ էր մրցակցի գլխին անամպ երկնքում: Մխիթարյանի կտրուկ անցումը ձախ եզրով ու փոխանցումը դեպի դարպասապահի հրապարակ ավարտվեց գոլով: Տեսակրկնություններում երեւաց, որ ինքնագոլի հեղինակ է դարձել Մավրայը, սակայն պաշտոնապես գոլը գրանցվեց Մովսիսյանի հաշվին: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, առաջին կեսում սա մեր թիմի ամենասուր գրոհն էր: Մնացած ժամանահատվածում մերոնք գերազանցապես պաշտպանվում էին: Ավելորդ չէ ասել, որ ամբողջ խաղում մեր թիմը ընդամենը 2 հարված է կատարել մրցակցի դարպասին, իսկ տանտերերը՝ 5: Վերջիններս Բերեզովսկու դարպասի ուղղությամբ հարվածել են 7 անգամ, իսկ մերոնք՝ 5:

Ալբանացիները հաղթաթուղթն արագությունն ու պրեսինգն էին: Սակայն առաջին կեսում նրանց չհաջողվեց գոլի վերածել խաղային առավելությունը: Այդուհանդերձ, հենց այս հատկանիշները թույլ տվեցին դե Բիազիի թիմին հասնել վերջնական հաջողության:

Նախ՝ ասենք, որ մրցակցի պաշտպանները լիովին մեկուսացրել էին Մովսիսյանին, որի ներկայությունը դաշտում մեր թիմին միայն վնաս էր տալիս: Յուրան մրցակցի պրեսինգից ազատվելու համար փոխանակ նահանջեր ու խորքից մասնակցեր գրոհների կամ հակագրոհների կազմակերպմանը, սպասում էր թիկունքից փոխանցման, սակայն այդ դեպքում էլ չէր հասնում գնդակին կամ կորցնում էր այն: Ակնհայտ է, որ Մովսիսյանն իր վատագույն խաղերից մեկն անցկացրեց հավաքականում, չնայած խփեց հավաքականում 10-րդ գնդակը (31 խաղում): Ավելին, երբ թիմն ամբողջ կազմով պաշտպանվում էր՝ մի կերպ հետ մղելով ալբանացիների խելահեղ գրոհները, Յուրան սպասում էր իր բաժին փոխանցմանը: Տպավորություն էր, որ Շալանդի մտքով չէր էլ անցնում Յուրային կարգադրել նահանջել ու մասնակցել պաշտպանությանը, ապա եւ հակագորհների կազմակերպմանը: Յուրային մեկնարկային կազմում խաղացնելը ցույց տվեց, որ Շալանդը սխալ որոշում է կայացրել: Հայ հարձակվողը տեղ չունի «Սպարտակի» մեկնարկային կազմում, բավարար խաղաժամանակ չի ստանում, հետեւաբար զարմանալի էր, թե ինչու է Շալանդն այդպես կառչել նրա ներկայությունից ամբողջ 90 րոպեի ընթացքում: Ճիշտ է, Մովսիսյանը փորձառու խաղացող է, սակայն հավաքականում պետք է խաղան նրանք, ովքեր այդ պահին լավ մարզավիճակում են, անուններն ու վաստակը միայն պատմության մեջ են պետքական, բայց ոչ խաղադաշտում: Ռուսլան Կորյանն ընդամենը 6 րոպե խաղալու ժամանակ ստացավ, սակայն կարող էր թիմին փրկել պարտությունից: Ցավոք, չստացվեց, բայց երեւաց, որ այս տղան ունակ է առաջնագծում սրություն մտցնելուն, ինչն այսօր պակասում էր մեզ: Չտեսանք Սարկիսովին, որն աջ եզրում իր արագությամբ կարող էր գլխացավանք ստեղծել մրցակցի համար ու նվազեցնել ճնշումը այդ թեւում մեր պաշտպանության վրա:

Երկրորդ կեսում հիշատակելի է Մարկոսի հեռահար հարվածը, որը փորձեց առաջ եկած Բերիշայի գլխավերեւով գնդակն ուղարկել դարպասը, բայց մի փոքր բարձր նետեց այն: 67-րդ րոպեին Շալանդը աջ եզրում փոխարինեց Մանուչարյանին, բայց նույնիսկ մեկնաբանն էր մինչ այդ շատ ճիշտ նկատում, որ Համբարձումյանը չի կարողանում փակել անցումները, եւ նրան փոխել է պետք: Ավելին՝ Համբարձումյանը  51-րդ րոպեին դեղին էր ստացել, բայց նրա աջ եզրում գրոհները շարունակվում էին, այնպես որ մեծ էր վտանգը, որ պաշտպանը լարված իրավիճակում կարող է տրվել պայքարին ու եւս մի խախտում անել: Մեծ մարզիչները նման իրավիճակներում սաներին կոչ են անում զգոնություն պահպանել կամ փոխարինում են՝ վատթարագույնից խուսափելու համար: Նման դեպքերը ֆուտբոլի պատմության մեջ բազմաթիվ են:

Սակայն լինենք անկեղծ. Բեռնար Շալանդը մեծ մարզիչ չէ, ավելին՝ հեռու է այդպիսին լինելուց: Շվեյցարացու անհեռատեսությունը Հայաստանի հավաքականին փաստի առաջ կանգնեցրեց: Այո, Կամո Հովհաննիսյանը հենց Համբարձումյանին պետք է փոխարիներ, իսկ հոգնած Մանուչարյանին կարող էր փոխել Զավեն Բադոյանը, որը ներքին առաջնությունում գերազանց է հանդես գալիս:

Շալանդը չհաշվարկեց, ու վճարեց ամբողջ թիմը: 70-րդ րոպեին Համբարձումյանը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց դաշտից: 10 հոգով մրցակցի գրոհներին հաջողությամբ դիմակայելը տվյալ խաղում մի փոքր անհավատալի էր, քանի որ մերոնք մտածում էին վայրկյան առաջ գնդակ հեռացնելու մասին, իսկ խաղի ավարտին դեռ ամբողջ 20 րոպե կար: Պաշտպանությունն ու կիսապաշտպանները Բերեզովսկու հետ միասին խաղում էին գերլարումով: Միայն Մովսիսյանն էր թափառում հեռվում՝ տեղի ունեցողից կտրված:

Ալբանացիների բախտը երկար ժամանակ իսկապես չէր բերում: Դրվագներից մեկում Բերեզովսկին միայն գծի վրա որսաց գնդակը: Քիչ անց գնդակը ցնցեց դարպասաձողը: Սակայն այդպես երկար չէր կարող շարունակվել: 77-րդ րոպեին Մավրայը քավեց առաջին գոլի դրվագում իր սխալն ու ձախից եկած օդային փոխանցումը եզրափակեց գլխի շեշտակի հարվածով՝ 1-1: Բերեզովսկին չափազանց հետ էր գնացել, ու նրա ձեռքից անդրադարձը չփրկեց մեզ: Եթե Ռոմանը մի փոքր առաջ լիներ, միգուցե գնդակը դուրս գար անկյունային: Ընդհանրապես, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ Բերեզովսկին շատ դեպքերում (ոչ միայն այս խաղում) կորցնում է դարպասի գիծն ու հայտնվում դարպասում: Խաղի ընթացքում նման բազմաթիվ պահեր եղան: Մավրայի գոլում Ռոմանն ունեն մեղքի իր մեծ բաժինը, չնայած թերացան նաեւ կենտրոնական պաշտպանները, որ հաջող էին գործում առաջին կեսում:

Գոլը թեւեր տվեց ալբանացիներին, իսկ Հայաստանի հավաքականը քանդվեց: Գրոհները տարափը շարունակվում էր, մերոնց խուճապային պաշտպանությունը նույնպես: Ընդամենը 4 րոպե անց՝ 81-րդ րոպեին, Գաշին կրկին գլխով խփեց երկրորդ գոլը՝ նորից եզրափակելով ձախ եզրից կատարված փոխանցումը: Բերեզովսկին այս անգամ էլ դարպասի ներսում էր ու ցատկ էլ չկատարեց: Պաշտպաններն էլ իրենց տեղում չէին: 90-րդ րոպեին Կորյանը չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը՝ հարվածելով դարպասաձողին: Ալբանիա-Հայաստան՝ 1-2:

Այս պարտության գլխավոր մեղավորը միանշանակ Բեռնար Շալանդն է, որը չկարողացավ ճիշտ ու ժամանակին փոխարինումներով թարմություն մտցնել խաղի մեջ: Նա կատարեց միայն երկու փոփոխություն, որոնք առաջին հերթին ուշացած էին, նաեւ՝ ոչ ճշգրիտ:

Շալանդի գլխավորությամբ մեր թիմը 9 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել: Դա նրա նորամուտի խաղն էր, երբ մեր թիմը ընկերական հանդիպմանը 4-3 հաշվով հաղթեց ԱՄԷ-ին: Հետեւեցին Ալժիրից (1-3) ու Գերմանիայից (1-6), Լատվիայից (0-2) կրած պարտությունները: «Եվրո-2016»-ում էլ պարտվեցինք Դանիային (1-2), վերջին պահին կորցրինք սերբերի հանդեպ հաղթանակը (1-1), անատամ խաղով զիջեցինք Ֆրանսիային (0-3) ու Պորտուգալիային (0-1): Մտածում էինք, թե Ալբանիայի խաղում հաջողության հասնելով, թիմը կուղղի մեջքն ու կպայքարի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար, սակայն ականատես դարձանք անգրագետ տակտիկայի: Նման կոպտագույն սխալներն ու անհաջողություններն այլեւս չպիտի հանդուրժվեն, Շալանդի ժամանակը սպառված է: Եկել է նրա հեռանալու ժամանակը:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ