Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Աճուրդավարը հուսադրում էր` «կգտնենք-կբերենք» մասնակիցներին



Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում մարտի 25-ին նշանակված համայնքային սեփականության անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասնակիցները նախնական վճարումներն էին կատարում հաշվապահությունում՝ աճուրդավարին ներկայանալու համար: Աճուրդի դրված 4 լոտերից երկուսը գյուղարտադրական նշանակության հողամաս էր, եւս երկու շինություն վաճառվում էր հարակից հողամասերով: Մինչ աճուրդն սկսելն աճուրդավարը՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վահրամ Արարատյանը (նա համայնքի ղեկավարի որոշումով նշանակվել էր աճուրդի կազմակերպիչ ու վարող), տեղեկացրեց, որ յուրաքանչյուր լոտի համար երկու մասնակից է գրանցվել:

Վերջինս բավականին ջանք գործադրեց աճուրդին լրջություն հաղորդելու համար, սակայն դա նրան չէր հաջողվում հենց այն պատճառով, որ ի սկզբանե հայտնի էին գնորդները, անգամ սակարկության ժամանակ ավելացնելիք գումարի չափը: Դուրյան փողոցի 36/3 գյուղարտադրական նշանակության հողամասի գնորդը ներկայացավ իրեն գրեթե տարեկից մի երիտասարդի հետ: Աճուրդավարի առաջին իսկ հայտարարությանը նա արձագանքեց մեկնարկային արժեքին ավելացնելով 10,000 դրամ, իսկ մրցակիցը, պարզապես աճուրդավարին պատվել էր իր մասնակցությամբ, նա չսակարկեց:   

Աճուրդի դրված հողամասերի համար Քաղցրաշենի տեղական իշխանությունը մեկնարկային գին էր սահմանել կադաստրային արժեքը, իսկ շինությունները ներկայացվել էին շուկայական գնահատման: Աճուրդի դրված երկու շինությունների շուկայական գնահատումը 16·02·2015թ·-ին կատարել էր «Արա-Արտ Ռիելթի» ՍՊԸ-ն: Գնահատված արժեքը հիմք ընդունելով, անասնաշենքը՝ 138,000 դրամ, իսկ նրան հարակից 0,05295 հա հողամասը՝ 430,000 դրամ, համայնքապետարանը մեկնարկային գին էր սահմանել 568,000 դրամը:

Վալերիկ Գյուլամիրյան Վահրամ Արարատյան

Այս լոտի համար նույնպես 2 հայտ էր գրանցվել: Մինչ աճուրդի մեկնարկը՝ համայնքի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ անասնաշենքը հարակից հողամասով գնորդի տան դիմացի հողն է, եւ նրանք ցանկանում են չրանոց հիմնել այդտեղ: Մասնակցության հայտ ներկայացրած երկու կանայք ներս մտան շատ անմիջական ու մտերմիկ զրույց ծավալելով, նույն կերպ էլ հրաժեշտ տվեցին աճուրդի կազմակերպիչներին: Նրանք կրկնեցին առաջին հողակտորի սակարկությանը մասնակցածներին· գնորդը մեկնարկային գնին ավելացրեց 10,000 դրամ, իսկ նրա հետ ներկայացած կինն առաջարկ չուներ: Աճուրդավարը շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց հերթական գնորդին:


Նրանց հեռանալուց հետո աճուրդը տեւական ժամանակ ընդհատվեց, մյուս երկու լոտի համար մասնակցության հայտ ներկայացրածները չկային: Առ ժամանակ հետո համայնքապետարանի աշխատակիցը հաղորդեց, որ հողակտորի համար հայտ ներկայացրած անձը տեղեկացրել է, թե հիվանդ է եւ չի կարող մասնակցել աճուրդին: Եթե մինչ այդ կարելի էր շարունակել բեմականացված աճուրդը, ապա ընդհանրապես չներկայանալու դեպքում աճուրդավարի համար դժվարին կացություն էր ստեղծվել՝ մեր ներկայությունը խառնել էր ամեն ինչ եւ ստիպված էր լինելու այդ լոտի համար նոր աճուրդ կազմակերպել: Առավել ուշագրավ էր, որ այս դեպքում չներկայացավ նաեւ երկրորդ հայտատուն:

«Դե սենց չեղավ էլի, սա ինչի նման ա, աճուրդը պիտի էլեկտրոնային լինի, որ չիմանան ով ա դիմում, ինչպես ա սակարկում»,- արձագանքեց համայնքապետարանի աշխատակիցը՝  անհարմար իրավիճակում հայտնվելով:

Չափազանց երկար սպասեցինք մյուս շինության՝ անասնաբուժարանի շենքի գնորդին: Այս լոտը այդ օրը վաճառվող անշարժ գույքերից ամենաթանկն էր գնահատված՝ շինության եւ հարակից 0,15281 հա հողամասի համար մեկնարկային գին էր սահմանվել 1,862,000 դրամը: Շինությունը վաճառվում էր շուկայական արժեքի գնահատումով՝ 623,000 դրամ, իսկ հողամասը կադաստրային արժեքով՝ 1,239,000 դրամ: Ես չէի շտապում հեռանալ, չնայած գնալով անհույս էր դառնում, որ գոնե գնորդը կներկայանա, իսկ աճուրդավարը հուսադրում էր, թե շուտով կներկայանան, կից սենյակում նախնական վճարումներն են կատարում, իսկ հետո հայտնեց, որ արդեն գնացել են, բայց շուտով կգտնեն-կբերեն նրանց:

Իհարկե, չեմ կարող կասկածի ենթարկել աշխատակազմի քարտուղարի անկեղծությունը, սակայն մինչ աճուրդն սկսելը Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը տեղեկացրել էր, որ գնորդն այդ շինությունում բնակվում է արդեն 24 տարի: Խորհրդային տարիների անասնաբուժարանն է եղել, նրանք էլ անապահով ընտանիք են եւ թույլ են տվել բնակվել այդտեղ: «Հիմա հնարավորություն ունեն գնելու շենքը, որը փլատակ է ընդամենը, մեր պատվերով աուդիտորը գնահատել է եւ շուկայական արժեքով ներկայացրել ենք աճուրդի, իսկ հողը գնահատվել է կադաստարային արժեքով»,- հայտնեց համայնքի ղեկավարը:

Ինչպես մյուս համայնքներում, այստեղ նույնպես համայնքապետը հողը վաճառելով հանդերձ, դժգոհում էր, թե այն պահանջարկ չունի, 25 հա գյուղ նշանակության հողատարածք ունեն, բայց գնորդ չկա: Վ· Գյուլամիրյանն առաջնային էր համարում մանկապարտեզի վերանորոգումը, որից հետո միայն մանկապարտեզային տարիքի 220 երեխաները կարող են հաճախել մանկապարտեզ: «Հիմա երկու խմբից ավել չենք կարողանում պահել, եթե վերանորոգենք՝ բոլորին կարող ենք տեղավորել»,- հայտնեց նա: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ` աճուրդից մուտք եղած գումարով մանկապարտեզը վերանորոգելո՞ւ են, թե` ոչ: «Միայն կառավարության աջակցությամբ կարող ենք այդ հարցերը լուծել, մեր բյուջեով նման հարցեր չենք կարող լուծել»,- հայտնեց համայնքապետը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ