HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանությունը արտասահմանյան հյուրերի համար թանկարժեք հյուրանոցային համարներ է պատվիրում

ՀՀ ոստիկանությունը 2014թ. արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության նպատակով երկու պայմանագիր է կնքել Երևանի թանկարժեք հյուրանոցներից մեկի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ի հետ:

Առաջին պայմանագիրը կնքվել է հուլիսի 15-ին՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Հայաստան ժամանած պատվիրակության ընդունելության առթիվ:  Ոստիկանությունը ռուս պաշտոնյաների պատվին «Գոլդեն Փելիս» հյուրանոցում պատվիրել է 27 սենյակ, որից 2 սենյակ՝ յուրաքանչյուրը 290.000 դրամ, 4 սենյակ՝ 190.000, 12 սենյակ՝ 130.000, 5 սենյակ՝ 67.000 և 4 սենյակ՝ 49.000 դրամ արժողության:

Ռուս պատվիրակության հյուրանոցային կարիքների բավարարման համար «Գոլդեն Փելիսին» վճարվել է 4 մլն դրամ:

Նույն հյուրանոցի հետ հաջորդ նույնաբովանդակ պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 9-ին, այս անգամ՝ Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Հայաստան ժամանած պատվիրակության համար:

Այս պատվիրակության համար ՀՀ ոստիկանությունը «Գոլդեն Փելիսից» պատվիրել է դարձյալ 27 սենյակ՝ մեկը՝ 348.000 դրամանոց լյուքս, 14-ը՝ 80.000 դրամ արժողության կիսալյուքս, 12-ը՝ 69.000 դրամանոց սնտանդարտ սենյակներ: Այս դեպքում հյուրանոցային ծառայության ընդհանուր գումարը կազմել է 2.296.000 դրամ:

Տեղեկացնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ն, որը կապվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ՝ «խառը» բաժնետերեր ունի: Ընկերության հիմնադիր «ՌԻՎԵԼՀԻՐ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ն գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում: Վերջինս ընկերությունից դուրս է եկել 2013թ. հոկտեմբերի վերջին և «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել դարձյալ օֆշորում գրանցված «Գոլդեն Գրուպ Լիմիթեդ» ՓԲԸ-ն (ԱՆԳԻԼԻԱ, Ք.Դուգլաս):

Համաձայն Մեծ Բրիտանիայի ընկերությունների գրանցման ռեգիստրի, «Գոլդեն Գրուպ Լիմիթեդ» ՓԲԸ-ն 2014թ. լուծարվել է:

Նշենք, որ 2007-2008թթ. «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ի բաժնետեր է եղել նաև տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, ով Կարեն Ճշմարիտյանի ազգականն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter