HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ըստ նախարարության` մեղավորը շահառուներն են

«Հետքի» փետրվարի 12-ի թողարկման մեջ «Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել» հոդվածի հրապարակումից հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում, որի նպատակն էր «Հետքին» պարզաբանել, թե ինչո՞ւ են որոշ բնակարաններ մի քանի ամիս հետո հայտնվում կիսաքանդ վիճակում, եւ ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար:

Նախարարությունը պնդում է, որ վթարային բնակարաններ չեն տրամադրել

«Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի պատասխանատուները վստահեցնում են, որ ոչ մի շահառու երբեւէ վթարային բնակարան չի ստացել:

«Այլ հարց է, որ շահառուի կողմից բնակարանի բնակեցումից հետո ինչ-ինչ պատճառներով (ջրմուղ-կոյուղու համակարգի վթար, շահառուի կողմից տանիքում անտեննայի տեղադրում եւ այլն) փոխվում է բնակարանի տեխնիկական վիճակը: Նման իրավիճակ կարող է ստեղծվել ամենուր եւ ամեն բնակարանում: Լրացուցիչ վերանորոգումների համար պետական բյուջեով գումար չի նախատեսվում: Շահառուն պետք է ինքը հոգա իր բնակարանի հոգսերը»,- գրված է փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի պատասխան նամակում (Նամակը կցված է):

«Սոկոլ Գրուպ» կազմակերպության փոխնախագահ Գրիշա Մարտիրոսյանը նույնպես պնդեց, որ մինչեւ հիմա անձամբ իրեն ոչ մի շահառու չի դժգոհել: «Բոլորը ունեն իմ հեռախոսահամարը, թող հիմա մեկը գա եւ ասի, որ մենք վատ ենք վերաբերվել, հաշվի չենք առել ցանկությունները, չենք հարմարվել: Թող գան եւ ասեն: Ի վերջո, նախարարությունը հավանություն է տվել եւ ընդունել է այդ բնակարանները, մենք չենք ստիպել նրանց»,- ասում է Գրիշա Մարտիրոսյանը:

Այնուամենայնիվ, «Սոկոլ Գրուպ»-ի ներկայացուցիչը նշեց նաեւ, որ Երեւանի բնակարանների մեծամասնությունը 40-50 տարվա մաշվածություն ունի, եւ բնական է, որ բնակարանում կլինեն խնդիրներ: «Մենք չենք կարող վերանորոգել ամբողջ շենքի խողովակները կամ տանիքը, հիմա մենք եկանք այն եզրակացության, որ մեզ համար ավելի հարմար է շենք կառուցել, քան տարածքներ գնել»,- ասաց Գ. Մարտիրոսյանը:

Խնդիրներն ավելի արագ են ի հայտ եկել այն տարածքներում, որոնք բնակելի չեն եղել ի սկբանե: Ընդ որում, այս հարցը շատ հեշտ է լուծվում. հանրակացարանների սենյակները եւ այլ չորս պատ ունեցող տարածքները սեփականաշնորհվում են համապատասխան մարմինների թույլտվությամբ, ստանում բնակելի տարածքի կարգավիճակ, վերանորոգվում, եւ ոչ ոք չի կարող ասել, որ որեւէ բան անօրինական է:

«Գուցե իրենց համար ավելի մատչելի է վերցնել տարածքը եւ բնակարանի վերածել, քան մեկ սենյականոց գնել, դա արդեն իրենք են որոշում, ի վերջո նրանք շահույթ հետապնդող կազմակերպություն են»,- ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների վարչության պետ Լալա Ղազարյանը:

Ինչո՞ւ «Սոկոլ Գրուպ»-ը

2004թ.-ից նախարարությունն աշխատում է «Սոկոլ Գրուպ» կազմակերպության հետ: Նախորդ հոդվածի հիմնական հարցադրումներից մեկն էլ այն էր, թե ինչո՞ւ է նախարարությունը 2004թ.-ից շարունակում բնակարաններ ձեռք բերելու համար պայմանագիր կնքել միայն «Սոկոլ Գրուպ» կազմակերպության հետ:

Նախապես նշենք, որ «Սոկոլ Գրուպ» կազմակերպությունից առաջ` 2003թ.-ին, 35 բնակարան շրջանավարտների համար գնել է «Կարեն Z» կազմակերպությունը, որի հետ նախարարությունը հետագայում հրաժարվել է աշխատել ոչ պատշաճ ծառայություն մատուցելու պատճառով: Այսինքն` նախարարությունն ընդունել է, որ այդ կազմակերպությունը շահառուներին հատկացրել է վատ բնակարաններ, այլապես նրանցից չէր հրաժարվի: (Նախորդ հոդվածում նշված Չարենցավանի եւ Երեւանի 16-րդ թաղամասի բնակարանները ձեռք է բերել «Կարեն Z»-ը):

Փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի պատասխանում գրված է. «Թեպետ 2004թ.-ին «Սոկոլ Գրուպ»-ը չէր հաղթել աշխատանքները կատարելու համար հայտարարված մրցույթում, սակայն մենք հարկ համարեցինք կնքել պայմանագիր այդ կազմակերպության հետ, քանի որ 2004թ.-ին այդ գործընթացին մասնակցելու ցանկություն հայտնել էր միայն «Սոկոլ Գրուպ»-ը, եւ նաեւ այն պատճառով, որ նախարարությունը կանգնած էր ընտրության առջեւ` կամ կնքել պայմանագիր եւ ծախսել այդ նպատակի համար տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված գումարը, կամ ձախողել այն: 2005-2006թթ.-ին, հայտնվելով նմանատիպ իրավիճակում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սոկոլ Գրուպ»-ը Երեւանում ունի շենք, որը կարող է վերանորոգել 36 հատ մեկ սենյականոց բնակարանների համար, նախարարությունը կրկին պայմանագիր կնքեց «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ»:

Նշենք, որ պարոն Բերիկյանի հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը. «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկանքով 2004-ին մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել եւս մեկ կազմակերպություն` «Լ.Կ. ընդ Դ. Ինտերնեշիոնալ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ անվանումով:

2006թ.-ին, բացի «Սոկոլ Գրուպ»-ից, մրցույթին մասնակցել են եւս երկու կազմակերպություններ` «Արամազդ» ՍՊԸ-ն եւ «Տրանսպորտ» ասոցիացիա ՍՊԸ-ն: Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են հրավերի պայմաններին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Սակայն պայմանագիրը նորից կնքվել է «Սոկոլ Գրուպի» հետ:

Այսինքն` կառավարությունից ինչ-որ մեկը նման հրահանգ է իջեցրել, որ այդ գործը պետք է անի «Սոկոլ Գրուպը»: Նշենք, որ պայմանագիրը կնքելուց հետո ծրագրի ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է ընկերությանը, որը մոտ մեկ տարի հետո փոխարենը տալիս է բնակարաններ: Վերջին անգամ «Սոկոլ Գրուպը» ստացել է մոտ 700.000 դոլար գումար:

2003թ.-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք է բերվել 10 բնակարան, «Կարեն Z» կազմակերպության միջոցով` 25 բնակարան: 2004թ.-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ` 5 բնակարան, «Կարեն Z»` 10, «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ` 37 բնակարան: 2005 -2006թթ.-ին նույնպես աշխատել է «Սոկոլ Գրուպ»-ը, սակայն, փաստացի բնակարան դեռ չի հանձնվել: Ընդհանուր առմամբ, այս պահին ընդամենը մանկատան 87 շրջանավարտ է բնակարան ստացել:

Գումարը չի բավարարում լավ բնակարան գնելու համար

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բողոքների դեպքում պատճառաբանում է, որ բնակարանների համար նախատեսված բյուջեն կազմվում է տարեսկզբին, իսկ տարեվերջին բնակարանները թանկանում են, ինչի արդյունքում նախատեսված գումարը չի բավարարում:

Հիմա Երեւանում բնակարան ստանալու հնարավորությունը շատ ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ: Սակայն այսօր նույնիսկ Էջմիածնի, Զվարթնոցի, Աբովյանի բնակարանների գինը գրեթե հավասարվում է Երեւանում բնակարանների արժեքին:

 

2003

2004

2005

2006

Ծրագրի բյուջեն

199,846.9

416,738.8

302,291.8

324,359.2

Բնակարանների գնման համար տրամադրված գումարը /հազ.դրամ/

129,084.0

327,195.0

227,970.0

235,260.0

Շահառուների / բնակարան ստացողների թիվը

45/45

54/54

40/40

56/43

Փաստացի բնակարան ստացածների թիվը

44

42

0

0

Երեւանում գնված բնակարանների միջին արժեքը /հազ.դրամ/

4536.7

5422.8

7890.0

7890.0

Մարզերում գնված բնակարանների միջին արժեքը /հազ.դրամ/

2111.9

2743.3

5063.2

5289.7

Ծրագրի շրջանակներում գնված բնակարանները «Սոկոլ Գրուպ»-ից ընդունում է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի անդամները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներն են: Հետագայում

բնակարանները որպես պետական սեփականություն հանձնվում են պետական գույքի կառավարման վարչությանը: Շրջանավարտները կարող են սեփականաշնորհել դրանք միայն 10 տարի հետո:

Հանձնաժողովի խնդիրն է վերահսկել բնակարանային պայմանները: Սակայն մեզ հետ զրուցած մի քանի շրջանավարտներ փաստում են, որ բողոքների դեպքում ստանում են հետեւյալ պատասխանները. «Չես ուզում, մի ուզի, կամ` սա էլ է շատ ձեզ համար, քանի տալիս ենք, վերցրու եւ այլն»:

Ծրագրի պատասխանատուներն էլ նշում են, որ շատ դեպքերում շրջանավարտները բնակարան են պահանջում ըստ իրենց քմահաճույքների, չեն հարմարվում եւ մոռանում են, որ տարիներ շարունակ սա էլ չի եղել:

Այժմ Չարբախում վերակառուցվում է 36 մեկ սենյականոց բնակարանների համար նախատեսված շենք, որով հնարավոր կլինի փակել Երեւանում առկա պահանջը: Փոխնախարար Ֆ. Բերիկյանը չցանկացավ շինարարական աշխատանքների ավարտման հստակ ժամկետ նշել, սակայն ասաց, որ մոտ ապագայում բնակարաններն արդեն պատրաստ կլինեն: Այս ծրագիրն իսկապես կառավարության կարեւոր ձեռքբերումներից է, մանկատունն ավարտած շրջանավարտը այլեւս չի հայտնվում փողոցում, սակայն այն պետք է վերահսկվի, որպեսզի չդառնա միայն ինչ-որ կազմակերպության բիզնեսի ծաղկում:


ՆԱՄԱԿ

«Հետաքննող լրագրողներ» հասարակական 
կազմակերպության նախագահ, «Հետք» թերթի խմբագիր 
պարոն Է. Բաղդասարյանին

Հարգելի պարոն Բաղդասարյան

ՀՀ 2003-2006 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման խնդիրների մասին Ձեր կողմից առաջադրված հարցադրումների վերաբերյալ տեղեկացնում եմ.

1. «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ն նշված ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներից մասնակցել է միայն 2004 թվականին, եղել է միակ մասնակիցը եւ, ըստ էության բավարարելով առաջին փուլի պահանջներին (մրցույթին մասնակցելու համար դիմած կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի բացում եւ դրանց որակավորման չափանիշների համապատասխանության պարզում), անցել է հաջորդ փուլ:

Սակայն, մրցույթի երկրորդ փուլում «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հայտը մերժվել է: Հարցը կայանում է նրանում, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված են որոշակի փաստաթղթերի ներկայացման պահանջներ, որոնք մրցույթի մասնակից կազմակերպությունները պետք է ներկայացնեն մրցույթներում հաղթող ճանաչվելու համար: Օրինակ` մրցույթի հրավերով սահմանվում է մրցույթի հայտի ապահովում, որի տեղեկանքը պետք է լինի հայտը հանձնելու հաջորդող օրվա ամսաթվով եւ այլն: Նշված փաստաթղթի պատճառով «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հայտը մրցույթի երկրորդ փուլում օրինական կարգով մերժվել է մրցութային հանձնաժողովի կողմից:

2. Ծրագրի շրջանակներում գնված բնակարանները պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունից ընդունվում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որը հետագայում, որպես պետական սեփականություն, հանձնվում է պետական գույքի կառավարման վարչությանը: Ցանկացած բնակարանի հանձնման ժամանակ տվյալ բնակարան ստացող շահառուն հստակորեն գիտի իր համար գնված բնակարանի հասցեն, վիճակը: Ավելին, սովորաբար բնակարանը գնելու ժամանակ, տվյալ շահառուի հետ այն ոչ պաշտոնապես համաձայնեցվում է:

Այսինքն, բնակության համար ոչ պիտանի բնակարանի ընդունումը նախարարության եւ պետական գույքի կառավարման վարչության կողմից` բացառվում է:

Մեկ այլ հարց է, որ շահառուի կողմից բնակարանի բնակեցումից հետո ինչ-ինչ պատճառներով (ջրմուղ-կոյուղու համակարգի վթար, շահառուի կողմից տանիքում անտեննայի տեղադրում եւ այլն) փոխվում է բնակարանի տեխնիկական վիճակը: Նման դեպքեր կարող են տեղի ունենալ ամենուր եւ ամեն բնակարանի հետ: Պետական բյուջեով նման դեպքերում վերանորոգման համար համապատասխան միջոցներ չեն նախատեսվում, որովհետեւ, բնակարանը շահառուին տրամադրելուց հետո, ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ սույն ծրագրի շահառուն ինքը պետք է հոգա իր բնակարանի տեխնիկական վիճակի պահպանման հարցերը:

3. 2004-2006 թվականներին հունիս-հուլիս ամիսներին նախարարությունը բնակարանների ձեռքբերման համար հայտարարել է նպատակային մրցույթ, իսկ դրանց չկայանալուց հետո` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, եւս երկու մրցույթ` մրցակցային բանակցությունների ձեւով (նպատակային մրցույթը տեւում է 90-120 օր, իսկ մրցակցային բանակցությունների ձեւով հայտարարված մրցույթը` 30-45 օր), որոնք համարյա չեն կայանում (միայն 2004 թվականին հայտարարված 3 մրցույթների արդյունքում 51 բնակարաններից ձեռք էր բերվել 5-ը, իսկ 2005-2006 թվականներին` ոչ մի բնակարան): Մրցույթի մասին հայտարարությունները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրերով եւ լրատվության միջոցներով: Այսինքն, ցանկացած կազմակերպություն ցանկության դեպքում կարող է դիմել եւ մասնակցել մրցույթին:

Վերոգրյալի պատճառով, 2004-2006 թվականներին բնակարանների գնման պայմանագրերը կնքվել են դեկտեմբերի 20-ից հետո, երբ նախարարությունը կանգնում էր ընտրության առջեւ` կամ կնքել բնակարանների ձեռքբերման պայմանագիր եւ ծախսել այդ նպատակի համար տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված գումարը, կամ ձախողել ծրագիրը` չկնքելով պայմանագիր:

2004 թվականի դեկտեմբերին նախարարությունը «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքեց բնակարանների ձեռքբերման պայմանագիրը, քանի որ, ըստ էության, 2004 թվականին այդ գործընթացին մասնակցելու ցանկություն հայտնել էր միայն «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ն:

Հարկ է նաեւ նշել, որ բնակարանների գնման գործընթացն ունի իր յուրահատկությունները եւ առանձնահատկությունները (օրինակ` տեխնիկական պայմաններին բավարարող նման քանակի մեկ սենյականոց բնակարաններ հայթայթելը), եւ ամեն կազմակերպություն չի կարող կատարել առաջադրված պայմանները: Այդ պատճառով, բազմաթիվ անգամ հայտարարված մրցույթներին ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մասնակցելու:

2005-2006 թվականների դեկտեմբերին նույնպես հայտնվելով վերը նկարագրված իրավիճակում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ն Երեւանում ունի շենք, որը կարող է վերակառուցել բազմաբնակարան շենքի (ներկայումս Չարբախում վերակառուցվում է շենք, որտեղ կլինեն 36 հատ մեկ սենյականոց բնակարան, որով հնարավոր կլինի փակել Երեւան քաղաքում առկա պահանջը), նախարարությունը կրկին պայմանագիր կնքեց «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Նման ձեւով է հարցը լուծել նաեւ 2003 թվականի դեկտեմբերին եւ 2004 թվականի փետրվարին նախարարության հետ պայմանագիր կնքած կողմը (7 եւ 11 բնակարան երկու շենքերում` վերակառուցման միջոցով):

Նախարարությունը ակնկալում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության անկողմնակալ դիրքորոշումը այս հարցում եւ 2007 թվականի շահառուների համար բնակարանների ձեռքբերման նպատակով ներկայումս նախապատրաստվող մրցույթի լուսաբանման խթանմանը եւ ցանկություն հայտնած կազմակերպություններին մրցույթին մասնակցելու համար քարոզչության ծավալմանը:

2003թ.-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք է բերվել 10 բնակարան, «Կարեն Z» ՍՊԸ միջոցով` 25 բնակարան:

2004թ.-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք է բերվել 5 բնակարան, «Կարեն Z» ՍՊԸ միջոցով` 10 բնակարան, «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ միջոցով` 37 բնակարան:

Ստորեւ բերված աղյուսակով տեղեկատվություն է ներկայացվում ծրագրով գնվող բնակարաններին հատկացված ֆինանսական միջոցների, բնակարանների միջին գների եւ շահառուների վերաբերյալ:

 

2003

2004

2005

2006

Ծրագրի բյուջեն

199,846.9

416,738.8

302,291.8

324,359.2

Բնակարանների գնման համար տրամադրված գումարը /հազ.դրամ/

129,084.0

327,195.0

227,970.0

235,260.0

Շահառուների / բնակարան ստացողների թիվը

45/45

54/54

40/40

56/43

Փաստացի բնակարան ստացածների թիվը

44

42

0

0

Երեւանում գնված բնակարանների միջին արժեքը /հազ.դրամ/

4536.7

5422.8

7890.0

7890.0

Մարզերում գնված բնակարանների միջին արժեքը /հազ.դրամ/

2111.9

2743.3

5063.2

5289.7

Հարգանքով՝ Ֆ.Բերիկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter