HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւան քաղաքում կհիմնվի նոր հիվանդանոց կամ կհիմնանորոգվի եղածը

Արփինե Մինասյան 

«Սեւանի հիվանդանոցն ունի ինչպես ընթացիկ, այնպես էլ հիմնանորոգման կարիք»,-«Հետքի» հետ զրույցում նշեց տնօրեն Վարուժան Մանուկյանը` ավելացնելով, որ ՀՀ Կառավարությունը քննարկում է կամ Սեւան քաղաքում նոր հիվանդանոց կառուցելու, կամ էլ գործող հիվանդանոցը հիմնանորոգելու հարցը: Նշենք, որ «Սեւանի հիվանդանոց» ՊՓԲԸ գտնվում է Սեւան քաղաքից դուրս` Լճափի փողոցում:

«Հետքը» 2014թ-ին անդրադարձել էր Սեւանի հիվանադանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) նշանակմանը եւ շենքային պայմաններին

2014թ-ի օգոստոսի 20-ին Սեւանի հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի արդյունքում` այժմ հիվանդանոցի տնօրենն է վիրաբույժ, շուրջ 20 տարի Սեւանի հիվանդանոցում բժիշկ, բաժանմունքի վարիչ եւ տնօրեն  աշխատած Վարուժան Մանուկյանը:  

Հիվանդանոցի հիմնական գործող մասնաշենքում տեղակայված են ընդհանուր վիրաբուժական, ընդհանուր թերապիայի, գինեկոլոգիայի եւ ծննդատան բաժանմունքները, ընդունարանը եւ շտապօգնությունը: Կա 62 մահճակալ: Տնօրենի խոսքով` չի եղել դեպք, երբ եղած մահճակալների քանակը չբավականացնի:

«Եղել է, երբ 61 հիվանդ ենք ընդունել: Երբ 62 մահճակալ ունեցող հիվանդանոցում 61 հիվանդ է բուժում ստանում, նշանակում է հիվանդանոցը գերծանրաբեռնված է: Եթե 2, 3 հիվանդ էլ գա, ի ՞նչ ենք անելու: Միշտ պետք է ավել մահճակալներ լինեն` անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար»,-նշեց պրն Մանուկյանը, ում խոսքով` հիվանդանոցում եղած սարքավորումները նունպես բավարար են:  

«Եթե լիներ համակարգչային տոմոգրաֆիա կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, շատ լավ կլիներ: Իմաստ ունի՞ 1 մլն-անոց սարքավորում ձեռք բերել մեկ, երկու կամ երեք հիվանդ հետազոտելու համար: Իսկ ինչը որ խիստ անհրաժեշտ է, մենք ունենք»,- ասում է տնօրենը:

Շտապ օգնության 4 մեքենա է գործում, որոնք տնօրենի հավաստմամբ` սարքին վիճակում են: Սպասարկում է ընդամենը մեկ անձնակազմ, որի կազմում են հերթապահ բժիշկը, բուժքույրը, ֆելդշերը: Վարուժան Մանուկյանի խոսքով` ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը օրական գրանցվում է միջինը 12-14 կանչ: Դրանք հիմնականում տարբեր բնույթի են: Վերջին շրջանում շատացել են գրիպի եւ դրա բարդությունների համար կանչերը: Մեր այն դիտարկմանը, թե  բնակիչների կողմից բազմիցս բողոքներ են հնչում կանչերի վերաբերյալ, տնօրենը բացառեց, թե կանչի չսպասարկման որեւէ դեպք չի եղել:

«Օրինակի համար շտապօգնությունը կանչի է գնացել, այդ ժամանակ չի բացառվում, որ երկրորդ կանչը գրանցվի: Բնականաբար մեկ բրիգադը, անկախ երկրորդ հիվանդի ծանրության աստիճանից, չի կարող 1-ին կանչը թողնել եւ շտապել 2-րդ, 3-րդ կանչերի հետեւից: Երկրորդ բրիգադը պահելու, որը նաեւ պետության պահանջն է, ֆինանսական հնարավորություն չունենք»,-ասաց նա: 

Դիահերձահերձարանի վիճակի վերաբերյալ վերջինս տեղեկացրեց, որ կարելի էր ավելի լավը ունենալ: Ամենակարեւորն այն է, որ դիահերձարանը, ինչպես եւ հիվանդանոցը, այժմ ապահովված է ջրով, ինչը նախկինում չի եղել: Այն առանձին մուտքով է, որտեղ աշխատում է մեկ բժիշկ եւ դիահերձողը:

«Կուզենայինք ներդրում անել, բայց քանի որ գիտենք, որ կամ նոր հիվանդանոց պետք է կառուցվի կամ սա հիմնովին վերանորոգվի, ներդրում չենք անում: Այդ գումարը կարող ենք ավելի արդյունավետ ծախսել, օրինակ` դեղորայք, սարքավորումներ ձեռք բերելու վրա»,-նշեց Վարուժան Մանուկյանը:  

Հիվանդանոցը ֆինանսավորում է պետական բյուջեից: «Հետքի» հարցին, թե այս տարի որքան է հիվանդանոցի բյուջեն, տնօրենը պատասխանեց, որ դա հրապարակման ենթակա չէ, հիվանդանոցային գաղտնիք է: Փոխարենը նշեց, որ գումարը ծախսվում է աշխատավարձերի, հարկային պարտավորությունների, դեղորայք եւ սարքավորումներ ձեռք բերելու եւ այլնի վրա: Հիվանդանոցում գործում է 113 հաստիք, թե քանի բժիշկ եւ քանի բուժքույր է աշխատում, տնօրենը դա էլ չնշեց: Վերջինս անդրադարձավ պետպատվերի շրջանակներում տրամադրվող բժշկական օգնությանը:  

«Ազգաբնակչության մոտ թյուր կարծիք կա, որ եթե պետպատվեր է, իրենք միշտ իրավունք ունեն դրանից օգտվել եւ որեւէ վճարում չկատարել: Բայց պետպատվերի ծրագրերը տարբեր են, կան ամբողջությամբ անվճար եւ համավճարով պետպատվեր ծրագրեր: Վերջինի դեպքում պետությունն էլի ֆինանսավորում է, բայց հիվանդները, կախված ծանրության աստիճանից, հիվանդանոցում գործող գնացուցակից, պարտավոր են հավելյալ վճարել: Պետպատվերից օգտվում են սոցիալական տարբեր խմբերում ընդգրկվածները` հաշմանդամություն ունեցողներ, զինծառայողներ: Համավճարը կիրառվում է անհետաձգելի դեպքերում: Պետական բյուջեից հիվանդանոցին հատկացվող գումարի տարեկան չափը կարող է փոփոխվել` առաջարկված ծրագրերը գերակատարելու կամ թերակատարելու պատճառով: Գերակատարման դեպքում գումարը ավելանում է, թերակատարման դեպքում` նվազում»,-մանրամասնեց նա, ավելացնելով, որ հիվանդանոցում ամսական սպասարկում են պետպատվերով 27 հիվանդի, ինչը սահմանված չափ է:

Տնօրենի խոսքով` այս թիվը գերազանցելու դեպքում, պետությունը չի ֆինանսավորում: Այս պարագայում` մարդն ինքն է որոշում կամ ստանալ բժշկական օգնություն տվյալ հիվանդանոցում եւ վճարել գործող գնացուցակին համապատասխան, կամ դիմել մեկ այլ բժշկական հաստատություն, որտեղ պետական պատվեր ծրագրի շահառուների քանակը դեռ չի սպառվել:

Ինչ վերաբերում է Երեւանի հիվանդանոցներ ուղեգրելուն, տնօրենը հայտնեց, որ եթե տվյալ հիվանդի բուժման համար հարկավոր են բժշկական այնպիսի ծառայություններ, հատուկ պայմաններ եւ մասնագիտական ներուժ, որը իրենց հիվանդանոցում բացակայում է, նրան ուղեգրում կամ տեղափոխում են: Դա կատարվում է ծայրահեղ ծանր, ինչպես նաեւ սրտամկանի ինֆարկտի դեպքում: Վերջիներին առաջիկա 6 կամ 12 ժամվա ընթացքում տեղափոխում են Երեւան:

Սեւանի հիվանդանոցը պայմանագիր ունի կնքած Երեւանի «Էրեբունի» ԲԿ հետ:

«Պետպատվերի շրջանակում իրենց միջոցներով հիվանդին տեղափոխում են Երեւան, լրացուցիչ հետազոտություն են անցկացնում, անհրաժեշտության դեպքում 1 ոչ դեղածածկ ստենտ են տեղադրում: Մենք պարտավոր ենք այդ դեպքում ուղարկել Երեւան, քանի որ այդ հնարավորությունները չունենք: Դրանից ավել բժշկական ծառայությունների դեպքում հիվանդը վճարում է: Բայց դա վերաբերում է այն բոլոր հիվանդներին, ովքեր չեն օգտվում սոցիալական որեւէ ծրագրից»,-ասաց նա:

 

Հարցին, թե վերջին 5 տարում քանի մահ է գրանցվել Սեւանի հիվանդանոցում, տնօրեն Վարուժան Մանուկյանը չպատասխանեց. «Ինչի համար, առանց այն էլ մարդիկ շատ են ընկնում սթրեսային վիճակների մեջ»: Վերջինս հիվանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բավարար գնահատեց:

Սեւանի հիվանդանոցում որոշ բժիշկ-մասնագետների կարիք էլ ունեն` լաբորատորիայի բժշկի, համաճարակաբանի, մանկաբույժի կամ ինֆեկցիոնիստի, քանի որ մանկաբույժը եւ ինֆեկցիոնիստը նույն անձն է:

Սեւանի հիվանդանոց տանող անբարեկարգ եւ փոսառատ ճանապարհը, տնօրենի համոզմամբ, հիվանդանոցի հիմնանորոգման ընթացքում նույնպես կբարեկարգվի, չնայած որ այն ոչ Առողջապահության նախարարության, ոչ էլ հիվանդանոցի ենթակայության տակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter