HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին հանգրվանը` իշխող վարչախմբի տանիքի տակ

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Մեր երկրի քաղաքական կյանքում այսօր օրակարգային հարցերից մեկն է դարձել կուսակցությունների անարդյունավետ ու վնասակար գործունեության խնդիրը: Անհատ քաղաքացիների, քաղաքացիական առանձին շրջանակների մոտ բնականորեն ի հայտ են եկել կուսակցություններին ուղղված այնպիսի հարցեր, որոնց միջոցով փորձ է արվում պարզել, հասկանալ ընտրական գործընթացների խաթարվածության պայմաններում նրանց գործունեության իմաստը: Միաժամանակ, քաղաքական օրակարգում է հայտնվել երկրի հետընթացի համար նաեւ կուսակցություններին պատասխանատվության կանչելու խնդիրը: Խնդիր, որը նախկինում ցավալիորեն երբեք չի դրվել գործող քաղաքական սուբյեկտների առաջ:

Հայաստանյան կուսակցություններն անցյալում իրենց զինանոցում անշուշտ ունեցել են այնպիսի մեխանիզմներ, որոնք չեզոքացրել են հանրային շերտերի կողմից նրանց պատասխանատվության կանչելու պահանջը: Ընդդիմադիր կուսակցությունների քսանամյա անպտուղ գործունեությունն այսօր շատերին ստիպում է իրենց հայացքները սեւեռել այդ մեխանիզմների ու դրանք սնուցող քաղաքական կեղծ թեզերի բացահայտման վրա: Այդ հարցում կարեւոր նշանակություն ունի հանցավոր վարչախմբի դեմ իրենց այս կամ այն գործողությունը կամ միջոցառումը «համաժողովրդական պայքար» բնորոշելու կուսակցական շրջանակների ցանկության վերհանումը:

Հայաստանի վերջին տարիների քաղաքական գործընթացներում բազում են այն դեպքերը, երբ առանձին կուսակցություններ ինքնուրույն կամ համատեղ դաշինքով հանցավոր վարչախմբի դեմ պայքարի դրոշակ են պարզել ու իրենց գործունեությունը բնութագրել են որպես համաժողովրդական պայքար: Դա հնարավորություն է տվել հանրության մեջ հիմնավորել իրենց «բացառիկ» գործունեությունը: Այն է` ձեւավորել որոշակի հանրային կարծիք վարչախմբի դեմ պայքարում միակ ընդդիմություն լինելու, ինչպես նաեւ ստեղծել պատրանքներ ժողովրդի սպասումներին համապատասխան նպատակներ հետապնդելու մասին:  

Իհարկե, նման վարքագիծը կյանքի է կոչվել հանրության լուռ համաձայնությամբ: Եւ այդ գործում դեր են խաղացել որոշակի հիմնավորումներ, որոնք եթե նույնիսկ կասկածի են ենթարկվել, ապա կամ մնացել են ստվերում կամ լռեցվել են կուսակցական քարոզչամեքենայի կողմից:

Կուսակցությունները սեփական գործողությունները նախ հիմնավորել են իրենց առաջադրած խնդրի կարեւորությամբ: Բոլոր դեպքերում ժողովրդին ներկայացվել է, որ երկրում կա մի գերխնդիր` իշխանափոխությունը, որի դրական հանգուցալուծումից հետո ուղի կհարթվի երկրի առջեւ ծառացած նաեւ մյուս խնդիրները լուծելու համար:

Մյուս հիմնավորումը եղել է սեփական քաղաքական տեսլականի ու գործողությունների ներկայացումը բարոյական հարթությունում` սակայն կեղծելով իրական նպատակները: Այն է` ներկայացվել է ընդդեմ անարդարության տարվող արդար մի գործի` համաժողովրդական պայքարի մասին, որի միջոցով հանրային տարբեր խավերը իբրեւ թե կարող են հասնել սոցիալական արդարության վերականգնմանը: Սակայն կուսակցությունների բուն նպատակների կամ ակնկալիքների մասին հանրությունն իմացել է միայն այն ժամանակ, երբ վերջիններս հայտնվել են իշխող վարչախմբի տանիքի տակ:

Կուսակցական միջոցառումների` իբրեւ արդար գործի հետ մեկտեղ շրջանառվել է նաեւ այն իրականացնողների որակական տարբերության փաստարկ-հիմնավորումը: Մեկնաբանվել է, որ եթե հանցավոր վարչախմբում հավաքվել են վատ մարդիկ, ապա արդար գործի լծված եւ ընդդեմ այդ վատերի խոսողները չեն կարող իրենք նույնպես վատը լինել: Ուստի պետք է իշխանափոխության միջոցով հասնել այդ վատերի հեռացմանը եւ պայքարի դրոշ բարձրացրած լավ մարդկանց իշխանության հաստատմանը:

Ահա այս հիմնավորումներն օգտագործելով` կուսակցական քարոզչամիջոցները հանրության մեջ արմատավորել են այն ընկալումը, որ համաժողովրդական պայքարը վարչախմբի դեմ ուղղված իրենց կուսակցական միջոցառումներն են ու սեփական իշխանության հաստատմանը միտված գործողությունները:

Հարկ է նկատել, որ նման «համաժողովրդական պայքարին», այն է` կուսակցությունների կազմակերպած հանրահավաքներին, բողոքի ցույցերին ու երթերին, եթե հանրային որոշ շերտեր, խմբեր, անհատ քաղաքացիներ մասնակցություն են ունեցել, ապա կուսակցական վերնախավերը բոլոր դեպքերում նրանց վերապահել են բացառապես ֆիզիկական ներկայություն ապահովելու «գործառույթ»: Արդյունքում ընդամենը ունկնդրի կարգավիճակով չորս-հինգ հազար քաղաքացիների առկայությունն Ազատության հրապարակում բավարար է եղել, որպեսզի կուսակցական որոշ դեմքեր հայտարարեն իրենց պայքարի համաժողովրդական բնույթի մասին:

Այդ դեպքում ո՞րն է համաժողովրդական պայքարը:

Շատ երկրներում իրապես համաժողովրդական ընդգրկմամբ ընդդեմ բռնապետությունների ծավալված քաղաքական շարժումներն առանձնանում են որոշակի չափորոշիչներով: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Նախ պետք է նշել, որ առաջնային չափորոշիչը քաղաքական օրակարգի հիմքում դրված ու հստակ ձեւակերպված այնպիսի խնդրի առկայությունն է, որը հուզում է երկրի քաղաքականապես ակտիվ քաղաքացիների մեծամասնությանը:

Իսկ նման խնդիր երբեք չի կարող դառնալ հայաստանյան կուսակցությունների մատուցած քաղաքական օրակարգը` իշխանափոխությունը: Այն ոչ թե համախմբող, այլ միանշանակ բաժանարար խնդիր է եղել ու մնում քաղաքական գործընթացներում:

Ազատ ընտրությունների բացակայության պայմաններում ոչ մի կուսակցություն երբեք թույլ չի տա, որ մի այլ կուսակցության ձեռքում հայտնվի պետական կառավարման համակարգը:

Ոչ մի կուսակցություն երբեք մինչեւ վերջ չի մասնակցի մի գործընթացի, որի արդյունքում երկրի կառավարման ղեկին իր փոխարեն կհայտնվի մեկ ուրիշը: Քաղաքական գործընթացների ծայրահեղ լարման մի որեւէ փուլում նա կնախընտրի համագործակցել հանցավոր վարչախմբի հետ, որն առավել խոստումնալից է ու ոչ ռիսկային, քան թե մտնի անորոշություններով ու վտանգներով լի պայքարի հորձանուտ: Այդ է վկայում վերջին տարիների հայաստանյան շատ կուսակցությունների` Ազգային Միաբանության, Օրինաց Երկիր, Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան եւ մյուս կուսակցությունների վարքը:

Մյուս չափորոշիչը ժողովրդի մասնակցության ձեւաչափն է: Աշխարհում չի եղել ժողովրդական լայն զանգվածներ ընգրկող որեւէ շարժում, որտեղ հանրությանը վերապահված լիներ դիտորդի դեր` մի էական հանգամանք, որն առկա է Հայաստանի կուսակցական միջոցառումներում: Այլ երկրներում բոլոր դեպքերում հանրային խմբերն ունեցել են ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ խնդիրներ լուծելու թե՛ գիտակցում, թե՛ ցանկություն եւ թե՛ հնարավորություն: Հանրային լայն զանգվածների, այդ թվում թե՛ կուսակցական եւ թե՛ոչ կուսակցական շրջանակների ընդգրկումը իրապես համաժողովրդական պայքարում այդ երկրներում մեծ բարդությունների չի հանդիպել, քանզի չի վտանգվել առանձին խմբերի ու շրջանակների ինքնուրույնությունը եւ որոշումների կայացմանը նրանց մասնակցությունը:

Հաջորդիվ կարելի է մատնանշել հանցավոր վարչակարգի դեմ գործողություններում անշրջելիության կետի չափորոշիչը: Համաժողովրդական պայքարի ելած ուժերը բոլոր դեպքերում մի կարեւոր հանգրվանում գծել են այն կարմիր գիծը, որի մի կողմում թողել են հանցավոր վարչախմբին, իսկ մյուս կողմում երկրի գլխավոր խնդրի շուրջ համախմբված հանրությանը` կուսակցական եւ ոչ կուսակցական տարբեր շրջանակների:

 Նման հստակ տարանջատման դեպքում երկիմաստ ձեւակերպումներ (օրինակ` «ոչ իշխանական ուժեր»), կուլիսային պայմանավորվածություններ (օրինակ` ընդդիմադիր որոշ կուսակցությունների եւ Սերժ Սարգսյանի կամ նրա բանագնացների հետ հանդիպումները վերջին ամսվա ընթացքում), ստվերային գործարքներ (օրինակ` ՕԵԿ ղեկավարի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կայացված գործարքը 2008 թվականին), գիշերային հանդիպումներ (օրինակ` Գագիկ Ծառուկյան եւ Սերժ Սարգսյան հանդիպումը ՀՅԴ միջնորդությամբ), խորհրդավոր լռություն (օրինակ` գրեթե բոլոր կուսակցությունների լռությունը Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանության դեպքից հետո) եւ նման կարգի այլ գործողություններ (անգործություն) ուղղակի չեն կարող տեղ գտնել քաղաքական գործընթացներում:

Ներկայացված չափորոշիչներն արդեն իսկ վկայում են, որ Հայաստանում որոշակի իրավիճակում ընդդիմադիր առանձին կուսակցությունների ընդդեմ վարչախմբի ծավալած գործունեությանը տրվող «համաժողովրդական պայքար» բնորոշումը կոնկրետ կատարվող կեղծիք է:

Այն մի մեխանիզմ է, որը շարունակաբար կեղծում է իրականությունը, սպասումներ է առաջացնում հանրության լայն շերտերի մոտ, նրանց մատնում է անգործության, իսկ վերջում հուսահատության: Նման կեղծ համաժողովրդական պայքարի ընթացքում խաթարվում է հրապարակայնության սկզբունքը` կուսակցական լիդերներին մեծ դաշտ թողնելով հանցավոր վարչախմբի հետ համագործակցելու կամ պայմանավորվելու համար:

Բացի այդ, նման վարքի միջոցով անորոշության է մատնվում «համաժողովրդական պայքարի» մեջ ընդգրկված կուսակցությունների պատասխանատվության հարցը: Քանի դեռ հանրային շերտերը տրվում են այդ կեղծիքին, հույսեր են կապում նման «համաժողովրդական պայքարի» հետ, նրանք չեն կարող գիտակցել կուսակցությունների` քաղաքական գործընթացների համար ունեցած պատասխանատվության մասին: Արդյունքում մեր երկրում պարբերաբար իրար են փոխարինում նորանոր «համաժողովրդական պայքարի» ելած ուժերը եւ առանց պատասխանատվության կանչվելու ի վերջո հանգրվանում իշխող վարչախմբի տանիքի տակ:

Ծաղրանկարը` http://www.seecult.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter