HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Զոհրաբյան. «Մեկ անմեղ մարդու դատապարտելով չի վերջանում հարցը. մեղավորները մնում են ազատության մեջ»

«Հետքի» զրույցը ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ մեր երկրում արդարադատության իրականացման երաշխիքների, փաստաբանների, դատավորների, նախաքննական մարմինների աշխատանքի մասին է:

- Պարոն Զոհրաբյան, ԵԽ ՄԻ հանձնակատարի վերջին զեկույցում անդրադարձ կա ընտրովի, հասցեական կիրառվող արդարադատության մասին: Ընտրովի արդարադատությունը ինչի՞ ծնունդ է:

- Կարծում եմ՝ դա խոսում է նաև նրա մասին, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ բարձր չէ: Իհարկե, դատական համակարգը փորձեր կատարում է արդարադատություն իրականացնել: Կարծում եմ՝ դատական համակարգն ուզում է անկախ լինել, բայց ինչպես տեսնում ենք այդ զեկույցից դատական համակարգի ներքին անկախության խնդիր էլ կա, այսինքն՝ դատավոր, վերադաս դատարանի դատավոր փոխկապակցվածության խնդիր կա: Ցանկացած ինստիտուտ, այդ թվում և փաստաբանական ինստիտուտը, եթե իր տեղում գտնվի ու կարողանա պայքարել իր լիազորությունների մաքսիմում կիրառմամբ, ապա հնարավոր է, որ ապագայում մենք ունենանք շատ լավ արդարադատություն: Արդարադատությունը չի սկսվում և ավարտվում միայն դատարանում: Արդարադատության բոլոր օղակներն էլ էական են. և՛ դատարանը, և՛  դատախազությունը, և՛ փաստաբանությունը: Ուղղակի պետք է յուրաքանչյուրը իր գործը լավ կարողանա անել:

- ՍԴ նախագահը «Հետքի» հետ հարցազրույցում նշել է. «Մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ չունենք արդարադատություն»: Համամի՞տ եք:

- Համամիտ եմ պարոն Հարությունյանի տեսակետի հետ: Իսկ ի՞նչ անել: Դատավորը պետք է օժտված լինի ոչ միայն բարձր իրավագիտակցությամբ, այլև պետք է լինի անկախ: Իհարկե, այստեղ էլ վերապահում կա. եթե նույնիսկ այսօր դատավորին ասեն. «Բարեկա՛մ, դու այսօրվանից անկախ ես, էլ որևէ խնդիր չունես», բայց նույն դատավորին կարող են հիշեցնել իր հին մեղքերը: Իմ կարծիքով՝ եթե ուզում ենք դատավորներն անկախ լինեն, պետք է պայմանական մի համաներում հայտարարեն, ասեն. «Նախկին որևէ մեղք չեն հիշելու, այսօրվանից քեզ համար նոր օր է բացվում»: Դրանից հետո պետք է մտածել դատավորների նյութական ապահովվածության մասին՝ բարձրացնելով աշխատավարձերը:

- Է՞լ ավելի բարձրացնեն:

- Դուք կարծո՞ւմ եք՝ 400.000 դրամը արժանապատիվ ապրելու համար բավարար է:

- Բայց երբ տեսնում ենք դատավորների հայտարարագրած գումարները, համոզվում ենք, որ դրանք միլիոնների են հասնում:

- Հայտարարագրերը խոսում են իրենց նախկինում ունեցածի մասին: Եթե անձի բավարար կենսապայմանները չբավարարվեն, նա սկսելու է զարտուղի ճանապարհներ փնտրել, որպեսզի գումար աշխատի: Իհարկե, շատ բան կախված է նաև դատավորի անձից, նրա աշխարհայացքից: Բայց բոլոր դեպքերում գայթակղությունն ավելի մեծ է լինում: Իսկ եթե դատավորը գոնե ապահովված լինի՝ չեմ ասում կյանքի ճոխ պայմաններով, այլ գոնե սովորական կենսապայմաններով և ասվի, որ եթե սրանից հետո խնդիրներ ունենաս օրենքի հետ, ապա չես աշխատի դատավոր, ավելին՝ կարող է դատապարտվես, կարծում եմ՝ դատավորների համար կլինի լուրջ հաղորդագրություն:

- Այսինքն՝ կոմպրոմատների համակարգը կաշխատի՞:

- Չգիտեմ՝ կոմպրոմատ է դրա անունը, թե ոչ, բայց բոլոր դեպքերում մեր հասարակության մեջ դատավորը ընկալվում է ավելի շատ որպես բացասական, քան դրական: Բայց Արդարադատության ակադեմիան ավարտած երիտասարդները մեզ հույս են տվել, որ, իրոք, իրավիճակը կարող է փոխվել: Փաստաբաններն ուզում են տեսնել ուժեղ, պրոֆեսիոնալ, ճնշումներին դիմացող դատավորներ: Իսկ հիմա ստացվում է, որ դատավորը վախենալով, որ, օրինակ, խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը կարող է մերժել և մեղադրյալը փախուստի դիմի, կմեղադրեն դատավորին: Պետությունը պետք է մեղադրի ոչ թե դատարանին, այլ քննիչին: Հակառակը՝ դատարանը պետք է բարձր գտնվի, դատարանը պետք է մերժի միջնորդությունը, երբ տեսնի, որ անձին կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն: Եվ քննիչները դրանից հետո ստիպված կլինեն հիմնավոր միջնորդություններ բերել դատարան: Այսօր ի՞նչ է ստացվում. նախաքննության մարմինը ապացույցներ է հավաքում՝ ապացույցների թագուհի համարելով ինքնախոստովանական ցուցմունքը, ինչո՞ւ, քանի որ դա ամենահեշտն է: Մարդը կասի՝ ես եմ հանցանք կատարողը, ամեն ինչ կվերջանա: Երբ գալիս է դատաքննության փուլը, անձը ասում է՝ նման ցուցմունք եմ տվել ստիպված: Եթե այդ ցուցմունքը հանում ենք գործից, շատ թույլ գործ է դառնում: Այստեղ գալիս է այսպես ասած՝ ձեռքի ուժը. դատախազություն- դատարան համերաշխությունը բերում է նրան, որ դատարանն արժանահավատ չի համարում դատաքննության ժամանակ տված ցուցմունքը:

- Մրցակցայի՞ն է այսօր դատարանը:

- Քաղաքացիական գործերով՝ այո, քրեական գործերով՝ դեկլարատիվ բնույթ է կրում մրցակցային լինելը:

- Ինչո՞վ է դա դրսևորվում:

- Դուք էլ լավ գիտեք, որ նախաքննության փուլում փաստաբանի կողմից ապացույցներ հավաքելու լիազորությունները շատ սահմանափակ են: Ավելին՝ այս պայմաններում փաստաբանները սովորաբար նախաքննության փուլում պասիվ են լինում:

- Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ վերջերս ստորագրեցիք համագործակցության հուշագիր, ըստ որի փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել: Գործնականում ինչ-որ փոփոխություններ կլինե՞ն:

- Արտադատական փորձաքննության ապացուցողական նշանակությունը որոշակի առումով միանշանակ չէ: Այն քրեադատավարական օրենսգրքով պետք է որոշակի ճանապարհ անցնի, նոր դառնա ապացույց: Բայց բոլոր դեպքերում հաջող գործիք կարող է լինել փաստաբանի համար: Պատկերացրեք՝ փաստաբանը կասկած ունի մի փաստաթղթի կեղծ լինելու առնչությամբ: Դիմում է քննիչին, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվի, քննիչն էլ մերժում է: Բայց եթե նույն փաստաբանը կարողանա ինքնուրույն դիմել եզրակացություն ստանալու համար համար: Հետո կասի՝ հարգելի՛ քննիչ, այսպիսի եզրակացություն եմ ստացել, խնդրում եմ Դուք էլ միջնորդեք, որ քերադատավարական կարգով փորձաքննություն նշանակվի: Արդեն քննիչի կողմից մերժումը լուրջ խնդրահարույց կլինի: Հակառակ դեպքում՝ բացարկի հիմք կարող է լինել:

- Վճռաբեկ դատարանի հետ փաստաբանական պալատը մի քանի տարի շարունակ բանավեճի մեջ է, անգամ հունիսին գործադուլներ են լինում: Ինչ-որ առումով հանգուցալուծում ունե՞ք:

- Փաստաբանների գործադուլն ամենածայրահեղ միջոցն է: Դրական տեղաշարժեր կան: Պետական համակարգն էլ ունի իր «նյարդերը»: Իրենք էլ հասկանում են, որ չի կարելի այսպես երկար շարունակել: Դրա մասին է վկայում նաև արդարացման դատավճիռների փոքրիկ աճը: Դեռևես չենք բացառում բանակցությունների հնարավորությունը։Հույս ունեմ, որ ի վերջո հնարավոր կլինի վճռաբեկ դատարանի դերը և նշանակությունը հստակեցնել դատական համակարգում:

- Արտերկրում հենց փաստաբաններն են լինում նախաձեռնողը, որ վերաբացվեն տասնյակ տարիների վաղեմության գործեր, լինում են արդարացման դատավճիռներ 20-30 տարի անց: Մեզանում, սակայն, իրեղեն ապացույցները պահպանված չեն, դատախազությունն էլ չի գնում նոր վարույթներ նորոգելու ճանապարհով: Ի՞նչ անել:

- Ցավոք, կարող ենք արձանագրել, որ լինում են նաև դատական սխալներ, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի արդյունքում մնում են գործի մեջ: Եվ այդպես ունենում ենք խեղված ճակատագրեր: Չի կարելի բացառել դատական սխալը: Իրոք, պետք է ոչ թե ոչնչացնել, այլ պահպանել ապացույցները: Չի կարելի բացառել, որ գիտության զարգացմամբ հնարավոր են նոր գործիքներով ճշմարտությունն ի հայտ բերել: Ես կիսում եմ Ձեր տեսակետը: Մեկ անմեղ մարդու դատապարտելով չի վերջանում այս հարցը, ստացվում է, որ մեկ կամ մի քանի մեղավորներ էլ մնում են ազատության մեջ: Դա մեծ չարիք է հասարակության համար:

- Ի՞նչ կարելի է անել 20 տարվա վաղեմության քրեական գործերով, երբ դատապարտյալը տարիներ շարունակ պնդում է, որ դատական սխալ է տեղի ունեցել:

- Հաշվի առնելով այն, որ գործ ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ատերի հետ՝ նուրբ հարց է։ Փորձագետի մակարդակով այդ հարցը չեմ ուսումնասիրել և չեմ կարող այս պահին լուծում առաջարկել:  

- Պարոն Զոհրաբյան, փաստաբաններին երբեմն մեղադրում են հօգուտ մյուս կողմի կամ պետական մարմնի աշխատելու մեջ: Ի՞նչ է անում Փաստաբանների պալատը նման դեպքերում:

- Մենք նման փաստաբաններին անվանում ենք «գրպանի» փաստաբաններ: «Պատերազմ» ենք հայտարարել իրենց դեմ: Դա բացահայտելը դժվար է, բայց մենք յուրատեսակ «ականներ» ունենք վարքագծի կանոնագրքում, որ հնարավոր է դարձնում նման փաստաբանների բացահայտումը: Մասնավորապես՝ փաստաբանին արգելված է երաշխիք տալ գործի ելքի վերաբերյալ, քանի որ դա հիմք է փաստաբանի արտոնագիրը դադարեցնելու համար:  Պարզ է՝ եթե երաշխիք է տալիս, ուրեմն որոշակի կապի մեջ է գտնվում վարույթն իրականացնող մարմնի կամ դատարանի հետ: Այսինքն՝ կարողանում է ելք որոշել կամ խոստանալ գործի ելք: Երկրորդ՝ փաստաբանը իրավունք չունի վարույթն իրականացնող մարմնի հրավերով գնա ամբաստանյալին պաշտպանելու: Այդպես ստացվում է քննիչը դառնում է նրա գործատուն և նա բնական է, որ չի կարողանալու ակտիվ պաշտպանություն իրականացնել։Եթե փաստաբանների պալատի խորհուրդը տեսնում է, որ փաստաբանը վարույթում ներգրավվել է քննիչի հրավերով և դրան զուգահեռ ակտիվ չի պաշտպանել իր վստահորիդն, ապա դա կարող է համարել ակնհայտ կոպիտ խախտում և դադարեցնել փաստաբանի արտոնագիրը։Վերջերս խորհուրդը մեկ փաստաբանի արտոնագիրն այդ հիմքով դադարեցրել է։

- Արդյոք լավ փաստաբանը բավարա՞ր է, որ արդարադատություն իրականացվի:

- Այսօր, ցավոք, բավարար չէ: Շատ լավ փաստաբանն իրենից կախված ամեն ինչ կարող է անել, բայց գործի ելքը որոշողն ի վերջո դատավորն է։  Պետք է, որ դատավորն էլ լավը լինի։Դատախազների մոտ սերնդափոխության արդյունքում մի նոր գիծ է բացվել: Նախկինում  դատավոր-դատախազ համագործակցությունը շատ սերտ էր: Կար չգրված համագործակցություն, իսկ այժմ կարծես թե նոր դատախազները այդքան էլ սերտ կապեր չունեն դատավորների հետ, ինչն ի վերջո նպաստելու է արդարադատությանը։

- Հիմա էլ են միասին սովորում դատավորներն ու դատախազները:

- Դրան ես Ձեր պես լավ չեմ վերաբերում, բայց դա դեռ կարելի է կարգավորել: Ամեն դեպքում դատավոր-դատախազ պատնեշ կա հիմա: Նախկինում նրանք միասին սուրճ էին խմում մի սենյակում, իսկ փաստաբանը միջանցքում սպասում էր:

- Հիմա էլ է այդպես լինում հաճախ:

- Առաջ դա կանոն էր, հիմա Ձեր ասածը բացառություն կարող է լինել:   

- Ովքե՞ր են փաստաբանները, բնորշիչ մի քանի գիծ կասե՞ք:

- Բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ են, համարձակ մարդիկ: Մեր փաստաբան կանայք և աղջիկները նույնպես  շատ համարձակ են: Փաստաբանական դպրոցից եկող սերունդն էլ խոստումնալից է։Ապագայում՝ մի քանի տարի հետո նոր սերունդը փաստաբանների շարքերում կստիպի ինտելեկտուալ մրցակցության:

- Գագիկ Ղազինյանը մեզ հետ հարցազրույցում նշել էր, որ չկա հասարակական ընդհանուր ձևավորված պահանջ արդար դատաքննության:  

- Հասարակական ընդհանուր ձևավորված պահանջի չլինելը, կարծում եմ չպետք է հիասթափեցնի այդ համակարգը դարձնել լավը։ Օրինակ՝ որևէ մեկը չի կարող ասել, որ փաստաբանական դպրոց ընդունվել է ծանոթով կամ կոռուպցիոն ճանապարհով: Բայց միշտ էլ եղել են զանգեր: Սակայն զանգողին բացատրում ես, որ այնպիսի համակարգ է ներդրված, որ նույնիսկ հարազատ եղբորդ չես կարող օգնել: Այստեղ զանգողը տեղի է տալիս և հարմարվում է համակարգի հետ։ Եթե ամփոփենք, կա հասարակական պահանջ մաղարիչով ընդունվել դպրոց, բայց չկա նման առաջարկ կամ հնարավորություն։  Արդյունքում հասարակությունը պարտադրված է համակերպվել համակարգի կանոններին։

- Դեղատոմսը ո՞րն է, որ արդարադատություն իրականացվի:

- Ես այլընտրանք չեմ տեսնում, քան այն, որ ամեն մեկն իր մասնագիտության մեջ իր գործը լավ անի: Երբ մի ինստիտուտ գործ անի, մյուսներն էլ կաշխատեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter