HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկանցիներին գործարք են առաջարկել. խմելու ջուր` պոչամբարի դիմաց

Լոռու մարզի Ճոճկան համայնքի ավագանին 2014թ.-ի հուլիսի 2-ի որոշումով հավանություն է տվել «Նահատակ» ձորում երկրորդ պոչամբար կառուցելու նպատակով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի առաջարկությանը եւ «որոշել է փոխել գյուղի 27,9 հա գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքը: Ավագանու բոլոր անդամները կողմ են քվեարկել որոշմանը:

Ճոճկանի համայնքապետ Արկադի Թամազյանը, ավագանու որոշումն ընդունելուց առաջ նպատակահարմար չի համարել, իսկ ավագանին էլ չի պահանջել համայնքային ժողովում քննարկել գյուղի վարչական տարածքում երկրորդ պոչամբար կառուցելու նպատակով 27,9 հա գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխության հարցը: «Իսկ ո՞վ է ասում, թե պոչամբարի հողահատկացման համար  պետք է գյուղում համայնքային ժողով հրավիրվի: Բացի այդ, մենք դեռեւս հող չենք հատկացրել, ընդամենը թույլ ենք տվել հողատեսքի  փոփոխություն կատարել եւ 27,9 հա մեր հողերն օգտագործել արդյունաբերական նշանակության համար»,- բացատրում է համայնքապետ Արկադի Թամազյանը:

Ճոճկանի բնակիչ Սամվել Սիրադեղյանն ասում է, որ համայնքի  ավագանին իր որոշմամբ  ոտնահարել է Ճոճկանի  շահերը, քանի որ «Նահատակ» ձորում երկրորդ պոչամբար կառուցելու դեպքում ճոճկանցիները միայն 27,9 հա հողը չեն կորցնում:  «Մենք «Նահատակ» ձորի տակին 100 հա արոտավայր ունենք: Գյուղի անասուններն այդ արոտավայր տանելու ճանապարհը պոչաբարին տրամադրված տարածքով է անցնում: Բացի այդ, Դեբեդի հովտում, Ճոճկանին պատկանող «Խեչի ճալա» եւ «Օչիկ ճալա» հանդամասում ճոճկանցիները 8 հա սեփականաշնորհված ընտիր վարելահողեր ունեն, որի  բերքը նորից  տեղափոխում են երկրորդ պոչամբարին տրվող տարածքով: Մեր արոտավայրի եւ վարելահողերի Ճանապարհները հայտնվելու են նոր պոչամբարի տակ եւ ճոճկանցիները 100 հա արոտավայրն ու 8 հա վարելահողերը չեն կարողանալու օգտագործել»,- պարզաբանում է Սամվել Սիրադեղյանը:

Պոչամբարին տրամադրվող հողատարածքի վրա այգիներ կան, որոնք նույնպես պատկանում են ճոճկանցիներին: «Կարող եմ ասել, որ Ճոճկանի մի 30 ընտանիք «Նահատակի» ձորում այգիներ ունեն, բանջարեղեն են մշակում: Հողի տերերին ասում  եմ` ձեր հողը դրել են պոչամբարի տակ: Ասում են` դե, կառավարությունն է դրել: Իրենց թվում է, եթե դա կառավարությունն է անում, ձեն հանելու իրավունք չունեն»,- բացատրում է Ս. Սիրադեղյանը, ով երկար տարիներ հողաշինարար է աշխատել Ճոճկանի համայնքապետարանում: Սամվել Սիրադեղյանը պնդում  է, որ Ճոճկանի ավագանու անդամները «Նահատակ» ձորի Ճոճկանի 27,9 հա հողերը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին տալու որոշումը կայացնելիս` չեն մտածել դրա  հետեւանքերի  մասին:

Ավագանու անդամներից Կոստյա Սիրադեղյանը հողահատկացման վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկելը հետեւյալ կերպ բացատրեց. «Դեպի էդ արոտավայրեր ու վարելահողեր Այրում գյուղի մեջից էլ ճանապարհ կա: Բացի այդ, երկրորդ պոչամբարը կառուցելուց հետո մեր գյուղացիները կարող են իրենց անասուններն արածեցնել գյուղի անտառներում»:

Ավագանու անդամ Սայադ Առաքելյանը «Նահատակ» ձորից ներքեւ գտնվող Ճոճկանի 100 հա արոտավայրի ու 8 հա վարելահողերի մասին տեղյակ չէր: «Ես հիմա Թեղուտի հանքի պոչամբարում եմ աշխատում: Պոչամբարը շահագործելուց հետո, այնտեղ, եթե մի 25 ճոճկանցի աշխատի` շատ լավ կլինի»,- ասաց Սայադը: Հարցին, թե ինչո՞ւ ավագանու որոշումից առաջ Ճոճկանում համայնքային ժողով չի հրավիրվել, նա պատասխանեց. «Գյուղացիները, եթե դեմ լինեին երկրորդ պոչամբարի կառուցմանը կամ 27,9 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքի փոփոխությանը, ապա նրանք էլ ցույցեր կանեին այրումցիների նման: Տեսնում եք չէ՞, թե ինչպես են այրումցիները բողոքում»:

Ավագանու անդամ Գեւորգ Անդրեասյանն էլ մեզ վստահեցրեց, թե «Նահատակ» ձորով դեպի արոտավայր եւ վարելահող գնացող ավտոմեքենայի եւ անասունի ճանապարհը չի փակվի: Դա համաձայնեցված է լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության հետ: Եթե անգամ փակվի` իրենք նոր ճանապարհ կկառուցեն»,- համոզված ասաց Գեւորգը: Ավագանու անդամ Սաթենիկ Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ ի պատասխան ավագանու որոշման, Ախթալայի ԼՀԿ-ն խոստացել է  լուծել Ճոճկանի խմելու ջրի հարցը եւ «Նահատակ» ձորով Ճոճկանի արոտավայր գնացող նոր ճանապարհ կառուցել:

«Ճոճկանը պետք է խմելու ջուր ունենար հենց նախագահական ընտրությունների հաջորդ օրը, որովհետեւ մեր ամբողջ գյուղի բնակչությունը միահամուռ` 90-95%-ը գնաց Ս. Սարգսյանի ընտրությանն այն համոզմամբ, որ Ագարակի ջուրը վաղը  քաշում են Ճոճկան: Արդեն նախագահական ընտրությունից երեք տարի է անցել, հիմա երեւի ջրի համար պետք է սպասենք հաջորդ նախագահական ընտրություններին, որ էլի մեզ խաբեն ու էսենց մնանք առանց ջուր»,- հակադարձեց  Սամվել Սիրադեղյանը:

Պարզվում է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր  Մաքսիմ Հակոբյանը  «Նահատակ»  ձորում ամեն գնով երկրորդ պոչամբար կառուցելու համար որոշել է կիրառել նախագահական  ընտրության փորձված միջոցը. նա նույնպես դյուրահավատ ճոճկանցիներին խոստացել է ապահովել  խմելաջրով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter