HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչ վերբալ պահվածք. Արտեմ Ասատրյան, արդյո՞ք «դուք ասում եք այն, ինչ որ ասում եք»

«Հետք»-ը շարունակում է ոչ վերբալ հաղորդակցության մասին իր շարքը։ Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք մի շարք երկրների ղեկավարների, ինչպես նաև Հայաստանի  3 նախագահների ոչ վերբալ պահվածքին։

Այժմ մենք ներկայացնելու ենք Հայաստանի  պաշտոնյաներին. ինչպիսի՞ն են նրանք, որքանո՞վ են անկեղծ մեզ հետ, ինչպե՞ս ճիշտ հասկանալ նրանց ժեստերի լեզուն։Ն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

Արտեմ Ասատրյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է 2012թ. հունիսից: Նա այն նախարարներից է, ով համեմատաբար հաճախ է երևում էկրանին՝ ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս։

Բազային պահվածք

Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ ցանկացած մարդու ոչ վերբալ պահվածքը վերլուծելիս պետք է նախ և առաջ տեղյակ լինել նրա բազային պահվածքից (հիմնական)։ Արտեմ Ասատրյանի դիմագծերը բավականին խիստ են. նա քիչ է ժպտում, խոսելիս էլ աչքերի մկանները հաճախ լարվում են: Երբեմն կարելի է նկատել թեթև ժպիտ։

Ժպիտը տարբեր գործառույթներ է իրականացնում: Ժպիտով, բացի ուրախությունից, մարդիկ նաև քողարկում են իրական զգացմունքները (լարվածություն, վախ, զարմանք, հուզմունք և այլն): Ժպիտի իրական նշանակությունը կարելի է հասկանալ   ընդհանուր կոնտեքստից՝ համադրելով վերբալ և ոչ վերբալ պահվածքը։

Արտեմ Ասատրյանը շատերի պես օգտագործում է իլյուստրացիաներ՝ (պատկերավորիչներ հեղ.), բայց ոչ շատ ակտիվ, հիմնականում ձեռքերի միջոցով։ Իլյուստրացիաները ժեստեր, շարժումներ կամ ձայնի տոնային փոփոխություններ են, որոնք  այս կամ այն կերպով զուգակցվում են խոսքին ասածը հաստատելու կամ ավելի պատկերավոր դարձնելու համար։ Առանց դրանց խոսքը դառնում է անբնական։ Պատկերավորիչների օգտագործումը երբեմն հնարավորություն է տալիս ստուգելու մարդու ասածի և զգացածի համապատասխանությունը։ Օրինակ՝ երբ փողոցում մեկը սարսափահար փորձում է օգնություն խնդրել, նա անպայման կիրառում է պատկերավորիչներ. նա չի կարող հանգիստ ձայնով և անշարժ ձեռքերով օգնություն խնդրել։

 Զրույցի ժամանակ կարևոր է զրուցակցի հետ վիզուալ կոնտակտի հաստատումը։ Պարզ ասած՝ խոսելիս դիմացինի աչքերին նայելը ենթագիտակցաբար  ստեղծում է վստահության մթնոլորտ։ Եվ հակառակ ազդեցությունն է ունենում վիզուալ կոնտակտից խուսափելը։

Նախարարը զրուցակցի հետ այդ կոնտակտը հաստատում է ոչ միանգամից. հաճախ նա հայացքը շեղում է։ Դա նվազեցնում է վստահությունը ասվածի հանդեպ։

Արտեմ Ասատրյանը փորձում է հնարավորինս վերահսկել իր խոսքը. այն հստակ  է շարադրված, չկան ավելորդ ձայնարկություններ։ Այս ամենը նրա կերպարին վստահության երանգներ է տալիս։

Անորոշ պատասխաններ. դուք ասում եք այն, ինչ որ ասում եք

Թեև նախարարը փորձում է վերահսկել իր խոսքն ու զսպել լարվածությունը, սակայն միշտ չէ, որ այդ խոսքը պարունակում է հարցի հստակ պատասխանը։ Պատճառն  այստեղ ևս կարող է տարբեր լինել. մի դեպքում՝ մարդու խոսքն (լեզվային մտածողությունը) ուղղակի այդպիսին է ( բազային պահվածք), մյուս դեպքում՝ նա կամ չունի կոնկրետ պատասխան կամ ունի, բայց  խուսափում է։

Արտեմ Ասատրյանը ևս տալիս է անորոշ պատասխաններ։ Նրա դեպքում առաջին տարբերակը քիչ հավանական է, քանի որ  բոլոր հարցերին չէ, որ տրվում են անորոշ պատասխաններ, այսինքն՝ նա չունի այդպիսի լեզվային մտածողություն։ Պատասխաններն ուղղակիորեն շեղվում են հարցից.

Պատասխանից խուսափելու տարբերակ է նաև հարցին շատ մանրամասնություններով պատասխանելը, երբ փորձ է արվում դրանցով շեղել բուն թեմայից։

Անհամապատասխանություն և հերքում

Անհամապատասխանությունը (դիսոնանս)  նկատվում է այն դեպքում, երբ հակասության մեջ են մտնում ասածն ու պահվածքը։ Օրինակ, երբ մարդը հարցին դրական պատասխան է տալիս, սակայն գլխով ժխտողական շարժում (աջ ու ձախ) է անում, ուրեմն նա ինչ-որ բան այնպես չի ասում։ Ստացվում է՝ նա հերքում է իր ասածը։

Խոսելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող սոցիալական ծրագրերի մասին՝ Արտեմ Ասատրյանը կատարում է գլխի ժխտողական շարժում։ Բացի այդ, ի հայտ է գալիս որոշակի լարվածություն:

Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ աշխատանքային միգրանտների ընտանիքների և համայնքների խոցելիության կրճատման մասին, նախարարը հավաստում է, որ «դա շատ կարևոր հարց է», սակայն բերանի մի անկյունը բարձրանում է (դա հեգնանքի միկրոժեստ է, որը բացասական նշանակություն ունի, իսկ իր պնդումը դրական է), լարվում են ճակատի մկանները (զայրույթի միկրոժեստ), հայացքը զրուցակցից շեղվում է։ Կարևորության մասին խոսելիս էլ ձայնի տոնայնությունը չի փոխվում (ձայնային պատկերավորիչ)։

Բերանի մի անկյունի բարձրացում կարելի է տեսնել մեկ այլ դեպքում ևս, երբ հաղորդավարը խոսում է Ռուսաստան և Եվրոպա մեկնող աշխատանքային միգրանտների խորհրդատվության մասին։ Սակայն այստեղ, ի տարբերություն նախորդի, հենց «հեգնանք»-ի էմոցիան է, որն ուղեկցվում և քողարկվում է թեթևակի ժպիտով։ 

Կասկած կամ արդյոք ես ճի՞շտ եմ խոսում

Երբեմն  մարդն ինքը չի հավատում իր ասածներին։ Բայց երբ այդ հակասությունը տեսնում է նաև մեկ ուրիշը, կասկածի տակ է դրվում տվյալ մարդու անկեղծությունը։
Օրինակ` հայ միգրանտներին վերաբերող նոր ծրագրից խոսելիս տեսնում ենք նախարարի կասկածը և զարմանքը սեփական խոսքերի վերաբերյալ։

 

Նույնը մենք տեսնում ենք, երբ Ա. Ասատրյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, պատմում է հաշմանդամների խնդիրների կարգավորման և իրենց կատարած աշխատանքների մասին։

Նա կասկածով է խոսում նաև կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հարցին պատասխանելիս։

Հանգստացնող ազդակներ 

Երբ մարդ հայտնվում է լարված, նյարդային իրավիճակներում, դուրս է գալիս իր հարմարավետության տարածքից, ի հայտ են գալիս հանգստացնող ազդակները։
Դրանցից  է, օրինակ, լեզվով շրթունքները թրջելը։ Երբ մարդ հայտնվում է սթրեսային իրավիճակում, օրգանիզմն արգելակում է թքարտադրող գեղձերի գործունեությունը, և «բերանը չորանում է», այդ պատճառով անհրաժեշտ է լինում «թացացնել» բերանը  լեզվի օգնությամբ։

Հանգստացնող ազդակները բազմաթիվ են. կոկորդի մաքրում, երևակայական փոշու հեռացում, ձեռքերի խաղ, փողկապի թուլացում և այլն։

Երբեմն էլ (լարված, հուզված, նյարդային ժամանակ), երբ մարդ հայտնվում է ոչ հարմարավետ գոտում, վստահ զգալու և լարվածությունը թուլացնելու համար (անգիտակցաբար կամ գիտակցաբար) լայն հենում է ձեռքերը՝ այսպիսով մեծացնելով իր զբաղեցրած տարածքն ու ավելի հաստատուն դարձնելով հենման կետը։

Սա այնպիսի միջոց է, որը հաճախ է կիրառվում։ Գոյություն ունի նաև հակառակ տարբերակը` երբ մարդն իսկապես հանգիստ է ու վստահ, նա սրա կարիքը չի զգում։

Նյութում օգտագործված են  հատվածներ «Ազատություն» ռադիոկայանի (1, 2, 3) , «Առաջին լրատվականի» (1) և «Հանրային հեռուստատեսության » (1)տեսանյութերից։ 

Մեկնաբանություններ (2)

Աննա
Հետաքրքրությամբ կարդացի: Ընտիր շարք է...
Մարտին
մեկնաբանությունները տրամաբանական են և հավատ է ներշնչում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter