Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր` մարտի 31-ին երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի:
Արտաշես Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճռով դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը դիմումատուի նկատմամբ: Դիմատուն շարունակաբար կալանքի տակ է պահվել կյանքի համար վտանգավոր առողջական խնդիրներ ունենալու պայմաններում եւ զրկված է եղել մասնագիտացված խնամքից ու բուժումից:
Բողոքը ներկայացրել են իրավաբան Արա Ղազարյանն ու փաստաբան Լուսինե Սահակյանը` նշելով, որ Ա. Դավթյանը մի քանի անգամ ուշագնաց է եղել կալանավայրում, բժիշկը դատարանին հայտնել է, որ նա ամեն րոպե կարող է մահանալ շնչահեղձությունից, սակայն նրան շարունակել են կալանքի տակ պահել 2003թ. մայիսից մինչեւ 2006թ. հունիսը` 3 տարի 3 ամիս: Պաշտոնեական դիրքի չարաշահման եւ յուրացման մեղադրանքով Ա. Դավթյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման եւ պայմանական վաղակետ ազատվել է կալանքից 2006թ.-ին: Ա. Դավթյանին պատճառած բարոյական վնասի համար Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է փոխհատուցել 9060 եվրո:
Երկրորդ վճիռը ՄԻԵԴ-ը կայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի բողոքի հիման վրա: Հելսինկյան կոմիտեն բողոքարկել էր 2008թ. նոյեմբերին Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով մոմավառության խաղաղ երթ իրականացնելու խնդրանքով Երեւանի քաղաքապետարանի մերժումը: Քաղաքապետարանը դիմումատուներին մերժելու որոշումը կայացրել էր մոմավառությունից մեկ օր հետո: Հելսինկյան կոմիտեն իրավաբան Արա Ղազարյանի եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ միասին ՄԻԵԴ-ում բողոքարկել էին հավաքների ազատության իրավունքը եւ քաղաքացիների արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի սահմանափակումը:
Երրորդ վճիռը ՄԻԵԴ-ը կայացրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի բողոքի հիման վրա: Փաստաբանը Բագրատ, Նարինե եւ Արեւիկ Նալբանդյանների դատապաշտպանն է եղել, որոնց Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը 2004թ.-ի հունիսի 8-ին կալանքի էր վերցրել դպրոցահասակ աղջկան սպանելու համար: Բողոքաբերը նշել է, որ ոստիկանները բռնություններ են կիրառել իր պաշտպանյալների նկատմամբ` սպանությունը խոստովանելու համար: Նրանք մեկ ամիս առանց փաստաթղթի եւ կարգավիճակի պահվել են ոստիկանությունում, որից հետո օրինականացվել է նրանց ձերբակալությունը:
Դատարանը Բագրատ Նալբանդյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, նրա կնոջը` Նարինեն Նալբանդյանին` 14 տարվա ազատազրկման: Նրանց դստեր` Արեւիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Դատարանը նրանց նկատմամբ գործադրված բռնությունների եւ խոշտանգումների փաստը քննարկման առարկա չի դարձրել:
ՄԻԵԴ-ը ճանաչել է Նալբանդյանների նկատմամբ արդար դատաքննության իրավունքի խախտումը` դատարանում դահլիճի մթնոլորտը թույլ չի տվել արդյունվետ պաշտպանություն իրականացնել, անմարդկային վերաբերմունքի խախտումը` խոշտանգում, բռնություններ եւ այլն, նաեւ` դատարանի մատչելիության իրավունքի խախտումը: Ըստ այդմ` Բագրատ Նալբանդյանին ՀՀ-ն պետք է փոխհատուցի 10,000 եվրո, Նարինե Նալբանդյանին` 27,000 եվրո, իսկ նրանց դստերը` Արեւիկ Նալբանդյանին 25,000 եվրո:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել