HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորից «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը»-ի հայտարարած դրամաշնորհային մրցույթը շահել են ընդամենը 3 ընկերություններ

Տաթեւիկ Ղազարյան

ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձորում եւս նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական կենտրոն: Կենտրոնի գործունեության ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը»: Այժմ հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է դրամաշնորհային մրցույթ, որը խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումը եւ տեխնոլոգիական ոլորտում նպաստում նոր ընկերությունների ստեղծմանը:

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում իրականացվող նախագծերը՝ 85 տոկոս: Ի դեպ, համաֆինանսավորման այս ծրագիրը Գյումրիում եւ Վանաձորում իրականացվում է առաջին անգամ: Ծրագիրը միտված է նրան, որ մարզերում եւս զարգանա տեխնոլոգիական ձեռներեցությունը:

Նախապես հայտարարված մրցույթին, Վանաձորից իրենց գաղափարներն են ներկայացրել 13 թիմեր, որոնցից 2-րդ փուլ են անցել եւ ընտրվել 3 լավագույն բիզնես գաղափարներ ու նորարար լուծումներ ներկայացրած ընկերությունները:

-Մենք գոհ չենք, որ Վանաձորից հաղթել է ընդամենը 3 թիմ: Ուղղակի Վանաձորի միակ լավ կողմն այն է, որ հաղթել են միայն վանաձորցիներ, մինչդեռ Գյումրիում հաղթել է 5 թիմ, սակայն բոլորն էլ երեւանյան թիմեր են: Այս հնարավորությունը տրված է, որպեսզի Վանաձորում ավելի շատ տեխնոլոգիական ընկերություններ ձեւավորվեն, բայց մասնակիցների թիվը շատ քիչ է,- այս մասին մարտի 31-ին Վանաձորում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման խորհրդատու Պատվական Հախինյանը:

Հրավիրված հանդիպման նպատակն էր ծանոթանալ հաղթող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել առկա խնդիրները եւ մյուս խմբերին խրախուսել՝ հետագա մասնակցության համար: Ըստ Պատվական Հախինյանի թիմերը կարող են դրամաշնորհը շահել միայն այն դեպքում, երբ իրենք վստահ կլինեն իրենց գաղափարների ու սեփական ուժերի վրա. «Առաջին հերթին խմբերը պետք է պատրաստ լինեն հաղթելու, պատրաստ լինեն այնպես ներկայացնեն իրենց ծրագիրը, որպեսզի ժյուրին իսկապես հավատա, որ սա աշխատող բիզնես է: Եթե դու ներկայացնում ես գաղափար եւ հավակնում ես հետագայում դառնալ բիզնեսմեն, պետք է իմանաս, թե որ քայլը որից հետո անես»,- նշեց Պատվական Հախինյանը:

Գարեգին Քարհանյանը դրամաշնորհը շահած 3 ընկերություններից մեկի՝  «Ի-Վոկա»-յի ղեկավարն է: Ասում է, որ դրամաշնորհը շահելու համար, պետք է կարողանաս լավագույնս ներկայացնես ծրագիրը, որպեսզի գնահատող հանձնաժողովն իսկապես հավատա եւ կարեւորի գաղափարը. «Այստեղ հայկական տարբերակը չէր գործում: Առաջին փուլին մասնակցեցինք, բայց չհաղթեցինք, քանի որ ունեինք բացթողումներ: Այս փուլում մեր սխալներից շատ բան սովորեցինք, ժյուրին նույնպես օգնեց, ասաց, թե ինչն է սխալ, ինչն այնպես չէ: Դրանից շատ բան սովորեցինք: Եւ, ահա 2-րդ փուլում հաղթեցինք: Առաջին հերթին պետք է այնպես ներկայացնես, որ ժյուրին իմանա, որ քո պրադուկտի կարիքն ունի շուկան: Նախատեսում ենք պատրաստել բջջային հավելվածների փաթեթ՝ օտար լեզուներ սովորողների համար»:

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10.000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50.000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է: 

Վանաձորում ծրագիրը շահած ընկերություններից երկուսն արդեն իսկ սկսել են ծավալել իրենց գործունեությունը:

 Այսօր միակ խնդիր է մնում տեխնոպարկի շենքային պայմանները: Ըստ Պատվական Հախինյանի, տեխնոլոգիական կենտրոնը շահագործման համար պատրաստ կլինի 2016 թվականի երկրորդ կեսին:
Իսկ մինչ այդ, հայտարարված է նաև դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլը, որին մասնակցել ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել մինչեւ ապրիլի 17-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter